Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 12/15 էջ 9–12
  • ‘Գերիներին ազատություն է քարոզվում’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Գերիներին ազատություն է քարոզվում’
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Թմրամոլները դառնում են քրիստոնյաներ
  • Անուղղելի հանցագործները ուղղվում են
  • Վկաներին ճանաչում են պաշտոնական շրջանակներում
  • Օգնություն՝ բանտի ճաղերից դուրս
2005 Դիտարան
w05 12/15 էջ 9–12

‘Գերիներին ազատություն է քարոզվում’

ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ ծառայության սկզբում Հիսուս Քրիստոսը ասել էր, որ եկել է ‘գերիներին ազատություն քարոզելու’ (Ղուկաս 4։18, 19 ԱԱ)։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները, հետևելով իրենց Տիրոջ օրինակին, Թագավորության լուրը ավետում են բոլոր մարդկանց՝ օգնելով նրանց ազատվել հոգևոր գերությունից և ապրել առողջ կյանքով (Ա Տիմոթէոս 2։4)։

Այդ գործը կատարելով՝ նրանք քարոզում են նաև այն անհատներին, ովքեր գերի են բառի բուն իմաստով, այսինքն՝ բանտարկյալներին, որոնք կալանքի տակ են ընկել տարբեր հանցագործությունների պատճառով։ Եվ այդ բանտարկյալները անչափ երախտապարտ են հոգևոր ազատություն ստանալու համար։ Կարծում ենք, որ ձեզ հաճելի կլինի ընթերցել հետևյալ քաջալերական դեպքերը։ Դրանք պատմում են այն քարոզչական գործունեության մասին, որ Եհովայի վկաները ծավալում են Ուկրաինայի, ինչպես նաև եվրոպական այլ երկրների բանտերում։

Թմրամոլները դառնում են քրիստոնյաներ

Իր կյանքի 38 տարիներից 20–ը Սերհիյնa անցկացրել է բանտում, անգամ այնտեղ է ավարտել դպրոցը։ Նա պատմում է. «Ես տարիներ առաջ բանտ եմ ընկել մարդասպանություն գործելու պատճառով և դեռ երկար պետք է մնամ կալանքի տակ։ Նախկինում նման էի մի վայրենու, որից մյուս բանտարկյալները սարսափում էին»։ Արդյո՞ք այդպես վարվելով՝ նա իրեն ազատ էր զգում։ Ո՛չ։ Տարիներ շարունակ Սերհիյը թմրադեղերի, ալկոհոլի և ծխախոտի գերին էր։

Երբ նույն բանտի կալանավորներից մեկը Սերհիյին հայտնեց Աստվածաշնչի ճշմարտությունը, խավարի միջից կարծես մի լույս շողաց նրա համար։ Մի քանի ամսվա ընթացքում Սերհիյը ազատվեց իր վատ սովորություններից, դարձավ բարի լուրի քարոզիչ և մկրտվեց։ Այժմ նա բանտում լիաժամ ծառայում է Եհովային։ Սերհիյի օգնությամբ յոթ հանցագործներ փոխել են իրենց վարքը և դարձել նրա հոգևոր եղբայրները։ Նրանցից վեցն այժմ ազատության մեջ է, մինչդեռ Սերհիյը շարունակում է մնալ կալանքի տակ։ Սակայն դա նրան չի տխրեցնում. Սերհիյը ուրախ է, որ կարող է օգնել ուրիշներին ազատություն ստանալ հոգևոր գերությունից (Գործք 20։35)։

Վի՛կտորը այն անհատներից մեկն է, որին Սերհիյը այդպիսի օգնություն ցույց տվեց։ Նախկինում նա նույնպես եղել է թմրամոլ և զբաղվել թմրանյութերի վաճառքով։ Բանտից ազատվելուց հետո Վիկտորը շարունակեց հոգևորապես առաջադիմել։ Ի վերջո նա Ուկրաինայում ավարտեց Ծառայության կատարելագործման դպրոցը։ Այժմ Վիկտորը ծառայում է Մոլդովայում՝ որպես հատուկ ռահվիրա։ Նա պատմում է. «Ես սկսեցի ծխել 8 տարեկանում, ալկոհոլը չարաշահել 12–ում և թմրադեղեր օգտագործել 14–ում։ Թեև ուզում էի փոխվել, սակայն բոլոր ջանքերս ապարդյուն էին անցնում։ 1995 թ.–ին, երբ ես ու կինս որոշել էինք տեղափոխվել մեկ ուրիշ վայր, որտեղ կկարողանայի կտրվել իմ վատ շրջապատից, հոգեկան խանգարում ունեցող մի մոլագար սպանեց կնոջս։ Այդ դեպքից հետո ընդհանրապես կորցրի կյանքիս իմաստը։ Ես շարունակ մտածում էի. «Որտե՞ղ է կինս։ Ի՞նչ է տեղի ունենում մահացածների հետ»։ Սակայն պատասխան չէի կարողանում գտնել։ Այդ դատարկությունը լրացնելու համար գնալով ավելի շատ էի թմրադեղեր ընդունում։ Ի վերջո, թմրանյութերի վաճառքով զբաղվելու պատճառով ինձ ձերբակալեցին և դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման։ Այնտեղ Սերհիյն օգնեց ինձ գտնել հարցերիս պատասխանները։ Ես բազմիցս էի փորձել ազատվել թմրադեղերի հանդեպ իմ կախվածությունից, բայց դա ինձ հաջողվեց միայն Աստվածաշնչի օգնությամբ։ Աստծու Խոսքը, իրոք, մեծ զորություն ունի» (Եբրայեցիս 4։12)։

Անուղղելի հանցագործները ուղղվում են

Ի տարբերություն վերոհիշյալ անհատների՝ Վասիլը երբեք թմրադեղեր չէր օգտագործել։ Այնուամենայնիվ, նա նույնպես գտնվում էր գերության մեջ։ «Իմ տարերքը քիքբոքսինգն էր,—պատմում է նա։— Ես այնպես էի ծեծում մարդկանց, որ ոչ մի հետք չթողնեմ նրանց մարմնի վրա»։ Իր այդ ուժը Վասիլն օգտագործում էր մարդկանց կողոպտելու նպատակով։ «Ես երեք անգամ բանտ ընկա, ինչի հետևանքով կինս ամուսնալուծվեց։ Վերջին անգամ դատապարտվեցի հինգ տարվա ազատազրկման։ Այդ ժամանակ էր, որ ձեռքս ընկան Եհովայի վկաների հրատարակությունները։ Իմ մեջ Աստվածաշունչն ընթերցելու ցանկություն առաջացավ։ Բայց ես դեռ տարված էի իմ անչափ սիրելի մարտերով. մարտեր, որ կանոններ չունեին։

Այնուամենայնիվ, Աստվածաշունչը վեց ամիս ընթերցելուց հետո փոփոխություն զգացի։ Այժմ մարտերում հաղթելը ինձ նույն բավականությունը չէր պատճառում։ Ես սկսեցի խորհել իմ կյանքի մասին Եսայիա 2։4 խոսքի լույսի ներքո ու հասկացա, որ եթե չփոխեմ մտածելակերպս, ողջ կյանքս ստիպված կլինեմ անցկացնել բանտում։ Ուստի մի կողմ նետեցի քիքբոքսինգի համար անհրաժեշտ բոլոր պարագաները և սկսեցի աշխատել անձնավորությանս վրա։ Դա հեշտ չէր, սակայն խորհրդածության և աղոթքների շնորհիվ աստիճանաբար կարողացա վերջ դնել իմ վատ սովորություններին։ Պատահում էր, որ արցունքն աչքերիս աղերսում էի Եհովային ուժ տալ ինձ ազատվելու իմ այդ նախասիրությունից, որից կախվածություն էի ձեռք բերել։ Եվ, ի վերջո, դա ինձ հաջողվեց։

Բանտից դուրս գալուց հետո ես վերամիավորվեցի ընտանիքիս հետ։ Այժմ աշխատում եմ ածխի հանքում, ինչի շնորհիվ բավականաչափ ժամանակ ունեմ կնոջս հետ մասնակցելու քարոզչական ծառայությանը և ժողովում կատարելու իմ պարտականությունները»։

