Անչափ կարևոր հանդիպում
ԱՆՀԱՄԲԵՐ սպասում եմ մի շատ կարևոր հանդիպման։ Ես երիտասարդ մայր եմ, ազգությամբ՝ իսպանացի։ Թույլ տվեք պատմել, թե այդ ինչ հանդիպում է։
Ծնողներիս տանը չկար սեր ու համերաշխություն։ Չորս տարեկան եղբայրս մահացավ դժբախտ պատահարից։ Մենք անչափ վշտացած էինք։ Հորս վատ սովորությունները ևս դառնացնում էին մորս կյանքը։ Սակայն դա չխանգարեց մայրիկին բարոյական արժեքներ սերմանել իմ և ավագ եղբորս մեջ։
Ժամանակի ընթացքում ես էլ, եղբայրս էլ ամուսնացանք։ Շուտով հայտնաբերվեց, որ մայրս քաղցկեղով հիվանդ է։ Որոշ ժամանակ անց նա մահացավ։ Բայց նախքան մահանալը մայրս մեզ մի գանձ էր «կտակել»։
Նրա ծանոթներից մեկը պատմել էր նրան հարության վերաբերյալ աստվածաշնչյան հույսի մասին, և մայրս համաձայնվել էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կյանքի վերջում սուրբգրային ճշմարտությունները իմաստավորեցին մորս կյանքը և երջանկությամբ լցրին նրա սիրտը։
Տեսնելով Աստվածաշնչի դրական ազդեցությունը մայրիկի վրա՝ ես ու եղբայրս նույնպես սկսեցինք ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Ես մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։ Մեկ ամիս անց ծնվեց երկրորդ երեխաս։ Նա մի գեղեցիկ աղջնակ էր։ Անունը դրեցինք Լուսիա։
Մկրտությանս օրը շատ կարևոր էր ինձ համար։ Այժմ ես պատկանում էի Եհովային, քանի որ նվիրվել էի նրան և ուզում էի հավիտյան ծառայել իրեն։ Բացի այդ, կարող էի օգնել սիրելի որդուս ու դստերս հավատ զարգացնել Աստծու հանդեպ։
Սակայն ուրախությունս շուտով խաթարվեց։ Երբ Լուսիան չորս տարեկան էր, նա ստամոքսում սկսեց ուժեղ ցավեր զգալ։ Մի քանի հետազոտություններից հետո ռենտգենոլոգը ասաց, որ երեխայի լյարդի մոտ նարնջի չափ գոյացություն կա։ Բժիշկը հայտնեց, որ Լուսիան ունի նեյրոբլաստոմա՝ արագ զարգացող չարորակ ուռուցք։ Այսպես սկսվեց աղջկաս յոթնամյա պայքարը քաղցկեղի դեմ։ Լուսիան ստիպված էր բազմաթիվ օրեր ու ամիսներ անցկացնել հիվանդանոցում։
Անձնազոհ ոգի
Այդ ծանր տարիներին Լուսիան հաճախ էր ինձ քաջալերում իր ջերմ գրկախառնություններով ու համբույրներով։ Այն, թե ինչպես էր նա տանում հիվանդությունը, անչափ տպավորել էր հիվանդանոցի աշխատողներին։ Նա միշտ պատրաստ էր համագործակցել նրանց հետ։ Լուսիան օգնում էր նրանց յոգուրտ, հյութ և այլ բաներ տանել մյուս հիվանդասենյակներում պառկած երեխաների համար։ Բուժքույրերը նույնիսկ սպիտակ խալաթ ու «բեյջ» էին տվել նրան, որի վրա գրված էր՝ «բուժքրոջ օգնական»։
«Լուսիան միանգամից սիրտս մտավ,— հիշում է հիվանդանոցի աշխատողներից մեկը։— Նա աշխույժ, կենսախինդ երեխա էր, ուներ ստեղծագործ միտք և սիրում էր նկարել։ Նա հասուն, շա՜տ հասուն էր»։
Աստվածաշունչը Լուսիային ուժ էր տալիս և օգնում էր հանգիստ մնալ (Եբր. 4։12)։ Նա համոզված էր, որ նոր աշխարհում, ինչպես որ խոստացված է Աստծու Խոսքում, «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտն. 21։4)։ Նա հետաքրքրված էր մարդկանցով, ուստիև առիթը բաց չէր թողնում նրանց հետ խոսելու Աստվածաշնչից։ Լուսիան խորապես հավատում էր հարությանը, և դա օգնում էր նրան տիրապետել ինքն իրեն և կենսուրախ մնալ՝ չնայած իր անհույս վիճակին (Ես. 25։8)։ Նա իր այդ տրամադրվածությունը պահպանեց մինչև մահ։
Հենց այդ օրն էր, որ ես անչափ կարևոր հանդիպում նշանակեցի։ Լուսիան հազիվ էր բացում աչքերը։ Հայրը բռնել էր նրա մի ձեռքը, ես՝ մյուսը։ «Մի՛ անհանգստացիր։ Ես քեզ չե՛մ թողնի,— շշնջացի ես։— Ուղղակի դանդաղ շնչիր... Երբ արթնանաս, քեզ լավ կզգաս։ էլ ոչ մի տեղդ չի ցավի... Ես քեզ հետ կլինեմ»։
Այժմ պետք է ամեն ինչ անեմ, որ այդ հանդիպումը կայանա։ Գիտեմ, որ հեշտ չէ սպասել։ Բայց նաև գիտեմ, որ եթե համբերեմ, վստահեմ Եհովային և պահեմ անարատությունս, կդիմավորեմ Լուսիային, երբ հարություն առնի։
Լուսիայի թողած «ժառանգությունը»
Լուսիայի քաջությունը, ինչպես նաև ժողովի սիրալիր աջակցությունը խոր տպավորություն թողեցին ամուսնուս վրա, որը չէր ընդունում իմ կրոնական համոզմունքները։ Այն օրը, երբ Լուսիան մահացավ, նա ինձ ասաց, որ պետք է վերանայի իր հայացքները։ Մի քանի շաբաթ անց ամուսինս ժողովի երեցներից մեկին խնդրեց Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել իր հետ։ Շուտով նա սկսեց հաճախել բոլոր հանդիպումներին։ Եհովայի օգնությամբ ամուսինս թողեց ծխելը, ինչը չէր կարողանում անել նախկինում։
Իմ վիշտը չի փարատվել, սակայն այնքան շնորհակալ եմ Եհովային, որ Լուսիան կարողացավ յուրօրինակ «ժառանգություն» թողնել։ Ես ու ամուսինս մխիթարում ենք միմյանց հարության հրաշալի հույսով։ Պատկերացնում ենք այն պահը, երբ դարձյալ կտեսնենք մեր աղջկան՝ նրա վառվռուն կլորիկ աչքերը և այտերի փոսիկները, որոնք հայտնվում էին դեմքին, երբ ժպտում էր։
Աղջկաս ողբերգական մահը խիստ ազդել էր հարևանուհիներից մեկին։ Մի անձրևոտ շաբաթ օր այդ կինը, որի որդին Լուսիայի դպրոցից էր, եկավ մեր տուն։ Նա կորցրել էր իր 11–ամյա որդուն այդ նույն հիվանդության պատճառով։ Երբ լսել էր Լուսիայի մասին, գտել էր մեր տունը և որոշել էր այցելել։ Նա ուզում էր իմանալ, թե ես ինչպես եմ տանում աղջկաս կորուստը, և առաջարկեց օգնության խումբ կազմել՝ նման ցավ կրած մայրերին մխիթարելու համար։
Նրան բացատրեցի, որ անձամբ ես զորություն եմ ստանում աստվածաշնչյան մի խոստումից, որն ինձ համար ամենից մխիթարականն է։ Նրա աչքերը փայլեցին, երբ կարդացի Հիսուսի խոսքերը Հովհաննես 5։28, 29–ում։ Հարևանուհիս համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել և շուտով սկսեց զգալ «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպ. 4։7)։ Երբ միասին Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, հաճախ դադար ենք տալիս և պատկերացնում, թե ինչպես ենք նոր աշխարհում դիմավորելու մեր երեխաներին և մյուս հարազատներին։
Այո՛, Լուսիայի կարճատև կյանքը տևական «ժառանգություն» թողեց։ Նրա հավատի շնորհիվ մենք սկսեցինք ամբողջ ընտանիքով երկրպագել Աստծուն։ Ես է՛լ ավելի եմ լցված հավատս ամուր պահելու վճռականությամբ։ Անկասկած, բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, անչափ կարևոր հանդիպում ունեն ապագայում։
[նկար 20–րդ էջի վրա]
Լուսիայի նկարած Դրախտը