Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 8/15 էջ 4–7
  • Ճանաչեք Հեղինակին, հիացեք նրա գործերով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճանաչեք Հեղինակին, հիացեք նրա գործերով
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վերջ գիտությա՞նը
  • Հարմար միջո՞ց
  • Տրամաբանակա՞ն է արդյոք
  • Դուք կարող եք ճանաչել Ստեղծիչին
  • Ծրագիր՝ առանց հեղինակի՞
    2007 Դիտարան
  • Ո՞վ կարող է ասել
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Ինչու ենք հավատում Արարչի գոյությանը
    2006 Արթնացե՛ք
  • Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 3։ Ինչո՞ւ հավատալ ստեղծագործությանը
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
2007 Դիտարան
w07 8/15 էջ 4–7

Ճանաչեք Հեղինակին, հիացեք նրա գործերով

ՀԱՎԱՆԱԲԱՐ լսել եք իտալացի գեղանկարիչ և քանդակագործ Միքելանջելոյի մասին։ Իսկ տեսե՞լ եք նրա գլուխգործոցներից որևէ մեկի բնօրինակը։ Եթե անգամ չեք տեսել, ամենայն հավանականությամբ կհամաձայնվեք այն արվեստաբանի հետ, որը իտալացի այդ հանճարին անվանել է «հիանալի, անզուգական նկարիչ»։ Միքելանջելոյի տաղանդը հնարավոր չէ հերքել։ Նրա արվեստով հիացող մարդը չի կարող չընդունել, որ Միքելանջելոն ականավոր նկարիչ է։

Այժմ խորհենք, թե կենդանի օրգանիզմների ինչ ապշեցուցիչ բազմազանություն կա մեր շուրջը, և թե որքան բարդ կառուցվածք ունեն նրանք։ Զարմանալի չէ, որ կենսաբանական գիտությունների մի պրոֆեսոր ասել է. «Ակնհայտ է, որ կենդանի օրգանիզմների առաջացումը ծրագրված է եղել։ Բնության մեջ դրա ապացույցները աներևակայելիորեն շատ են» («The New York Times»)։ Արդարացի՞ է արդյոք հիանալ կենդանի օրգանիզմների կառուցվածքով և չընդունել դրանց հեղինակին։

Պողոս առաքյալը, որը շատ ուշադիր էր իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, մի առիթով հիշատակեց այնպիսի անհատների, ովքեր «մեծարում ու սրբազան ծառայություն են մատուցում ստեղծագործությանը և ոչ թե Ստեղծողին» (Հռոմեացիներ 1։25)։ Եվ իրոք, էվոլյուցիոն տեսության ու նման այլ գաղափարների ազդեցության տակ ոմանք մերժում են այն փաստը, որ ստեղծագործությունը պետք է ստեղծող՝ հեղինակ ունենա։ Իսկ հիմքեր կա՞ն էվոլյուցիոն տեսությունը բացարձակապես ճշգրիտ գիտություն համարելու։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ եզրահանգում է անում Վիեննայի կաթոլիկ արքեպիսկոպոս Քրիստոֆ Շոնբորնը, որի խոսքերը մեջբերվել են «Նյու Յորք Թայմս» օրաթերթում. «Ցանկացած տեսություն, որը հերքում կամ այլ կերպ է մեկնաբանում ստեղծիչի գոյության մեծաթիվ ապացույցները, որոնք կան բնության մեջ, գաղափարախոսություն է և ոչ թե գիտություն»։

Վերջ գիտությա՞նը

Ոմանց կարծիքով՝ Ստեղծիչի գոյությունն ընդունելը կարգելակի գիտության զարգացումը։ Օրինակ՝ «Նյու սայենթիստ» հանդեսում (անգլ.) գրվել է. «Գիտությունը, որ հետազոտությունների համար սահման չի ճանաչում, վերջ կգտնի, եթե ընդունի, որ շատ հարցերի կարելի է տալ ապացույց չպահանջող հետևյալ պատասխանը. «Այդպես է որոշել Ստեղծիչը»»։ Արդյոք այս մտավախությունը հիմնավո՞ր է։ Ընդհակառա՛կը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

Իրականում, մենք այն դեպքում խոչընդոտած կլինենք տիեզերքի և կյանքի առաջացման ճշմարիտ պատճառը գտնելու ջանքերին, եթե ընդունենք, որ ամեն բան առաջ է եկել կույր պատահականության և էվոլյուցիայի արդյունքում։ Այնինչ բանական Արարչին համարելով մեր շուրջը եղող բոլոր բաների պատճառը՝ մղված կլինենք հետազոտելու բնությունը և կիրառելու տիեզերքում գործող նրա ֆիզիկական օրենքները։ Օրինակ՝ թեև հայտնի է, որ Լեոնարդո դա Վինչին է «Մոնա Լիզա» կտավի հեղինակը, դա ամենևին էլ չի խանգարել արվեստաբաններին հետազոտելու նրա նկարչական տեխնիկան և օգտագործած նյութերը։ Նույնն է պարագան Ստեղծիչի, կամ՝ Հեղինակի գոյությունն ընդունելու դեպքում. դա ամենևին էլ չի թուլացնի նրա ստեղծագործություններն ու դրանց բարդ կառուցվածքը մանրամասնորեն ուսումնասիրելու մեր ցանկությունը։

Աստվածաշունչը ոչ թե չի ողջունում հետազոտություններ անելու ձգտումը, այլ, ընդհակառակը, քաջալերում է գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, ընդ որում թե՛ գիտական, թե՛ հոգևոր հարցերի։ Հնում Դավիթ թագավորը, խորհրդածելով վարպետորեն ստեղծված իր օրգանիզմի մասին, այսպիսի եզրակացության էր եկել. «Ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է» (Սաղմոս 139։14)։ Հետաքրքիր է, որ, ինչպես հայտնում է Աստվածաշունչը, Ստեղծիչը նահապետ Հոբին այսպիսի հարց էր տվել. «Արդեօք հասկացե՞լ ես.... երկրի լայնքերը [«լայնությունը», ԱԱ]» (Յոբ 38։18)։ Մի՞թե այս հարցով նա փորձում էր թուլացնել հետազոտություններ անելու ցանկությունը։ Ընդհակառակը՝ ամեն բանի Հմուտ Հեղինակը քաջալերում էր ուսումնասիրել իր ձեռքի գործը։ Ուշադրություն դարձնենք նաև Եսայիա մարգարեի գրչով փոխանցված հրավերին՝ ընդլայնելու մեր գիտելիքները այն Անձնավորության մասին, որը ստեղծել է մեր շուրջը եղող բոլոր բաները. «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց» (Եսայիա 40։26)։ Այնուհետև նույն համարում ասվում է մի միտք, որը ներդաշնակ է Էյնշտեյնի E=mc2 հայտնի բանաձևին։ Այնտեղ նշվում է, որ տիեզերքն առաջ է եկել «սաստիկ զորության»՝ հզոր էներգիայի աղբյուրի շնորհիվ։

Իհարկե, արարչագործության վերաբերյալ հարցերի պատասխանները միշտ չէ, որ հեշտությամբ կարելի է գտնել։ Դրա պատճառներից մեկն այն է, որ հասկանալու մեր ունակությունը սահմանափակ է։ Բացի այդ, շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքները բավականաչափ չեն։ Սա գիտակցելով՝ Հոբը փառաբանում էր Արարչին, ում մտահղացմամբ երկրագունդը անտեսանելի ուժերով կախված է տիեզերքում, իսկ ջրով լեցուն ամպերը՝ երկնքում (Յոբ 26։7–9)։ Նաև Հոբն ընդունում էր, որ այդ հրաշքներն ընդամենը Աստծու «ճանապարհների ծայրերն են» (Յոբ 26։14)։ Նա, անկասկած, ուզում էր ավելին իմանալ իրեն շրջապատող աշխարհի մասին։ Նույնը և Դավիթը. գիտակցելով, որ իր կարողությունները սահմանափակ են՝ նա գրեց. «Այս գիտութիւնը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասկանալ նորան» (Սաղմոս 139։6)։

Ինչպես տեսնում ենք, Արարչի գոյությունն ընդունելը ոչ միայն չի խոչընդոտում գիտական առաջընթացը, այլև անվերջանալի հնարավորություններ է ընձեռում թե՛ գիտական, թե՛ հոգևոր հարցերի սպառիչ պատասխանները գտնելու։ Հնում ապրած մի թագավոր, որը հայտնի էր իր իմաստությամբ, գրեց. «[Աստված] յաւիտենականութիւնը դրել է [մարդկանց] սրտումը. բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը» (Ժողովող 3։11)։

Հարմար միջո՞ց

Ոմանց խոսքերով՝ Աստծու գաղափարը «հարմար միջոց» է, որին անպատեհ դիմում են բոլոր այն դեպքերում, երբ «գիտականորեն ապացուցելի որևէ բացատրություն չկա»։ Այլ կերպ ասած՝ «Աստված» բառը ինչ–որ կախարդական իմաստ է ստանում և օգտագործվում է գիտության մեջ եղած բացերը լրացնելու համար։ Իսկ ի՞նչ բացեր են դրանք՝ փոքր ու աննշա՞ն։ Ո՛չ, դրանք կասկածներ հարուցող իսկական «անդունդներ» են, որ առկա են Դարվինի տեսության մեջ, հսկայական «անցքեր» սկզբունքային կենսաբանական հարցերում, որոնք էվոլյուցիոն տեսությունը չի կարողացել փակել։ Ուստի միանգամայն արդարացի կլինի ասել, որ դարվինիզմի անհիմն դրույթներն են բացերը լրացնելու հարմար միջոց նրանց համար, ովքեր հարում են այդ տեսությանը։

Արարչի գաղափարը, որ ներկայացված է Աստվածաշնչում, գիտական բացերը լրացնելու միջոց չէ։ Մեր շուրջը եղող ամեն բան նրա գործունեության արդյունքն է։ Եհովայի այդ համապարփակ արարչական գործը շեշտելով՝ սաղմոսերգուն գրում է. «Կեանքի [«կյանքի բոլոր տեսակների», Today’s English Version] աղբիւրը քեզ մօտ է. եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս» (Սաղմոս 36։9)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ նա է ստեղծել «երկինքը, երկիրը և ծովը ու նրանցում եղած ամեն բաները» (Գործեր 4։24; 14։15; 17։24)։ Ուստի առաջին դարում ապրած մի ուսուցիչ մեծ հիմքեր ուներ գրելու, որ Աստված է բոլոր բաների Հեղինակը (Եփեսացիներ 3։9)։

Ավելին, Աստված է սահմանել «երկնքի կանոնները»՝ այն ֆիզիկական օրենքները, որոնց ենթարկվում են մատերիան ու էներգիան, և որոնք շարունակում են մնալ գիտնականների ուսումնասիրության առարկան (Յոբ 38։33)։ Նրա ստեղծագործությունները անթերի են ու որոշակի նպատակով են արարվել։ Այդ նպատակն էր՝ լցնել երկիրը կենդանի օրգանիզմների աներևակայելիորեն բազմազան տեսակներով։

Տրամաբանակա՞ն է արդյոք

Այժմ քննարկենք տրամաբանությամբ առաջնորդվելու հարցը։ Ահա թե ինչ ասաց հոդվածագիր Ջոն Հորգանը տարբեր գիտական տեսությունների հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ իր կարծիքն արտահայտելիս. «Եթե ներկայացված փաստարկները վիճելի են, ամենևին էլ ամոթ չէ տվյալ հարցի շուրջ այն եզրակացություններն անել, որոնք հուշում է տրամաբանությունը»։

Տրամաբանակա՞ն է ասել, որ կյանքը առաջացել է պատահականության արդյունքում կամ կույր ուժերի ազդեցության տակ։ Չնայած էվոլյուցիոն տեսությունը մեծ հեղինակություն է վայելում, բազմաթիվ կրթված մարդիկ, այդ թվում գիտնականներ համոզված են, որ բանական Արարիչ գոյություն ունի։ Մի պրոֆեսորի խոսքերով՝ հասարակության «գերակշռող մասը խելամտորեն կարծում է, որ կյանքը ստեղծվել է»։ Ինչո՞ւ։ Շատերը հեշտությամբ կհամաձայնվեն այն պարզ տրամաբանական համեմատությանը, որ արել է Պողոս առաքյալը. «Ամեն տուն ինչ–որ մեկի կողմից է կառուցվում, բաց նա, ով կառուցեց բոլոր բաները, Աստված է» (Եբրայեցիներ 3։4)։ Աստվածաշնչի տեսանկյունից՝ տրամաբանական չէ ընդունել, որ տունը պետք է կառուցող ունենա, իսկ, օրինակ, բարդ կառուցվածք ունեցող բջիջը առաջ գա պատահաբար։

Նրանց մասին, ովքեր մերժում են Հեղինակի՝ Արարչի գոյությունը, Աստվածաշունչն ասում է. «Անզգամն [«անմիտն», ԱՆԹ] ասաց իր սրտումը՝ թէ Աստուած չ’կայ» (Սաղմոս 14։1 [13։1, ԱՆԹ])։ Այստեղ սաղմոսերգուն նախատում է նրանց, ովքեր կասկածի են ենթարկում Աստծու գոյությունը։ Նման անհատները ամենայն հավանականությամբ առաջնորդվում են իրենց սուբյեկտիվ՝ կանխակալ կարծիքով։ Մինչդեռ իմաստուն, խորաթափանց անձնավորությունը խոնարհաբար հավատում է Արարչի գոյությանը (Եսայիա 45։18)։

Տրամաբանող բազում անհատներ մեծաթիվ փաստեր են տեսնում ընդունելու գերբնական Հեղինակի գոյությունը։

Դուք կարող եք ճանաչել Ստեղծիչին

Թերևս ընդունում ենք, որ ստեղծված ենք։ Այդ դեպքում գուցե հարց ծագի, թե ինչ նպատակով ենք ստեղծված։ Ո՞րն է մեր կյանքի իմաստը։ Միայն գիտության միջոցով հնարավոր չէ սպառիչ պատասխան տալ այս կարևոր հարցերին։ Այնուամենայնիվ, այդ պատասխանները հարկավոր է գտնել։ Այս առումով մեզ մեծապես կարող է օգնել Աստվածաշունչը։ Այնտեղ Եհովան ներկայացվում է ոչ միայն որպես Արարիչ, այլև Նպատակադրող, որը հենց այնպես ոչինչ չի անում։ Աստվածաշունչը հայտնում է նաև նրա նպատակը ու վառ հույսեր է ներշնչում ապագայի հանդեպ։

Իսկ ո՞վ է Եհովան։ Ինչպիսի՞ Աստված է նա։ Եհովայի վկաները հրավիրում են ձեզ սովորել մեր Հմուտ Հեղինակի մասին։ Դուք կհասկանաք, որ Աստված իրական անձնավորություն է, ու կծանոթանաք նրա անվան, հատկությունների և մարդկանց համար կատարած գործերի հետ։ Նաև Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի օգնությամբ կիմանաք, որ հարկավոր է ոչ միայն հիանալ նրա ձեռքի գործերով, այլև փառավորել նրան՝ որպես մեր Արարչի (Սաղմոս 86։12; Հայտնություն 4։11)։

[նկար 4–րդ էջի վրա]

Միքելանջելո

[նկար 5–րդ էջի վրա]

Հեղինակի գոյության հանդեպ հավատը չի հակասում գիտությանը

[նկար 6–րդ էջի վրա]

Տեսակների բազմազանությունն ու հարմարվելու ունակությունը հմտորեն ծրագրված է եղել

[նկար 7–րդ էջի վրա]

Ստեղծագործությունը պետք է ստեղծող ունենա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը