Արմագեդոն. Աստծու պատերազմը, որը վերջ կդնի բոլոր պատերազմներին
«Մարդուն սպանելը նրանք դաժանություն են համարում, ուստի նրանց համար պատերազմը անհասկանալի է և գարշելի, մի բան, որի համար նրանց լեզվում այդ իմաստով բառ անգամ չկա» (ԳՐԵՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԱՊՐՈՂ ԷՍԿԻՄՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՆՈՐՎԵԳԱՑԻ ՀԵՏԱԽՈՒՅԶ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ, 1888)։
ՄԵԶՆԻՑ ո՞վ չէր ցանկանա ապրել այնպիսի հասարակության մեջ, որտեղ պատերազմ հասկացությունը «անհասկանալի է և գարշելի»։ Ո՞վ չի ուզի ապրել այնպիսի աշխարհում, որտեղ «պատերազմ» բառն անգամ անծանոթ է մարդկանց։ Այսպիսի աշխարհը գուցե անիրական թվա, հատկապես եթե նման աշխարհ հաստատելու համար մեր հույսը դնենք մարդկանց վրա։
Սակայն Եսայիայի մարգարեության մեջ Աստված խոստանում է այսպիսի աշխարհն իրականություն դարձնել. «Նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2։4)։
Հստակ է, որ այս խոստումը իրականացնելու համար հարկավոր է այսօրվա աշխարհում մեծ փոփոխություններ կատարել, քանի որ ներկայումս զինվորական ծառայության մեջ գտնվում է 20 միլիոն զինվոր, և տեղի են ունենում մոտ 20 կատաղի պատերազմներ։ Զարմանալի չէ, որ ամենազոր Եհովա Աստված պետք է միջամտի մարդկանց գործերին։ Եհովայի միջամտությունը իր գագաթնակետին կհասնի մի պատերազմով, որն Աստվածաշունչը կոչում է «Արմագեդոն» (Հայտնություն 16։14, 16)։
Չնայած վերջին տարիներին «Արմագեդոն» բառը օգտագործվել է բնորոշելու համաշխարհային միջուկային պատերազմը, սակայն մի բառարանում այս բառի համար որպես հիմնական նշանակություն ասվում է. «Վայր, որտեղ բարի և չար ուժերի միջև մեծ և վերջնական ընդհարում տեղի կունենա»։ Արդյոք բարին երբևէ կհաղթի՞ չարին, թե՞ այսպիսի ընդհարումը լոկ երևակայության արդյունք է։
Մենք կարող ենք քաջալերվել, քանի որ Աստվածաշնչում բազմիցս խոսվում է այն մասին, որ չարությանը վերջ է դրվելու։ «Մեղաւորները կ’պակասեն երկրիցը, եւ ամբարիշտներն էլ չեն լինիլ»,— կանխագուշակել է սաղմոսերգուն (Սաղմոս 104։35)։ Իսկ «Առակաց» գրքում գրված է. «Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։ Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից» (Առակաց 2։21, 22)։
Աստվածաշունչը նաև պարզ ասում է, որ չարերը խաղաղությամբ չեն հրաժարվի իրենց իշխանությունից, ուստի վերջնական պատերազմի կարիք կա, որպեսզի վերացվի չարությունը, այդ թվում նաև պատերազմները (Սաղմոս 2։2)։ Այս առանձնահատուկ պատերազմը, որն Աստվածաշունչը կոչում է «Արմագեդոն», շատ նշանակալից է։
Մեգիդոյի մոտ տեղի ունեցած մարտերը
«Արմագեդոն» բառը նշանակում է «Մեգիդո լեռ»։ Հնագույն Մեգիդո քաղաքը և նրա շրջակայքում գտնվող Հեզրայելի հովիտը երկար ժամանակ հայտնի են եղել վճռական մարտերով։ Պատմաբան Էրիկ Քլայնը իր՝ «Արմագեդոնի պատերազմները» գրքում նշում է. «Պատմության ընթացքում Մեգիդոն և Հեզրայելի հովիտը եղել են վայրեր, որտեղ տեղի ունեցած ճակատամարտերը վճռորոշ են եղել մարդկային քաղաքակրթության հետագա զարգացման համար» (The Battles of Armageddon)։
Ինչպես նշում է Քլայնը, Մեգիդոյի մոտ մղված ճակատամարտերը հաճախ վճռական են եղել։ Օրինակ՝ մոնղոլական զորքերը, որոնք 13–րդ դարում նվաճեցին Ասիայի մեծ մասը, առաջին անգամ պարտություն կրեցին այս հովտում։ Մեգիդոյից ոչ հեռու գեներալ Էդմունդ Ալենբիի գլխավորությամբ բրիտանական զորքերը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պարտության մատնեցին թուրքերին։ Մի պատմաբան Ալենբիի հաղթանակը նկարագրեց որպես «ամենակարճ և ամենավճռական ճակատամարտերից մեկը ողջ պատմության մեջ»։
Աստվածաշնչում հիշատակված վճռական ճակատամարտերը նույնպես մղվել են Մեգիդոյի մոտ։ Այնտեղ Բարակ դատավորը հաղթեց Սիսարայի գլխավորած քանանական բանակին (Դատաւորաց 4։14–16; 5։19–21)։ Այս տարածքում Գեդեոնը 300 մարդուց բաղկացած փոքր զորքով ջախջախեց մադիանացիների հզոր բանակը (Դատաւորաց 7։19–22)։ Իսկ Սավուղ թագավորը և նրա որդին՝ Հովնաթանը, մահացան Գեղբուե լեռան մոտ, երբ պաղեստինյան բանակը պարտության մատնեց իսրայելացիներին (Ա Թագաւորաց 31։1–7)։
Ռազմավարական տեսանկյունից՝ Մեգիդոն և նրա հարևանությամբ գտնվող հովիտը բարենպաստ դիրքում էին, այդ պատճառով էլ վերջին 4 000 տարիների ընթացքում այնտեղ մեծ թվով ճակատամարտեր են տեղի ունեցել։ Մի պատմաբանի հաշվարկներով՝ այդտեղ մղվել է առնվազն 34 ճակատամարտ։
Մեգիդոյի պատմությունը և նրա ռազմավարական դիրքը, անկասկած, կապ ունեն «Արմագեդոն» բառի փոխաբերական գործածության հետ։ Թեև այս բառը Աստվածաշնչում միայն մեկ անգամ է հանդիպում, «Հայտնություն» գրքի համատեքստը օգնում է մեզ հասկանալ, որ Արմագեդոնը ազդելու է երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի վրա։
Արմագեդոնը՝ ըստ Աստվածաշնչի
Թեպետ Մեգիդոյի մոտ տեղի ունեցած շատ պատերազմներ վճռորոշ են եղել, դրանցից ոչ մեկը չի վերացրել չարությունը։ Ոչ մեկը տեղի չի ունեցել բարի և չար ուժերի միջև։ Տրամաբանական է, որ այդպիսի պատերազմը պետք է Աստված իրականացնի։ Մի անգամ Հիսուսն ասաց. «Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված» (Ղուկաս 18։19)։ Աստվածաշունչը հստակորեն ասում է, որ Արմագեդոնը Աստծու պատերազմն է։
Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում ասվում է, որ «ողջ բնակեցված երկրի թագավորները» միասին հավաքվելու են «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի համար» (Հայտնություն 16։14)։ Այնուհետև մարգարեական արձանագրության մեջ նշվում է. «Եվ նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Արմագեդոն է կոչվում» (Հայտնություն 16։16)a։ Ավելի ուշ «Հայտնություն» գիրքը բացատրում է, որ «երկրի թագավորներն ու նրանց զորքերը» միասին հավաքվելու են, որ «պատերազմեն ձիու վրա նստածի ու նրա զորքի դեմ» (Հայտնություն 19։19)։ Այս ձիավորը Հիսուս Քրիստոսն է (1 Տիմոթեոս 6։14, 15; Հայտնություն 19։11, 12, 16)։
Ի՞նչ եզրակացության պետք է գանք այս համարներն ընթերցելուց հետո։ Արմագեդոնը պատերազմ է Աստծու և անհնազանդ մարդկանց միջև։ Ինչո՞ւ են Եհովան և նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, այսպիսի պատերազմ մղելու։ Պատճառներից մեկն այն է, որ Արմագեդոնը «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Բացի այդ, այն բերելու է մի խաղաղ աշխարհ՝ «նոր երկիր», որին սպասում ենք Աստծու խոստման համաձայն, և որտեղ «արդարություն պիտի բնակվի» (2 Պետրոս 3։13)։
Ինչո՞ւ է Արմագեդոնը անհրաժեշտ
Դժվարանո՞ւմ եք պատկերացնել, որ «սիրո Աստված» Եհովան իր Որդուն՝ «Խաղաղութեան իշխանին», կհանձնարարեր պատերազմել (2 Կորնթացիներ 13։11; Եսայիա 9։6)։ Նրանց մղումներն իմանալը, անշուշտ, կօգնի մեզ հասկանալու պատճառը։ «Սաղմոսներ» գրքում Հիսուսը նկարագրվում է որպես հեծյալ ռազմիկ։ Ինչո՞ւ է նա պատերազմում։ Սաղմոսերգուն բացատրում է, որ Քրիստոսը պատերազմում է «ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար»։ Նա պատերազմ է մղում, որովհետև սիրում է արդարությունը և ատում է չարությունը (Սաղմոս 45։4, 7)։
Նմանապես, Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպես է Եհովան արձագանքում, երբ տեսնում է այսօրվա աշխարհում տիրող անարդարությունը։ «Տէրը տեսաւ, եւ սա չար երեւեցաւ նորա աչքին, որովհետեւ իրաւունք չ’մնաց,— գրում է Եսայիա մարգարեն։— Եւ նա հագաւ արդարութիւնը զրահի պէս, եւ փրկութեան սաղաւարտը իր գլխին. եւ վրէժխնդրութեան զգեստը հագաւ իբրեւ պատմուճան, եւ նախանձն իր վերայ առաւ վերարկուի պէս» (Եսայիա 59։15, 17)։
Քանի դեռ իշխանությունը չար մարդկանց ձեռքում է, արդարները չեն կարող ապրել խաղաղ և ապահով (Առակաց 29։2; Ժողովող 8։9)։ Իրականում հնարավոր չէ ապականությունն ու չարությունը արմատախիլ անել չար մարդկանց միջից։ Ուստի հարատև խաղաղություն և արդարություն կհաստատվեն միայն այն դեպքում, երբ չար մարդիկ այլևս գոյություն չեն ունենա։ «Արդարի համար անզգամը փրկանք կ’դառնայ»,— գրեց Սողոմոնը (Առակաց 21։18)։
Քանի որ Աստված է Դատավորը, կարող ենք վստահ լինել, որ չարերի դատաստանը արդար կլինի։ «Մի՞թէ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ»,— ասաց Աբրահամը։ Նա հասկացել էր, որ Եհովան միշտ արդար է (Ծննդոց 18։25)։ Դեռ ավելին, Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ Եհովային հաճելի չէ կործանել չարերին. նա այդ քայլին դիմում է որպես վերջին միջոց (Եզեկիէլ 18։32; 2 Պետրոս 3։9)։
Լրջորեն վերաբերվենք Արմագեդոն պատերազմին
Ո՞ւմ կողմը դիրք կբռնենք այս վճռական պատերազմի ժամանակ։ Մեզնից շատերը ինքնաբերաբար կասեն, որ բարու կողմն են։ Բայց ինչպե՞ս կարող ենք համոզվել դրանում։ Սոփոնիա մարգարեն հորդորում է. «Որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն» (Սոփոնիա 2։3)։ Աստծու կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան», ինչպես գրեց Պողոս առաքյալը (1 Տիմոթեոս 2։4)։
Եհովայի մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելը և երկրի վրայից չարությունը վերացնելու առնչությամբ նրա նպատակի մասին իմանալը փրկության տանող առաջին քայլն է։ Արդարություն գործելը երկրորդ քայլն է, որի շնորհիվ ունենում ենք Աստծու հաճությունն ու պաշտպանությունը։
Եթե կատարենք այս կարևոր քայլերը, կարող ենք վստահությամբ սպասել Արմագեդոնին, որը վերջ կդնի բոլոր պատերազմներին։ Երբ այն ավարտվի, մարդկության համար պատերազմը անհասկանալի և գարշելի մի բան կլինի։ «Այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2։4)։
[ծանոթագրություն]
a Իմանալու համար, թե արդյոք Արմագեդոնը բառացի վայր է, թե ոչ՝ տե՛ս «Մեր ընթերցողները հարցնում են» հոդվածաշարը, էջ 31։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Երբ Աստված միջամտի մարդկանց գործերին, կսկսվի մի պատերազմ, որը կոչվում է «Արմագեդոն»
[նկար 6–րդ էջի վրա]
Գեդեոնը և նրա մարդիկ վճռական հաղթանակ տարան Մեգիդոյի մոտ
[նկար 6–րդ էջի վրա]
Մեգիդո
[նկարներ 6–րդ և 7–րդ էջերի վրա]
Երբ Արմագեդոնն ավարտվի, մարդկության համար պատերազմը անհասկանալի և գարշելի կլինի
[նկար 8–րդ էջի վրա]
Եհովայի և նրա նպատակի մասին ճշմարտությունն իմանալը առաջին քայլն է դեպի փրկություն