Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 9/1 էջ 28–31
  • Թող Եհովայի «Խօսքը» պաշտպանի քեզ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թող Եհովայի «Խօսքը» պաշտպանի քեզ
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ժողովուրդ, որ պաշտպանվեց աստվածային իմաստությամբ
  • Ժողովուրդ, որ պաշտպանված է սկզբունքներով
  • Թող Եհովայի «խօսքը» պաշտպանի քո սիրտը
  • Աստծու Խոսքը պաշտպանում է ժողովը
  • Պաշտպանված՝ ‘անուշ հոտով’
  • Եհովան պաշտպանում է նրանց, ովքեր ապավինում են իրեն
    2005 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ես պահպանել սիրտդ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Վերին իմաստությունը» քո կյանքում
    Մոտեցիր Եհովային
  • ‘Պատերազմ չար ոգիների հետ’
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Ավելին
2005 Դիտարան
w05 9/1 էջ 28–31

Թող Եհովայի «Խօսքը» պաշտպանի քեզ

ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 490 թ.–ին՝ Մարաթոնի պատմական ճակատամարտի ժամանակ, մոտ 10–20 հազար աթենացիներ դուրս եկան թվով իրենց անհամեմատ գերազանցող պարսկական բանակի դեմ։ Գլխավոր մարտավարական տակտիկան, որ բանեցրին հույները, ֆալանգն էր՝ առաջ ընթացող զինվորների ստվար շարքը։ Իրենց վահաններով նրանք անբեկանելի պատ կազմեցին, որից դուրս էին ցցվում նիզակները։ Ֆալանգի շնորհիվ աթենացիները փառավոր հաղթանակ տարան թվով իրենց զգալիորեն գերազանցող պարսկական ուժերի նկատմամբ։

Այսօր ճշմարիտ քրիստոնյաները ներգրավված են հոգևոր պատերազմի մեջ։ Նրանք պայքարում են զորավոր թշնամիների՝ ներկա չար համակարգի անտեսանելի ղեկավարների, կամ ինչպես Աստվածաշնչում է ասվում, «այս աշխարհի խաւարի աշխարհակալների...., այն չար հոգիների [դեմ] որ երկնաւորների մէջ են» (Եփեսացիս 6։12; Ա Յովհաննէս 5։19)։ Աստծու ժողովուրդը միշտ հաղթանակած է դուրս գալիս, սակայն ոչ իր սեփական ուժով։ Դա հաջողվում է միայն Եհովայի շնորհիվ, որը պաշտպանում և առաջնորդում է իր ծառաներին, ինչպես նշվում է Սաղմոս 18։30–ում։ Այնտեղ կարդում ենք. «Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար»։

Այո՛, կրակով մաքրված իր ‘խոսքի’ միջոցով, որն արձանագրված է Սուրբ Գրություններում, Եհովան պաշտպանում է իր հավատարիմ ծառաներին հոգևոր վնասից (Սաղմոս 19։7–​11; 119։93)։ Աստծու Խոսքից ճառագող իմաստության մասին Սողոմոնը գրեց. «Մի թողիր նորան, եւ նա քեզ կ’պահէ. նորան սիրիր, եւ նա քեզ կ’պաշտպանէ» (Առակաց 4։6; Ժողովող 7։12)։ Իսկ ինչպե՞ս է աստվածային իմաստությունը պաշտպանում մեզ վնասից։ Ուշադրությամբ քննենք հին Իսրայելի օրինակը։

Ժողովուրդ, որ պաշտպանվեց աստվածային իմաստությամբ

Եհովայի Օրենքը պաշտպանում և առաջնորդում էր իսրայելացիներին կյանքի բոլոր ոլորտներում։ Օրինակ՝ սննդակարգի, հիգիենայի և կարանտինի հետ կապված ցուցումները նրանց զերծ էին պահում զանազան հիվանդություններից, որ կործանում էին մյուս ազգերին։ Գիտությունը Աստծու Օրենքի մակարդակին կարողացավ հասնել միայն 19–րդ դարում, երբ հայտնաբերվեց մանրէների գոյությունը։ Իսրայելացիներին օգուտ էին տալիս նաև հողի սեփականության, ունեցվածքի ետգնման, պարտքերի մարման և փոխատվության մասին օրենքները, քանի որ դրանց շնորհիվ հասարակությունը դառնում էր ավելի կայուն, իսկ տնտեսական համակարգը՝ արդար (Բ Օրինաց 7։12, 15; 15։4, 5)։ Եհովայի Օրենքը նպաստում էր անգամ հողի արգավանդությանը (Ելից 23։10, 11)։ Իսկ կեղծ աստվածների պաշտամունքի դեմ ուղղված պատվիրանները պաշտպանում էին ժողովրդին հոգևորապես՝ օգնելով, որ նրանք չընկնեն դևերի իշխանության տակ, չզոհաբերեն իրենց երեխաներին, հեռու մնան շատ չարիքներից, ինչպես նաև անկենդան կուռքերի առջև խոնարհվելու ամոթալի սովորությունից (Ելից 20։3–5; Սաղմոս 115։4–8)։

