Նրա հավատը քաջալերում է ուրիշներին
ՍԻԼՎԻԱՆ ծնվել է 1992 թ. դեկտեմբերին և թվում էր, թե նա լիովին առողջ աղջնակ է։ Սակայն երկու տարեկան հասակում Սիլվիայի մոտ հայտնաբերվեց կիստոֆիբրոզ՝ անբուժելի հիվանդություն, որի արդյունքում շնչառական և մարսողական օրգաններում մեծ բարդություններ են առաջանում։ Իր հիվանդության դեմ պայքարելու համար Սիլվիան ամեն օր 36 դեղահաբ է ընդունում, օգտագործում է ինհալատոր և թերապիա է անցնում։ Քանի որ նրա թոքերի միայն 25 տոկոսն է աշխատում, նա պետք է մշտապես թթվածնային պարկ կրի, նույնիսկ երբ տանից դուրս է գալիս։
«Զարմանալի է, թե ինչպես է Սիլվիան պայքարում այս հիվանդության դեմ,— ասում է Թերեզան՝ նրա մայրը։— Գրությունները լավ իմանալու շնորհիվ նա ամուր հավատ ունի։ Հավատն օգնում է նրան դիմանալ իր հիվանդության հետ կապված դժվարություններին։ Նա միշտ հիշում է Եհովայի խոստումը նոր աշխարհի մասին, որտեղ բոլոր հիվանդները կբուժվեն» (Յայտնութիւն 21։4)։ Ժամանակ առ ժամանակ, երբ նրա ընտանիքի անդամներն ընկճվում են, Սիլվիայի ժպիտը քաջալերում է նրանց։ Նա ասում է իր ծնողներին և եղբորը. «Կյանքը նոր աշխարհում կփոխհատուցի մեր այժմյան տառապանքը»։
Սիլվիան կանոնավորաբար պատմում է Աստծու Խոսքի բարի լուրը ուրիշներին, և այն մարդիկ, ում հետ նա զրուցում է, նկատում են, որ նրա դեմքից ուրախություն և երջանկություն է ճառագում։ Նա հաճախում է Կանարյան կղզիներում գտնվող ժողովներից մեկը, և այդ ժողովի անդամներն ուրախանում են՝ տեսնելով Սիլվիային և լսելով նրա մեկնաբանությունները։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո Սիլվիան սիրում է մնալ Թագավորության սրահում և զրուցել իր քրիստոնյա եղբայրների և քույրերի հետ։ Նրա ընկերասեր և ուրախ բնավորությունը մղում է ժողովի բոլոր անդամներին սիրել իրեն։
«Սիլվիան մեզ շատ կարևոր դաս է սովորեցնում,— ասում է Անտոնիոն՝ նրա հայրը,— չնայած խնդիրներին՝ կյանքը Աստծուց տրված պարգև է, և մենք պետք է գնահատենք այն»։ Ինչպես Սիլվիան, այնպես էլ Աստծու թե՛ երիտասարդ և թե՛ տարեց ծառաները անձկագին սպասում են այն ժամանակին, երբ ոչ մի բնակիչ «չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։
[նկար 31-րդ էջի վրա]
Սիլվիան կարդում է աստվածաշնչյան մի համար, իսկ մայրը պահել է թթվածնային պարկը