Պատրա՞ստ ես պաշտպանելու հավատդ
ԵՐԲԵՎԷ հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, երբ պարտավորված ես զգացել պաշտպանելու հավատդ։ Հենց այդպիսի իրավիճակում հայտնվեց մեր տասնվեցամյա քույրը՝ Սյուզաննան (Պարագվայ)։ Բարոյագիտության դասին հնչեց մի պատասխան, ըստ որի՝ Եհովայի վկաները չեն ընդունում «Հին Կտակարանը», Հիսուս Քրիստոսին և Մարիամին։ Նաև ասացին, թե Վկաները մոլեռանդներ են, ովքեր նախընտրում են մեռնել, քան բժշկական օգնություն ստանալ։ Իսկ դու ի՞նչ կանեիր նման դեպքում։
Սյուզաննան աղոթեց Եհովային և ձեռք բարձրացրեց։ Քանի որ դասը ավարտվում էր, նա ուսուցչուհուց թույլտվություն խնդրեց հաջորդ անգամ բացատրություն տալ իր համոզմունքների մասին։ Ուսուցչուհին համաձայնվեց։ Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Սյուզաննան պատրաստվեց այդ դասին՝ օգտագործելով «Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում» գրքույկը։
Նշանակված օրը եկավ։ Սյուզաննան բացատրեց «Եհովայի վկաներ» անվան ծագումը։ Նաև պատմեց ապագայի վերաբերյալ մեր հույսի մասին և թե ինչու մենք արյան փոխներարկում չենք ընդունում։ Պատանի աղջիկն այնուհետև դասարանին առաջարկեց իրեն հարցեր տալ։ Գրեթե բոլորը ձեռք բարձրացրին։ Ուսուցչուհին տպավորվեց, թե ինչպես է Սյուզաննան պատասխանում Աստվածաշնչի հիման վրա։
Աշակերտներից մեկն ասաց. «Ես մի անգամ եղել եմ Թագավորության սրահում, և այնտեղ ոչ մի սրբապատկեր չկար»։ Ուսուցչուհին ցանկացավ իմանալ պատճառը։ Սյուզաննան կարդաց Սաղմոս 115։4–8 և Ելից 20։4 խոսքերը։ Զարմացած ուսուցչուհին ասաց. «Եթե Աստվածաշունչը դատապարտում է դա, ապա ինչո՞ւ են մեր եկեղեցիները լի սրբապատկերներով»։
Հարց ու պատասխանով քննարկումը տևեց 40 րոպե։ Երբ Սյուզաննան հարցրեց, թե կցանկանան արդյոք դիտել «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է» տեսաֆիլմը, բոլորը համաձայնվեցին։ Ուստի ուսուցչուհին պլանավորեց հաջորդ օրը շարունակել քննարկումը։ Տեսաֆիլմը դիտելուց հետո Սյուզաննան բացատրեց այլընտրանքային բուժման մի քանի մեթոդներ, որոնցից օգտվում են որոշ Եհովայի վկաներ։ Լսելով դա՝ ուսուցչուհին ասաց. «Ես չգիտեի, որ այդքան շատ այլընտրանքային մեթոդներ կան, և չգիտեի անարյուն բժշկության օգուտների մասին։ Այս բուժման ձևերը միայն Եհովայի վկաների՞ համար են»։ Իմանալով, որ դրանք հասանելի են բոլորին՝ նա ասաց. «Հաջորդ անգամ, երբ Եհովայի վկաները թակեն իմ դուռը, ես կզրուցեմ նրանց հետ»։
Սյուզաննան պատրաստվել էր 20 րոպեանոց քննարկման, սակայն այն տևեց երեք ժամ։ Մեկ շաբաթ անց մյուս աշակերտները ևս խոսեցին իրենց հավատալիքների մասին՝ որպես եկեղեցու անդամներ։ Վերջում բազմաթիվ հարցեր տրվեցին, բայց նրանք չկարողացան պաշտպանել իրենց հավատը։ Ուսուցչուհին հարցրեց. «Ինչո՞ւ չեք կարողանում ձեր դասընկերուհու պես, որը Եհովայի Վկա է, պաշտպանել ձեր հավատը»։
Աշակերտները պատասխանեցին. «Նրանք իսկապես ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Իսկ մենք՝ ոչ»։
Շրջվելով Սյուզաննայի կողմը՝ ուսուցչուհին ասաց. «Դուք իրոք ուսումնասիրում եք Աստվածաշունչը և ջանքեր եք թափում կիրառելու սովորածը։ Դուք արժանի եք գովասանքի»։
Ինչ խոսք, Սյուզաննան կարող էր լուռ մնալ։ Սակայն նա համարձակորեն խոսեց՝ դրանով իսկ ընդօրինակելով իսրայելացի փոքրիկ աղջկան, որին գերեվարել էին ասորիները։ Այս աղջիկը գտնվում էր ասորի զորավար Նեեմանի տանը։ Նեեմանը տառապում էր զզվելի մաշկային հիվանդությամբ՝ բորոտությամբ։ Իսրայելացի աղջնակը իր տիրուհուն համարձակորեն ասաց. «Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. այն ժամանակ նա նորան կ’բժկէր իր բորոտութիւնիցը»։ Աղջիկը զգաց, որ պետք է անպայման վկայություն տա ճշմարիտ Աստծու մասին։ Արդյունքում՝ նրա տերը՝ Նեեմանը, դարձավ Եհովայի երկրպագու (Դ Թագ. 5։3, 17)։
Նույն ձևով էլ Սյուզաննան զգաց, որ պետք է անպայման վկայություն տա Եհովայի և նրա ժողովրդի մասին։ Երբ աշակերտները նրա համոզմունքների մասին սխալ տեսակետներ արտահայտեցին, Սյուզաննան համարձակորեն պաշտպանեց իր հավատը։ Այսպիսով նա հնազանդվեց հետևյալ սուրբգրային պատվերին. «Ձեր սրտերում սրբացրեք Քրիստոսին՝ որպես Տիրոջ, և միշտ պատրաստ եղեք պաշտպանվելու ամեն մարդու առաջ, ով ձեզանից բացատրություն է պահանջում ձեր մեջ եղած հույսի համար, սակայն դա արեք մեղմությամբ և խորը հարգանքով» (1 Պետ. 3։15)։ Իսկ դու պատրաստ ե՞ս համարձակորեն պաշտպանելու հավատդ։
[նկար 17–րդ էջի վրա]
Այս քայլերը կօգնեն քեզ պաշտպանելու հավատդ