Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 10/15 էջ 17–20
  • Եհովան իմ զորությունն է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան իմ զորությունն է
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Իմանում եմ ճշմարտությունը
  • Ռահվիրայական ծառայություն և օրհնություններ
  • Սովորում եմ «Գաղաադ» դպրոցում
  • «Ժպիտների երկիրը»
  • Նոր ծառայակից, նոր նշանակում
  • Օրհնություններ եմ վայելում՝ ծառայելով Եհովայի զորությամբ
  • Եհովան սովորեցրել է ինձ կատարել իր կամքը
    2012 Դիտարան
  • Նախ փնտրում են թագավորությունը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մշտապես օրհնվել եմ ճիշտ որոշումների շնորհիվ
    2007 Դիտարան
2008 Դիտարան
w08 10/15 էջ 17–20

Եհովան իմ զորությունն է

Պատմում է Ջոան Քովիլը

Ես ծնվել եմ Անգլիայի Հադերսֆիլդ քաղաքում 1925 թ.–ին։ Ծնողներիս միակ զավակն էի, առողջությունս էլ թույլ էր։ Հայրս հաճախ էր ասում. «Հենց մի թեթև քամի է փչում, իսկույն հիվանդանում ես»։ Եվ նա ճիշտ էր։

ՀԻՇՈՒՄ եմ՝ երբ երեխա էի, հոգևորականները ջերմեռանդորեն աղոթում էին խաղաղության համար։ Անցան տարիներ, սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Նրանք հիմա աղոթում էին հաղթանակի համար։ Դա ինձ շփոթեցնում էր, և մեջս կասկածներ էին առաջանում։ Հենց այդ ժամանակ մեր տուն եկավ Աննի Ռատկլիֆ անունով մի կին, որը մեր տարածքում ապրող միակ Եհովայի վկան էր։

Իմանում եմ ճշմարտությունը

Աննին մեզ տվեց «Փրկություն» գիրքը և մորս հրավիրեց մի աստվածաշնչային քննարկման, որը տեղի էր ունենալու իրենց տանըa։ Մայրս առաջարկեց ինձ իր հետ գնալ։ Մինչև օրս հիշում եմ այդ քննարկումը։ Այնտեղ խոսեցին փրկանքի մասին, և ի զարմանս ինձ՝ այդ հանդիպումը ամենևին էլ ձանձրալի չէր։ Ես իմացա ինձ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները։ Հաջորդ շաբաթ նորից գնացինք։ Այս անգամ բացատրվում էր Հիսուսի այն մարգարեությունը, որը վերաբերում էր վերջին օրերի նշանին։ Համեմատելով տրված բացատրությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ՝ ես ու մայրիկը իսկույն հասկացանք, որ գտել ենք ճշմարտությունը։ Նույն օրը մեզ հրավիրեցին Թագավորության սրահ։

Սրահում հանդիպեցի մի քանի երիտասարդ ռահվիրաների, որոնց մեջ էր Ջոյս Բարբերը (այժմ՝ էլիս), ով մինչև օրս իր ամուսնու՝ Պիտերի հետ ծառայում է Լոնդոնի Բեթելում։ Այնպիսի տպավորություն ստացա, թե բոլորը ռահվիրայություն են անում։ Դրա համար էլ իսկույն սկսեցի ամեն ամիս 60 ժամ քարոզել, չնայած որ դեռ սովորում էի դպրոցում։

Հինգ ամիս անց՝ 1940 թ. փետրվարի 11–ին, ես ու մայրս մկրտվեցինք Բրեդֆորդում անցկացված շրջանային համաժողովում։ Հայրս դեմ չէր մեր նոր կրոնին, բայց այդպես էլ չընդունեց ճշմարտությունը։ Այդ ժամանակներում եղբայրներն ու քույրերը սկսեցին կիրառել քարոզչության նոր մեթոդ՝ փողոցի վկայությունը։ Ես մասնակցում էի ծառայության այդ ձևին. վերցնում էի պլակատներ, պայուսակիս մեջ դնում էի պարբերագրեր ու գնում էի։ Մի շաբաթ օր նշանակվեցի ծառայելու շուկայի տարածքում, որտեղ միշտ շատ մարդ կար։ Քանի որ դեռևս վախենում էի մարդկանցից, ինձ թվում էր, թե իմ բոլոր դասընկերները անցնում են այնտեղով, որտեղ ես էի կանգնած։

1940 թ.–ին այն ժողովը, որի մեջ էինք մենք, կիսվեց։ Գրեթե բոլոր հասակակիցներս հայտնվեցին մյուս ժողովում։ Այդ մասին գանգատվեցի ժողովի ծառայողին (այժմ կոչվում է նախագահող վերակացու)։ Նա ասաց. «Եթե հասակակից ընկերներ ես ուզում ժողովում, գնա քարոզիր ու գտիր նրանց»։ Հենց այդպես էլ արեցի։ Շուտով հանդիպեցի էլսի Նոբլին։ Նա ընդունեց ճշմարտությունը և դարձավ իմ մտերիմ ընկերուհին ամբողջ կյանքում։

Ռահվիրայական ծառայություն և օրհնություններ

Դպրոցն ավարտելուց հետո սկսեցի հաշվապահ աշխատել։ Բայց տեսնելով, թե լիաժամ քարոզիչները ինչ ուրախություն են ստանում ծառայությունից՝ ես գնալով ավելի շատ էի ցանկանում դառնալ ռահվիրա։ 1945 թ. մայիսին մեծ ուրախությամբ համալրեցի հատուկ ռահվիրաների շարքերը։ Հիշում եմ ծառայությանս առաջին օրը. ամբողջ ժամանակ հորդ անձրև էր գալիս։ Այդուհանդերձ, ես այնքան երջանիկ էի, որ անձրևն ինձ ամենևին էլ չէր անհանգստացնում։ Իրականում ամեն օր դրսում լինելը և հեծանվով ծառայության գնալը լավ անդրադարձան իմ առողջության վրա։ Թեև քաշս 42 կիլոգրամից երբեք չի անցել, դա չի խանգարել ինձ անդադար ռահվիրա ծառայել։ Տարիներ շարունակ բառի բուն իմաստով զգացել եմ, որ Եհովան իսկապես իմ զորությունն է (Սաղ. 28։7)։

Ժողովներ հիմնադրելու նպատակով կազմակերպությունը ինձ ուղարկեց քարոզելու այն քաղաքներում, որտեղ չկային Վկաներ։ Առաջին երեք տարին ծառայեցի Անգլիայում, հետո երեք տարի էլ ծառայեցի Իռլանդիայում։ Երբ ծառայում էի Իռլանդիայի Լիսբեռն քաղաքում, ուսումնասիրություն սկսեցի մի մարդու հետ, ով բողոքական եկեղեցու քահանայի օգնական էր։ Աստվածաշնչի ուսմունքների վերաբերյալ սովորած ճշմարտությունները նա պատմում էր իր եկեղեցու անդամներին։ Նրանցից ոմանք բողոքեցին եկեղեցու առաջնորդներին, և, ինչ խոսք, նրանից բացատրություն պահանջվեց։ Այդ մարդն ասաց, որ իր քրիստոնեական պարտքն է հոտի անդամներին տեղեկացնել, որ ինքը նրանց բազմաթիվ ստեր է սովորեցրել։ Չնայած նրա ընտանիքը մեծ հակառակություն ցույց տվեց, նա չվախեցավ. իր կյանքը նվիրեց Եհովային և մինչև մահ հավատարմորեն ծառայեց նրան։

Լառնում, որը իմ երկրորդ նշանակման վայրն էր Իռլանդիայում, միայնակ ծառայեցի վեց շաբաթ, քանի որ ծառայակիցս գնացել էր «Աստվածապետության աճը» համաժողովին (տեղի է ունեցել Նյու Յորքում 1950 թ.–ին)։ Հեշտ չէր ինձ համար։ Շատ էի ուզում ներկա լինել այդ համաժողովին։ Բայց ինձ մխիթարեցին մի քանի քաջալերական դեպքեր, որ եղան ծառայության ժամանակ այդ շաբաթների ընթացքում։ Օրինակ՝ հանդիպեցի մի տարեց մարդու, ով ավելի քան 20 տարի առաջ Եհովայի վկաներից գրականություն էր վերցրել։ Տարիների ընթացքում նա այնքան շատ էր կարդացել այն, որ գրեթե անգիր էր արել։ Նա, նրա տղան և աղջիկը ընդունեցին ճշմարտությունը։

Սովորում եմ «Գաղաադ» դպրոցում

1951 թ.–ին ես և Անգլիայից ուրիշ տասը ռահվիրաներ հրավիրվեցինք սովորելու «Գաղաադ» դպրոցի 17–րդ դասարանում (Սաութ Լանսինգ, Նյու Յորք)։ Ինչքա՜ն լավ էր այնտեղ։ Ինչպիսի՜ կրթություն ստացանք այդ ամիսներին։ Այդ ժամանակներում քույրերը չէին մասնակցում Աստվածապետական ծառայության դպրոցին, բայց «Գաղաադում» մենք՝ քույրերս, հանձնարարություն ստացանք ներկայացնելու ուսումնական ելույթներ։ Մենք անչափ անհանգիստ էինք։ Առաջին ելույթի ամբողջ ընթացքում ձեռքերս դողում էին, թուղթը ցնցվում էր, տառերը վեր ու վար էին անում։ Մեր ուսուցիչը՝ եղբայր Մաքսվել Ֆրենդը, կատակով ասաց. «Բոլոր լավ հռետորները ելույթի սկզբում հուզվում են։ Բայց դու հուզված մնացիր մինչև վերջ»։ Դասընթացների ընթացքում բոլորս հմտացանք լսարանի առաջ խոսելու մեջ։ Ուսման ամիսները շատ արագ անցան, ու մեզ՝ շրջանավարտներիս, նշանակեցին տարբեր երկրներ։ Ես գնալու էի Թաիլանդ։

«Ժպիտների երկիրը»

Իմ միսիոներական ծառայակիցը Աստրիդ Անդերսոնն էր։ Նա պարզապես նվեր էր Եհովայից։ Մենք Թաիլանդ հասանք բեռնատար նավով յոթ շաբաթում։ Մայրաքաղաք Բանգկոկը մեր ուշադրությունը գրավեց իր մարդաշատ շուկաներով և ջրանցքների ցանցով, որոնք քաղաքի գլխավոր «փողոցներն» էին։ 1952 թ.–ին այս երկրում քարոզիչների թիվը 150–ի էլ չէր հասնում։

Երբ առաջին անգամ թաի լեզվով «Դիտարան» տեսանք, տարակուսած ասացինք. «Կլինի՞ մի օր, որ մենք խոսենք այդ լեզվով»։ Հատկապես դժվար էր բառերը ճիշտ հնչերանգով արտաբերելը։ Օրինակ՝ կաոու բառը նշանակում է «բրինձ», երբ ասվում է իջնող տոնով, իսկ երբ արտասանվում է կոկորդային տոնով, նշանակում է՝ «լուր»։ Ուստի սկզբնական շրջանում ծառայության ժամանակ զբաղված էինք միայն նրանով, որ մարդկանց բարի լուրի փոխարեն «բրինձ» էինք առաջարկում՝ ասելով. «Ես ձեզ համար լավ բրինձ եմ բերել»։ Մեր սխալների «շնորհիվ» ծառայությունը ավելի ուրախ էր անցնում, բայց կամաց–կամաց սովորեցինք լեզուն։

Թաիները շատ ջերմ մարդիկ են։ Միանգամայն տեղին է, որ Թաիլանդը կոչվում է «ժպիտների երկիր»։ Մեր նշանակման առաջին քաղաքը Կորատն էր (այժմ՝ Նակհոնռատչասիմա), որտեղ ծառայեցինք երկու տարի։ Հետո տեղափոխվեցինք Չիանգմայ քաղաք։ Տեղացիները հիմնականում բուդդայականներ էին և ծանոթ չէին Աստվածաշնչին։ Կորատում Աստվածաշունչ էի ուսումնասիրում փոստի պետի հետ։ Մի անգամ խոսք բացեցի Աբրահամ նահապետի մասին։ Հենց որ նա լսեց «Աբրահամ» անունը, սկսեց աշխուժորեն գլխով անել։ Բայց շուտով հասկացա, որ մենք տարբեր մարդկանց նկատի ունենք։ Փոստի պետը նկատի ուներ... Աբրահամ Լինկոլնին՝ ԱՄՆ–ի նախկին նախագահին։

Շատ հաճելի էր Աստվածաշունչ սովորեցնել ազնվասիրտ թաիներին։ Նրանք էլ մեզ սովորեցրին ապրել պարզ կյանքով և ուրախ լինել։ Դա շատ կարևոր էր, քանի որ Կորատում մեր առաջին միսիոներական տանը չունեինք ո՛չ էլեկտրականություն, ո՛չ ջուր։ Այդ տարիներին «սովորեցինք թե՛ առատության և թե՛ կարիքի մեջ լինելու գաղտնիքը»։ Պողոս առաքյալի պես՝ մենք զգացինք մեզ վրա, թե ինչ են նշանակում «ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» խոսքերը (Փիլիպ. 4։12, 13)։

Նոր ծառայակից, նոր նշանակում

Դեռևս 1945 թ.–ին այցելել էի Լոնդոն։ Այդ ժամանակ մի քանի ռահվիրաների ու բեթելցիների հետ գնացի Բրիտանական թանգարան։ Նրանցից մեկը Ալան Քովիլն էր, որը դրանից կարճ ժամանակ անց հրավիրվեց սովորելու «Գաղաադ» դպրոցի 11–րդ դասարանում։ Նա նշանակվեց ծառայելու Ֆրանսիայում, հետո՝ Բելգիայումb։ Հետագայում Ալանը ինձ առաջարկեց ամուսնանալ իր հետ (այդ ժամանակ արդեն միսիոներ էի Թաիլանդում), և ես ընդունեցի առաջարկը։

Մենք ամուսնացանք 1955 թ. հուլիսի 9–ին Բրյուսելում (Բելգիա)։ Միշտ երազել էի, որ երբ ամուսնանամ, մեղրամիսս անցկացնեմ Փարիզում։ Դրա համար էլ Ալանը այնպես արեց, որ մենք գնանք այնտեղ անցկացվելիք համաժողովին, որը տեղի էր ունենալու հաջորդ շաբաթ։ Բայց հենց որ տեղ հասանք, Ալանին խնդրեցին ծառայել որպես թարգմանիչ ամբողջ համաժողովի ընթացքում։ Ամեն օր նա վաղ առավոտյան գնում էր, իսկ վերադառնում էինք ուշ երեկոյան։ Ինչ խոսք, ես մեղրամիսս անցկացրի Փարիզում, բայց Ալանին հիմնականում տեսնում էի հեռվից, երբ նա բեմում էր։ Այդուհանդերձ, ուրախ էի, որ ամուսնուս հնարավորություն տրվեց ծառայելու իր եղբայրներին և քույրերին։ Ոչ մի կասկած չունեի, որ եթե Եհովան մեր ամուսնության մեջ կարևորագույն տեղ ունենա, ապա մենք իսկապես երջանիկ կլինենք։

Ամուսնությունս փոխեց իմ քարոզչական տարածքը։ Այժմ ծառայելու էի Բելգիայում։ Այս երկրի մասին գիտեի միայն այն, որ այնտեղ պատերազմներ են եղել, բայց շուտով համոզվեցի, որ բելգիացիների մեծամասնությունը խաղաղասեր է։ Պետք է նաև սովորեի ֆրանսերեն, որով խոսում էին Բելգիայի հարավում։

1955 թ.–ին Բելգիայում կար մոտ 4 500 քարոզիչ։ Ես ու Ալանը գրեթե 50 տարի անցկացրինք Բեթելում և շրջագայական ծառայության մեջ։ Սկզբում երկուսուկես տարի մենք ժողովներ էինք այցելում հեծանիվներով՝ բլուրներ բարձրանալով և իջնելով՝ արևին ու անձրևին։ Տարիների ընթացքում գիշերել ենք ավելի քան 2 000 հավատակիցների տներում։ Հաճախ եմ հանդիպել եղբայրների և քույրերի, ովքեր վատառողջ են եղել, բայց շարունակել են ծառայել Եհովային բոլոր ուժերով։ Նրանց օրինակը ոգևորել է ինձ, և ես չեմ թողել լիաժամ ծառայությունս։ Յուրաքանչյուր ժողով այցելելուց հետո՝ շաբաթվա վերջում, մենք մեզ զգում էինք թարմացած ու նոր ուժ ստացած (Հռոմ. 1։11, 12)։ Ալանը իսկական ընկեր էր։ Որքա՜ն ճշմարիտ են Ժողովող 4։9, 10 համարներում գրված խոսքերը. «Երկուսը լաւ է քան թէ մէկը.... որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ»։

Օրհնություններ եմ վայելում՝ ծառայելով Եհովայի զորությամբ

Տարիներ ի վեր ես ու Ալանը շատ ուրախություն ենք տեսել՝ օգնելով մարդկանց ծառայելու Եհովային։ Օրինակ՝ 1983 թ.–ին այցելեցինք Անտվերպեն քաղաքի ֆրանսիական ժողով։ Մենք մնացինք մի ընտանիքում, որը հյուրընկալել էր նաև Բենջամին Բանդիվիլա անունով մի երիտասարդ եղբոր։ Նա Զաիրից էր (այժմ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)։ Բենջամինը Բելգիա էր եկել բարձրագույն կրթություն ստանալու համար։ Նա մեզ ասաց. «Ես ձեզ շատ եմ նախանձում։ Ձեր ամբողջ կյանքը նվիրել եք Եհովային ծառայելուն»։ Ալանը պատասխանեց. «Ասում ես՝ «ձեզ շատ եմ նախանձում», բայց ինքդ ուրիշ նպատակների ես ձգտում։ Չե՞ս կարծում, որ ասածիդ ու արածիդ միջև հակասություն կա»։ Այս անկեղծ խոսքերը Բենջամինին ստիպեցին մտածելու իր կյանքի մասին։ Հետագայում, երբ վերադարձավ Զաիր, նա ռահվիրայական ծառայություն սկսեց, իսկ այժմ ծառայում է Կոնգոյի մասնաճյուղի կոմիտեում։

1999 թ.–ին ինձ վիրահատեցին. հեռացրեցին իմ կերակրափողի խոցը։ Դրանից հետո քաշս նվազեց մինչև 30 կիլոգրամ։ Ես իրոք դարձել եմ փխրուն «հողե անոթ»։ Սակայն երախտապարտ եմ Եհովային, որ ինձ տվել է «սովորականին գերազանցող զորությունը»։ Վիրահատությունից հետո Աստծու շնորհիվ կրկին ի վիճակի էի ուղեկցելու Ալանին շրջագայական ծառայության մեջ (2 Կորնթ. 4։7)։ 2004 թ. մարտին Ալանը մահացավ քնի մեջ։ Ես շատ եմ կարոտում նրան, բայց մխիթարվում եմ այն մտքով, որ նա Եհովայի հիշողության մեջ է։

Հիմա 83 տարեկան եմ։ Այսօր էլ ակտիվորեն ծառայում եմ. տանը անց եմ կացնում Աստվածաշնչի ուսումնասիրություն, առիթն էլ բաց չեմ թողնում, որ խոսեմ Եհովայի չքնաղ նպատակի մասին։ Երբ հետ եմ նայում լիաժամ ծառայության մեջ անցկացրած 63 տարիներին, ինքս ինձ հարցնում եմ. «Ինչի՞ նման կլիներ կյանքս, եթե 1945 թ.–ին ռահվիրայություն չսկսեի»։ Այն օրերում իմ առողջական վիճակը լուրջ պատճառ կարող էր լինել, որ չծառայեի լիաժամ։ Բայց ինչքա՜ն երջանիկ եմ, որ երիտասարդ տարիքում եմ սկսել ռահվիրայական ծառայությունս։ Ես անձամբ եմ զգացել, որ եթե կյանքում Եհովային դնում ես առաջին տեղում, ապա նա դառնում է քո զորությունը։

[ծանոթագրություններ]

a «Փրկություն» գիրքը հրատարակվել է 1939 թ.–ին։ Այժմ չի տպագրվում։

b Եղբայր Քովիլի կենսագրությունը տպագրված է «Դիտարանի» 1961 թ. մարտի 15–ի համարում։

[նկար 18–րդ էջի վրա]

Միսիոներական ծառայակցիս՝ Աստրիդ Անդերսոնի հետ (աջում)

[նկար 18–րդ էջի վրա]

Ամուսնուս հետ շրջագայական ծառայության մեջ, 1956

[նկար 20–րդ էջի վրա]

Ալանի հետ, 2000 թ.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը