Հին գրագիրները և Աստծու Խոսքը
ԵԲՐԱՅԵՐԵՆ Գրություններն ամբողջացվեցին մ.թ.ա. հինգերորդ դարի վերջում։ Հաջորդ դարերի ընթացքում հրեա գիտնականները, հատկապես սոփերիմները, իսկ հետագայում նաև մասորեթները, մեծ ջանքեր գործադրեցին՝ պահպանելու եբրայերեն տեքստի ճշգրտությունը։ Աստվածաշնչի ամենահին գրքերը գրվել են Մովսեսի և Հեսուի օրերում՝ սոփերիմներից հազար տարի առաջ։ Պապիրուսները և մագաղաթները, որոնց վրա գրվել են այդ գրքերը, ենթակա էին քայքայման, ուստի, ամենայն հավանականությամբ, դրանք բազմիցս արտագրվել են։ Ի՞նչ է մեզ հայտնի հին գրագրության մասին։ Այդ ժամանակ Իսրայելում կայի՞ն հմուտ գրագիրներ։
Այսօր առկա աստվածաշնչյան հնագույն տեքստերը Մեռյալ ծովի մոտ հայտնաբերված ձեռագրերն են։ Դրանցից մի քանիսը թվագրվում են մ.թ.ա. երրորդ և երկրորդ դարերով։ «Մեզ հայտնի չեն Աստվածաշնչի ավելի հին ձեռագրեր»,— բացատրում է մերձավորարևելյան լեզուների և հնագիտության պրոֆեսոր Ալան Միլարդը։ Նա ավելացնում է. «Հարևան ազգերի մշակույթի ուսումնասիրությունը կարող է ցույց տալ, թե ինչպես են հին գրագիրներն աշխատել, և դա իր հերթին կարող է օգնել, որ ճիշտ գնահատական տրվի եբրայերեն տեքստին և նրա պատմությանը»։
Գրագրությունը հնում
Արդեն չորս հազար տարի առաջ Միջագետքում գրվում էին պատմական, կրոնական, իրավական, գիտական և գրական տեքստեր։ Գրագիրների դպրոցները ծաղկում էին։ Ուսուցանվող սկզբունքներից մեկն այն էր, որ տեքստն արտագրելիս հարկավոր է ամենայն ճշգրտություն պահպանել։ Ժամանակակից գիտնականները չնչին փոփոխություններ են հայտնաբերել բաբելոնական տեքստերում, որոնք հազար կամ ավելի տարվա ընթացքում բազմիցս ընդօրինակվել են։
Միայն Միջագետքում չէ, որ գրագիրներ կային։ Մի հանրագիտարանում ասվում է. «Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերին բաբելոնացի գրագիրը, ըստ ամենայնի, ծանոթ էր այն մեթոդներին, որոնք գործածվում էին Միջագետքի, Ասորիքի, Քանանի և նույնիսկ Եգիպտոսի գրագրային ցանկացած կենտրոնում» («The Oxford Encyclopedia of Archaeology in the Near East»)։a
Մովսեսի ժամանակներում գրագիրները մեծ համարում ունեին Եգիպտոսում։ Նրանք արտագրում էին գրական ստեղծագործություններ։ Մի եգիպտական գերեզմանի վրա պատկերված են արտագրության տեսարան նկարագրող զարդանախշեր, որոնք ավելի քան չորս հազար տարվա վաղեմություն ունեն։ Վերոհիշյալ հանրագիտարանում այս վաղ շրջանի գրագիրների մասին ասվում է. «Արդեն մ.թ.ա. երկրորդ հազարամյակում նրանք կազմել էին գրքերի ցուցակ, որոնք պատմում էին Միջագետքի և Եգիպտոսի հզոր քաղաքակրթությունների մասին, ինչպես նաև ունեին վարպետ գրագիրների բարոյական կոդեքս»։
Այդ «բարոյական կոդեքսը» պարունակում էր հրատարակման տեղեկություններ, որոնք կցվում էին հիմնական տեքստին։ Այնտեղ գրված էին լինում գրագրի անունը, քարե կամ կավե սալիկի տիրոջ անունը, ամսաթիվը, բնագիր աղբյուրի անվանումը, որից արտագրվում էր տեքստը, տողերի քանակը և այլն։ Շատ հաճախ գրագիրն ավելացնում էր. «Արտագրված է բնագրից և ստուգված է»։ Այս մանրամասնությունը ցույց է տալիս, որ հին գրագիրների համար շատ կարևոր էր տեքստի ճշգրտությունը։
Պրոֆեսոր Միլարդը, որի խոսքերը մեջբերվեցին վերևում, ասում է. «Կարելի է նկատել, որ արտագրման պրոցեսն իրականացվում էր որոշակի մեթոդով, որի մեջ մտնում էր տեքստը ստուգելը և ուղղելը։ Կային հաստատված միջոցներ սխալը կանխելու համար։ Մասնավորապես՝ հաշվում էին տողերը կամ բառերը։ Այս մեթոդը վաղ միջնադարում կիրառել են մասորեթները»։ Փաստորեն, արդեն Մովսեսի և Հեսուի օրերում Մերձավոր Արևելքում գոյություն ունեին գրությունների արտագրման որոշակի սկզբունքներ, համաձայն որոնց՝ անչափ կարևոր էր պահպանել տեքստի ճշգրտությունը։
Իսկ Իսրայելում կայի՞ն հմուտ գրագիրներ։ Ի՞նչ է ցույց տալիս Աստվածաշնչի բովանդակությունը։
Գրագիրները հին Իսրայելում
Մովսեսը մեծացավ փարավոնի ընտանիքում (Ելից 2:10; Գործք 7:21, 22)։ Ըստ եգիպտագետների՝ նա տիրապետում էր եգիպտական գրերին և առնվազն որոշակի հմտություններ ուներ գրագրության ասպարեզում։ Պրոֆեսոր Ջեյմս Հոֆմայերը «Իսրայելը Եգիպտոսում» գրքում նշում է. «Հիմքեր կան հավատալու Աստվածաշնչի այն հաղորդագրությանը, որ Մովսեսն արձանագրել է իրադարձություններ, նշել է Իսրայելի անցած ճանապարհը և զբաղվել է գրագրային այլ գործունեությամբ» («Israel in Egypt»)։b
Աստվածաշնչում հիշատակվում են նաև ուրիշ անհատներ, որոնք հին Իսրայելում զբաղվել են գրագրությամբ։ Համաձայն Աստվածաշնչի պատմության մասին մի աշխատության՝ Մովսեսը «նշանակեց գրագետ անձնավորությունների.... որպեսզի նրանք որոշումներ արձանագրեն և գործերի ընթացքին հետևեն» («The Cambridge History of the Bible»)։ Այս եզրակացությունը հիմնված է Բ Օրինաց 1:15–ի վրա, որտեղ ասվում է. «Եւ ես [այսինքն՝ Մովսեսը] առայ ձեր ցեղերի գլխաւորներին.... եւ նորանց ձեզ վերայ իշխաններ կարգեցի, հազարապետներ, հարիւրապետներ եւ ոստիկաններ ձեր ցեղերի համեմատ»։ Ի՞նչ ոստիկանների մասին է խոսքը։
Մովսեսի և Հեսուի օրերին վերաբերող սուրբգրային արձանագրություններում «ոստիկան» թարգմանված բառը հանդիպում է բազմաթիվ անգամ։ Ըստ աստվածաշնչագետների մի խմբի՝ այդ բառը նշանակում է «քարտուղար, որի պարտականությունը արձանագրելն է», «նա, ով գրի է առնում, արձանագրում է» և «պաշտոնյա, որն օգնում է դատավորին՝ կատարելով քարտուղարական գործեր»։ Այն, որ այս եբրայերեն բառը հաճախակի է հանդիպում, ցույց է տալիս, որ հին Իսրայելում բազմաթիվ այդպիսի քարտուղարներ կային, և որ նրանք մեծ պատասխանատվություններ ունեին ազգի ղեկավարման գործում։
Իսրայելի քահանաները նույնպես զբաղվել են գրագրությամբ։ «Հրեական հանրագիտարանում» ասվում է, որ նրանց «կրոնական և աշխարհիկ պարտականությունները պահանջում էին, որ նրանք գրագետ լինեն» («Encyclopaedia Judaica»)։ Օրինակ՝ Մովսեսը Ղևիի որդիներին պատվիրեց. «Ամեն եօթներորդ տարին.... այս օրէնքը կարդաս բոլոր Իսրայէլի առաջին»։ Քահանաները Օրենքի պաշտոնական օրինակի խնամատարներ էին։ Նրանք լիազորություն ունեին թույլ տալու արտագրել Օրենքը, ինչպես նաև վերահսկում էին այդ գործը (Բ Օրինաց 17:18, 19; 31:10, 11)։
Տեսնենք, թե ինչպես պատրաստվեց Օրենքի առաջին օրինակը։ Իր կյանքի վերջին ամսին Մովսեսը իսրայելացիներին ասաց. «Երբոր Յորդանանից անց կենաս քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը, քեզ համար մեծ քարեր կանգնեցնես եւ նորանց կիրով ծեփես. եւ այս օրէնքի բոլոր խօսքերը գրես նորանց վերայ» (Բ Օրինաց 27:1–4)։ Երիքով և Գայի քաղաքների նվաճումից հետո իսրայելացիները հավաքվեցին Գեբաղ լեռան մոտ, որը գտնվում է Ավետյաց երկրի կենտրոնական մասում։ Այնտեղ Հեսուն, համաձայն Մովսեսի պատվերի, զոհասեղանի քարերի վրա «գրեց Մովսէսի օրէնքի օրինակը» (Յեսու 8:30–32)։ Օրենքի այդպիսի գրությունը հնարավոր չէր լինի, եթե իսրայելացիների մեջ չլինեին գրագետ մարդիկ, որոնք գրել և կարդալ գիտեին։ Այս դեպքը ցույց է տալիս, որ հին իսրայելացիները բավական գրագետ և հմուտ էին, ուստի կարող էին հետևել, որ իրենց սուրբ արձանագրությունները դարերի ընթացքում չկորցնեն ճշգրտությունը։
Գրությունների ճշգրտությունը
Մովսեսի և Հեսուի օրերից հետո գրվեցին եբրայերեն այլ գրքեր։ Քանի որ դրանք ժամանակի ընթացքում մաշվում էին, ինչպես նաև ենթարկվում խոնավության և բորբոսի ազդեցությանը, անհրաժեշտ էր այդ օրինակները փոխարինել նորերով։ Արտագրության գործը շարունակվեց դարեր ի վեր։
Չնայած Աստվածաշնչի արտագրողները շատ զգուշորեն էին մոտենում իրենց գործին, այնուամենայնիվ որոշ սխալների սպրդումն անխուսափելի էր։ Արդյո՞ք այդպիսի սխալները զգալիորեն փոխում են Աստվածաշնչի տեքստը։ Ո՛չ։ Հիմնականում դրանք էական չեն և չեն խաթարում Աստվածաշնչի ընդհանուր ճշգրտությունը։
Քրիստոնյաները համոզված են, որ Աստվածաշնչի տեքստը անաղարտ է մնացել, որովհետև ինքը Հիսուս Քրիստոսը հաստատեց դա։ Այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքումը» և «չէ՞ որ Մովսէսը տուաւ ձեզ օրէնքը», ցույց են տալիս, որ Հիսուսը, երբ երկրի վրա էր, գոյություն ունեցող ձեռագիր օրինակները համարում էր վստահարժան (Մարկոս 12:26; Յովհաննէս 7:19)։ Ավելին, Հիսուսը հաստատեց ողջ Եբրայերեն Գրությունների ճշգրտությունը՝ ասելով. «Պէտք է կատարուի Մովսէսի օրէնքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները» (Ղուկաս 24:44)։
Այս ամենից տեսնում ենք, որ բոլոր հիմքերն ունենք վստահ լինելու այն բանում, որ Սուրբ Գրությունները դարերի խորքից ճշգրտորեն են փոխանցվել մեզ։ Սա հիշեցնում է Եսայիա մարգարեի ներշնչյալ խոսքերը. «Խոտը կ’չորանայ, ծաղիկը կ’թառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան» (Եսայիա 40:8)։
[ծանոթագրություններ]
a Հեսուն, որն ապրել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերին, հիշատակում է մի քանանական քաղաք, որի անունն էր Կարիաթ–սեփեր։ Այն նշանակում է «Գրքի քաղաք» կամ «Գրագրի քաղաք» (Յեսու 15:15, 16)։
b Այն, որ Մովսեսը գրել է իրավական հարցերի վերաբերյալ, կարելի է կարդալ Ելից 24:4, 7; 34:27, 28 և Բ Օրինաց 31:24–26 համարներում։ Բ Օրինաց 31:22–ից երևում է, որ նա գրել է երգ, իսկ Թուոց 33:2–ը հաստատում է, որ Մովսեսը նշել է, թե անապատում ինչ վայրերով են անցել իսրայելացիները։
[նկար 18–րդ էջի վրա]
Եգիպտացի գրագիրը աշխատանքի պահին
[նկար 19–րդ էջի վրա]
Աստվածաշնչի հնագույն գրքերը գրվել են Մովսեսի օրերում