Միկոլան իր ընկերների հետ մի քանի բանկ էր թալանել Ուկրաինայում։ Արդյունքում՝ նա դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման։ Նախքան իր ձերբակալությունը նա եկեղեցում եղել էր ընդամենը մեկ անգամ՝ այն կողոպտելու նպատակով։ Ու թեև Միկոլային դա չէր հաջողվել, սակայն այդ բանից հետո նա եկել էր այն եզրակացության, որ Աստվածաշունչը հավանաբար լեցուն է ձանձրալի պատմություններով ուղղափառ եկեղեցու քահանաների, մոմերի և կրոնական տոների մասին։ Միկոլան ասում է. «Չգիտեմ ինչու, սկսեցի Աստվածաշունչ կարդալ և զարմացա՝ հայտնաբերելով, որ այնտեղ գրվածը ընդհանրապես չի համապատասխանում այն ամենին, ինչ մտածում էի»։ Նա խնդրեց, որ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի, և 1999 թ.–ին մկրտվեց։ Այսօր դժվար է անգամ պատկերացնել, որ ծառայող օգնականի առանձնաշնորհում ունեցող այդ խոնարհ անհատը մի ժամանակ եղել է զենքը ձեռքին՝ բանկեր թալանող չարագործ։

Վլադիմիրին մահապատիժ էր սպառնում։ Իր վախճանին սպասելով՝ նա աղոթում էր Աստծուն՝ խոստանալով, որ եթե ազատվի այդ դատավճռից, կսկսի ծառայել Նրան։ Այդ ժամանակ օրենքը փոխվեց, և Վլադիմիրի մահվան դատավճիռը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Իր խոստմանը հավատարիմ՝ նա սկսեց փնտրել ճշմարիտ կրոնը։ Նամակագրական կապի միջոցով Վլադիմիրը մասնակցեց ադվենտիստների կողմից կազմակերպող դասընթացների և վկայական ստացավ։ Բայց դա նրան բավարարվածություն չպատճառեց։

Բանտի գրադարանում «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերն ընթերցելուց հետո Վլադիմիրը գրեց Եհովայի վկաների՝ Ուկրաինայի մասնաճյուղ և խնդրեց, որ իրեն այցելեն։ Երբ տեղի եղբայրները այցելեցին այդ տղամարդուն, նա իրեն արդեն Վկա էր համարում և բանտում զբաղվում էր քարոզչական գործունեությամբ։ Եղբայրները օգնեցին նրան համապատասխանեցնելու իր կյանքը Թագավորության քարոզչի համար սահմանված պահանջներին։ Տվյալ պահին, երբ գրի է առնվում այս հոդվածը, Վլադիմիրը և այդ բանտում գտնվող յոթ ուրիշ անհատներ սպասում են մկրտության։ Սակայն նրանք մի խնդիր ունեն. ցմահ ազատազրկված կալանավորներին իրենց բանտում խցերի մեջ են բաշխում ըստ կրոնական պատկանելության։ Ուստի Վլադիմիրն ու նրա խցում նստած մյուս բանտարկյալները նույն կրոնն ունեն։ Իսկ ո՞ւմ են նրանք քարոզում։ Այդ անհատները բարի լուրը պատմում են բանտապահներին, ինչպես նաև նամակներ են գրում ուրիշ մարդկանց։

Նազարը Ուկրաինայից տեղափոխվել էր Չեխիա։ Այնտեղ նա դարձել էր գողերի մի խմբի անդամ։ Ի վերջո, Նազարին երեքուկես տարով ազատազրկեցին։ Բանտում նրան սկսեցին այցելել Կարլովի Վարի քաղաքի Եհովայի վկաները։ Սերտելով ճշմարտությունը՝ Նազարն ամբողջովին փոխվեց։ Այս ամենը տեսնելով՝ բանտի պահակախմբի անդամներից մեկը Նազարի բանտակիցներին ասաց. «Եթե դուք բոլորդ դառնաք այդ ուկրաինացու նման, ես ստիպված կլինեմ փոխել աշխատանքս»։ Իսկ մեկ ուրիշ ծառայող այսպես արտահայտվեց. «Այս Եհովայի վկաները իսկական մասնագետներ են. նրանք այնպես են անում, որ բանտ եկած հանցագործը այնտեղից դուրս գա որպես պարկեշտ անձնավորություն»։ Նազարը արդեն իր տանն է։ Նա ատաղձագործի արհեստ է սովորել, ամուսնացել է և իր կնոջ հետ միասին լիաժամ ծառայություն է կատարում։ Որքա՜ն երախտապարտ է նա այն բանի համար, որ Վկաները այցելեցին իրեն բանտում եղած ժամանակ։

Վկաներին ճանաչում են պաշտոնական շրջանակներում

Բանտարկյալները միակ մարդիկ չեն, որ ուրախ են Եհովայի վկաների կատարած ծառայության համար։ Ահա թե ինչ է ասում Միրոսլավ Կովալսկին, որը Լեհաստանի բանտերից մեկի պաշտոնական ներկայացուցիչն է. «Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց այցելությունները։ Կալանավորներից ոմանք տխուր անցյալ են ունեցել։ Ամենայն հավանականությամբ, նրանք երբեք մարդկային վերաբերմունքի չեն արժանացել։ .... [Վկաների] օգնությունը շատ արժեքավոր է, քանի որ մեզ մոտ աշխատողների, ինչպես նաև դաստիարակների խիստ կարիք է զգացվում»։

Լեհաստանում գտնվող մեկ ուրիշ բանտի պետ նամակ էր գրել այդ երկրի մասնաճյուղին՝ խնդրելով, որ Վկաները ավելի ակտիվ գործունեություն ծավալեն իրենց բանտում։ Ինչո՞ւ։ Նա պատասխանում է. «Եթե «Դիտարանի» ներկայացուցիչները ավելի հաճախ այցելեն մեր բանտը, դա կօգնի կալանավորներին դրական հատկություններ զարգացնել և կնվազեցնի ագրեսիան նրանց միջև»։

Ուկրաինական թերթերից մեկում պատմվում էր դեպրեսիայի մեջ ընկած մի բանտարկյալի մասին, որն ինքնասպանություն գործելու փորձ էր կատարել։ Եհովայի վկաները օգնել էին նրան։ «Այժմ այդ մարդու էմոցիոնալ վիճակը գնալով բարելավվում է։ Նա ենթարկվում է բանտի կանոններին և օրինակ է ծառայում մյուս կալանավորների համար»։

Օգնություն՝ բանտի ճաղերից դուրս

Եհովայի վկաների գործունեությունը օգուտներ է բերում ոչ միայն բանտի ներսում գտնվողներին։ Վկաները շարունակում են օգնել բանտարկյալներին անգամ այն ժամանակ, երբ վերջիններս ազատություն են ստանում։ Արդեն մի քանի տարի է մարդկանց այդպիսի օգնություն են ցույց տալիս Բրիգիտեն և Ռենատը։ Գերմանիայում լույս տեսնող մի պարբերաթերթում այս քրիստոնյաների մասին ասվել է. «Նրանք երեքից հինգ ամիս հոգ են տանում բանտից ազատված անհատներին՝ խրախուսելով վերջիններիս գտնել իրենց կյանքի իմաստը։ ..... Այդ Վկաները ճանաչվել են իբրև կամավոր հիմունքներով ծառայող փորձարկման պաշտոնյաներ (ծառայողներ, որոնց վերահսկողության տակ են գտնվում պայմանականորեն ազատված անհատները)։ .... Բացի այդ, նրանք գործնական կապեր են հաստատել բանտի անձնակազմի հետ» («Main-Echo Aschaffenburg»)։ Շնորհիվ այս օգնության՝ բազմաթիվ մարդիկ իրենց կյանքը նվիրել են Եհովային։

Եհովայի վկաների սուրբգրային կրթական գործունեությունը օգուտ է բերում անգամ բանտերում աշխատող պաշտոնյաներին։ Օրինակ՝ Ռոմանը մայորի կոչում ուներ և Ուկրաինայի բանտերից մեկում հոգեբանի աշխատանք էր կատարում։ Մի անգամ Եհովայի վկաները այցելեցին Ռոմանին իր տանը, և նա համաձայնվեց, որ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի։ Երբ Ռոմանն իմացավ, որ իրենց բանտում Վկաներին թույլ չեն տալիս այցելել կալանավորներին, նա բանտի պետից թույլտվություն խնդրեց իր աշխատանքը կատարելիս օգտվել Աստվածաշնչից։ Պետը համաձայնվեց։ Մոտ 10 բանտարկյալներ Աստվածաշնչի հանդեպ հետաքրքրություն ցույց տվեցին։ Ռոմանը իր հետզհետե ավելացող աստվածաշնչյան գիտելիքները փոխանցում էր այդ կալանավորներին։ Նրա ջանքերը գերազանց արդյունքներ բերեցին։ Ազատություն ստանալուց հետո այդ բանտարկյալներից մի քանիսը աճեցին հոգևորապես և դարձան մկրտված քրիստոնյաներ։ Տեսնելով, թե ինչ զորություն ունի Աստծու Խոսքը՝ Ռոմանը շատ ավելի լուրջ մոտեցավ ուսումնասիրությանը։ Նա հրաժարվեց զինվորական ծառայությունից և շարունակեց Աստվածաշունչը ուսուցանելու իր գործը։ Այժմ նա մի նախկին կալանավորի հետ մասնակցում է քարոզչական ծառայությանը։

Մի բանտարկյալ գրում է. «Այստեղ մենք ապրում ենք Աստվածաշնչով, աստվածաշնչյան գրականությամբ և Սուրբ Գրությունների ուսումնասիրությամբ»։ Այս խոսքերը պարզ ցույց են տալիս, թե որոշ բանտերում որքան մեծ է աստվածաշնչյան գրականության կարիքը։ Ահա թե ինչ է հայտնում Ուկրաինայի ժողովներից մեկը բանտում Աստվածաշնչի կրթական գործունեություն ծավալելու վերաբերյալ. «Բանտի ղեկավարությունը շնորհակալ է այն գրականության համար, որ մատակարարում ենք։ Ամեն անգամ մենք նրանց տալիս ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի յուրաքանչյուր համարի 60 օրինակներ»։ Մեկ այլ ժողով հայտնում է. «Մենք հոգ ենք տանում մի ուղղիչ գաղութի մասին, որն ունի 20 փոքր գրադարաններ։ Յուրաքանչյուր գրադարանին տվել ենք մեր հիմնական հրատարակությունները։ Բոլորը միասին կազմել են 20 տուփ»։ Բանտերից մեկի գրադարանում պահակները մեր պարբերագրերի համար քարտարան են ստեղծել, որպեսզի հնարավորություն տան բանտարկյալներին օգուտներ քաղել յուրաքանչյուր համարից։

2002 թ.–ին Ուկրաինայի մասնաճյուղում բացվեց բանտերի հետ կապի բաժին։ Առ այսօր այդ բաժինը կապ է հաստատել մոտ 120 ուղղիչ գաղութների հետ և որոշակի ժողովների հանձնարարել է հոգ տանել այդ հաստատությունների մասին։ Ամեն ամիս մասնաճյուղը բանտարկյալներից ստանում է մոտ 50 նամակ, որոնցում նրանք մեծամասամբ աստվածաշնչային գրականություն են խնդրում կամ ցանկություն են հայտնում Գրությունների ուսումնասիրություն սկսելու։ Մասնաճյուղը նրանց ուղարկում է գրքեր, պարբերագրեր և գրքույկներ, մինչև որ տեղի եղբայրները կապ են հաստատում այդ կալանավորների հետ։

«Յիշեցէ՛ք բանտարկեալներին»,— գրեց Պողոս առաքյալն իր հավատակիցներին (Եբրայեցիս 13։3, ԷԹ)։ Նա խոսում էր այն անհատների մասին, ովքեր բանտ էին ընկել իրենց հավատի համար։ Այսօր Եհովայի վկաները ‘հիշում’ են կալանքի տակ գտնվողներին և այցելում են բանտերը՝ ‘գերիներին ազատություն քարոզելու’ նպատակով (Ղուկաս 4։19, ԱԱ)։

[ծանոթագրություն]

a Որոշ անուններ փոխված են։

[նկար 9–րդ էջի վրա]

Բանտերից մեկի պատը, Լվով (Ուկրաինա)

[նկար 10–րդ էջի վրա]

Միկոլան

[նկար 10–րդ էջի վրա]

Վասիլը իր կնոջ՝ Իրինայի հետ

[նկար 10–րդ էջի վրա]

Վիկտորը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը