Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 3/1 էջ 17–21
  • Պարկեշտ ժամանց, որ թարմացնում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պարկեշտ ժամանց, որ թարմացնում է
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ընդունելի ժամանց. ինչպես ընտրել
  • Ինչպես բավարարել ժամանցի կարիքը ճիշտ ձևով
  • Որոշ հիշեցումներ և խորհուրդներ
  • Քո ընտրած ժամանցի ձևը օգտակա՞ր է արդյոք
    2011 Դիտարան
  • Զվարճություններ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Պաշտպանեք ձեր ընտանիքը վնասակար ազդեցություններից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • «Սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2006 Դիտարան
w06 3/1 էջ 17–21

Պարկեշտ ժամանց, որ թարմացնում է

«Թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 10։31)։

1, 2. Ինչո՞ւ կարելի է հաճելի զբաղմունքները ‘Աստծու պարգև’ համարել, սակայն ի՞նչ ուղիղ խորհուրդ է պարունակում Աստվածաշունչը։

ԲՆԱԿԱՆ է ցանկանալ զբաղվել այնպիսի բանով, որը հաճույք է պատճառում։ Մեր Աստվածը՝ Եհովան, երջանիկ Աստված է և ուզում է, որ մենք վայելենք կյանքը։ Նա շատ հնարավորություններ է ստեղծել դրա համար (Ա Տիմոթէոս 1։11, ՆԱ; 6։17)։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Իմացել եմ, որ.... մի աւելի լաւ բան չ’կայ քան թէ [‘ուրախ լինելը’, ԱԱ].... Ու նաեւ որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (Ժողովող 3։12, 13)։

2 Նման ուրախությունը՝ երբ մարդը վայելում է իր աշխատանքի պտուղները, իսկապես որ թարմացուցիչ է, հատկապես եթե նա ուրախանում է իր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ։ Այն իրոք «Աստուծոյ պարգեւն» է։ Ինչ խոսք, այն, որ Արարիչը այդքան շատ պարգևներ է շնորհում, իրավունք չի տալիս զվարճությունների հարցում անցնել սահմանները։ Աստվածաշունչը դատապարտում է հարբեցողությունը, որկրամոլությունը և անբարոյությունը՝ զգուշացնելով, որ նման բաներ անողները «Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Ա Կորնթացիս 6։9, 10; Առակաց 23։20, 21; Ա Պետրոս 4։1–4)։

3. Ի՞նչը կօգնի մեզ հոգևորապես արթուն մնալ և մեր մտքում վառ պահել Եհովայի մեծ օրը։

3 Այս վերջին վճռորոշ օրերում քրիստոնյաները պետք է առավել քան երբևէ շրջահայաց լինեն, որպեսզի խուսափեն ապականված աշխարհի սովորություններից և բարքերից (Յովհաննէս 17։15, 16)։ Ինչպեսև կանխագուշակված էր, այսօրվա մարդիկ ‘ավելի շատ հաճույքներն են սիրում’, քան թե Աստծուն, և դա այն աստիճան, որ «ուշադրություն չեն դարձնում» (ՆԱ) այն ակնհայտ փաստին, որ «մեծ նեղությունը» շատ մոտ է (Բ Տիմոթէոս 3։4 ՆԱ, 5; Մատթէոս 24։21, 37–39)։ Հիսուսն իր հետևորդներին հորդորեց. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ» (Ղուկաս 21։34, 35)։ Լինելով Աստծու ծառաներ՝ մենք վճռականորեն տրամադրված ենք ականջ դնելու Հիսուսի նախազգուշացմանը։ Ի տարբերություն անաստված մարդկանց՝ մենք ձգտում ենք հոգևորապես արթուն մնալ և մեր մտքում վառ պահել Եհովայի մեծ օրը (Սոփոնիա 3։8; Ղուկաս 21։36)։

4. ա) Ինչո՞ւ է դժվար ժամանցի ընդունելի ձևեր գտնել։ բ) Ի՞նչ խորհուրդ է տրվում Եփեսացիս 5։15, 16–ում, որը ցանկանում ենք կիրառել։

4 Աշխարհի ապականված սովորություններից ու բարքերից հեռու մնալը հեշտ չէ, քանի որ Սատանան դրանք շատ ցանկալի և մատչելի է դարձրել։ Դա առավել ևս դժվար է, երբ հարցը վերաբերում է ժամանցին և զվարճությանը։ Այն ամենը, ինչ առաջարկում է աշխարհը, նախատեսված է ‘մարմնավոր ցանկությունները’ բավարարելու համար (Ա Պետրոս 2։11)։ Ժամանցի վնասակար ձևերը մատչելի են հասարակական վայրերում, սակայն դրանք կարող են նաև ներխուժել տուն մամուլի, հեռուստատեսության, Ինտերնետի և տեսաֆիլմերի միջոցով։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը հետևյալ իմաստուն խորհուրդը տալիս քրիստոնյաներին. «Նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. ոչ թէ ինչպէս անխելքներ, այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են» (Եփեսացիս 5։15, 16)։ Միայն այս խորհրդին հետևելու դեպքում կարող ենք վստահ լինել, որ ժամանցի վնասակար ձևերը մեզ չեն հրապուրի, չեն կլանի և չեն վնասի մեր հարաբերությունները Եհովա Աստծու հետ, ինչը ի վերջո կարող է կործանել մեզ (Յակոբոս 1։14, 15)։

5. Ի՞նչն է մեզ մեծագույն թարմություն պատճառում։

5 Քանի որ քրիստոնյաները ակտիվ կյանք են վարում, ապա, բնականաբար, նրանք հանգստանալու կարիք են զգում։ Ինչպես ասվում է Ժողովող 3։4–ում, կա «ծիծաղելու ժամանակ.... եւ [կա] պարելու ժամանակ»։ Այստեղից երևում է, որ Աստվածաշունչը ժամանցը չի համարում ժամանակի կորուստ։ Այն պետք է թարմացնի մեզ և ոչ թե վտանգի մեր հոգևոր վիճակը կամ խանգարի մեր հոգևոր գործունեությանը։ Հասուն քրիստոնյաները սեփական փորձով գիտեն, որ տալը ավելի մեծ ուրախություն է բերում։ Նրանք Եհովայի կամքը կատարելուն առաջնային տեղ են հատկացնում և իսկական ‘թարմություն են գտնում իրենց անձերի համար’՝ իրենց վրա առնելով Հիսուսի քաղցր լուծը (Մատթէոս 11։29 ՆԱ, 30; Գործք 20։35)։

Ընդունելի ժամանց. ինչպես ընտրել

6, 7. Ի՞նչը կարող է քեզ օգնել որոշելու, թե ժամանցի ձևերից որն է ընդունելի և որը՝ ոչ։

6 Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ ժամանցի ինչ–​որ ձև ընդունելի է քրիստոնյայի համար։ Երեխաներին այս հարցում առաջնորդություն են տալիս նրանց ծնողները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երեցները։ Սակայն իրականում հարկ չկա, որ ուրիշները մեզ ասեն, թե որ գիրքը, ֆիլմը, խաղը, պարը կամ երգն է անընդունելի։ Պողոսն ասաց, որ հասուն մարդիկ, «իրենց ըմբռնողականությունը գործի դնելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիս 5։14, ՆԱ; Ա Կորնթացիս 14։20)։ Աստվածաշունչը առաջնորդող սկզբունքներ է պարունակում։ Աստծու Խոսքով կրթված քո խիղճը կօգնի քեզ, եթե լսես նրան (Ա Տիմոթէոս 1։19)։

7 Հիսուսն ասաց, որ «ծառը պտղիցը կ’ճանաչուի» (Մատթէոս 12։33)։ Եթե զվարճությունը հակում է առաջացնում դեպի բռնությունը, անբարոյությունը և ոգեհարցությունը, ապա այդպիսի ժամանցից պետք է հրաժարվել։ Ժամանցն անընդունելի է, եթե վտանգում է անհատի կյանքը կամ առողջությունը, տնտեսական խնդիրներ է առաջացնում, հիասթափություն պատճառում կամ էլ ուրիշների գայթակղության առիթ է դառնում։ Պողոս առաքյալը զգուշացնում է, որ եթե ‘զարկում’ ենք մեր եղբոր խղճին, ապա մեղք ենք գործում։ Նա գրում է. «Եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։ Վասն որոյ՝ եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չ’գայթակղեցնեմ» (Ա Կորնթացիս 8։12, 13)։

