Ընթերցողների հարցերը
● Ի՞նչ ի նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ գրեց, որ կանայք պետք է «լուռ մնան եկեղեցու մէջ»։
Կորնթոսում գտնվող քրիստոնեական ժողովին Պողոսը գրեց. «Ինչպէս որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել» (Ա Կորնթացիս 14։33, 34, ԷԹ)։ Այս համարները ճիշտ հասկանալու համար մենք պետք է քննենք համատեքստը։
Ա Կորնթացիս 14–րդ գլխում Պողոսը քննարկեց քրիստոնեական ժողովի հանդիպումներին վերաբերող հարցեր։ Նա բացատրեց, թե ինչ պետք է քննարկել հանդիպումների ժամանակ, և թե ինչպես պետք է անցկացվեն այդ հանդիպումները (Ա Կորնթացիս 14։1–6, 26–34)։ Այնուհետև նա ընդգծեց, որ քրիստոնեական հանդիպումների նպատակն այն է, որ «եկեղեցին ամրանայ» (Ա Կորնթացիս 14։4, 5, ԷԹ 12, 26)։
«Լուռ մնալ» արտահայտությունը Ա Կորընթացիս 14–րդ գլխում հանդիպում է երեք անգամ, և յուրաքանչյուր դեպքում այդ խորհուրդը ուղղված է տարբեր խմբի մարդկանց։ Սակայն բոլոր դեպքերում էլ այն տրվում է միևնույն նպատակով, որ ‘ամեն բան պարկեշտությամբ եւ կարգուկանոնով լինի’ (Ա Կորնթացիս 14։40)։
Նախ՝ Պողոսն ասում է. «Եթէ մէկը լեզուով խօսի, թող երկու, եւ եթէ էլ աւելի շատ՝ երեք լինին. մէկը միւսից յետոյ. եւ մէկը թող թարգմանէ։ Բայց եթէ թարգմանող չ’կայ, թող լռէ [«լուռ մնա», ԷԹ]եկեղեցումը. թող իրան համար եւ Աստուծոյ հետ խօսի» (Ա Կորնթացիս 14։27, 28)։ Սա նշանակում էր, որ ժամանակ կար, երբ այդ անհատը պետք է լռեր և ոչ թե ընդհանրապես չպետք է խոսեր հանդիպումների ժամանակ։ Չէ՞ որ հանդիպումների նպատակը միմյանց քաջալերելն է, իսկ դրան հնարավոր չէր հասնել, եթե մեկը խոսեր այնպիսի լեզվով, որը ոչ ոք չէր հասկանում։
Երկրորդ՝ Պողոսն ասում է. «Մարգարէներից թող երկուսը կամ երեքը խօսին, եւ ուրիշները քննեն։ Բայց եթէ մի ուրիշին, որ այնտեղ նստած է՝ յայտնութիւն լինի, առաջինը թող լռէ»։ Սա նշանակում էր, որ առաջին մարգարեն ոչ թե ընդհանրապես չպետք է խոսեր հանդիպումների ժամանակ, այլ երբեմն պետք է լուռ մնար։ Այդ դեպքում այն անձնավորությունը, որը հրաշքով հայտնություն էր ստանում, կարող էր հայտնել դա ժողովին, և հանդիպումների նպատակը կիրականացվեր, այն է՝ «բոլորը քաջալերություն [կ]ստանա[յի]ն» (Ա Կորնթացիս 14։26, 29, 30, 31, ՆԱ)։
Երրորդ՝ Պողոսը գրում է միայն քրիստոնյա կանանց մասին՝ ասելով. «Կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել» (Ա Կորնթացիս 14։34, ԷԹ)։ Ինչո՞ւ է Պողոսը նման խորհուրդ տալիս քույրերին։ Ժողովում կարգուկանոն պահպանելու համար։ Նա ասում է. «Բայց եթէ մի բան կամենան սովորիլ, թող տան մէջ իրանց մարդկանցից հարցնեն. որովհետեւ կնկանն անվայել է եկեղեցում խօսել» (Ա Կորնթացիս 14։35)։
Թերևս որոշ քույրեր կասկածի էին ենթարկում այն, ինչ ասվում էր ժողովում։ Պողոսի խորհուրդը օգնում էր քույրերին դադարել այդպիսի ոգի դրսևորելուց և խոնարհաբար գիտակցել այն, թե ինչ դիրք ունեն իրենք՝ համաձայն Եհովայի սահմանած գլխավորության սկզբունքի, հատկապես իրենց ամուսինների առնչությամբ (Ա Կորնթացիս 11։3)։ Բացի այդ, լուռ մնալով, քույրերը ցույց կտային, որ ժողովում չեն ձգտում լինել ուսուցիչներ։ Տիմոթեոսին ուղղած իր նամակում Պողոսը նշեց, որ անվայել կլինի, եթե կինը ձգտի ուսուցանել ժողովում։ Նա գրեց. «Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ» (Ա Տիմոթէոս 2։12)։
Արդյո՞ք դա նշանակում է, որ քրիստոնյա կանայք երբեք չպետք է խոսեն ժողովի հանդիպումների ժամանակ։ Ո՛չ։ Պողոսի օրերում եղել են դեպքեր, երբ քրիստոնյա կանայք հավանաբար սուրբ ոգու ազդեցությամբ ժողովում աղոթել են կամ մարգարեացել։ Այդպիսի դեպքերում նրանք ցույց էին տալիս, որ գիտակցում էին իրենց դիրքը՝ կրելով գլխածածկa (Ա Կորնթացիս 11։5)։ Դեռ ավելին, ինչպես Պողոսի օրերում, այնպես էլ այսօր հորդոր է տրվում, որ թե՛ քույրերը և թե՛ եղբայրները հրապարակորեն հռչակեն իրենց հույսի մասին (Եբրայեցիս 10։23–25)։ Քույրերը այդպես են վարվում՝ քարոզչական ծառայությանը մասնակցելով, ժողովի հանդիպումների ժամանակ լավ մտածված մեկնաբանություններ տալով, ինչպես նաև ցուցադրումներ և ուսումնական ելույթներ ներկայացնելով։
Ուստի քրիստոնյա կանայք ‘լուռ են մնում’, այսինքն՝ չեն ձգտում ստանձնել տղամարդու համար նախատեսված դերը և չեն ուսուցանում ժողովում։ Նրանք կասկածի չեն ենթարկում ժողովում ուսուցանողների իշխանությունը՝ բարձրացնելով վիճահարույց հարցեր։ Կատարելով իրենց համար սահմանված դերը՝ քրիստոնյա քույրերը մեծապես նպաստում են այն բանին, որ ժողովում տիրի խաղաղ մթնոլորտ, և «ամենը [ժողովում] շինութեան համար լինի» (Ա Կորնթացիս 14։26, 33)։
[ծանոթագրություն]
a Ներկայումս հասուն քույրերը հետևում են այդ օրինակին, երբ հանգամանքների բերումով մկրտված եղբոր փոխարեն՝ իրենք են անցկացնում ժողովի հանդիպումները (տե՛ս «Դիտարան» 2002 թ., 15 հուլիսի, էջ 26)։