Սխալներ էի ուզում գտնել, սակայն ճշմարտությունը գտա
Պատմում է Ռուդոլֆ Ստյուարտ Մարշալը
«Մենք չենք խոսում Եհովայի վկաների հետ,— ասաց քահանան,— նրանք Աստվածաշունչ են օգտագործում»։ Նրա պատասխանը ինձ շշմեցրեց։ Ես խնդրել էի նրան ցույց տալ կնոջս, թե ինչ հակասություններ կան Եհովայի վկաների ուսմունքների մեջ։ Ստիպված էի ինքս ուսումնասիրել Աստվածաշունչը, որպեսզի կարողանամ համոզել կնոջս, որ Վկաները սխալ են։
ԱՅԴ ժամանակ 43 տարեկան էի։ Փորձում էի հերքել Եհովայի վկաների ուսմունքները՝ հիմնվելով աստվածաբանության և իմ տրամաբանության վրա։ Մանկուց հաճախել էի կաթոլիկական դպրոց, այնուհետև սովորել կաթոլիկական քոլեջում։ 1969 թ.–ին ստացել էի բակալավրի կոչում տնտեսագիտության գծով։ Այդ տարի նաև փիլիսոփայության և աստվածաբանության դասընթացներ էի անցել։ Սակայն Աստվածաշունչ երբեք չէինք ուսումնասիրել։
Քոլեջն ավարտելուց հետո ամուսնացա Պատրիսիա Մակգինի հետ, որը նույնպես կաթոլիկ էր։ Հետագայում երկուսս էլ դոկտորի կոչում ստացանք Սթանֆորդի համալսարանում։ Երբ 1977 թ.–ին ծնվեց մեր որդին՝ Ստյուարտը, մենք տեղափոխվեցինք Սակրամենտո (ԱՄՆ, Կալիֆորնիա)։ Հաջորդ 23 տարիների ընթացքում աշխատել եմ Կալիֆորնիայի օրենսդրական վերլուծության կենտրոնում, որտեղ ուսումնասիրում էի պետական կրթական համակարգի բյուջեն։ Աշխատանքս ծանր էր, սակայն ապրում էի հագեցած կյանքով։ Հոգատար ամուսին էի, սիրով էի կատարում հայրական պարտականություններս և մեծացնում տղայիս։ Իսկ սիրելի կինս միշտ աջակցում էր ինձ։
25 ցենտանոց պատասխան
Երբ մեր տղան երկու տարեկան էր, Պատրիսիան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Երեք տարի անց նա մկրտվեց։ Ես կարծում էի, որ Եհովայի վկաները սահմանափակ տեսակետ ունեն տոների և արյան փոխներարկման վերաբերյալ։ Սակայն որոշ հարցերում նրանց բերած փաստարկները համոզիչ էին ինձ համար։
Ի զարմանս ինձ՝ 1987 թ.–ին սենատը և կրթական կոմիտեները մի համաժողովի հրավիրեցին ինձ՝ իմ կարծիքը հայտնելու այն առաջարկներից մեկի մասին, որ արել էի օրենսդիր մարմնի առաջ։ Կալիֆորնիայի համալսարանը ուզում էր մրցակցության մեջ մտնել մյուս նահանգների հետ, որպեսզի վեց միլիարդ դոլար շահեր պետական մի նախագծի համար, որի համաձայն՝ պետք է կառուցվեր գիտական մի սարքավորում՝ միջուկային մասնիկների արագացուցիչ։ Ես դեմ էի, որ պետությունը հատկացնի այդ գումարը և հանձնաժողովին ասացի, որ իրենց նախագիծը երկրի տնտեսությանը մեծ օգուտներ չի բերի։ Ի պատասխան՝ համալսարանը երկու գիտնականների հրավիրեց, որոնք Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին, որպեսզի վերջիններս իրենց տեսակետը հայտնեն օրենսդիր մարմնի առաջ։ Նրանք բացատրեցին, որ այդ սարքավորման շնորհիվ գիտնականները շատ բան կարող են սովորել։ Նրանցից մեկն ասաց, որ դրա միջոցով կարող ենք իմանալ, թե ինչպես է ստեղծվել տիեզերքը, իսկ մյուսը նշեց, որ այն կօգնի իրենց հասկանալու, թե երկրի վրա կյանքը ինչպես է առաջ եկել։
Կոմիտեի նախագահը դիմեց ինձ.
— Ձեր կարծիքով՝ վեց միլիարդ դոլարը չափազանց մե՞ծ գումար է այս հարցերի պատասխանները իմանալու համար։
— Ինչ խոսք, դրանք կարևոր հարցեր են,— պատասխանեցի ես,— սակայն ամեն շաբաթ Եհովայի վկաները գալիս են իմ տուն և 25 ցենտ արժողությամբ պարբերագիր են առաջարկում։ Այնտեղ տրված են այս հարցերի պատասխանները։ Վստահ եմ, որ նրանց 25 ցենտանոց պատասխանը ավելի արժեքավոր է, քան ձեր վեց միլիարդ դոլարանոց նախագծի հայտնագործությունները։
Բոլոր ներկաները, այդ թվում նաև Նոբելյան մրցանակի դափնեկիրները բարձրաձայն ծիծաղեցին։ Եվ չնայած օրենսդիր մարմինը գումար հատկացրեց այդ նախագծին, սակայն ոչ մեկը չհերքեց իմ տեսակետը։
Վեց տարի էր, ինչ Պատրիսիան Եհովայի վկա էր։ Այս ընթացքում ես անընդհատ նրա հետ խոսում էի Աստվածաշնչի ու Եհովայի վկաների մասին։ Մի օր նա ասաց, որ մտադիր է ավելի շատ ժամանակ տրամադրել քարոզչական ծառայությանը։ Ինձ դուր չեկավ նրա որոշումը, քանի որ դրա պատճառով նա պետք է կրճատեր իր աշխատանքային ժամերը համալսարանում։ Զարմանում էի, թե ինչպես կարող է տրամաբանող անհատը այդպիսի նպատակ դնել։ Ոչինչ չէի կարող անել կամ ասել, որ նա փոխի իր միտքը։ Կնոջս կայացրած որոշումը մտահոգության առիթ տվեց ինձ, ուստի որոշեցի ամեն գնով հետ պահել նրան այդ քայլն անելուց։
Փորձեցի դիմել մասնագետի օգնությանը, այնպիսի մեկին, ով ինձնից ավելի շատ բան գիտի Աստվածաշնչի մասին։ Կարծում էի, որ այդպիսի անձնավորությունը կկարողանա հեշտությամբ ցույց տալ կնոջս Եհովայի վկաների ուսմունքների և Աստվածաշնչի միջև եղած հակասությունները։ Բավական էր ընդամենը ապացուցել, որ ուսմունքներից մեկը սխալ է, և մնացածն արդեն կասկածի տակ կդրվեր։ Այդպիսով «կշարժեի» կնոջս տրամաբանությունը։ Որոշեցի գնալ այն եկեղեցին, ուր ես ու կինս նախկինում հաճախել էինք, և զրուցել տեղի քահանայի հետ։ Թե ինչպես ավարտվեց մեր զրույցը, արդեն պատմեցի հոդվածի սկզբում։ Երբ քահանան հրաժարվեց կնոջս հետ խոսելուց, հասկացա որ սխալները ինքս պետք է գտնեմ, չնայած որ դա ինձնից երկար ժամանակ էր խլելու։
Սխալներ եմ փնտրում
Եհովայի վկաների օգնությամբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ամենից շատ ինձ հետաքրքրեցին աստվածաշնչային մարգարեությունները։ Եսայիայի մարգարեությունից կարդացի Բաբելոնի անկման մասին մանրամասներ, որոնք գրի էին առնվել դեպքերի կատարումից մոտ 200 տարի առաջ։ Ինձ տպավորեց հատկապես այն, որ նշվել էր նվաճողի անունը՝ Կյուրոս, և նկարագրվել էր, թե ինչպես է նա փոխելու Եփրատ գետի հունը՝ քաղաքը նվաճելու համար (Եսայիա 44։27–45։4)։ Հիշեցի, որ տարիներ առաջ ռազմական մարտավարության դասընթացների ժամանակ ուսումնասիրել էի Բաբելոնի անկումը։ Իմացա նաև, որ Դանիել մարգարեն ավելի քան 200 տարի առաջ մանրամասնորեն կանխագուշակել էր Հունաստանի հզոր տիրակալի մասին, որի թագավորությունը իր մահից հետո բաժանվելու էր չորս թագավորությունների, որոնք, սակայն, իրենց զորությամբ զիջելու էին Մակեդոնացու ստեղծած կայսրությանը (Դանիէլ 8։21, 22)։ Հնագույն պատմության դասերի ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացու մասին ուսումնասիրել էի։ Այնուհանդերձ, բազում փնտրտուքներ կատարեցի հանրագիտարաններում և այլ հեղինակավոր գրքերում, սակայն ինքս ինձ ապացուցեցի միայն, որ աստվածաշնչային այս մարգարեություններն իրոք դեպքերի կատարումից առաջ են գրի առնվել։
Որքան շատ էի ուսումնասիրում, այնքան ավելի շատ էի համոզվում, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Եվ զարմանալին այն էր, որ այդ մասին պիտի իմացած լինեի այն տարիներին, երբ աստվածաբանություն էի ուսումնասիրում։ Այդքան բան իմանալուց հետո ի՞նչ պիտի անեի։ Որոշեցի կյանքս նվիրել Եհովային (Եսայիա 43։10)։ Քահանայի հետ մեր զրույցից երկու տարի հետո՝ 1991 թ.–ին, մկրտվեցի։ Հաջորդ տարի մկրտվեց մեր տղան։
Մեր ընտանիքի ծրագրերը փոխվեցին։ Մկրտությունիցս հետո կայացրած իմ առաջին որոշումն էր, որ կինս հինգ տարի հետո՝ 50 տարեկանում, այլևս չդասավանդի համալսարանում։ Նա ցանկանում էր լիաժամ ծառայել, որպեսզի ավելի շատ մարդկանց սովորեցնի Աստվածաշնչի ճշմարտությունները։ Այդ տարիներին լիաժամ ծառայողը պետք է տարեկան 1 000 ժամ կամ ամեն ամիս 83 ժամ տրամադրեր քարոզչական գործին։ 1994 թ.–ին նա իր աշխատանքային ժամերը նվազեցրեց և սկսեց լիաժամ ծառայել։ Իսկ ես նպատակ ունեի բարելավել ծառայությունս, որքան հնարավոր է աջակցել ժողովին, նաև ծառայել որպես կամավոր՝ կատարելով Թագավորության սրահների շինարարության հաշվապահական գործերը։
Մի անգամ առիթ ունեցա աշխատավայրում Աստվածաշնչից խոսելու։ Պարզվեց, որ օրենսդրական վերլուծության կենտրոնի աշխատողներից մեկը Եհովայի վկա է։ Սակայն Աստվածաշնչի հանդեպ ունեցած կասկածները ժամանակի ընթացքում թուլացրել էին նրա հավատը։ Ես շատ ուրախ էի, որ կարողացա օգնել նրան հոգևորապես ամրանալու։ Որոշ ժամանակ անց նա սկսեց լիաժամ ծառայել։
1995 թ.–ին ներկա գտնվեցի սենատի և կրթության կոմիտեների կազմակերպած հատուկ համաժողովին։ Կոմիտեի նախագահը պետության ներկայացուցչին հարցրեց, թե ինչպիսի ընթացքի մեջ է նախագիծը։ Վերջինս ասաց, որ այդ նախագծով պետք է զբաղվեր Տեխասի նահանգը, սակայն այն ավարտին չհասցվեց երեք պատճառով։ Առաջին՝ նախագծի գինը վեց միլիարդ դոլարից հասավ ինը միլիարդի։ Երկրորդ՝ կառավարությունը ցանկանում էր այդ գումարը օգտագործել ուրիշ նպատակներով, օրինակ՝ 1991 թ.–ի Իրաքի պատերազմի համար։ Երրորդ՝ նրանք հասկացել էին, որ կյանքի վերաբերյալ հարցերի պատասխանները կարող են իմանալ, եթե ընդամենը 25 ցենտ վճարեն Եհովայի վկաներին։ Նա նաև նշեց, որ շատերը պաշտպանել են իմ տեսակետը և այդ պատճառով կրթական կոմիտեների այս հանդիպմանը իմ առաջարկը նորից քննարկման է դրվել։
Երբ պետության ներկայացուցիչն ավարտեց իր խոսքը, բոլորը ծիծաղեցին, իսկ կոմիտեի անդամներից մի քանիսն էլ ինձ նայեցին։ Ես ոտքի կանգնեցի ու բոլոր ներկաներին ասացի. «Այժմ դուք կարող եք անվճար իմանալ այդ հարցերի պատասխանները, եթե ընդամենը կարդաք նրանց գրականությունը»։
Իմաստալից և լիարժեք կյանք
Երբ կինս թոշակի անցավ, մտածեցինք, թե ինչպես կարող եմ փոփոխություններ մտցնել իմ ծրագրերի մեջ առաջիկա հինգ տարում, քանի որ ուզում էի ավելի շատ ժամանակ տրամադրել քարոզչական գործին։ Ես դիմեցի որոշ գործակալությունների կես դրույքով աշխատանք գտնելու համար։ Անսպասելիորեն օրենսդրական վերլուծության կենտրոնն առաջարկեց ինձ քիչ աշխատաժամով աշխատել։ 1998 թ.–ին ես նույնպես դարձա լիաժամ ծառայող։
Մի օր առավոտյան, երբ ես ու կինս պատարստվում էինք ծառայության գնալու, Միացյալ Նահանգների՝ Եհովայի վկաների մասնաճյուղից (Բրուքլին, Նյու–Յորք) հեռախոսազանգ ստացա։ Նախապես կատարված հարցումների արդյունքում իմանալով, թե ինչ հմտություններ ունեմ՝ զանգահարողը հարցրեց, թե կցանկանամ աշխատել մի նախագծի վրա։ Անմիջապես դրական պատասխան տվեցի։ 18 ամիս մենք ծառայեցինք Բրուքլինի մասնաճյուղում։ Որպեսզի ավարտին հասցնեի նախագիծը, վաղօրոք թոշակի անցա։ Հետո մասնակցեցինք Ֆերֆիլդի (Կալիֆորնիա) Եհովայի վկաների Համաժողովների սրահների կառուցմանը։ Ի վերջո, որոշեցինք վաճառել Սակրամենտոյի մեր տունը, տեղափոխվել Փալո–Ալտո և ապրել ավելի փոքր բնակարանում։ Վաղօրոք թոշակի անցնելը հետագա օրհնությունների դուռ բացեց իմ առջև։ Այդ ժամանակից սկսած՝ ես ու կինս աշխատել ենք տարբեր երկրներում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղերում, օրինակ՝ Նիգերիայում, Հարավային Աֆրիկայում, Կանադայում, Բրիտանիայում և Գերմանիայում։
Մենք մեծ ուրախություն ենք ստանում, երբ օգնում ենք մարդկանց իմանալու աստվածաշնչային ճշմարտությունները։ Անկեղծ ասած՝ ամենաշատ օգուտները տալիս է Եհովայի կրթությունը։ Այն բոլոր առումներով գերազանցում է երկրի վրա եղած ցանկացած կրթական համակարգի։ Եհովան կրթում է իր ծառաներին, որպեսզի նրանք այնպես սովորեցնեն մարդկանց աստվածաշնչային ճշմարտությունները, որ դրանք հասնեն իրենց մտքին ու սրտին։ Հենց դա էլ մղում է ինձ շարունակ սովորելու։ Մեր իմաստալից ու լիարժեք կյանքի համար ես ու կինս երախտապարտ ենք Եհովային։ Նաև ուրախ ենք, որ կարողանում ենք մեր ստացած կրթությունը օգտագործել տիեզերքի Գերիշխանին՝ Եհովա Աստծուն ծառայելու համար։
[մեջբերում 27–րդ էջի վրա]
Ամենից շատ ինձ հետաքրքրեց աստվածաշնչային մարգարեությունները
[նկար 27–րդ էջի վրա]
Մեր հարսանիքի օրը
[նկար 29–րդ էջի վրա]
Ես ու Պատրիսիան սովորեցնում ենք ուրիշներին աստվածաշնչային ճշմարտությունները