Կարևո՞ր է արդյոք, թե ինչպես ենք երկրպագում Աստծուն
«ԿՐՈՆԸ խորապես արմատավորվել է մարդու էության մեջ»։ Այսպիսի խոսքեր է գրել պրոֆեսոր Էլիսթեր Հարդին իր՝ «Մարդու հոգևոր էությունը» գրքում (The Spiritual Nature of Man)։ Վերջերս անցկացված մի հարցման արդյունքները թիկունք են կանգնում նրա արած եզրակացությանը։ Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրի բնակչության մոտ 86 տոկոսը ինչ–որ կրոն է դավանում։
Այդ հարցման արդյունքում պարզվեց նաև, որ հավատացյալները հարում են 19 հիմնական կրոնների, և նրանք, ովքեր իրենց համարում են քրիստոնյա, պատկանում են 37 000 տարբեր կրոնական խմբերի։ Արդյոք ձեզ չի՞ հետաքրքրում, թե երկրպագության այս տարբեր ձևերն հավասարապես ընդունելի՞ են Աստծուն։ Իրականում կարևո՞ր է, թե ինչպես ենք երկրպագում նրան։
Այս կարևոր հարցի պատասխանը չենք կարող իմանալ՝ հիմնվելով միայն մեր զգացումների վրա։ Տրամաբանական է, որ պետք է իմանալ, թե որն է այս հարցում Աստծու տեսակետը, իսկ դրա համար հարկավոր է դիմել Աստծու Խոսքին՝ Աստվածաշնչին։ Ինչո՞ւ։ Որովհետև Հիսուս Քրիստոսը Աստծուն աղոթելիս հետևյալն ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Իսկ հավատարիմ Պողոս առաքյալը գրեց. «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու [համար]» (2 Տիմոթեոս 3։16)։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են երկրպագում Աստծուն ընդունելի ձևով։ Այնտեղ արձանագրված են պատմական օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե երկրպագության որ ձևերն են ընդունելի և անընդունելի Աստծուն։ Ուշադրությամբ քննելով այդ օրինակները՝ մենք կարող ենք իմանալ, թե ինչ պետք է անենք և ինչ պետք է չանենք, որպեսզի մեր երկրպագությունը ընդունելի լինի Աստծուն։
Օրինակ հին օրերից
Մովսես մարգարեի միջոցով Եհովա Աստված իսրայելացիներին օրենքներ տվեց, որոնց միջոցով նրանք սովորում էին, թե ինչպես երկրպագել Աստծուն ընդունելի ձևով։ Երբ իսրայելացիները հետևում էին այդ օրենքներին, որոնք սովորաբար կոչվում էին Մովսիսական օրենք, Աստված ընդունում էր նրանց և օրհնում (Ելից 19։5, 6)։ Եվ չնայած Աստծուց ստացած օրհնություններին՝ նրանք չշարունակեցին երկրպագել նրան ընդունելի ձևով։ Կրկին ու կրկին նրանք թողեցին իրենց երկրպագությունը և հետևեցին իրենց շուրջը ապրող ազգերի կրոնական սովորույթներին։
Մ.թ.ա. յոթերորդ դարում՝ Եզեկիել և Երեմիա մարգարեների օրերում, իսրայելացիներից շատերը ոտնահարեցին Աստծու Օրենքը և մտերիմ փոխհարաբերություններ զարգացրին շրջակա ազգերի հետ։ Հետևելով նրանց սովորույթներին և տոնակատարություններին՝ իսրայելացիները մասնակից եղան նրանց կեղծ կրոնական արարողություններին։ Նրանցից շատերը ասում էին. «Ազգերի պէս եւ երկրի ցեղերի պէս լինենք փայտին ու քարին պաշտելով» (Եզեկիէլ 20։32; Երեմիա 2։28)։ Նրանք պնդում էին, թե երկրպագում են Եհովա Աստծուն, բայց միևնույն ժամանակ պաշտում էին «աղբոտ կուռքերին», նույնիսկ իրենց երեխաներին էին զոհաբերում նրանց (Եզեկիէլ 23։37–39; Երեմիա 19։3–5)։
Հնագետները երկրպագության այս ձևը անվանում են կրոնական սինկրետիզմ՝ միաժամանակ տարբեր աստվածների երկրպագություն։ Այսօր շատերը կարծում են, որ ապրելով բազմակրոն հասարակության մեջ՝ պետք է ազատամիտ լինենք բոլոր հարցերում, այդ թվում նաև կրոնի հարցում։ Ուստի նրանք մտածում են, որ ոչ մի սխալ բան չկա Աստծուն երկրպագել այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Արդյո՞ք դա կապ ունի հանդուրժող և ազատամիտ լինելու հետ։ Քննենք անհավատարիմ իսրայելացիների դավանած կրոնի որոշ առանձնահատկություններ և տեսնենք, թե դրանք ինչի առաջնորդեցին նրանց։
Միախառնված երկրպագություն
Իսրայելացիների միախառնված երկրպագության կենտրոնները «բարձրավանդակներն» էին, կամ՝ սրբատեղիները, որտեղ կային զոհասեղաններ, խունկ ծխելու սեղաններ, սուրբ սյուներ և սուրբ ձողեր, որոնք ակներևաբար պատրաստված էին փայտից և խորհրդանշում էին քանանացիների պտղաբերության աստվածուհուն՝ Աշերային։ Հուդայում երկրպագության այդպիսի վայրեր շատ կային։ Այդ մասին կարդում ենք Դ Թագաւորաց 23։5, 8–ում. «Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի շուրջի բարձրաւանդակների վերայ.... Գաբայից [հյուսիսային սահմանից] մինչև Բերսաբէէ [հարավային սահման]»։
Այս բարձրավանդակներում իսրայելացիները «խունկ էին ծխում Բահաղին, արեգակին ու լուսնին եւ աստեղատներին եւ երկնքի բոլոր զօրքերին»։ Նրանք ունեին «իգացողների տներ.... Տիրոջ տան մէջ» և իրենց երեխաներին զոհաբերում էին «կրակով Մողոքի համար» (Դ Թագաւորաց 23։4–10)։
Հնագետները հարյուրավոր կավե արձանիկներ են գտել Երուսաղեմում և Հուդայում, հատկապես սեփական տների ավերակներում։ Դրանց մեծ մասը եղել են մեծ կրծքերով մերկ կանանց արձանիկներ։ Հնագետներն ասում են, որ այդ արձանիկները ներկայացրել են պտղաբերության աստվածուհիներ Աստարովթին և Աշերային։ Դրանք համարվել են «հղիության և ծննդաբերության թալիսմաններ»։
Ինչպե՞ս էին իսրայելացիները վերաբերվում միախառնված երկրպագության վայրերին։ Եբրայական համալսարանի պրոֆեսոր Եփրաիմ Սթերնը նշում է, որ այս բարձրավանդակներից շատերը, հավանաբար, «նվիրված են եղել Յահվեին [Եհովային]»։ Հնագիտական վայրերում հայտնաբերված մակագրությունները նույնպես թիկունք են կանգնում այս տեսակետին։ Օրինակ՝ դրանցից մեկում նշվում է. «Ես օրհնում եմ քեզ Սամարիայի Յահվեի և նրա աշերայի անունից»։ Իսկ մեկ ուրիշում գրված է. «Ես օրհնում եմ քեզ Թեմանի Յահվեի և նրա աշերայի անունից»։
Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչպես են իսրայելացիները Եհովա Աստծուն տրվող մաքուր երկրպագությունը միախառնել ամոթալի հեթանոսական սովորույթներին։ Հետևանքը եղել է այն, որ բարոյականությունն անկում է ապրել և հոգևոր խավար է տիրել։ Ինչպե՞ս է Աստված վերաբերվել այս ապականված երկրպագությանը։
Աստծու տեսակետը միախառնված երկրպագության վերաբերյալ
Աստված իսրայելացիների ապականված երկրպագության նկատմամբ իր զայրույթը և դատաստանը հայտնեց Եզեկիել մարգարեի միջոցով՝ ասելով. «Ձեր ամեն բնակութիւններումը քաղաքները պիտի աւերակ դառնան. եւ բարձրաւանդակները՝ ամայանան. որպէս զի աւերակ ու ամայի դառնան ձեր սեղանները, եւ փշրուին ու խափանուին ձեր կուռքերը, եւ ձեր արեգական կուռքերը կտորուին եւ ձեր արարքները ջնջուին» (Եզեկիէլ 6։6)։ Կասկած չկա, որ Եհովայի համար բոլորովին անընդունելի է այդպիսի երկրպագությունը, ուստի նա մերժեց այն։
Եհովա Աստված կանխագուշակել էր, թե ինչպես է տեղի ունենալու ավերումը։ «Ահա ես կ’ուղարկեմ.... իմ ծառայ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին, եւ ես նորանց կ’բերեմ այս երկրի վերայ եւ նորա բնակիչների վերայ, եւ այս բոլոր ազգերի վերայ շուրջանակի, եւ նորանց բնաջինջ կ’անեմ.... Եւ այս բոլոր երկիրը անապատ կ’դառնայ» (Երեմիա 25։9–11)։ Ինչպես և կանխագուշակվել էր, մ.թ.ա. 607–ին բաբելոնացիները գրավեցին Երուսաղեմը և ամբողջությամբ կործանեցին քաղաքը ու տաճարը։
Երուսաղեմի կործանման վերաբերյալ պրոֆեսոր Սթերնը, որի մասին նշվեց վերևում, ասում է, որ այս հնագիտական գտածոները «աստվածաշնչյան աղբյուրների արտացոլումն են (Դ Թագաւորաց 25։8; Բ Մնացորդաց 36։18, 19), որոնցում նկարագրվում է, թե ինչպես են կործանվել, այրվել ու փլվել տներն ու պարիսպները»։ Սթերնը նաև նշում է. «Երուսաղեմի պատմության այս ժամանակահատվածի վերաբերյալ հնագիտական փաստերը.... կարելի է համարել ամենատպավորիչը՝ աստվածաշնչյան ցանկացած այլ վայրի վերաբերյալ եղած տեղեկությունների հետ համեմատած»։
Ի՞նչ ենք սովորում
Այս ամենից շատ կարևոր դաս ենք սովորում՝ Աստված չի ընդունում այն երկրպագությունը, որում Աստվածաշնչի վրա հիմնված ուսմունքները միախառնված են այլ կրոնների դավանանքին, ավանդույթներին կամ ծիսական արարողություններին։ Պողոս առաքյալը հասկացավ այս կարևոր ճշմարտությունը և կիրառեց այն իր կյանքում։ Նա եղել էր հրեա փարիսեցի և կրթվել էր ու դաստիարակվել այդ աղանդի օրենքներով։ Ի՞նչ արեց նա, երբ ի վերջո հասկացավ, որ Հիսուսը խոստացյալ Մեսիան է։ Նա ասաց. «Այն բաները, որ շահ էին ինձ համար, ես կորուստ համարեցի հանուն Քրիստոսի»։ Նա թողեց իր նախկին ճանապարհները և դարձավ Քրիստոսի հավատարիմ հետևորդը (Փիլիպպեցիներ 3։5–7)։
Լինելով շրջագայող միսիոներ՝ Պողոսը լավ գիտեր տարբեր ժողովուրդների կրոնական սովորույթները և փիլիսոփայական ուսմունքները։ Ուստի Կորնթոսի քրիստոնյաներին նա գրեց. «Ի՞նչ մասնակցություն ունի լույսը խավարի հետ։ Եվ ավելին, ի՞նչ ներդաշնակություն կա Քրիստոսի և Բելիարի միջև։ Կամ ի՞նչ բաժին ունի հավատարիմ անհատը անհավատի հետ։ Եվ ի՞նչ համաձայնություն ունի Աստծու տաճարը կուռքերի հետ։.... «Ուստի դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք,— ասում է Եհովան,— և այլևս անմաքուր բանի մի՛ դիպչեք, և ես կընդունեմ ձեզ»» (2 Կորնթացիներ 6։14–17)։
Այժմ, երբ հասկանում ենք, որ Աստծու համար նշանակություն ունի, թե ինչպես ենք երկրպագում իրեն, կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինչպիսի՞ երկրպագությունն է ընդունելի Աստծուն։ Ինչպե՞ս կարող եմ ես մոտենալ Աստծուն։ Ի՞նչ պետք է անեմ, որ Աստծուն ընդունելի ձևով երկրպագեմ»։
Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ գտնել այս և աստվածաշնչյան ուրիշ հարցերի պատասխանները։ Դուք կարող եք կապ հաստատել ձեր տարածքում ապրող Վկաների հետ կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։ Եհովայի վկաները ուրախությամբ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն կանցկացնեն ձեզ հարմար ժամի և հարմար վայրում։
[նկար 10–րդ էջի վրա]
Հին սրբատեղի կռապաշտության համար (Թել Արադ, Իսրայել)
[թույլտվությամբ]
Garo Nalbandian
[նկար 10–րդ էջի վրա]
Հուդայի հին տներում գտնված Աստարովթի արձանիկները
[թույլտվությամբ]
Photograph © Israel Museum, Jerusalem; courtesy of Israel Antiquities Authority