Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ Պոնտացի Պիղատոսը վախեցավ՝ լսելով կրոնական առաջնորդների խոսքերը, որոնք ասում էին, թե Հիսուսը «ինքն իրեն Աստծու որդի դարձրեց» (Հովհաննես 19։7)
Հուլիոս Կեսարի մահից հետո Հռոմի սենատը հայտարարեց, որ նա աստված է։ Հետագայում նրա որդեգրած որդին և ժառանգորդը՝ Օկտավիանոսը, հռչակվեց որպես «դիվի ֆիլիուս» («divi filius»), այսինքն՝ «աստվածային մարդու որդի» կամ «Աստծու որդի»։ Լատիներեն այս անվանումը կարևոր տիտղոս դարձավ կայսրերի համար։ Սա հաստատվում է այն բազմաթիվ մակագրություններով, որոնք կան հռոմեական զոհասեղանների, տաճարների, արձանների և մետաղադրամների վրա։ Երբ հրեաները ասացին, որ Հիսուսը ինքն իրեն «Աստծու որդի» է դարձնում, իրականում նրանք մեղադրում էին նրան իրեն պաշտոնական տիտղոս վերագրելու համար, ինչը հավասար էր դավաճանության։
Հիսուսին դատելու օրերում Տիբերիոս կայսրն էր կրում «դիվի ֆիլիուս» տիտղոսը։ Այս կայսրը դաժան մարդու հեղինակություն ուներ, քանի որ սպանում էր ցանկացած անհատի, ում իր թշնամին էր համարում։ Ուստի երբ հրեաները ասացին Պիղատոսին, որ Հիսուսին չդատապարտելու դեպքում անհավատարիմ կլինի Կեսարին, նա «ավելի շատ վախեցավ»։ Ի վերջո Պիղատոսը չդիմացավ ճնշմանը և հրամայեց Հիսուսին մահապատժի ենթարկել (Հովհաննես 19։8, 12–16)։
Ինչո՞ւ Զաքարիան Տյուրոսի կործանման մասին մարգարեացավ այն ժամանակ, երբ բաբելոնացիները վաղուց կործանել էին այն
Հին Տյուրոսը, որը գտնվում էր Միջերկրական ծովի ափին, բաղկացած էր երկու մասից։ Մեկը մայրցամաքն է, մյուսը՝ կղզին։
Մի ժամանակ Տյուրոսի բնակիչները լավ հարաբերություններ ունեին իսրայելացիների հետ։ Սակայն հետագայում Տյուրոսը բարգավաճեց և այն աստիճան ըմբոստացավ Եհովա Աստծու դեմ, որ նրա ժողովրդից գողացավ ոսկին ու արծաթը և նրանց մի մասին վաճառեց գերության (Յովէլ 3։4–6)։ Այդ պատճառով Եհովան դատապարտեց Տյուրոսին կործանման։ Իր մարգարեների միջոցով նա կանխագուշակեց, որ Տյուրոսը կընկնի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով, որը մ.թ.ա. 607–ին Երուսաղեմը կործանելուց հետո իր զորքերը մտցրեց Տյուրոս (Եսայիա 23։13, 14; Երեմիա 27։2–7; Եզեկիէլ 28։1–19)։
Պարտության մատնվելով՝ Տյուրոսի բնակիչները վերցրին իրենց ունեցվածքը և փախան կղզում գտնվող քաղաքը։ Իսկ մայրցամաքում գտնվող քաղաքը բաբելոնացիները ավերակների վերածեցին։ Մոտավորապես 100 տարի անց Եհովայի ներշնչմամբ Զաքարիա մարգարեն ազդարարեց Տյուրոսի դեմ Եհովայի դատաստանը։ Այդ մասին կարդում ենք. «Ահա Տէրը նորան պիտի նուաճէ, եւ զարկէ ծովումը նորա զօրութիւնը, եւ նա կրակով պիտի սպառուի» (Զաքարիա 9։3, 4)։
Մ.թ.ա. 332–ին Ալեքսանդր Մեծը կործանեց կղզում գտնվող քաղաքը, և այդպիսով կատարվեց Զաքարիայի մարգարեությունը։ Քաղաքին հասնելու համար Ալեքսանդրը մայրցամաքից մինչև կղզի 800 մետր երկարությամբ մի ճանապարհ կառուցեց ջրի վրա՝ օգտագործելով հին Տյուրոսի ավերակների փայտերն ու քարերը։ Իսկ այս մասին մարգարեացել էր Եզեկիելը (Եզեկիէլ 26։4, 12)։
[նկար 27–րդ էջի վրա]
«Տյուրոսի պաշարումը»
[թույլտվությամբ]
Drawing by Andre Castaigne (1898-1899)