Երբ քրիստոնյաները մաղվում են ցորենի պես
ԻՐ ՄԱՀԻՑ կարճ ժամանակ առաջ Հիսուսը զգուշացրեց իր աշակերտներին՝ ասելով. «Ահա Սատանան պահանջեց, որ մաղի ձեզ ցորենի պես» (Ղուկ. 22։31)։ Ի՞նչ նկատի ուներ նա՝ այդ խոսքերն ասելով։
Հիսուսի օրերում ցորենի հունձը շատ ժամանակ ու ջանքեր էր պահանջում։ Նախ հնձվորները դաշտից հավաքում էին ցորենի հասկերը։ Այնուհետև նրանք հասկերը հարվածում էին կոշտ մակերևույթին կամ ընտանի կենդանիների միջոցով քաշում էին կամնասայլը հասկերի վրայով՝ դրանք մանրացնելու համար։ Այդ ժամանակ հացահատիկը առանձնանում էր ցողուններից ու թեփից։ Ապա հնձվորները ամբողջ խառնուրդը օդ էին նետում։ Ցորենի հատիկները ընկնում էին կալի վրա, իսկ մեղմ քամին թեփը քշում էր մի կողմ։ Վերջում հացահատիկը զգուշությամբ մաղում էին, որպեսզի հեռացնեին անպիտան բաները։
Հիսուսի խոսքերը ճիշտ էին։ Սատանան անդադար հարձակումներ գործեց աշակերտների վրա հնում և հարձակումներ է գործում այսօր մեզ վրա (Եփես. 6։11)։ Ճիշտ է, ամեն դժվարություն չէ, որ ուղղակիորեն Սատանայի կողմից է գալիս (Ժող. 9։11)։ Այդուհանդերձ Սատանան պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց, որ կա իր ձեռքում, մեր անարատությունը կոտրելու համար։ Օրինակ՝ նա կարող է փորձության ենթարկել մեզ՝ դրդելով ապրել նյութապաշտ կյանքով, ընտրել վնասակար զվարճություններ կամ ընկնել անբարո վարքի մեջ։ Նա կարող է նաև մեր դասընկերների կամ աշխատակիցների և մեր հավատը չընդունող բարեկամների միջոցով ճնշում գործադրել մեզ վրա, որպեսզի լիովին օգտվենք այն ամենից, որ առաջարկում է աշխարհը ուսման և աշխատանքի բնագավառներում։ Դեռ ավելին, Սատանան կարող է բացահայտ հալածանքի միջոցով փորձել կոտրել Աստծու հանդեպ մեր անարատությունը։ Անշուշտ, նա շատ ուրիշ կերպերով էլ է փորձում, այսպես ասած, մաղել մեզ։
Ինչպե՞ս կարող ենք հակառակվել այս հզոր թշնամուն։ Մենք դա չենք կարող անել մեր սեփական ուժերով։ Սատանան մեզնից ավելի զորեղ է, սակայն մենք գիտենք, որ Եհովան անհամեմատ զորեղ է։ Եթե լիարժեքորեն վստահենք Եհովային, փորձության ժամանակ ջերմեռանդորեն աղոթենք իմաստություն և քաջություն ստանալու համար ու ամբողջությամբ ապավինենք նրա առաջնորդությանը, նա կզորացնի մեզ, որ դիմանանք Սատանայի հարձակումներին (Սաղ. 25։4, 5)։
Փորձության ենթարկվելիս մենք պետք է «ճիշտն ու սխալը զանազանելու» կարողություն ունենանք, որպեսզի չմոլորվենք Սատանայի խարդախ ծրագրերից (Եբր. 5։13, 14)։ Եհովան կօգնի մեզ զարգացնել այդ կարողությունը։ Ուստի մենք պետք է ամուր բռնենք ճիշտ ընթացքը՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի։ Եթե հետևենք Եհովայի առաջնորդությանը, նա անկասկած թիկունք կկանգնի ճիշտն անելու վերաբերյալ մեր համարձակ որոշմանը (Եփես. 6։10)։
Սատանան գուցե փորձի մեզ մաղել ցորենի պես։ Բայց Եհովայի զորությամբ մենք կարող ենք հակառակվել նրան և ամուր մնալ հավատի մեջ (1 Պետ. 5։9)։ Այո՛, Եհովայի Խոսքը հավաստիացնում է մեզ. «Հակառակվե՛ք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակ. 4։7)։