Ջոն Միլթոնի կորուսյալ աշխատությունը
ԴԺՎԱՐ թե գտնվի այնպիսի մի գրող, որը կարողանար այդքան մեծ ազդեցություն թողնել իր շրջապատող աշխարհի վրա, որքան անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը՝ «Դրախտ կորուսյալ» («Paradise Lost») էպիկական պոեմի հեղինակը։ Ըստ մի կենսագրի՝ Միլթոնը «սիրված էր շատերի և ատված՝ քչերի կողմից։ Մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր չէին լսել նրա մասին»։ Մինչև օրս անգլիական գրականությունն ու մշակույթը շատ բաներով պարտական են նրա աշխատություններին։
Ինչպե՞ս Ջոն Միլթոնը կարողացավ նման ազդեցություն գործել։ Ինչո՞ւ նրա վերջին աշխատությունը՝ «Քրիստոնեական ուսմունքների մասին» գիրքը («On Christian Doctrine»), այդքան շատ վեճերի տեղիք տվեց և չհրատարակվեց մոտ 150 տարի։
Կյանքի վաղ շրջանը
Ջոն Միլթոնը ծնվել է 1608 թ.–ին Լոնդոնի հարուստ ընտանիքներից մեկում։ Նա հիշում է. «Իմ վաղ մանկությունից հայրս ինձ մեծ սեր էր ներշնչել գրականության հանդեպ։ 12 տարեկանից սկսած՝ ես այնպիսի փափագով էի ընթերցում և ուսումնասիրում, որ հազվադեպ էի կեսգիշերից շուտ գնում քնելու»։ Ուսման մեջ նա մեծ հաջողությունների հասավ և, 1632 թ.–ին ավարտելով Քեմբրիջի համալսարանը, ստացավ մագիստրոսի կոչում։ Այնուհետև ուսումնասիրեց պատմություն և դասական գրականություն։
Միլթոնը ցանկանում էր դառնալ բանաստեղծ, բայց այդ օրերին Անգլիան հեղափոխական թոհուբոհի մեջ էր։ Պառլամենտը՝ Օլիվեր Կրոմվելի գլխավորությամբ, ստեղծեց հատուկ դատարան, որի վճռով Կարլոս I թագավորը 1649 թ.–ին գլխատվեց։ Արձակ ոճի ուժն օգտագործելով՝ Միլթոնը արդարացրեց թագավորի գլխատումը և դարձավ Կրոմվելի կառավարության խոսնակ։ Փաստորեն, նախքան բանաստեղծի համբավ ձեռք բերելը Ջոն Միլթոնն արդեն հայտնի անձնավորություն էր. նրան հռչակ էին բերել իր քաղաքական և բարոյախոսական պամֆլետները։
Կարլոս II–ի թագադրումով 1660 թ.–ին միապետությունը վերականգնվեց, և Միլթոնը հայտնվեց վտանգավոր իրավիճակում, քանի որ աջակցել էր Կրոմվելին։ Նա միայն իր ազդեցիկ ընկերների շնորհիվ կարողացավ խույս տալ մահից։ Սակայն, չնայած այդ ամենին, հոգևորի հանդեպ նրա հետաքրքրությունը չթուլացավ։
«Ըստ Աստվածաշնչի չափանիշների»
Միլթոնը գրում է, թե վաղ շրջանում հոգևոր ինչ հետաքրքրություններ ուներ. «Ես մանուկ հասակից տրվեցի բնագիր լեզուներով Հին և Նոր Կտակարանների ուսումնասիրությանը»։ Միլթոնը եզրակացրեց, որ միայն Սուրբ Գրություններն են հուսալի առաջնորդություն տալիս բարոյական ու հոգևոր հարցերում։ Սակայն ուսումնասիրելով իր օրերի հեղինակավոր աստվածաբանական աշխատությունները՝ նա խոր հիասթափություն ապրեց։ «Ես մտածեցի, որ չեմ կարող իմ համոզմունքները և փրկության հույսը հիմնել դրանց վրա»,— հետագայում գրեց նա։ Վճռականորեն տրամադրված լինելով իր համոզմունքները ստուգելու «ըստ Աստվածաշնչի չափանիշների»՝ Միլթոնը սուրբգրային կարևոր համարների ցուցակ կազմեց և դրանք խմբավորեց առանձին խորագրերի տակ և օգտվում էր այդ ցուցակից։
Այսօր Ջոն Միլթոնին հիմնականում հիշում են «Դրախտ կորուսյալ» պոեմով։ Այնտեղ հեղինակը չափածո ոճով վերապատմում է մարդու՝ կատարելությունը կորցնելու մասին աստվածաշնչային արձանագրությունը (Ծննդոց, գլուխ 3)։ Միլթոնին գրական փառք բերեց, հատկապես անգլիախոս աշխարհում, գլխավորապես այս աշխատությունը, որի առաջին հրատարակությունը եղավ 1667 թ.–ին։ Հետագայում նա լույս ընծայեց դրա շարունակությունը՝ «Դրախտ վերադարձյալ» վերնագրով («Paradise Regained»)։ Այդ պոեմներում ներկայացված է, թե որն է Աստծու սկզբնական նպատակը մարդու վերաբերյալ. վայելել կատարյալ կյանք դրախտային երկրում։ Դրանք նաև ընդգծում են, որ Աստված երկրի վրա Դրախտը վերականգնելու է Քրիստոսի միջոցով։ «Դրախտ կորուսյալ»–ում, օրինակ, Միքայել հրեշտակապետը կանխագուշակում է այն ժամանակները, երբ Քրիստոսը «կպարգևատրի Իր հավատարիմներին և կընդունի նրանց երանության մեջ՝ երկնքում թե երկրի վրա։ Այն ժամանակ երկիրը կլինի դրախտ, որտեղ օրերը շատ ավելի ուրախ կլինեն, և որը շատ ավելի երանավետ վայր կլինի, քան Եդեմն է եղել»։
«Քրիստոնեական ուսմունքների մասին»
Տարիներ ի վեր Միլթոնը նաև ցանկանում էր մի ծավալուն գիրք գրել քրիստոնեական կյանքի և ուսմունքների մասին։ Չնայած որ 1652 թ.–ին արդեն լիովին կուրացել էր, նա քարտուղարների օգնությամբ աշխատեց այս նախագծի վրա մինչև մահ՝ 1674 թվականը։ Միլթոնն իր այս վերջին աշխատանքն անվանեց «Քննախոսություն քրիստոնեական ուսմունքների մասին՝ հիմնված միայն Սուրբ Գրությունների վրա» («A Treatise on Christian Doctrine Compiled From the Holy Scriptures Alone»)։ Ներածականում նա գրեց. «Գրողների մեծամասնությունը, ովքեր արծարծել են այս թեման, ընդամենը համառոտակի հղումներ են կատարել՝ նշելով գլուխը և խոսքը։ Այնինչ նրանց ուսուցումները լիովին կախված են սուրբգրային այդ համարներից։ Ինչ վերաբերում է ինձ, ես ջանացել եմ լցնել, նույնիսկ հեղեղել իմ էջերը Աստվածաշնչի բոլոր գրքերից վերցված մեջբերումներով»։ Իսկապես, Միլթոնը «Քրիստոնեական ուսմունքների մասին» գրքում ավելի քան 9 000 անգամ հղում է կատարել Աստվածաշնչին կամ էլ մեջբերել է այնտեղից։
Թեև Ջոն Միլթոնը նախկինում չէր վախենում իր հայացքներն արտահայտելուց, նա չհրատարակեց այդ աշխատությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև գիտեր, որ սուրբգրային իր բացատրությունները մեծապես տարբերվում են եկեղեցու ուսմունքներից։ Բացի այդ, միապետության վերականգնումից հետո նա այլևս չէր վայելում կառավարության բարեհաճությունը։ Ուստի Միլթոնը հավանաբար սպասում էր ավելի հանդարտ ժամանակների։ Բայց նա մահացավ։ Նրա քարտուղարը լատիներեն ձեռագիրը տարավ մի հրատարակչություն, որը, սակայն, հրաժարվեց տպագրել։ Անգլիայի նախարարներից մեկի կարգադրությամբ ձեռագիրը բռնագրավվեց և հանձնվեց արխիվ։ Միլթոնի գիրքը լույս էր տեսնելու միայն հարյուր հիսուն տարի անց։
1823 թ.–ին մի գրասենյակային աշխատող պատահաբար գտավ հռչակավոր բանաստեղծի աշխատությունը։ Անգլիայում արդեն իշխում էր Գեորգ IV թագավորը, որը հրամայեց գիրքը լատիներենից թարգմանել անգլերեն և լույս ընծայել։ Երկու տարի անց այն տպագրվեց և աստվածաբանական ու գրական շրջաններում բուռն վեճերի տեղիք տվեց։ Մի եպիսկոպոս իսկույն հայտարարեց, որ ձեռագիրը կեղծիք է, և չէր ուզում հավատալ, որ Միլթոնը, որին շատերը համարում էին Անգլիայի մեծագույն կրոնական բանաստեղծը, կարող էր այդպես վճռականորեն հերքել եկեղեցու սուրբ ուսմունքները։ Կանխատեսելով նման հակազդեցություն և հաստատելով Միլթոնի հեղինակությունը՝ թարգմանիչը այդ հրատարակության մեջ ներառել էր 500 մանրակրկիտ ծանոթագրություններ, որոնցում ցույց էր տալիս կապը այդ գրքի և «Դրախտ կորուսյալ»–ի միջև։a
Միլթոնի համոզմունքները
Միլթոնի ժամանակներում Անգլիան արդեն բողոքականություն էր ընդունել և խզել էր կապերը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ։ Բողոքականների շրջանում ընդունված էր, որ հավատի և բարոյականության հարցերում պետք է հեղինակություն համարել Սուրբ Գրությունները և ոչ թե պապին։ Սակայն «Քրիստոնեական ուսմունքների մասին» գրքում Միլթոնը ցույց տվեց, որ նույնիսկ բողոքական ուսմունքներից և սովորություններից շատերը չեն համապատասխանում Գրություններին։ Աստվածաշնչի հիման վրա նա մերժեց կալվինական նախասահմանության ուսմունքը՝ ասելով, որ մարդը ստեղծված է ազատ կամքով։ Նա խրախուսեց Աստծու անվան (Եհովա) հարգալից գործածությունը՝ այն հաճախակի օգտագործելով իր աշխատություններում։
Գրությունների հիման վրա Միլթոնն ապացուցեց, որ մարդու հոգին կարող է մահանալ։ Մեկնաբանելով Ծննդոց 2։7–ը՝ նա գրեց. «Երբ մարդը ստեղծվեց այս կերպով, վերջում ասվեց. «Այսպես մարդը կենդանի հոգի եղավ».... Նա երկու էություն չունի և բաժանելի չէ և, ինչպես որ սովորաբար կարծում են, չի առաջացել ու բաղկացած չէ երկու իրարից տարբեր ու առանձին տարրերից՝ հոգուց և մարմնից։ Հակառակը՝ մարդն ամբողջությամբ հոգի է, իսկ հոգին մարդն է»։ Այնուհետև Միլթոնը հարց տվեց. «Մարդն ամբողջությա՞մբ է մահանում, թե՞ միայն նրա մարմինը»։ Մի շարք սուրբգրային համարներ մեջբերելուց հետո՝ ապացուցելու համար, որ մարդն ամբողջությամբ է մահանում, նա ավելացրեց. «Բայց ամենահամոզիչ ապացույցը, որ ես կարող եմ բերել հոգու մահանալու վերաբերյալ, հենց Աստծու խոսքերն են՝ գրված Եզեկ[իել 18։]20–ում. «Մեղանչող հոգին ինքը կմեռնի»»։ Ցույց տալով, որ մահացածների համար մահվան քնից արթնանալու հույս կա, երբ ապագայում լինի հարություն՝ Միլթոնը մեջբերեց Ղուկաս 20։37–ը և Հովհաննես 11։25–ը։
Ինչո՞ւ «Քրիստոնեական ուսմունքների մասին» գիրքն այդքան ուժեղ հակազդեցություն առաջացրեց։ Որովհետև Միլթոնը բերեց սուրբգրային մի պարզ, բայց զորեղ ապացույց, որ Քրիստոսը՝ Աստծու Որդին, ենթակա է Աստծուն՝ Հորը։ Հովհաննես 17։3–ը և 20։17–ը մեջբերելով՝ Միլթոնը հարց տվեց. «Եթե Հայրը թե՛ Քրիստոսի և թե՛ մեր Աստվածն է, և եթե կա միայն մեկ Աստված, ապա ո՞վ կարող է Աստված լինել՝ բացի Հորից»։
Միլթոնն ավելացրեց. «Ինքը Որդին և նրա առաքյալներն իրենց բոլոր խոսքերում և գրություններում ընդունում են, որ Հայրը մեծ է Որդուց ամեն ինչում» (Հովհաննես 14։28)։ «Այո՛, Հիսուսն ինքը Մատթեոս XXVI.39–ում ասաց. «Օ՜, Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն անցնի ինձանից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու».... Ինչո՞ւ է նա աղոթում միայն Հորը և ոչ թե իրեն, եթե ինքը իսկապես Աստված է։ Եթե նա և՛ մարդ է, և՛ բարձրագույն Աստված, ապա ընդհանրապես ինչո՞ւ է աղոթում մի բանի համար, որն ինքն ի զորու է անելու.... Որդին ինչպես որ ամենուրեք պաշտում է Հորը և ակնածում է նրանից, այնպես էլ մեզ է սովորեցնում անել»։
Միլթոնը որոշ բաներ ճիշտ չէր հասկանում
Ջոն Միլթոնը փնտրում էր ճշմարտությունը։ Բայցևայնպես, նա անկատար մարդ էր, և նրա որոշ տեսակետների վրա, հնարավոր է, ազդել էին կյանքի տհաճ եղելությունները։ Օրինակ՝ ամուսնությունից կարճ ժամանակ անց նրա կինը, որը ռոյալիստ կալվածատիրոջ դուստր էր, լքեց նրան ու վերադարձավ իր հոր տուն՝ այնտեղ մնալով մոտ երեք տարի։ Այդ ընթացքում Միլթոնը գրեց պամֆլետներ, որտեղ արդարացնում էր ամուսնալուծությունը՝ հիմք ընդունելով ոչ միայն ամուսնական անհավատարմությունը (միակ հիմնավոր պատճառը, որ նշել էր Հիսուսը), այլև անհամատեղելիությունը (Մատթեոս 19։9)։ Նույն միտքը նա զարգացրեց «Քրիստոնեական ուսմունքների մասին» գրքում։
Չնայած Միլթոնի որոշ սխալ գաղափարներին՝ «Քրիստոնեական ուսմունքների մասին» գիրքը համոզիչ կերպով ներկայացնում է Աստվածաշնչի տեսակետը բազմաթիվ կարևոր հարցերի վերաբերյալ։ Մինչև օրս նրա այս աշխատությունը պարտավորեցնում է ընթերցողներին ստուգել իրենց համոզմունքները Սուրբ Գրությունների լույսի ներքո։
[ծանոթագրություն]
a «Քրիստոնեական ուսմունքների մասին» գրքի նոր թարգմանությունը (անգլ.) կատարվել է 1973 թ.–ին Յեյլի համալսարանի կողմից։ Այս թարգմանությունը նույնիսկ ավելի մոտ է Միլթոնի լատիներեն բնագրին։
[նկար 11–րդ էջի վրա]
Միլթոնը Աստվածաշնչի խորաքնին ուսումնասիրող էր
[թույլտվությամբ]
Courtesy of The Early Modern Web at Oxford
[նկար 12–րդ էջի վրա]
«Դրախտ կորուսյալ» պոեմը Միլթոնին հռչակ բերեց
[թույլտվությամբ]
Courtesy of The Early Modern Web at Oxford
[նկար 12–րդ էջի վրա]
Միլթոնի վերջին աշխատանքը կորած էր շուրջ 150 տարի
[թույլտվությամբ]
Image courtesy of Rare Books and Special Collections, Thomas Cooper Library, University of South Carolina
[նկար 11–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Image courtesy of Rare Books and Special Collections, Thomas Cooper Library, University of South Carolina