Հին Կտակարանը դեռեվս գործածելի՞ է
ՖՐԱՆՍԻԱՑԻ մի բժիշկ 1786 թ.–ին մի գիրք հրատարակեց, որը կոչվում էր «Քննարկում անատոմիայի և ֆիզիոլոգիայի մասին» («Traité d’anatomie et de physiologie»)։ Այն համարվում է իր ժամանակի ամենաճշգրիտ նյարդա–անատոմիական գիրքը, և վերջերս այդ աշխատության ընդամենը մի քանի օրինակներ, որոնք պահպանվել էին մինչ օրս, վաճառվեցին ավելի քան 27 000 դոլարով։ Այնուհանդերձ, այսօր քիչ թվով հիվանդներ կվստահեն այն վիրաբույժին, որը, որպես հավաստի տեղեկության աղբյուր, օգտվում է հնացած բժշկական գրքից։ Ներկայումս այդպիսի գրքի պատմական և գրական արժեքը դժվար թե ինչ–որ բանով օգտակար լինի հիվանդ մարդու համար։
Շատ մարդիկ նույն կարծիքն ունեն այսպես կոչված Հին Կտակարանի վերաբերյալ։ Նրանք հասկանում են, որ Իսրայելի պատմության մասին արձանագրությունը արժեքավոր է, և հիանում են դրա որոշ հատվածների գեղեցիկ բանաստեղծական ոճով։ Սակայն այդ մարդիկ այն կարծիքին չեն, որ ավելի քան 2400 տարվա պատմություն ունեցող գրքի առաջնորդությանը հետևելը խելամիտ է։ Գիտության ասպարեզում ձեռք բերված գիտելիքները, մարդկային փոխհարաբերությունները և նույնիսկ ընտանեկան կյանքը այսօր շատ են տարբերվում այն ժամանակներից, երբ գրի է առնվել Աստվածաշունչը։ «Քրիսթիանիթի թուդեյ» հանդեսի նախկին խմբագիր Ֆիլիպ Յանսեն իր գրքում գրում է. «Հին Կտակարանում գրվածը միշտ չէ, որ տրամաբանական է հնչում, իսկ այն հատվածները, որոնք թվում է, թե տրամաբանական են, երբեմն վիրավորական են մարդկանց համար։ Այս և այլ պատճառներով հաճախ մարդիկ չեն ընթերցում Հին Կտակարանը, որը կազմում է Աստվածաշնչի երեք քառորդ մասը» («The Bible Jesus Read»)։ Նման մտածելակերպը նոր չէ։
Հովհաննես առաքյալի մահից գրեթե 50 տարի անց, որը մահացավ մոտավորապես մ.թ. 100 թ.–ին, Մարկիոն անունով մի հարուստ երիտասարդ հրապարակայնորեն հայտարարեց, որ Հին Կտակարանը պետք է մերժվի քրիստոնյաների կողմից։ Անգլիացի պատմաբան Ռոբին Լեյն Ֆոքսը նշում է, որ Մարկիոնի պնդմամբ «Հին Կտակարանի «Աստվածը» «բարբարոս էր», որը հավանություն էր տալիս այնպիսի հանցագործների ու ահաբեկիչների, որոնցից էր, օրինակ, Իսրայելի Դավիթ թագավորը։ Իսկ Հիսուսը, ընդհակառակը, բացահայտեց գերագույն Աստծուն, որը բոլորովին նոր ու տարբեր էր Հին Կտակարանի Աստծուց»։ Ֆոքսը գրում է, որ այս համոզմունքները «դարձան «մարկիոնականություն» և մինչև չորրորդ դարը շարունակում էին հրապուրել հետևորդներին՝ հատկապես Արևելքում ապրող սիրիախոս մարդկանց»։ Մինչև օրս որոշ մարդիկ դեռ կառչած են մնում այս գաղափարներից։ Արդյունքում՝ ավելի քան 1600 տարի հետո Ֆիլիպ Յանսեն գրում է. «Հին Կտակարանի մասին գիտելիքները արագորեն չքացան քրիստոնյաների շրջանում և, փաստորեն, ներկայիս հասարակության մեջ դրանք անհետացել են»։
Փոխարինվե՞լ է արդյոք Հին Կտակարանը Նոր Կտակարանով։ Ինչպե՞ս կարող ենք ընկալել Հին Կտակարանում գրված «Զորաց Տեր» և Նոր Կտակարանում գրված «սիրո ու խաղաղության Աստված» հասկացությունները (Եսայիա 13։13; 2 Կորնթացիներ 13։11)։ Կարո՞ղ է արդյոք Հին Կտակարանը այսօր օգտակար լինել ձեզ համար։