«Նորանք որ ծովն են իջնում նաւերով»
ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Գլոսթեր քաղաքի նավահանգստում դուք կարող եք տեսնել բրոնզե մի արձան, որը պատկերում է ղեկակալի. նա վարում է իր նավը փոթորկալից ծովի միջով։ Արձանը նվիրված է Գլոսթերի հազարավոր ձկնորսների հիշատակին, որոնք, ինչպես հայտնի է, մահացել են ծովում։ Արձանի պատվանդանին և դրա կողքին գտնվող հուշատախտակի վրա գրված են Սաղմոս 107։23, 24 համարները. «Նորանք որ ծովն են իջնում նաւերով, եւ գործ կատարում շատ ջրերում. նորանք տեսան Տիրոջ գործերը եւ նորա հրաշքները անդունդում»։
Իրականում Ատլանտյան օվկիանոսում ձկնորսություն անելը վտանգավոր գործ է։ Գլոսթերից, որն այժմ ունի մոտ 30 000 բնակչություն, ավելի քան 5 368 մարդիկ իրենց կյանքը կորցրել են ծովում՝ ձկնորսության ժամանակ։ Հուշատախտակի վրա նշվում է, որ «որոշ մարդիկ ծովում խեղդվել են հյուսիս–արևելյան ահարկու քամիների և հսկայական ալիքների պատճառով։ Ոմանք էլ մահացել են՝ մենակ մնալով առագաստանավից հեռու գնացած նավակի մեջ։ Եղել են նավեր, որոնք փոթորիկների մեջ են ընկել և կործանվել։ Իսկ ուրիշ նավեր էլ խորտակվել են՝ ծովային նեղ ճանապարհներում բախվելով շոգենավերի»։
Հուշարձանը լուռ վկայում է այն ծանր աշխատանքի, ինչպես նաև վտանգների մասին, որ դարեր շարունակ դիմագրավում են ձկնորսները։ Պատկերացրեք այն հուսահատության արցունքները, որ թափվել են մահացած ամուսինների, հայրերի, եղբայրների և որդիների համար։ Սակայն Եհովա Աստված չի մոռանում այրիներին, որբերին և բոլոր նրանց, ովքեր մահացել են ծովում։ Հովհաննես առաքյալը նշել է մի իրադարձության մասին, որ տեղի է ունենալու ապագայում. «Ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին» (Յայտնութիւն 20։13)։ Հարության ժամանակ նրանք, ովքեր ‘ծովն էին իջել նավերով’, իսկապես կտեսնեն «Տիրոջ գործերը»։