Մենք զարմանալի ենք ստեղծված
«Ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ» (ՍԱՂՄՈՍ 139։14)։
1. Ինչո՞ւ են շատ մտածող մարդիկ երկրի հրաշալի ստեղծագործությունները Աստծուն վերագրում։
ԲՆԱՇԽԱՐՀԸ լի է հրաշալի ստեղծագործություններով։ Ինչպե՞ս է այդ ամենը առաջ եկել։ Ոմանք կարծում են, որ այս հարցի պատասխանը կարելի է գտնել առանց բանական Արարչին դիմելու։ Մյուսներն այն կարծիքին են, որ անհիմն պատճառով Արարչին մերժելով՝ անհատը լիարժեքորեն գործի չի դնում բնաշխարհը հասկանալու իր ընդունակությունը։ Այս մարդիկ հավատում են, որ երկրի ստեղծագործությունները չափազանց բարդ են, չափազանց զանազան և, կարելի է ասել, նաև չափազանց զարմանալի, որպեսզի պատահականորեն առաջ եկած լինեն։ Շատերի, այդ թվում նաև որոշ գիտնականների կարծիքով՝ ակնհայտ է այն փաստը, որ տիեզերքը ունի իմաստուն, հզոր և առատաձեռն Արարիչ։a
2. Ի՞նչը մղեց Դավթին գովաբանելու Եհովային։
2 Հին Իսրայելի Դավիթ թագավորը մեկն էր նրանցից, ովքեր համոզված էին, որ Արարիչը արժանի է գովասանքի իր հրաշալի ստեղծագործությունների համար։ Չնայած Դավիթը ապրում էր այնպիսի ժամանակներում, երբ գիտությունը այնքան զարգացած չէր ինչպես այսօր, սակայն նա հասկանում էր, որ շրջապատված է Աստծու զարմանահրաշ ստեղծագործություններով։ Բավական էր միայն, որ նա նայեր իր մարմնին, որպեսզի խոր ակնածանքով լցվեր Աստծու ստեղծագործական կարողությունների հանդեպ։ Նա գրեց. «Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է» (Սաղմոս 139։14)։
3, 4. Ինչո՞ւ է կարևոր, որ մեզանից յուրաքանչյուրը լրջորեն խորհրդածի Եհովայի ստեղծագործությունների շուրջ։
3 Այս խորը համոզվածությունը Դավիթը ձեռք էր բերել լրջորեն խորհրդածելու շնորհիվ։ Այսօր դպրոցի ուսումնական ծրագրերը և հեռուստատեսային հաղորդումները ողողված են մարդու ծագման մասին այնպիսի թեորիաներով, որոնք կործանում են մեր հավատը։ Դավթի նման հավատ ունենալու համար մենք նույնպես պետք է լրջորեն խորհրդածենք։ Մենք չպետք է թույլ տանք, որ ուրիշները մտածեն մեր փոխարեն, հատկապես այնպիսի լուրջ թեմաների շուրջ, ինչպիսիք են Աստծու գոյությունն ու նրա դերը։
4 Դեռ ավելին, Եհովայի գործերի մասին մտածելը մեծացնում է մեր սերն ու երախտագիտությունը նրա նկատմամբ և վստահություն ներշնչում ապագայի համար նրա տված խոստումների հանդեպ։ Դա էլ իր հերթին կարող է մղել մեզ ավելի լավ ճանաչել Եհովային ու ծառայել նրան։ Ուստի եկեք քննարկենք, թե ինչպես է ժամանակակից գիտությունը հաստատում Դավթի այն համոզմունքը, որ մենք «զարմանալի կերպով ենք ստեղծվել»։
Մեր մարմնի զարմանահրաշ կազմավորումը
5, 6. ա) Ինչպե՞ս է սկսվել մեր բոլորի կյանքը։ բ) Ի՞նչ դեր են խաղում մեր երիկամները։
5 «Դու ստեղծեցիր իմ երիկամունքները, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը» (Սաղմոս 139։13)։ Բոլորս էլ մեր կյանքը սկսել ենք մեր մոր արգանդում մեկ բջջից, որը շատ ավելի փոքր է, քան գրչի ծայրով դրված կետը։ Այդ միկրոսկոպիկ բջիջը ծայրաստիճան բարդ է, ասես փոքրիկ քիմիական լաբորատորիա լինի։ Այն շատ արագ է մեծանում։ Արգանդում գտնվելու երկրորդ ամսվա վերջում քո գլխավոր օրգաններն արդեն ձևավորված են լինում։ Դրանց թվում են նաև քո երիկամները։ Երբ դու ծնվեցիր, քո երիկամները պատրաստ էին ֆիլտրելու արյունը՝ հեռացնելով քո օրգանիզմում եղած թունավոր նյութերն ու ավելորդ ջուրը և պահելով օգտակար նյութերը։ Քո երկու երիկամները, եթե առողջ են, ֆիլտրում են քո արյան մեջ գտնվող ջուրը. չափահաս մարդու երիկամները 45 րոպեն մեկ ֆիլտրում են մոտ 5 լիտր ջուր։
6 Երիկամները նաև օգնում են հսկել քո արյան հանքային բաղադրությունը, ինչպես նաև թթվությունն ու ճնշումը։ Դրանք շատ այլ կարևոր ֆունկցիաներ էլ են կատարում։ Օրինակ՝ վիտամին D–ն վերածում են մեկ ուրիշ վիտամինի, որը անհրաժեշտ է ոսկորների ճիշտ զարգացման և էրիթրոպոետին կոչվող հորմոնը արտադրելու համար։ Վերջինս խթանում է քո ոսկորներում արյան կարմիր գնդիկների առաջացումը։ Զարմանալի չէ, որ երիկամները կոչվում են «մարմնի վարպետ քիմիկոսներ»։b
7, 8. ա) Նկարագրիր դեռ չծնված երեխայի զարգացումը։ բ) Ի՞նչ իմաստով է զարգացող երեխան կազմավորվում «երկրի խորութիւններումը»։
7 «Իմ ոսկորները չ’ծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ» (Սաղմոս 139։15)։ Առաջին բջիջը տրոհվում է, և իրենց հերթին այդ նոր բջիջներն էլ են տրոհվում։ Շատ չանցած՝ բջիջները սկսում են դիֆերենցվել կամ տարբերակվել՝ դառնալով նյարդային, մկանային, մաշկային բջիջներ և այլն։ Միևնույն տեսակին պատկանող բջիջները խմբավորվում են՝ կազմելով հյուսվածքներ և այնուհետև օրգաններ։ Օրինակ՝ բեղմնավորումից հետո երրորդ շաբաթվա ընթացքում սկսում է զարգանալ քո կմախքային համակարգը։ Իսկ երբ դու արդեն յոթ շաբաթական ես և ընդամենը 2,5 սանտիմետր հասակ ունես, սկսում են կազմավորվել քո բոլոր 206 ոսկորների նախնական ձևերը, թեպետև դրանք դեռ ոսկրացած չեն և ամրություն չունեն։
8 Այս զարմանահրաշ զարգացման պրոցեսը տեղի է ունենում քո մոր արգանդում՝ մարդկային աչքից հեռու, ասես երկրի խորքում թաղված լինի։ Իրականում այն մասին, թե ինչպես ենք մենք զարգանում, դեռ շատ բաներ մնում են չբացահայտված։ Օրինակ՝ ի՞նչն է ակտիվացնում քո բջիջներում գտնվող գեներին դիֆերենցման պրոցեսը շարժման մեջ դնել։ Գուցե գիտությանը ի վերջո հաջողվի դա հայտնաբերել, սակայն, ինչպես Դավիթն է շարունակում ասել իր սաղմոսում, մեր Արարիչը՝ Եհովան, ամեն բան կատարելապես գիտի դրա մասին։
9, 10. Ինչպե՞ս հասկանալ այն, որ սաղմի յուրաքանչյուր մասի ձևավորման մասին Աստծու «գրքումը գրուած» է եղել։
9 «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը [«սաղմը», ՆԱ]՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չ’կար» (Սաղմոս 139։16)։ Առաջին բջիջը իր մեջ պարունակում է քո ամբողջ մարմնի լիարժեք ծրագիրը։ Այս ծրագրի համաձայն՝ արգանդում գտնվելու ինը ամիսների ընթացքում մինչև քո ծնվելը տեղի է ունենում քո զարգացումը, իսկ դրանից հետո ավելի քան երկու տասնամյակ դեռ շարունակում ես զարգանալ մինչև չափահաս դառնալդ։ Այս ընթացքում քո մարմինը շատ փուլերով է անցնում, որոնք բոլորն էլ ղեկավարվում են այն ինֆորմացիայի կողմից, որը ծրագրավորված է եղել քո առաջին բջջում։
10 Դավիթը ոչ մի գիտելիք չուներ բջիջների ու գեների մասին. նա նույնիսկ մանրադիտակ չուներ։ Սակայն Դավիթը հասկանում էր, որ իր սեփական մարմնի զարգացումը նախնական ծրագրավորման արդյունք է։ Գուցե նա որոշ բաներ գիտեր այն մասին, թե ինչպես է զարգանում սաղմը, այդ պատճառով էլ կարող էր տրամաբանել, որ սաղմի զարգացման հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն տեղի է ունենում նախապես պլանավորված ծրագրի համաձայն։ Ուստի բանաստեղծական լեզվով նա այնպես նկարագրեց այս ծրագրավորումը, որ կարծես այդ մասին Աստծու «գրքումը գրուած» է եղել։
11. Ի՞նչն է բնորոշում մեր հատկանիշները։
11 Այսօր արդեն հայտնի է դարձել, որ քեզ բնորոշող հատկանիշները դու ժառանգում ես քո ծնողներից կամ նախածնողներից, ինչպես օրինակ՝ քո հասակը, դիմագծերը, աչքերը, մազերի գույնը և ուրիշ այլ հազարավոր հատկանիշներ, որոնք եղել են քո գեներում։ Քո բջիջներից յուրաքանչյուրը պարունակում է տասնյակ հազարավոր գեներ և յուրաքանչյուր գեն շղթայական միասնական խմբի մասն է կազմում, որը բաղկացած է ԴՆԹ–ից՝ դեզօքսիռիբոնուկլեինային թթվից։ Մարմնի կազմավորման մասին հրահանգները «գրուած» են քո անձնական ԴՆԹ–ի քիմիական կառույցում։ Ամեն անգամ, երբ բջիջները տրոհվում են՝ ստեղծելու համար նոր բջիջներ կամ փոխարինելու համար հին բջիջներին, քո ԴՆԹ–ն փոխանցում է այդ հրահանգները՝ այդպիսով թույլ տալով, որ դու կենդանի մնաս և պահպանես քո հիմնական արտաքին տեսքը։ Մեր երկնային Արարչի զորության և իմաստության ինչպիսի՜ ակնառու դրսևորում։
Մեր անզուգական ուղեղը
12. Հատկապես ինչո՞վ են մարդիկ տարբերվում կենդանիներից։
12 «Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. քանի՜ մեծ է նորանց թիւը։ Եթէ համարեմ նորանց՝ աւազիցը շատ են» (Սաղմոս 139։17, 18)։ Կենդանական աշխարհը նույնպես զարմանալիորեն է ստեղծված։ Կան կենդանիներ, որոնք իրենց զգայարաններով և ընդունակություններով գերազանցում են մարդկանց։ Սակայն Աստված մարդուն օժտել է մտային կարողություններով, որով էլ նա գերազանցում է ցանկացած կենդանի արարածի։ Գիտական մի գրքում ասվում է. «Որքան էլ որ մենք՝ մարդիկս, շատ առումներով նման ենք կենդանիների այլ տեսակների, սակայն երկրի վրա գտնվող կյանքի տեսակների մեջ մենք անզուգական ենք խոսելու մեր ընդունակությամբ և մտածելու կարողությամբ։ Մենք անզուգական ենք նաև այն առումով, որ խորապես հետաքրքրվում ենք մեզանով. օրինակ՝ մեզ հետաքրքրում է, թե ինչպես է մեր մարմինը կառուցված, ինչպես ենք կազմավորված»։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ Դավիթն էլ էր խորհում։
13. ա) Ինչպե՞ս էր Դավիթը խորհրդածում Աստծու խորհուրդների շուրջ։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Դավթին։
13 Եվ որ ամենակարևորն է, ի տարբերություն կենդանիների՝ մենք անզուգական ենք նրանով, որ ընդունակ ենք խորհրդածելու Աստծու խորհուրդների շուրջ։c Այս յուրահատուկ «նվերը» մեկն է այն հատկանիշներից, որը ցույց է տալիս, որ մենք «Աստուծոյ պատկերով» ենք ստեղծված (Ծննդոց 1։27)։ Դավիթը լիարժեք կերպով օգտագործեց այս «նվերը»։ Նա խորհրդածում էր Աստծու գոյության մասին, ինչպես նաև նրա լավ հատկությունների մասին, որոնք ակնհայտորեն երևում էին իրեն շրջապատող միջավայրում։ Դավիթը նաև Սուրբ Գրությունների հին գրքերն ուներ, որոնցում գրի էր առնված Աստծու և նրա գործերի մասին։ Այս ներշնչված գրությունները օգնեցին Դավթին հասկանալ Աստծու խորհուրդները, ճանաչել, թե ինչպիսի անձնավորություն էր նա և ինչ նպատակներ ուներ։ Խորհրդածելով Գրությունների, ստեղծագործության և նաև այն մասին, թե ինչպես էր Աստված վերաբերվում իրեն՝ Դավիթը ցանկացավ փառաբանել իր Արարչին։
Ինչ է ընդգրկում հավատը
14. Ինչո՞ւ Աստծուն հավատալու համար կարիք չկա, որ մենք ամեն բան իմանանք նրա մասին։
14 Որքան շատ էր Դավիթը խորհրդածում ստեղծագործության և Գրությունների շուրջ, այնքան ավելի շատ էր գիտակցում, որ Աստծու գիտության և կարողության մասին մտածելը վեր է իր հասկացողությունից (Սաղմոս 139։6)։ Նույնը ճշմարիտ է նաև մեր պարագայում։ Մենք երբեք չենք կարող Աստծու ստեղծագործությունների վերաբերյալ ամեն բան հասկանալ (Ժողովող 3։11; 8։17)։ Սակայն Աստված Գրությունների միջոցով իր մասին ամեն բան «հայտնի դարձրեց» և ամբողջ աշխարհում հնարավորություն տվեց բոլոր դարաշրջաններում ապրող և ճշմարտությունը փնտրող մարդկանց այնպիսի հավատ ձեռք բերել, որը ապացույցների վրա է հիմնված (Հռոմեացիներ 1։19, 20; Եբրայեցիներ 11։1, 3)։
15. Բացատրիր, թե ինչպես է հավատը կապված Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունների հետ։
15 Հավատ ունենալը ավելին է նշանակում, քան միայն ընդունել, որ կյանքն ու տիեզերքը բանական Աղբյուրից են սկիզբ առել։ Դա նշանակում է նաև վստահել Եհովա Աստծուն որպես անձնավորության. մի անձնավորության, որը ցանկանում է, որ ճանաչենք իրեն և իր հետ լավ փոխհարաբերություններ հաստատենք (Հակոբոս 4։8)։ Պատկերացրու, թե դու ինչպես ես հավատում ու վստահում քո հորը, որը սիրում է քեզ։ Եթե որևէ մեկը իր կասկածները հայտնի այն մասին, թե արդյոք քո հայրը կօգնի քեզ դժվարության մեջ գտնվելիս, հավանաբար քեզ չհաջողվի հավաստիացնել նրան, որ քո հայրը արժանի է վստահության։ Սակայն եթե նման իրավիճակներում հայտնվելիս դու բավականաչափ փաստեր ունենաս ապացուցելու, որ քո հայրը սիրառատ է եղել քո հանդեպ, ապա կարող ես համոզված լինել, որ նա քեզ չի հիասթափեցնի։ Նույն կերպով, Գրություններն ուսումնասիրելու միջոցով Եհովային ճանաչելը, ստեղծագործության շուրջ խորհրդածելը և ի պատասխան մեր աղոթքներին՝ նրա ցուցաբերած օգնությունը տեսնելը մղում է մեզ վստահել նրան։ Այդպիսով մենք ցանկանում ենք ավելին սովորել նրա մասին և անշահախնդիր սիրով ու նվիրվածությամբ հավիտյան փառաբանել նրան։ Դա լավագույն նպատակն է, որ յուրաքանչյուրը կարող է հետապնդել (Եփեսացիներ 5։1, 2)։
Փնտրենք մեր Արարչի առաջնորդությունը
16. Ի՞նչ կարող ենք սովորել Եհովայի հետ Դավթի ունեցած մտերիմ փոխհարաբերություններից։
16 «Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները. Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը» (Սաղմոս 139։23, 24)։ Դավիթը գիտեր, որ Եհովան լիովին ճանաչում է իրեն. այն ամենը, ինչ նա մտածում էր, ասում և անում էր, անվրեպ չէր մնում Արարչի աչքից (Սաղմոս 139։1–12; Եբրայեցիներ 4։13)։ Այն, որ Աստված Դավթին այդքան լավ էր ճանաչում, օգնում էր նրան իրեն ապահով զգալ, ինչպես փոքրիկ երեխան է իրեն ապահով զգում, երբ իր ծնողների գրկում է։ Դավիթը փայփայում էր Եհովայի հետ ունեցած այս մտերիմ փոխհարաբերությունը և ամեն կերպ ձգտում էր պահպանել դա՝ խորհրդածելով նրա գործերի մասին ու աղոթելով նրան։ Իրականում Դավթի գրած սաղմոսներից շատերը, այդ թվում նաև 139–րդ սաղմոսը կարևոր աղոթքներ են, որոնք երաժշտությամբ են ուղեկցվել։ Խորհրդածությունն ու աղոթքը մեզ էլ կարող են օգնել մոտենալ Եհովային։
17. ա) Ինչո՞ւ էր Դավիթը ցանկանում, որ Եհովան քննի իր սիրտը։ բ) Ինչպե՞ս է ազդում մեր կյանքի վրա այն, թե ինչպես ենք օգտագործում մեր ազատ կամքը։
17 Ստեղծված լինելով Աստծու պատկերով՝ մենք ազատ կամքով ենք օժտված։ Մենք ինքներս ենք ընտրում ճիշտը կամ սխալը անելը։ Սակայն ազատություն ունենալու հետ մեկտեղ մենք հաշվետու ենք Աստծուն։ Դավիթը չէր ուզում լինել ամբարիշտների թվում (Սաղմոս 139։19–22)։ Նա խուսափում էր Եհովային ցավ պատճառող սխալներից։ Ուստի խորհրդածելով այն մասին, որ Եհովան ամեն ինչի մասին գիտելիքներ ունի՝ Դավիթը խոնարհությամբ խնդրեց Աստծուն քննել իր ներքին անձնավորությունը և առաջնորդել իրեն դեպի կյանք տանող ճանապարհով։ Աստծու արդար բարոյական չափանիշները վերաբերում են բոլորին, ուստի մենք նույնպես պետք է ճիշտ ընտրություն կատարենք։ Եհովան հորդորում է մեզ բոլորիս հնազանդվել իրեն։ Այդպես վարվելով՝ մենք կունենանք նրա բարեհաճությունը և բազում օգուտներ կստանանք (Հովհաննես 12։50; 1 Տիմոթեոս 4։8)։ Եհովայի հետ ամեն օր քայլելը օգնում է մեզ ներքին խաղաղություն ունենալ, նույնիսկ եթե մեզ ցավ պատճառող խնդիրներ ենք ունենում (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
Հետևենք մեր սքանչելի Արարչին
18. Ի՞նչ եզրակացության եկավ Դավիթը ստեղծագործության շուրջ իր խորհրդածություններից։
18 Պատանի Դավիթը հաճախ էր հոտը դաշտում արածեցնում։ Ոչխարները հանգստանալու համար պառկում էին խոտերի վրա, իսկ նա իր աչքերը դեպի երկինք էր բարձրացնում։ Երեկոյան, երբ արդեն մթնում էր, Դավիթը սկսում էր խորհել տիեզերքի վեհության մասին և այն մասին, թե այդ ամենը ինչ իմաստ էր պարփակում իր մեջ։ «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը,— գրեց Դավիթը։— Օրը օրին խօսք է բղխում. եւ գիշերը գիշերին գիտութիւն է ցոյց տալիս» (Սաղմոս 19։1, 2)։ Դավիթը հասկանում էր, որ ինքը պետք է փնտրի և հետևի այն Մեկին, որն այդ բոլոր բաները այդքան զարմանալիորեն է ստեղծել։ Մենք նույնպես պետք է այդպես վարվենք։
19. Ի՞նչ կարող են սովորել թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները այն բանից, որ իրենք «զարմանալի կերպով են ստեղծված»։
19 Դավիթը օրինակ հանդիսացավ իր որդու՝ Սողոմոնի համար, որը հետագայում երիտասարդներին խորհուրդ տվեց. «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը.... Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։1, 13)։ Դեռ պատանի հասակում Դավիթը արդեն հասկացել էր, որ ինքը «զարմանալի կերպով է ստեղծվել»։ Ապրելով այս հասկացողության համաձայն՝ իր ողջ կյանքի ընթացքում նա բազում օգուտներ ստացավ։ Եթե մենք, լինենք երիտասարդ թե տարեց, փառաբանենք ու ծառայենք մեր Մեծ Արարչին, ապա ինչպես մեր ներկա, այնպես էլ ապագա կյանքը մեծ բավականություն կպատճառի մեզ։ Ովքեր մտերիմ են մնում Եհովայի հետ և ապրում են նրա արդար ուղիների համաձայն, նրանց մասին Աստվածաշունչը խոստանում է. «Ծերութեան մէջ էլ պտուղ կ’բերեն. պարարտ եւ դալար կ’լինին. Որ պատմեն, թէ ուղիղ է Տէրը» (Սաղմոս 92։14, 15)։ Մենք նաև հույս ունենք, որ մեր Արարչի զարմանահրաշ գործերը կվայելենք հավիտյան։
[ծանոթագրություներ]
a Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2004 թ. հունիսի 22–ի համարը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից (ռուս.)։
b Տե՛ս նաև «Քո երիկամները. ֆիլտր կյանքի համար» հոդվածը «Արթնացե՛ք»–ի 1997 թ. օգոստոսի 8–ի համարում (ռուս.)։
c Սաղմոս 139։18բ համարում Դավթի խոսքերը նշանակում են, որ, եթե նա ամբողջ օրը՝ մինչև ուշ գիշեր՝ մինչև իր քնելու պահը անցկացներ Եհովայի խորհուրդները կամ մտքերը հաշվելով, ապա հաջորդ առավոտյան զարթնելով՝ նա հաշվելու դեռ շատ բան կունենար։
Կարո՞ղ ես բացատրել
• Ինչպե՞ս է սաղմի զարգացման ընթացքը ցույց տալիս, որ մենք «զարմանալի կերպով ենք ստեղծված»։
• Ինչո՞ւ պետք է խորհրդածենք Եհովայի խորհուրդների շուրջ։
• Ինչպե՞ս է հավատը կապված Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների հետ։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Մոր արգանդում երեխայի զարգացումը նախապես ծրագրավորված է
ԴՆԹ
[թույլտվությամբ]
Unborn fetus: Lennart Nilsson
[նկար 24–րդ էջի վրա]
Ինչպես երեխան է վստահում իրեն սիրող հորը, այնպես էլ մենք ենք վստահում Եհովային
[նկար 25–րդ էջի վրա]
Եհովայի ձեռքի գործերի մասին խորհրդածելը մղեց Դավթին փառաբանելու նրան