8. Ի՞նչ վտանգ են պարունակում էլեկտրոնային խաղերն ու տեսաֆիլմերը։

8 Խանութները լիքն են էլեկտրոնային խաղերով և տեսաֆիլմերով։ Դրանցից որոշները գուցե անվնաս լինեն ժամանցի համար, սակայն հիմնականում այդ խաղերն ու ֆիլմերը գնալով ավելի դատապարտելի են դառնում Աստվածաշնչի տեսանկյունից։ Անշուշտ, անմեղ ուրախություն չես համարի այն, երբ խաղի կանոնները պահանջում են հաշմել, սպանել կամ վարվել ծայրահեղ անբարո կերպով։ Եհովան ատում է ‘բռնություն սիրողին’ (Սաղմոս 11։5, ԱԱ; Առակաց 3։31; Կողոսացիս 3։5, 6)։ Եթե խաղը քո մեջ առաջացնում է ագահություն կամ ագրեսիա, խլում է քո ամբողջ ժամանակը, կամ եթե էմոցիոնալ առումով սպառվում ես, այդ դեպքում դու հոգևոր վնաս ես կրում, ուստի անհապաղ պետք է շտկումներ անես (Մատթէոս 18։8, 9)։

Ինչպես բավարարել ժամանցի կարիքը ճիշտ ձևով

9, 10. Ի՞նչ կարող են անել խորագետ անհատները ժամանցի իրենց կարիքը բավարարելու համար։

9 Ժամանակ առ ժամանակ քրիստոնյաները հարցնում են. «Ո՞րն է ընդունելի ժամանցը։ Աշխարհի առաջարկած ժամանցի ձևերի մեծամասնությունը լիովին հակասում է Աստվածաշնչի չափանիշներին»։ Վստահ եղիր, որ ժամանցի հաճելի ձևեր կարելի է գտնել, բայց դրա համար ջանք և լավ պլանավորում է պահանջվում։ Սա հատկապես վերաբերում է ծնողներին։ Շատերը կարողանում են գոհացուցիչ ժամանց անցկացնել ընտանիքի, ինչպես նաև ժողովի անդամների հետ։ Անշտապ ճաշելը և այդ ընթացքում օրվա իրադարձությունները քննարկելը կամ աստվածաշնչյան թեմայով զրուցելը հաճելի է և կերտիչ։ Կարելի է կազմակերպել զբոսախնջույքներ, պատշաճ խաղեր, արշավներ։ Այդպիսի բարերար ժամանցը կարող է մեծ բավականություն պատճառել։

10 Մի երեց և նրա կինը, որոնք երեք երեխաներ են մեծացրել, ասում են. «Մեր երեխաները փոքր տարիքից մասնակցել են այն հարցի որոշմանը, թե որտեղ կանցկացնենք մեր արձակուրդը։ Երբեմն նրանց թույլ ենք տվել, որ հրավիրեն իրենց լավ ընկերներից որևէ մեկին՝ միանալու մեզ արձակուրդի ժամանակ։ Այդպիսով՝ արձակուրդն ավելի հաճելի է եղել։ Մենք նաև հաշվի ենք առել մեր երեխաների կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Պարբերաբար մեր տուն ենք հրավիրել ընտանիքների և ժողովի տարբեր անդամների։ Բնության գրկում կազմակերպել ենք հացկերույթներ և խաղացել խաղեր։ Մեքենայով և ոտքով գնացել ենք լեռները։ Այդ ճանապարհորդությունները Եհովայի ստեղծագործությունների մասին սովորելու լավ առիթներ են եղել»։

11, 12. ա) Ինչպե՞ս կարող ես ուրիշներին ներգրավել այն ժամանցին, որ մտադիր ես կազմակերպել։ բ) Ո՞ր հավաքույթներն են շատերի համար անմոռանալի։

11 Կարո՞ղ ես լայնանալ՝ հրավիրելով ուրիշներին միանալ քեզ կամ ձեր ընտանիքին՝ ժամանց անցկացնելու։ Թերևս քաջալերանքի կարիք ունենան այնպիսի անհատներ, ովքեր այրի են կամ ամուրի, կամ էլ այնպիսի ընտանիքներ, որտեղ միայն մեկ ծնող կա (Ղուկաս 14։12–14)։ Կարող ես ընդգրկել նաև այն անհատին, որը նորերս է սկսել շփվել ժողովի հետ, բայց, իհարկե, պետք է զգույշ լինես, որ մյուսները վատ ազդեցության չենթարկվեն (Բ Տիմոթէոս 2։20, 21)։ Եթե տկար անհատի համար դժվար է տանից դուրս գալ, ապա գուցե հնարավոր է ուտելիքից մի բաժին հասցնել նրան (Եբրայեցիս 13։1, 2)։

12 Շատերի համար անմոռանալի են այն հավաքույթները, որտեղ ներկաները վայելում են պարզ կերակուր, պատմում են միմյանց, թե ինչպես են ընդունել ճշմարտությունը և ինչն է օգնել իրենց հավատարիմ մնալ Աստծուն։ Կարելի է քննարկել աստվածաշնչային ինչ–​որ թեմա, որին մասնակցում են բոլոր ներկաները, այդ թվում նաև երեխաները։ Նման քննարկումները փոխադարձ քաջալերանքի լավ հնարավորություն են ընձեռում, և ոչ ոք իրեն անհարմար կամ ավելորդ չի զգում։

13. Ինչպե՞ս են Հիսուսն ու Պողոսը օրինակ թողել հյուրասիրության և հյուրընկալվելու հարցում։

13 Հիսուսը լավ օրինակ է թողել հյուրասիրություն ցույց տալու և հյուրընկալվելու հարցում։ Նա այդ առիթները միշտ օգտագործում էր ուրիշներին հոգևոր օրհնություններ փոխանցելու համար (Ղուկաս 5։27–39; 10։42; 19։1–10; 24։28–32)։ Հիսուսի վաղ աշակերտները հետևեցին նրա օրինակին (Գործք 2։46, 47)։ Պողոս առաքյալը գրեց. «Շատ եմ ցանկանում տեսնել ձեզ, որպեսզի ձեզ փոխանցեմ որևէ հոգևոր պարգև՝ ձեզ ամրապնդելու համար. այսինքն՝ լինելով ձեր մեջ՝ քաջալերենք միմյանց այն հավատով, որ ունենք դուք և ես» (Հռովմայեցիս 1։11, 12, ԱՆԹ)։ Նմանապես, մեր հավաքույթները պետք է փոխադարձ քաջալերանքի մթնոլորտ ստեղծեն (Հռովմայեցիս 12։13; 15։1, 2)։

Որոշ հիշեցումներ և խորհուրդներ

14. Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում ընկերական մեծ հավաքույթներ կազմակերպել։

14 Խորհուրդ չի տրվում ընկերական մեծ հավաքույթներ կազմակերպել, քանի որ հաճախ դժվար է լինում դրանք վերահսկել։ Ընտրելով այնպիսի ժամանակ, որ հոգևոր գործերը չտուժեն՝ մի քանի ընտանիքներ կարող են միասին զբոսախնջույք կազմակերպել կամ խաղալ այնպիսի խաղ, որը չափազանց մրցակցային բնույթ չի կրում։ Երբ երեցներից, ծառայող օգնականներից կամ ուրիշ հասուն քրիստոնյաներից ոմանք ներկա են լինում, նրանք բարերար ազդեցություն են թողնում, և ժամանցը նույնիսկ կարող է ավելի թարմացուցիչ դառնալ։

15. Ինչո՞ւ հյուրընկալության ժամանակ չպետք է մոռանալ լավ վերահսկողություն իրականացնելու մասին։

15 Ընկերական հավաքույթ կազմակերպողները չպետք է անտեսեն լավ վերահսկողություն իրականացնելու կարիքը։ Թեպետ քեզ հաճելի է հյուրասիրություն ցույց տալ, բայց մի՞թե վատ չէիր զգա, եթե իմանայիր, որ քո կողմից ինչ–​որ բան հաշվի չառնելու պատճառով հյուրերից մեկը գայթակղվել է քո տանը տեղի ունեցածից։ Ուշադրություն դարձրու Բ Օրինաց 22։8–ում գրված սկզբունքին։ Նոր տուն կառուցող իսրայելացուց պահանջվում էր ցածրիկ եզրապատ շարել հարթ տանիքի վրա, որտեղ հաճախ տանտերը զբաղեցնում էր հյուրերին։ Ինչո՞ւ։ «Որ [իր] տան վերայ արիւն չ’բեր[ի], երբոր մէկը այնտեղից վայր ընկնէ»։ Նմանապես, երբ ընկերական հավաքույթի ժամանակ քո հյուրերին պաշտպանելու համար ինչ–​որ քայլեր ես ձեռնարկում, իհարկե, առանց անխոհեմ սահմանափակումներ դնելու, դրանք պետք է արտացոլեն քո սրտանց հետաքրքրվածությունը նրանց ֆիզիկական և հոգևոր առողջությամբ։

16. Ինչպե՞ս կարելի է զգուշություն դրսևորել, եթե ընկերական հավաքույթին նախատեսում ենք ոգելից խմիչք հյուրասիրել։

16 Հարկավոր է մեծ զգուշություն ցուցաբերել, եթե նախատեսում ենք ոգելից խմիչք դնել սեղանին։ Շատ քրիստոնյաներ, երբ հյուրեր են ընդունում, որոշում են ալկոհոլ հյուրասիրել միայն այն դեպքում, եթե իրենք անձամբ կկարողանան վերահսկել ճաշկերույթը։ Չպետք է թույլ տալ, որ ինչ–​որ բան գայթակղության պատճառ լինի կամ ներկաներից որևէ մեկին մղի չարաշահել ալկոհոլը (Եփեսացիս 5։18, 19)։ Ելնելով որոշակի պատճառներից՝ հյուրերից ոմանք գուցե ցանկանան ընդհանրապես ոգելից խմիչք չօգտագործել։ Շատ վայրերում պետության կողմից տարիքային սահմանափակում է դրված ալկոհոլի գործածության վրա։ Քրիստոնյաները պետք է հնազանդվեն պետական օրենքներին, նույնիսկ եթե դրանք չափազանց խիստ են թվում (Հռովմայեցիս 13։5)։

17. ա) Եթե ընկերական հավաքույթի ժամանակ երաժշտություն պիտի հնչի, ապա ինչո՞ւ է կարևոր, որ հյուրընկալը այդ հարցում մեծ խորաթափանցություն դրսևորի։ բ) Հավաքույթի ժամանակ պարելիս ինչպե՞ս կարելի է համեստություն դրսևորել։

17 Հյուրընկալը պետք է հավաստիանա, որ երաժշտությունը, պարերը և մյուս զվարճությունները համապատասխանում են քրիստոնեական սկզբունքներին։ Երաժշտական ճաշակները տարբեր են, իսկ երաժշտական ընտրանին՝ բազմազան։ Բայց պետք է ասել, որ այսօրվա երաժշտությունը խրախուսում է ապստամբության ոգի, անբարոյություն և բռնություն։ Հարկավոր է խորաթափանց լինել։ Ընդունելի երաժշտությունն անպայման չէ, որ լինի հանգիստ, բայցև այն չպետք է լինի ցանկահարույց կամ գռեհիկ, աղմկոտ և խլացուցիչ ռիթմ ունեցող։ Ուշադիր եղիր, որ երաժշտության ընտրության հարցը չթողնես այնպիսի անհատի ձեռքում, որը դեռևս չի հասկանում երաժշտության ձայնը պատշաճ բարձրության վրա պահելու կարևորությունը։ Եթե պարի մեջ անհամեստ շարժումներ կան, մասնավորապես եթե կան ազդրերի և կրծքի էրոտիկ շարժումներ, ապա անկասկած այդ պարը ընդունելի չէ քրիստոնյայի համար (Ա Տիմոթէոս 2։8–10)։     

18. Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին՝ վերահսկելով նրանց ընկերական շփումները։

18 Քրիստոնյա ծնողները պետք է պարզեն, թե ինչ է նախատեսվում այն ընկերական հավաքույթին, որին հրավիրված են իրենց երեխաները։ Իմաստուն կլինի, որ հիմնականում ծնողները գնա՛ն նրանց հետ այդպիսի հավաքույթների։ Ցավոք, որոշ ծնողներ թույլ են տվել իրենց զավակներին ներկա լինելու չվերահսկվող հավաքույթների, որտեղ ոմանք անպատշաճ՝ մասնավորապես անբարո վարք են դրսևորել (Եփեսացիս 6։1–4)։ Նույնիսկ եթե պատանիներն արդեն 18–19 տարեկան են և փաստել են, որ պատասխանատվության զգացում ունեն, այնուամենայնիվ նրանք դեռևս օգնության կարիք ունեն ‘երիտասարդական ցանկություններից փախչելու’ համար (Բ Տիմոթէոս 2։22)։

19. Ո՞ր իրողությունն է օգնում մեզ հասկանալ, թե ինչը նախևառաջ պետք է փնտրենք։

19 Պատշաճ ու թարմացուցիչ ժամանցը կարող է մարդու կյանքն ավելի հաճելի դարձնել։ Եհովան չի զրկում մեզ այդ հաճույքից, բայց մենք, իրատես լինելով, հասկանում ենք, որ զվարճությունները ինքնաբերաբար մեզ չեն օգնում հոգևոր ‘գանձեր դիզել երկնքում’ (Մատթէոս 6։19–21)։ Հիսուսն իր աշակերտներին օգնեց հասկանալ, որ կյանքում ամենակարևոր բանը ‘նախևառաջ Աստծու արքայությունը և նրա արդարությունը’ փնտրելն է և ոչ թե այն, թե ինչ կուտենք, կխմենք կամ կհագնենք, բաներ, որոնց ազգերն են «ջանադրաբար ձգտում» (ՆԱ) (Մատթէոս 6։31–34)։

20. Ի՞նչ բարիքներ կարող են ակնկալել Եհովայի հավատարիմ ծառաները Մեծ Մատակարարից։

20 Այո՛, ‘ուտենք թե խմենք, ինչ գործ էլ որ անենք’, կարող ենք ‘ամեն բան Աստծու փառքի համար անել’՝ շնորհակալ լինելով Մեծ Մատակարարին, որ մեզ բարիքներ է տվել չափավորությամբ վայելելու համար (Ա Կորնթացիս 10։31)։ Աստծու դրախտային երկրում, որն արդեն երևում է հորիզոնում, անվերջ հնարավորություններ կլինեն լիովին վայելելու Եհովայի առատաձեռնությունը նրանց հետ, ովքեր համապատասխանում են նրա արդար չափանիշներին (Սաղմոս 145։16; Եսայիա 25։6; Բ Կորնթացիս 7։1)։

Հիշո՞ւմ եք

• Ինչո՞ւ է այսօր քրիստոնյաների համար դժվար պատշաճ ժամանց գտնել։

• Պատշաճ ժամանցի ի՞նչ ձևեր կան, որոնք հաճույք են պատճառում քրիստոնյա ընտանիքներին։

• Բարերար զվարճությունների ժամանակ ի՞նչ հիշեցումներ և խորհուրդներ պետք է ի նկատի ունենալ։

[նկար 18-րդ էջի վրա]

Ընտրիր այնպիսի ժամանց, որից բարի պտուղներ են բխում

[նկարներ 19-րդ էջի վրա]

Ժամանցի ո՞ր ձևերն են քրիստոնյաները մերժում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը