Հարյուր հինգ տարեկան կինը ապրում է իմաստալից կյանքով
ԷԼԻՆԸ մեկն է Շվեդիայի այն 60 երկարակյացներից, որոնք 105 և ավելի տարեկան են։ Թեև Էլինն այժմ ապրում է ծերանոցում, նրա առողջական վիճակը թույլ է տալիս նրան ակտիվորեն ծառայելու Եհովա Աստծուն։ Կյանքի այդ ուղին նա ընտրել է ավելի քան 60 տարի առաջ։
Քարոզելու հարցում Էլինը հետևում է Պողոս առաքյալի օրինակին։ Վերջինս, գտնվելով տնային կալանքի տակ, քարոզում էր իրեն այցելող բոլոր մարդկանց (Գործք 28։16, 30, 31)։ Նմանապես՝ Էլինը օգտագործում է ամեն առիթ՝ աստվածաշնչյան բարի լուրը հայտնելու ատամնաբույժներին, բժիշկներին, դայակներին, վարսահարդարներին և բոլոր նրանց, ովքեր այցելում են ծերանոց։ Ժամանակ առ ժամանակ Էլինի ժողովի անդամները Աստվածաշունչ ուսումնասիրող անձանց հրավիրում են ուսումնասիրությունն անցկացնելու Էլինի մոտ, որպեսզի նրանք օգուտներ քաղեն նրա գիտելիքներից ու կենսափորձից։
Էլինի հավատակիցները հիանում են նրա կենսուրախությամբ ու հետաքրքրասիրությամբ։ Նրանցից մեկն այսպես է արտահայտվում Էլինի մասին. «Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես է Էլինը կարողանում ակտիվորեն մասնակցել ժողովի գործունեությանը։ Նա հիշում է ժողովի բոլոր երեխաների անունները, ինչպես նաև նրանց անունները, ովքեր վերջերս են սկսել հաճախել ժողով»։ Էլինն աչքի է ընկնում նաև իր հյուրասիրությամբ, հումորով և լավատեսությամբ։
Իսկ ի՞նչն է օգնում նրան իր ուրախությունը պահպանել և իմաստալից կյանք վարել։ Եհովայի վկաների կողմից հրատարակված «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկից նա միշտ կարդում է տվյալ օրվա համար նախատեսված սուրբգրային համարը։ Բացի այդ, Էլինը ամեն օր խոշորացույցի օգնությամբ Աստվածաշնչից մի հատված է ընթերցում։ Ճիշտ է, նա չի կարողանում հաճախել Եհովայի վկաների շաբաթական հանդիպումներին, սակայն պատրաստվում է դրանց և լսում է այդ հանդիպումների ձայնագրությունները։ Եթե կանոնավորաբար ընթերցենք Աստվածաշունչը և սուրբգրային հրատարակությունները ու չթողնենք քրիստոնեական հանդիպումները, ապա, անկախ տարիքից, կկարողանանք ապրել լիարժեք ու իմաստալից կյանքով (Սաղմոս 1։2; Եբրայեցիս 10։24, 25)։