«Մենք պետք է առավել Աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց»
«Մեր Աստուածը.... կարող է մեզ ազատել»
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ շատ տպավորիչ էր լինելու։ Դուրայի դաշտում՝ հավանաբար Բաբելոն քաղաքի մոտակայքում, ոսկե մի հսկայական արձան էր կանգնեցվել։ Արձանը հանդիսավոր կերպով պետք է ներկայացվեր հատուկ արարողության ժամանակ, որին ներկա էին լինելու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանցից ակնկալվում էր խոնարհվել արձանի առաջ տարբեր երաժշտական գործիքների ձայնը լսելիս։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ ցանկացած անձնավորություն, որ չերկրպագեր արձանին, պետք է գցվեր կրակե հնոցի մեջ։ Ո՞վ կհամարձակվեր չհնազանդվել այդ հրամանին։
Ի զարմանս ներկաների՝ Եհովայի երեք հավատարիմ երկրպագուները՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, չխոնարհվեցին արձանի առաջ։ Նրանք գիտեին, որ, խոնարհվելով, բացարձակ նվիրվածություն դրսևորած չէին լինի Եհովա Աստծու հանդեպ (Բ Օրինաց 5։8–10)։ Երբ Նաբուգոդոնոսորը բացատրություն պահանջեց իրենց հաստատակամ դիրքի վերաբերյալ, նրանք անվախորեն պատասխանեցին. «Ահա մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կ’ազատէ։ Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում» (Դանիէլ 3։17, 18)։
Երբ երեք եբրայեցիներին գցեցին կրակե թեժ հնոցի մեջ, նրանց կյանքը հրաշքով փրկվեց։ Աստված հրեշտակ ուղարկեց պաշտպանելու իր հավատարիմ ծառաներին։ Սակայն մինչ այդ նրանք արդեն որոշել էին վտանգի ենթարկել իրենց կյանքը և անհնազանդ չգտնվել Եհովայի հանդեպ։a Նրանց դիրքորոշումը նման էր Հիսուս Քրիստոսի առաքյալների դիրքորոշմանը, որոնք ավելի քան հինգ դար հետո հրեական բարձրագույն դատարանի առջև հայտարարեցին. «Մենք պետք է առավել Աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց» (Գործք 5։29, ՆԱ)։
Կարևոր դասեր մեզ համար
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հավատի, հնազանդության և նվիրվածության լավ օրինակներ են։ Երեք եբրայեցիները հավատ դրսևորեցին Եհովայի հանդեպ։ Գրությունների օգնությամբ իրենց մարզված խիղճը թույլ չտվեց նրանց մասնակցել կեղծ երկրպագության կամ ազգայնամոլական արարողության որևէ ձևի։ Ներկայիս քրիստոնյաները նույնպես անվերապահորեն ապավինում են ճշմարիտ Աստծուն։ Նրանք առաջնորդվում են Աստվածաշնչով դաստիարակված իրենց խղճով և հրաժարվում են մասնակցել կեղծ երկրպագության, կրոնական արարողությունների կամ ծեսերի, որոնք խախտում են Աստծու օրենքներն ու սկզբունքները։
Երեք հավատարիմ եբրայեցիները վստահեցին Եհովային և հրաժարվեցին անհնազանդ գտնվել նրան, ինչպիսի դիրք, փառք կամ ճանաչում էլ որ առաջարկեր Բաբելոնյան կայսրությունը։ Այդ երիտասարդները պատրաստ էին տառապել ու մահանալ, քան կորցնել Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերությունը։ Մովսեսի նման՝ նրանք «համբերեց[ին]՝ Անտեսանելուն տեսնողի պէս» (Եբրայեցիս 11։27)։ Անկախ այն բանից՝ Եհովան կփրկեր նրանց մահից, թե ոչ՝ երեքն էլ վճռել էին անարատություն պահել նրա հանդեպ և զիջումների չգնալ իրենց կյանքը պահպանելու համար։ Հավանաբար Պողոս առաքյալը նրանց օրինակը նկատի ուներ, երբ գրեց հավատարիմ անհատների մասին, ովքեր «կրակի զօրութիւն անցրին» (Եբրայեցիս 11։34)։ Իրենց անարատությունը փորձության ենթարկող դժվարության բախվելիս Եհովայի ծառաները այսօր նույնպես դրսևորում են այդպիսի հավատ և հնազանդություն։
Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի օրինակից մենք սովորում ենք, որ Աստված վարձատրում է իրեն նվիրված անհատներին։ Սաղմոսերգուն գրեց. «Տէրն.... իր սուրբերին [«իրեն նվիրվածներին», ՆԱ] չէ թողում» (Սաղմոս 37։28)։ Այսօր չենք կարող ակնկալել, որ Եհովան կազատի մեզ հրաշքով, ինչպես որ երեք եբրայեցիներին ազատեց։ Սակայն մենք կարող ենք վստահ լինել, որ ինչ դժվարության էլ բախվենք, մեր երկնային Հայրը կօգնի մեզ։ Նա գուցե վերացնի այդ խնդիրը, կամ ուժ տա մեզ տոկալու, կամ էլ հարություն տա, եթե մինչև մահ պահենք մեր անարատությունը (Սաղմոս 37։10, 11, 29; Յովհաննէս 5։28, 29)։ Հավատը, հնազանդությունը և նվիրվածությունը հաղթանակ են տանում ամեն անգամ, երբ մեր անարատությունը փորձվում է, ու նախընտրում ենք հնազանդվել Աստծուն և ոչ թե մարդկանց։
[ծանոթագրություն]
a Տես «Եհովայի վկաների 2006 թ. օրացույցը», հուլիս–օգոստոս (անգլ., ռուս.)։
[շրջանակ/նկար 9-րդ էջի վրա]
ԳԻՏԵԻ՞Ք
• Երեք եբրայեցի երիտասարդները մոտավորապես 30 տարեկան էին, երբ նրանց անարատությունը փորձվեց։
• Հնոցը հավանաբար հնարավորին չափ թեժացվել էր (Դանիէլ 3։19)։