Պարզ է, որ Եհովայի «խօսքը» իսրայելացիների համար «դարտակ բան» չէր։ Այդ խոսքը կյանք ու երկարակեցություն կտար բոլոր այն մարդկանց, որոնք կհետևեին դրան (Բ Օրինաց 32։47)։ Նույնը կարել է ասել նաև այն անհատների մասին, ովքեր այսօր պահում են Եհովայի իմաստուն խոսքերը, չնայած որ քրիստոնյաները այլևս չեն գտնվում Օրենքի ուխտի տակ (Գաղատացիս 3։24, 25; Եբրայեցիս 8։8)։ Օրենքների փոխարեն՝ քրիստոնյաներին տրված են բազմաթիվ և բազմապիսի սուրբգրային սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել և պաշտպանել նրանց։

Ժողովուրդ, որ պաշտպանված է սկզբունքներով

Օրենքները կարող են լինել ժամանակավոր և ունենալ սահմանափակ կիրառություն։ Մինչդեռ աստվածաշնչյան սկզբունքները, լինելով հիմնական ճշմարտություններ, սովորաբար ունեն լայն և հարատև կիրառություն։ Ահա դրանցից մեկը, որ արձանագրված է Յակոբոս 3։17–ում։ Այնտեղ մասնավորապես ասվում է. «Վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ [«մաքուր», ԱՆԹ] է, եւ յետոյ խաղաղարար»։ Իսկ ինչպե՞ս կարող է այս հիմնական ճշմարտությունը պաշտպանել Աստծու ժողովրդին մեր օրերում։

Վերոհիշյալ համարում խոսվում է բարոյական մաքրության մասին։ Ուստի նրանք, ովքեր գնահատում են այդ մաքրությունը, ձգտում են խուսափել ոչ միայն անբարոյությունից, այլև նույնիսկ այնպիսի բաներից, որ հանգեցնում են դրան։ Օրինակ՝ նրանք չեն տրվում սեքսի մասին երազանքներին և չեն կարդում կամ դիտում պոռնկագրական նյութեր (Մատթէոս 5։28)։ Ամուսնանալու մտադրություն ունեցող զույգերը, ովքեր սրտանց ընդունում են Յակոբոս 3։17–ում արձանագրված սկզբունքը, խուսափում են այնպիսի բաներից, որոնց հետևանքով կարող են կորցնել իրենց ինքնատիրապետումը։ Լինելով Աստծու սկզբունքները սիրող անհատներ՝ նրանք չեն վտանգում իրենց մաքրությունը՝ մտածելով, թե քանի դեռ չեն խախտում օրենքի տառը, Եհովան հավանություն է տալիս նրանց վարքին։ Նրանք գիտեն, որ Եհովան «սրտին է նայում» և ըստ այդմ էլ պատասխանում է (Ա Թագաւորաց 16։7; Բ Մնացորդաց 16։9)։ Այդ խոհեմ անհատները պաշտպանում են իրենց օրգանիզմը սեռական ճանապարհով փոխանցվող բազում հիվանդություններից, որ այդքան տարածված են մեր օրերում։ Այդպես նրանք պահպանում են իրենց մտավոր և էմոցիոնալ առողջությունը։

Համաձայն Յակոբոս 3։17–ի՝ աստվածային իմաստությունը նաև «խաղաղարար» է։ Գիտենք, որ Սատանան փորձում է հեռացնել մեզ Եհովայից՝ մեր մեջ սերմանելով բռնության ոգի։ Նա այդ նպատակին որոշ չափով հասնում է կասկածելի գրականության, ֆիլմերի, երաժշտության և համակարգչային խաղերի միջոցով։ Այդ խաղերից մի քանիսում աներևակայելի բռնություն և արյունահեղություն է խրախուսվում (Սաղմոս 11։5)։ Սատանան հասել է հաջողությունների, և դա երևում է այն բանից, թե որքան է մեծացել բռնությունների ալիքը։ Մի քանի տարի առաջ ավստրալիական «Սիդնեյ մորնինգ հերալդ» պարբերաթերթում մեջբերված էին «սերիական մարդասպանություն» հասկացության հեղինակ Ռոբերտ Ռեսլերի խոսքերը։ 1970–ականներին Ռեսլերը, զրուցելով մարդասպանների հետ, հայտնաբերել էր, որ նրանց հանցագործության էին դրդել պոռնկագրական տարրեր պարունակող նյութերը։ Այնինչ վերջիններս «խամրում են այսօրվա [պոռնկագրության] առջև»։ Ուստի Ռեսլերը «ապագան պատկերացնում է մռայլ գույներով. իր կարծիքով՝ դա կլինի մի նոր դարաշրջան, որում բազմաթիվ մարդասպանություններ գործող անձանց թիվը կբազմապատկվի»։

Եվ իրոք, այդ հոդվածի լույսընծայումից ընդամենը մի քանի ամիս անց Շոտլանդիայի Դանբլեյն քաղաքի մանկապարտեզներից մեկում մի ոճրագործ սպանեց 16 մանուկների, ինչպես նաև նրանց դաստիարակչուհուն, որից հետո ինքնասպան եղավ։ Մեկ ամիս անց Ավստրալիայի Տասմանիա կղզում գտնվող Պորտ Արտուր քաղաքում, որը մի խաղաղ բնակավայր է, մեկ ուրիշ խելագար սպանեց 32 հոգու։ Վերջին տարիներին Միացյալ Նահանագները ցնցվեցին դպրոցներում կատարված մի շարք ոճրագործություններից, որոնք ամերիկացիներին ստիպեցին տալու հետևյալ հարցը՝ ինչո՞ւ։ 2001 թ.–ի հունիսին Ճապոնիայում տեղի ունեցած ոճիրը գրավեց լրատվական միջոցների ուշադրությունը ողջ աշխարհում։ Մի խելագար մտել էր դպրոց և դանակով սպանել առաջին ու երկրորդ դասարաններում սովորող 8 երեխաների, ինչպես նաև ծանր վնասվածքներ հասցրել 15 ուրիշ մարդկանց։ Վստահաբար, այս չարագործությունները բազմաթիվ խրթին պատճառներ ունեն, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են արտահայտում այն կարծիքը, որ դրանց կարող է նպաստել մասսաներին ներկայացվող բռնությունը։ Ահա թե ինչ է գրում ավստրալիացի մեկնաբան Ֆիլիպ Ադամսը. «Եթե 60 վայրկյան տևողությամբ գովազդային տեսահոլովակը կարող է սարեր շուռ տալ առևտրի աշխարհում, մի փորձեք ինձ համոզել, թե երկու ժամանոց տեսաֆիլմը չի կարող ազդել մարդու մտածելակերպի վրա»։ Հետաքրքրական է, որ Պորտ Արտուրում ապրող մարդասպանի տունը հետախուզելիս ոստիկանները բռնագրավել էին պոռնկագրություն և բռնություն պարունակող 2 000 տեսաֆիլմեր։

Աստվածաշնչյան սկզբունքները հետևողականորեն պահպանող մարդիկ պաշտպանում են իրենց միտքն ու սիրտը ժամանցի բոլոր այն ձևերից, որոնք բռնության հանդեպ փափագ են սնուցանում։ Ուստի «այս աշխարհքի հոգին» ազդեցություն չունի նրանց մտածելակերպի և ցանկությունների վրա։ Փոխարենը՝ «Սուրբ Հոգու սովորեցրածներովը» նրանք ջանում են սեր զարգացնել ոգու պտղի հանդեպ, որի մեջ է մտնում նաև խաղաղությունը (Ա Կորնթացիս 2։12, 13; Գաղատացիս 5։22, 23)։ Սա նրանց հաջողվում է Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության, աղոթքի, ինչպես նաև կերտիչ բաների շուրջ խորհրդածելու շնորհիվ։ Նրանք խուսափում են բռնի անհատների հետ ընկերանալուց և փոխարենը շփվում են այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց պես անձկությամբ սպասում են Եհովայի խաղաղ նոր աշխարհին (Սաղմոս 1։1–3; Առակաց 16։29 ՆԱ)։ Ինչպիսի՜ պաշտպանություն է տալիս աստվածային իմաստությունը։

Թող Եհովայի «խօսքը» պաշտպանի քո սիրտը

Անապատում փորձության ենթարկվելիս Հիսուսը Սատանայի խոսքերը հերքում էր՝ Աստվածաշնչից ճշգրտորեն մեջբերումներ անելով (Ղուկաս 4։1–13)։ Սակայն նա չէր բանավիճում Բանսարկուի հետ՝ գիտելիքների առումով իր գերազանցությունը ցույց տալու համար։ Հիսուսի խոսքերը, որ հիմնված էին Գրությունների վրա, բխում էին նրա սրտից։ Ահա թե ինչու Բանսարկուի խարդավանքները, որ այդքան լավ գործեցին Եդեմում, Հիսուսի պարագայում հաջողություն չունեցան։ Սատանայի խարդավանքները կձախողվեն նաև մեր դեպքում, եթե մեր սիրտը լցնենք Եհովայի խոսքերով։ Դրանից ավելի կարևոր բան չկա, քանի որ «[սրտից] է կեանքի ելքը» (Առակաց 4։23)։

Դեռ ավելին, մենք պետք է շարունակաբար հետևենք մեր սրտին ու երբեք չդադարենք դա անելուց։ Անապատում անհաջողության մատնվելուց հետո Սատանան չհրաժարվեց Հիսուսին փորձության ենթարկելու մտքից (Ղուկաս 4։13)։ Նա կշարունակի փորձել նաև մեզ՝ մեր անարատությունը բեկանելու համար դիմելով զանազան միջոցների (Յայտնութիւն 12։17)։ Ուստի եկեք նմանվենք Հիսուսին՝ մեծ սեր զարգացնելով Աստծու Խոսքի նկատմամբ ու միևնույն ժամանակ անդադար աղոթելով սուրբ ոգի և իմաստություն ստանալու համար (Ա Թեսաղոնիկեցիս 5։17; Եբրայեցիս 5։7)։ Իր հերթին, Եհովան խոստանում է, որ բոլոր նրանք, ովքեր պաշտպանություն են գտնում իր մոտ, հոգևոր վնաս չեն կրի (Սաղմոս 91։1–10; Առակաց 1։33)։

Աստծու Խոսքը պաշտպանում է ժողովը

Սատանան չի կարող խանգարել ‘մեծ բազմությանը’ (ԷԹ) փրկվել մեծ նեղությունից, ինչպես որ կանխագուշակվել էր (Յայտնութիւն 7։9, 14)։ Այնուամենայնիվ, նա տենդագին փորձում է ապականել քրիստոնյաներին, որպեսզի նրանցից առնվազն մի քանիսը կորցնեն Եհովայի բարեհաճությունը։ Այդ կերպ նա հաջողության էր հասել հին Իսրայելում, ինչի հետևանքով Ավետյաց երկրի նախաշեմին մահացավ 24 000 հոգի (Թուոց 25։1–9)։ Իհարկե, եթե սխալ գործած քրիստոնյաները անկեղծորեն զղջում են իրենց կատարած մեղքի համար, սիրով օգնություն են ստանում, որպեսզի կարողանան վերականգնել իրենց հոգևոր առողջությունը։ Իսկ անզեղջ մեղսագործները, ինչպիսին էր, օրինակ, աստվածաշնչյան ժամանակներում ապրող Զամբրին, վտանգի են ենթարկում մյուսների բարոյական և հոգևոր բարօրությունը (Թուոց 25։14)։ Նրանց կարելի է նմանեցնել ֆալանգում կռվող այնպիսի զինվորների, որոնք դեն են նետում վահանները և այդպիսով վտանգի ենթարկում ոչ միայն իրենց, այլև իրենց զինակիցներին։

Ուստի Աստվածաշունչը պատվիրում է չընկերակցել այդպիսի անհատների հետ. «Եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսին հետ հաց էլ չ’ուտել.... Չարը ձեր միջիցը վեր առէք» (Ա Կորնթացիս 5։11, 13)։ Համաձայն չե՞ք, որ այս իմաստուն «խօսքը» օգնում է պաշտպանել քրիստոնեական ժողովի բարոյական և հոգևոր մաքրությունը։

Ի հակադրություն այս ամենի՝ քրիստոնեական աշխարհի շատ եկեղեցիներ, ինչպես նաև հավատուրացները հնացած են համարում Աստվածաշնչի այն հատվածները, որոնք չեն համապատասխանում բարոյականության վերաբերյալ ժամանակակից սանձարձակ պատկերացումներին։ Նրանք արդարացնում են բոլոր տեսակի գարշելի մեղքերը, նույնիսկ հոգևորականների շրջանում (Բ Տիմոթէոս 4։3, 4)։ Սակայն ուշադրության է արժանի այն հրահանգը, որը հաջորդում է Առակաց 30։5 համարին։ Եհովայի վահանանման ‘խոսքերի’ արժեքն ընդգծող այդ համարից հետո կարդում ենք. «Չ’աւելացնես նորա խօսքերի վերայ, որ մի գուցե քեզ յանդիմանէ, եւ դու ստախօս երեւաս» (Առակաց 30։6)։ Այո՛, Աստծու Խոսքը աղավաղող անհատները իսկապես հոգևոր ստախոսներ են, որ բոլորից շատ են արժանի դատապարտության (Մատթէոս 15։6–9)։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք, որ Աստծու Խոսքը խորապես հարգող կազմակերպության մաս ենք կազմում։

Պաշտպանված՝ ‘անուշ հոտով’

Քանի որ Աստծու ծառաները հետևողականորեն պահում են Աստվածաշնչի չափանիշները և ուրիշներին պատմում են այդ գրքի մխիթարական լուրը, նրանք խնկի պես արձակում են կյանքի «անուշ հոտը», որը հաճելի է Եհովային։ Սակայն անարդարների համար այդ պատգամաբերները արձակում են «մահուայ հոտ դէպի մահ»։ Այո՛, անօրենների «հոտառությունը» այնպես է փչացել Սատանայի այս համակարգում, որ նրանք տհաճություն են զգում ‘Քրիստոսի անուշ հոտը’ արձակողների ներկայությամբ, նույնիսկ թշնամանքով են վերաբերվում վերջիններիս։ Իսկ այն մարդիկ, ովքեր փութաջանորեն տարածում են բարի լուրը, դառնում են «Քրիստոսի անուշ [հոտը] Աստուծոյ առաջին, փրկուածների մէջ» (Բ Կորնթացիս 2։14–16)։ Ազնվասիրտ անհատներին զզվանք են պատճառում այն կեղծավորությունն ու հոգևոր սուտը, որ բնորոշ են կեղծ կրոնին։ Ուստի երբ մենք բացում ենք Աստծու Խոսքը և հայտնում Թագավորության պատգամը, նրանց մեջ ցանկություն է առաջանում մոտենալ Քրիստոսին և ավելի շատ բաներ սովորել (Յովհաննէս 6։44)։

Ուրեմն եթե ոմանք բացասաբար են արձագանքում Թագավորության լուրին, մի՛ վհատվեք։ Ընդհակառակը՝ ‘Քրիստոսի անուշ հոտը’ համարեք հոգևոր պաշտպանության միջոց, որը պոտենցիալ վնաս ներկայացնող անհատներին վանում է Աստծու ժողովրդի հոգևոր կալվածքից, ու միևնույն ժամանակ գրավում է լավ սիրտ ունեցողներին (Եսայիա 35։8, 9)։

Շնորհիվ այն բանի, որ հունական զորքերը առաջ էին ընթանում հոծ շարքերով և ամբողջ ուժով պահում էին իրենց վահանները՝ Մարաթոնի ճակատամարտի ժամանակ նրանք հաղթանակ տարան թվով իրենց անհամեմատ գերազանցող թշնամու նկատմամբ։ Եհովայի հավատարիմ վկաներին հավաստիացում է տրվում, որ նրանք նույնպես լիակատար հաղթանակ կտանեն իրենց հոգևոր պատերազմում, քանզի դա է նրանց «ժառանգութիւնը» (Եսայիա 54։17)։ Ուստի թող մեզանից յուրաքանչյուրը շարունակի ապաստան գտնել Եհովայի մոտ՝ ամուր բռնելով կյանքի խոսքը (Փիլիպպեցիս 2։16, ԱԱ)։

[նկարներ 31–րդ էջի վրա]

Վերին իմաստությունը մաքուր է և հետո խաղաղարար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը