Ունե՞ս արդյոք հոգեվոր ուսուցիչ
ՊԱՏԱՆԻ Ոզիան, որն ընդամենը 16 տարեկան էր, դարձավ Հուդայի հարավային թագավորության թագավոր։ Նա կառավարեց ավելի քան 50 տարի՝ մ.թ.ա. իններորդ դարի վերջերից մինչև մ.թ.ա. ութերորդ դարի սկզբները։ Վաղ տարիքից Ոզիան «ուղղություն էր անում Տիրոջ աչքի առաջին»։ Ի՞նչը մղեց նրան աստվածահաճո ընթացք բռնել։ Պատմական արձանագրությունն ասում է. «[Ոզիան] խնդրում էր [«կը փնտռէր», ԱԱ] Աստուծուն Զաքարիայի օրերումը, որ Աստուծոյ տեսիլքներին հմուտ էր. [«որը նրան սովորեցնում էր վախենալ ճշմարիտ Աստծուց», ՆԱ] եւ քանի ժամանակ որ նա խնդրում էր Տիրոջը, Աստուած նորան յաջողութիւն էր տալիս» (Բ Մնացորդաց 26։1, 4, 5)։
Բացի այս հատվածից, Աստվածաշնչում ուրիշ ոչ մի տեղ չի խոսվում թագավորի խորհրդական Զաքարիայի մասին։ Նա Ոզիային սովորեցնում էր վախենալ Աստծուց և դրանով օգնում էր պատանի թագավորին ճիշտ քայլեր կատարել։ Մի աշխատության մեջ նշվում է, որ Զաքարիան, ամենայն հավանականությամբ, «Սուրբ Գրությունների գիտակ էր, հարուստ հոգևոր փորձ ուներ և կարողանում էր իր գիտելիքները փոխանցել ուրիշներին» («The Expositor’s Bible»)։ Իսկ մի աստվածաշնչագետ Զաքարիայի մասին ասում է. «Նա շատ լավ գիտեր մարգարեությունները ու.... խելացի, նվիրված, լավ մարդ էր և, ըստ ամենայնի, մեծ ազդեցություն ուներ Ոզիայի վրա»։
Ոզիան առատապես օրհնվեց իր հավատարմության համար, և նա «շատ ուժովացաւ», որովհետև «Աստուած նորան օգնեց»։ Նա «Զաքարիայի օրերումը» հաջողությունների հասավ, քանի որ հոգևորը դրել էր առաջին տեղում և աստվածահաճո ընթացք էր բռնել (Բ Մնացորդաց 26։6–8)։ Սակայն երբ մեծ ձեռքբերումներ ունեցավ, իր ուսուցչի՝ Զաքարիայի սովորեցրած բաները մոռացավ։ Ոզիայի «սիրտը հպարտացաւ մինչեւ չարութիւն գործելու, եւ յանցանք գործեց իր Տէր Աստուծոյ դէմ»։ Իսկ երբ նա անհարգալից արարք կատարեց, Աստված նրան հարվածեց մաշկային զզվելի հիվանդությամբ։ Ոզիան այլևս ի վիճակի չէր լիովին կատարելու թագավորի իր պարտականությունները (Բ Մնացորդաց 26։16–21)։
Կա՞ քո կյանքում այնպիսի անձնավորություն, ով կարող է լինել ուսուցիչ քեզ համար, և ով մղում է քեզ փնտրելու Աստծուն։ Դու կարող ես ունենալ հոգևոր ուսուցիչ՝ անկախ այն բանից՝ երիտասարդ ես, թե տարեց, տղամարդ ես, թե կին։ Թանկ գնահատիր այդպիսի անձնավորությանը, քանի որ նրա խորհուրդները կարող են օգնել քեզ անելու այն, ինչ ճիշտ է Եհովայի տեսանկյունից։ Լսիր այդ հասուն քրիստոնյային և ուշադրություն դարձրու նրա տված խորհուրդներին։ Երբեք մի՛ անտեսիր այն մարդու իմաստուն խոսքերը, որը վախենում է ճշմարիտ Աստծուց (Առակաց 1։5; 12։15; 19։20)։