Կենտրոնացիր Եհովայի կազմակերպությունից բխող բարիքների վրա
«Թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը» (ՍԱՂՄՈՍ 65։4)։
1, 2. ա) Տաճարը և այնտեղ կատարվող ծառայությունները ի՞նչ նշանակություն էին ունենալու Աստծու ժողովրդի համար։ բ) Դավիթն ինչպե՞ս աջակցեց տաճարի շինարարությանը։
ԴԱՎԻԹԸ, որ հին Իսրայելում եղել է հովիվ, երաժիշտ, մարգարե և թագավոր, Եբրայերեն Գրություններում հիշատակված ամենակարկառուն կերպարներից մեկն է։ Նա լիովին ապավինեց Եհովա Աստծուն։ Եհովայի հետ Դավթի խորը կապվածությունը մեծ ցանկություն առաջացրեց նրա մեջ՝ Աստծու համար տուն կառուցելու։ Այդ տունը, կամ՝ տաճարը, դառնալու էր ճշմարիտ երկրպագության կենտրոնը Իսրայելում։ Դավիթը գիտեր, որ տաճարը և այնտեղ կատարվող ծառայությունները մեծ ուրախություն և օրհնություններ էին բերելու Աստծու ժողովրդին։ Ուստի նա երգեց. «Երանի նորան՝ որ դու [Եհովա] ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը» (Սաղմոս 65։4)։
2 Սակայն Դավթին չթույլատրվեց ղեկավարել Եհովայի տան շինարարությունը։ Այդ առանձնաշնորհումը ստացավ նրա որդին՝ Սողոմոնը։ Դավիթը չտրտնջաց, որ իրեն չտրվեց այդքան ցանկալի առանձնաշնորհումը։ Նրա համար ամենակարևորն այն էր, որ տաճարը կառուցվի։ Դավիթը Սողոմոնին հանձնեց տաճարի հատակագիծը, որ ստացել էր Եհովայից, և բոլորանվեր թիկունք կանգնեց այդ նպատակի իրականացմանը։ Դեռ ավելին, նա հազարավոր ղևտացիների բաժանեց խմբերի, որոնք տաճարային ծառայություններ էին կատարելու, և շինարարության համար մեծաքանակ ոսկեղեն ու արծաթեղեն նվիրաբերեց (Ա Մնացորդաց 17։1, 4, 11, 12; 23։3–6; 28։11, 12; 29։1–5)։
3. Ինչպիսի՞ մտավիճակ ունեն Աստծու ծառաները ճշմարիտ երկրպագության համար ձեռնարկված միջոցառումների հանդեպ։
3 Հավատարիմ իսրայելացիները օժանդակեցին ճշմարիտ երկրպագության համար ձեռնարկված միջոցառումներին, որ պետք է կատարվեին Աստծու տանը։ Նմանապես և մենք՝ Աստծու ժամանակակից ծառաներս, թիկունք ենք կանգնում ճշմարիտ երկրպագության համար ձեռնարկված միջոցառումներին, որոնք կատարվում են Եհովայի կազմակերպության երկրային մասի մեջ։ Այդպես ցույց ենք տալիս, որ ունենք Դավթի մտավիճակը։ Մենք չենք տրտնջում։ Փոխարենը՝ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Եհովայի կազմակերպությունից բխող բարիքների վրա։ Մտածե՞լ ես այն բազմաթիվ բարի բաների մասին, որոնց համար իսկապես պետք է երախտապարտ լինենք Աստծուն։ Քննարկենք դրանցից մի քանիսը։
Երախտապարտ՝ առաջնորդություն վերցնողների համար
4, 5. ա) Ինչպե՞ս է «հավատարիմ և իմաստուն ծառան» կատարում իր հանձնարարությունը։ բ) Ինչպե՞ս են արտահայտվում որոշ Վկաներ հոգևոր կերակրի մասին։
4 Մենք բոլոր հիմքերն ունենք երախտագետ լինելու «հավատարիմ և իմաստուն ծառայի» համար, որին Հիսուս Քրիստոսը նշանակել է իր երկրային ունեցվածքի վրա։ Օծյալ քրիստոնյաների ծառա դասակարգը առաջնորդություն է վերցնում բարի լուրի քարոզչության մեջ, կազմակերպում է հանդիպումներ երկրպագության համար և ավելի քան 400 լեզուներով հրատարակում է Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ երախտագիտության զգացումով են լցված այն բանի համար, որ իրենք ճիշտ ժամանակին հոգևոր սնունդ են ստանում (Մատթէոս 24։45–47)։ Անշուշտ, մենք գանգատվելու ոչ մի պատճառ չունենք։
5 Էլֆի անունով մի տարեց Եհովայի վկա երկար տարիներ մխիթարություն և աջակցություն է ստացել՝ կիրառելով հավատարիմ ծառայի հրատարակություններում տրված սուրբգրային խորհուրդները։ Խոր երախտագիտությունը մղեց Էլֆիին գրելու. «Ի՞նչ կանեի ես՝ առանց Եհովայի կազմակերպության»։ Պետերը և Իրմգարդը նույնպես տասնամյակներ շարունակ ծառայել են Աստծուն։ Իրմգարդը շնորհակալությամբ է լցված «Եհովայի սիրառատ և հոգատար կազմակերպության» հանդեպ նրա թողարկած հրատարակությունների համար։ Ի թիվս այլ բաների՝ դրանք նախատեսված են նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար, օրինակ՝ վատ տեսողություն կամ լսողություն ունեցողների։
6, 7. ա) Ինչպե՞ս է վերահսկվում ժողովների գործունեությունը ամբողջ աշխարհում։ բ) Ի՞նչ զգացմունքներ են արտահայտել ոմանք Եհովայի կազմակերպության երկրային մասի վերաբերյալ։
6 «Հավատարիմ ծառայի» ներկայացուցիչը Եհովայի վկաների Կառավարիչ մարմինն է, որի մեջ մտնում են ոգով օծված տղամարդիկ։ Վերջիններս ծառայում են Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (Բրուքլին, Նյու Յորք)։ Կառավարիչ մարմինը նշանակում է Եհովայի փորձառու ծառաների՝ ծառայելու մասնաճյուղերում, որոնք վերահսկում են ավելի քան 98 000 ժողովների գործունեությունը ամբողջ աշխարհում։ Այն տղամարդիկ, ովքեր համապատասխանում են սուրբգրային չափանիշներին, նշանակվում են ծառայելու որպես երեցներ և ծառայող օգնականներ այդ ժողովներում (Ա Տիմոթէոս 3։1–9, 12, 13)։ Երեցները առաջնորդություն են վերցնում և սիրառատ կերպով հովվում են իրենց հոգածությանը հանձնված Աստծու հոտը։ Ի՜նչ մեծ օրհնություն է լինել այդ հոտում և զգալ այն սերն ու միությունը, որ գոյություն ունի ամբողջ ‘եղբայրության’ մեջ (Ա Պետրոս 2։17; 5։2, 3)։
7 Գանգատվելու փոխարեն՝ մեր եղբայրներն ու քույրերը հաճախ են իրենց գնահատանքն արտահայտում երեցներից ստացած սիրառատ հոգևոր առաջնորդության համար։ Այդպիսի մի օրինակ է 30–ն անց Բիրգիտը, որն ամուսնացած է։ Պատանեկան հասակում նա վատ շրջապատ ընկավ և քիչ մնաց, որ մեղք գործեր։ Բայց երեցների սուրբգրային հստակ խորհրդի և հավատակիցների աջակցության շնորհիվ նա հեռացավ վտանգից։ Ի՞նչ է զգում այժմ Բիրգիտը։ Նա ասում է. «Սիրտս լցված է մեծ երախտագիտությամբ, որ մինչև օրս Եհովայի չքնաղ կազմակերպության մեջ եմ»։ 17–ամյա Անդրեասն ասում է. «Սա իրոք Եհովայի կազմակերպությունն է, լավագույն կազմակերպությունը աշխարհում»։ Իսկ մենք չպե՞տք է երախտապարտ լինենք Եհովային իր կազմակերպության երկրային մասից բխող բարիքների համար։
Առաջնորդություն վերցնողներն անկատար են
8, 9. Դավթի ժամանակակիցներից ոմանք ինչպե՞ս վարվեցին նրա հանդեպ, և ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։
8 Ինչ խոսք, ճշմարիտ երկրպագության մեջ առաջնորդություն վերցնողներն անկատար են։ Նրանք բոլորն էլ անում են սխալներ, իսկ նրանցից ոմանք պայքարում են արմատացած թերությունների դեմ։ Հարկ կա՞ տխրելու այդ պատճառով։ Ոչ։ Հին Իսրայելում նույնիսկ մեծ պատասխանատվություններ ունեցող մարդիկ լուրջ սխալներ գործեցին։ Օրինակ՝ Դավիթը, երբ երիտասարդ էր, կանչվեց՝ որպես երաժիշտ ծառայելու հանգիստը կորցրած Սավուղ թագավորի մոտ։ Հետագայում Սավուղը փորձեց սպանել Դավթին, որն իր կյանքը փրկելու համար ի վերջո փախավ (Ա Թագաւորաց 16։14–23; 18։10–12; 19։18; 20։32, 33; 22։1–5)։
9 Ուրիշ իսրայելացիներ դավաճանություն արեցին։ Օրինակ՝ Դավթի զորապետ Հովաբը սպանեց Սավուղի ազգական Աբեններին։ Աբիսողոմը դավադրություն կազմակերպեց իր հայր Դավթի դեմ՝ գահը խլելու նպատակով։ Իսկ Դավթի վստահելի խորհրդական Աքիտոփելը դավաճանեց նրան (Բ Թագաւորաց 3։22–30; 15։1–17, 31; 16։15, 21)։ Չնայած այդ ամենին՝ Դավիթը չլցվեց դառնությամբ, չգանգատվեց և ոչ էլ թիկունք դարձրեց ճշմարիտ երկրպագությանը։ Ընդհակառա՛կը։ Դժվարությունները մղեցին Դավթին կառչած մնալ Եհովայից և պահպանել այն գերազանց մտայնությունը, որ նա ուներ Սավուղից հալածվելու տարիներին։ Այդ ժամանակ նա երգեց. «Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. եւ ես քո թեւերի շուքին կ’յուսամ մինչեւ որ չարիքն անցնին» (Սաղմոս 57։1)։
10, 11. Երիտասարդ տարիքում Գերտրուդ անունով մի քրիստոնյա կին ի՞նչ իրավիճակի բախվեց, և ի՞նչ է ասել նա հավատակիցների թերացումների մասին։
10 Այսօր մենք ոչ մի հիմք չունենք գանգատվելու այն բանից, թե Աստծու կազմակերպության մեջ դավաճանություն կա։ Ո՛չ Եհովան, ո՛չ նրա հրեշտակները և ո՛չ էլ հոգևոր հովիվները չեն հանդուրժի դավաճան, ամբարիշտ անհատների ներկայությունը քրիստոնեական ժողովում։ Բայցևայնպես, բոլորս էլ անկատար ենք, թե՛ մենք և թե՛ Աստծու մյուս ծառաները։
11 Գերտրուդը, որ լիաժամ ծառայող էր, երիտասարդ տարիքում անհիմն կերպով մեղադրվեց կեղծարարության և Թագավորության լիաժամ քարոզիչ չլինելու մեջ։ Ինչպե՞ս նա արձագանքեց։ Տրտնջա՞ց։ Ոչ։ Մահվանից կարճ ժամանակ առաջ (նա մահացավ 2003 թ.–ին 91 տարեկան հասակում), ետ նայելով իր անցած կյանքի ուղուն, Գերտրուդն ասաց. «Այդ և ուրիշ դեպքերից ես հասկացա, որ չնայած մարդիկ սխալներ են անում, Եհովան, միևնույն է, անխափան առաջ է տանում իր մեծ գործը՝ դրանում օգտագործելով մեզ պես անկատար մարդկանց»։ Գերտրուդը Եհովային սրտանց աղոթում էր, երբ բախվում էր Աստծու մյուս ծառաների անկատարությանը։
12. ա) Առաջին դարի որոշ քրիստոնյաներ ի՞նչ վատ օրինակ թողեցին։ բ) Ինչի՞ վրա պետք է կենտրոնացնենք մեր միտքը։
12 Նույնիսկ ամենանվիրված և հավատարիմ քրիստոնյաներն են անկատար։ Ուստի երբ պատասխանատու ծառայողը սխալ է գործում, մենք պետք է շարունակենք ‘ամեն բան անել առանց տրտնջանքի’ (Փիլիպպեցիս 2։14)։ Ի՜նչ ցավալի կլինի, եթե հետևենք առաջին դարի որոշ քրիստոնյաների վատ օրինակին։ Ինչպես Հուդա աշակերտն է ասում, սուտ ուսուցիչներն այն օրերում ‘տերությունը անարգում էին և փառքը հայհոյում’։ Այդ մեղավորները «տրտնջողներ եւ փսփսողներ» էին՝ դժգոհ իրենց կյանքից (Յուդա 8, 16)։ Թող որ մերժենք տրտնջացողների ճանապարհը և մեր միտքը կենտրոնացնենք այն բարի բաների վրա, որ ստանում ենք «հավատարիմ ծառայի» միջոցով։ Եկեք բարձր գնահատենք Եհովայի կազմակերպությունը և ‘ամեն բան անենք առանց տրտնջանքի’։
‘Խիստ է այդ խոսքը’
13. Ոմանք ինչպե՞ս արձագանքեցին Հիսուս Քրիստոսի ուսմունքներին։
13 Առաջին դարում ոմանք տրտնջում էին նշանակված ծառայողների դեմ, մինչդեռ ուրիշները դժգոհում էին Հիսուսի ուսմունքներից։ Համաձայն Յովհաննէս 6։48–70-ի՝ Հիսուսն ասաց. «Իմ մարմինը ուտողը եւ իմ արիւնը խմողը յաւիտենական կեանք ունի»։ Լսելով այդ խոսքերը՝ «նորա աշակերտներից շատերը.... ասեցին. Խիստ է այդ բանը [«խօսքը», ԱԱ], ո՞վ կարող է լսել դորան»։ Հիսուսը գիտեր, որ «իր աշակերտները տրտնջում էին դորա համար»։ Ավելին, «սորանից յետոյ նորա աշակերտներից շատերը ետ գնացին, եւ այլեւս ման չէին գալիս նորա հետ»։ Բայց բոլոր աշակերտները չէ, որ տրտնջացին։ Ուշադրություն դարձրու, թե ինչ պատասխան ստացավ Հիսուսը, երբ 12 առաքյալներին հարցրեց. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»։ Պետրոս առաքյալը պատասխանեց. «Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու։ Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, թէ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»։
14, 15. ա) Ինչո՞ւ են ոմանք դժգոհում քրիստոնեական ուսմունքների որևէ երեսակից։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել Էմանուել անունով մարդու դեպքից։
14 Մեր օրերում Աստծու ժողովրդի մեջ շատ քչերն են դժգոհում քրիստոնեական ուսմունքների որևէ երեսակից և տրտնջում Եհովայի կազմակերպության երկրային մասի դեմ։ Այնուհանդերձ, ինչո՞ւ գոյություն ունի նման տրտունջ։ Հաճախ պատճառը Աստծու գործելակերպի վերաբերյալ հասկացողության պակասն է։ Արարիչը աստիճանաբար է բացահայտում ճշմարտությունն իր ժողովրդին։ Ուստի սուրբգրային մեր հասկացողությունը ժամանակ առ ժամանակ վերաճշտման կարիք ունի։ Եհովայի ժողովրդի ճնշող մեծամասնությունը ուրախ է նման ճշգրտումների համար։ Քչերն են դառնում «շատ արդար» և վրդովվում փոփոխությունների պատճառով (Ժողովող 7։16)։ Հպարտությունը նույնպես կարող է դրդել անհատին տրտնջալու։ Ծուղակ կարող է լինել նաև անկախ մտածելակերպը։ Ինչ էլ որ լինի պատճառը, այդպիսի տրտունջը վտանգավոր է, որովհետև կարող է ստիպել մեզ վերադառնալ աշխարհ։
15 Օրինակ՝ Էմանուելը, լինելով Եհովայի վկա, «հավատարիմ և իմաստուն ծառայի» գրականության մեջ սխալներ էր փնտրում (Մատթէոս 24։45)։ Նա դադարեց ընթերցել քրիստոնեական հրատարակությունները և վերջիվերջո ժողովի երեցներին ասաց, որ այլևս չի ցանկանում լինել Եհովայի վկա։ Բայց կարճ ժամանակ անց Էմանուելը գիտակցեց, որ Եհովայի կազմակերպության ուսմունքները, այնուամենայնիվ, ճիշտ էին։ Նա կապ հաստատեց Վկաների հետ, ընդունեց իր սխալը և վերականգնվեց որպես Եհովայի վկա։ Այժմ նա դարձյալ երջանիկ է։
16. Ի՞նչը կարող է մեզ օգնել, որ հաղթահարենք կասկածները քրիստոնեական որոշ ուսմունքների վերաբերյալ։
16 Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր մեջ տրտունջ է առաջանում Եհովայի ժողովրդի որոշ ուսմունքների վերաբերյալ եղած կասկածների պատճառով։ Եկե՛ք անհամբեր չլինենք։ «Հավատարիմ ծառան» գուցե ի վերջո հրատարակի մի բան, որտեղ տրվեն մեզ հուզող հարցերի պատասխանները, և մեր կասկածները փարատվեն։ Իմաստուն կլինի օգնություն խնդրել քրիստոնյա երեցներից (Յուդա 22, 23)։ Աղոթքը, անձնական ուսումնասիրությունը և հոգևորապես հասուն հավատակիցների հետ շփումը նույնպես կարող են նպաստել, որ կասկածները ցրվեն, ինչպես նաև կխորացնեն մեր գնահատանքը հավատ կերտող սուրբգրային ճշմարտությունների համար, որ սովորել ենք Եհովայից նրա հաղորդակցման ուղու միջոցով։
Դրական մտածելակերպ պահպանիր
17, 18. Տրտնջալու փոխարեն՝ ի՞նչ մտածելակերպ պիտի ունենանք, և ինչո՞ւ։
17 Իհարկե, անկատար մարդիկ ի ծնե հակված են մեղքի, և ոմանք գուցե մեծ հակվածություն ունեն անհիմն կերպով գանգատվելու (Ծննդոց 8։21; Հռովմայեցիս 5։12)։ Բայց եթե տրտնջալը սովորություն դարձնենք, ապա վտանգի տակ կդնենք Եհովա Աստծու հետ մեր փոխհարաբերությունները։ Ուստի, պետք է հսկենք տրտնջալու հակումը և թույլ չտանք, որ այն գլուխ բարձրացնի։
18 Ժողովում կատարվող բաների հետ կապված տրտունջ արտահայտելու փոխարեն՝ մենք պետք է դրական մտածելակերպ պահպանենք և ապրենք այնպիսի կյանքով, որը մեզ զբաղված կպահի, ուրախություն կպարգևի, կօգնի մեզ լինել ակնածալից, հավասարակշռված և ունենալ առողջ հավատ (Ա Կորնթացիս 15։58; Տիտոս 2։1–5)։ Եհովան տեղյակ է իր կազմակերպության մեջ կատարվող ամեն ինչից, և Հիսուսը, ճիշտ ինչպես առաջին դարում, այսօր նույնպես գիտի, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր ժողովում (Յայտնութիւն 1։10, 11)։ Համբերատարությամբ սպասիր Աստծուն և Քրիստոսին՝ ժողովի Գլխին։ Նրանք կարող են պատասխանատու հովիվների միջոցով ուղղել այն բաները, որոնք շտկման կարիք ունեն (Սաղմոս 43։5; Կողոսացիս 1։18; Տիտոս 1։5)։
19. Քանի դեռ Թագավորությունը մարդկության վրա լիովին չի իշխում, ինչի՞ վրա պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք։
19 Շուտով իրերի այս չար համակարգին վերջ կդրվի, և Մեսիական Թագավորությունը լիովին իր ձեռքը կվերցնի մարդկության ղեկավարումը։ Իսկ մինչ այդ շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը շարունակի դրական մտածելակերպ պահպանել։ Դա կօգնի մեզ գնահատել մեր հավատակիցների լավ կողմերը՝ նրանց սխալների վրա կենտրոնանալու փոխարեն։ Վարվելով այդպես՝ մենք երջանիկ կլինենք։ Տրտնջալը զգացական առումով կսպառի մեզ, այնինչ առավել ուշադրություն դարձնելով եղբայրների և քույրերի դրական հատկություններին՝ մենք կքաջալերվենք և հոգևորապես կկերտվենք։
20. Ի՞նչ օրհնություններ կունենանք, եթե դրական մտածելակերպ պահպանենք։
20 Դրական մտավիճակը նաև կօգնի մեզ միշտ հիշել այն բազմաթիվ օրհնությունները, որ վայելում ենք Եհովայի կազմակերպության երկրային մասի մեջ լինելու շնորհիվ։ Սա միակ կազմակերպությունն է աշխարհում, որը հավատարիմ է մնում տիեզերքի Գերիշխանին։ Ինչպե՞ս ես դու վերաբերվում այս փաստին և այն բանին, որ առանձնաշնորհում ունես երկրպագելու միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Թող որ քո վերաբերմունքը նույնը լինի, ինչպիսին որ Դավթինն էր։ Նա երգեց. «Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս։ Երանի նորան՝ որ դու ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը» (Սաղմոս 65։2, 4)։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ պետք է երախտապարտ լինենք նրանց համար, ովքեր ժողովում առաջնորդություն են վերցնում։
• Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ պատասխանատու եղբայրները սխալվում են։
• Ինչպե՞ս պետք է վերաբերվենք սուրբգրային հասկացողության ճշգրտումներին։
• Ի՞նչը կարող է օգնել քրիստոնյային փարատելու իր կասկածները։
[նկար 20-րդ էջի վրա]
Դավիթը Սողոմոնին տվեց տաճարի հատակագիծը և աջակցեց ճշմարիտ երկրպագությանը
[նկար 23-րդ էջի վրա]
Քրիստոնյա երեցները ուրախությամբ են հոգևոր աջակցություն ցույց տալիս