Քո՞ շահերն ես առաջին տեղում դնում
ԵՐԿՈՒ երեխա միասին խաղում են։ Հանկարծ նրանցից մեկը մյուսից խլում է իր սիրած խաղալիքը և ճչում. «Տո՜ւր, ի՛մն է»։ Այո՛, անկատար մարդիկ մանկուց եսասեր են (Ծննդ. 8։21; Հռոմ. 3։23)։ Բացի այդ, աշխարհը խրախուսում է միշտ առաջինը լինել։ Ուստի պետք է պայքար մղենք մեր եսասիրական հակումների դեմ, հակառակ դեպքում՝ կարող ենք ուրիշների համար գայթակղության պատճառ լինել և վնասել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները (Հռոմ. 7։21–23)։
Նշելով, թե ինչ ազդեցություն կարող է թողնել մեր արարքը ուրիշների վրա՝ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն բան օրինավոր է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է։ Ամեն բան օրինավոր է, բայց ամեն բան չէ, որ կերտում է»։ Նա նաև ասաց. «Գայթակղության պատճառ մի՛ եղեք» (1 Կորնթ. 10։23, 32)։ Ուստի խելամիտ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Պատրա՞ստ եմ զիջումների գնալու հանուն ժողովի խաղաղության, պատրա՞ստ եմ հետևելու Աստվածաշնչի սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այդպես վարվելը դժվար է»։
Աշխատանք ընտրելիս
Շատերը մտածում են, թե աշխատանքի ընտրությունը անձնական որոշման հարց է, և իրենց կայացրած որոշումը առանձնապես չի անդրադառնա ուրիշների վրա։ Քննենք Հարավային Ամերիկայում ապրող մի բիզնեսմենի օրինակը։ Նա հայտնի էր որպես խաղամոլ և հարբեցող։ Սակայն սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, հոգևորապես առաջադիմեց և փոփոխություններ մտցրեց իր կյանքում (2 Կորնթ. 7։1)։ Իսկ երբ քարոզիչ դառնալու ցանկություն հայտնեց, ժողովի երեցներից մեկը նրբանկատորեն խորհուրդ տվեց նրան մտածել իր աշխատանքի բնույթի մասին։ Այդ անձնավորությունը իրենց քաղաքում տնօրինում էր եղեգից պատրաստված սպիրտի վաճառքը։ Սպիրտը կարելի է օգտագործել տարբեր կերպերով, սակայն այդ քաղաքում այն խառնում էին զովացուցիչ ըմպելիքների հետ և խմում էին միմիայն հարբելու նպատակով։
Նա հասկացավ, որ եթե քարոզի բարի լուրը ու միևնույն ժամանակ շարունակի այդ գործով զբաղվել, ապա դա բացասաբար կանդրադառնա ժողովի անվան վրա, բացի այդ կվնասի Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունները։ Նա թողեց այդ գործը, որի միջոցով հոգ էր տանում իր ընտանիքին։ Այսօր նա վաճառում է թղթից պատրաստված իրեր և այդպես է հոգում իր ընտանիքի կարիքները։ Ուրախալի է, որ ներկայումս նա, կինը և հինգ երեխաներից երկուսը մկրտված են։
Ընկերներ ընտրելիս
Իսկ ի՞նչ կարելի է ասել ընկերներ ընտրելու մասին։ Արդյոք դա անձնական որոշմա՞ն, թե՞ Աստվածաշնչի սկզբունքներին հետևելու հարց է։ Մի քույր ոչ քրիստոնյա տղամարդու կողմից հավաքույթի գնալու հրավեր էր ստացել։ Նրան նախազգուշացում էր տրվել վտանգների մասին։ Այդուհանդերձ, նա որոշեց գնալ այդ երեկույթին։ Հավաքույթի ժամանակ այդ տղամարդը խմելու ինչ–որ բան էր տվել նրան, որի մեջ քնաբեր հաբ էր գցել։ Երբ մի քանի ժամ հետո քույրը արթնացել էր, հասկացել էր, որ իր «ընկերը» բռնաբարել է իրեն (համեմատի՛ր Ծննդոց 34։2)։
Իհարկե, միշտ չէ, որ ոչ քրիստոնյաների հետ շփումը կարող է այսպիսի ողբերգական հետևանքներ ունենալ։ Այդուհանդերձ, Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակ. 13։20)։ Կասկածի ենթակա չէ այն փաստը, որ վատ ընկերակցությունները վնասում են մեզ։ Առակաց 22։3–ում գրված է. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում»։ Այո՛, մեր ընկերները կարող են ազդել մեզ վրա, իսկ նրանց հետ շփումը կարող է անդրադառնալ Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա (1 Կորնթ. 15։33; Հակ. 4։4)։
Հագուստի և հարդարանքի հարցում
Նորաձևությունը միշտ փոխվում է։ Սակայն հագուստի և հարդարանքի հարցում Աստվածաշնչի սկզբունքները անփոփոխ են մնում։ Պողոսը հորդորեց քրիստոնյա կանանց «իրենց զարդարել վայելուչ հագուստով՝ համեստությամբ և ողջամտությամբ»։ Այս սկզբունքը վերաբերում է նաև տղամարդկանց (1 Տիմոթ. 2։9)։ Անշուշտ, Պողոսը չէր խրախուսում ծայրահեղության մեջ ընկնել և անշուք կամ նույնատիպ հագուստ կրել։ Այդ դեպքում ի՞նչ է համեստությունը։ Մի բառարանի համաձայն՝ համեստ անձնավորությունը «իր առավելությունները ցուցադրել չի սիրում, սնապարծ չէ, պարծենկոտ չէ.... ունի վայելուչ հագուկապ, պարկեշտ վարք և խոսքի մեջ չափավոր է»։
Ուստի հարցրու ինքդ քեզ. «Կարո՞ղ եմ ազնվորեն ասել, որ համեստ եմ, եթե հագուստի ընտրության հարցում առաջնորդվում եմ սեփական նախասիրություններով և այնպես եմ հագնվում, որ անտեղի ուշադրություն եմ գրավում։ Հագուկապս ի՞նչ է ասում իմ ով լինելու և բարոյական չափանիշներիս մասին»։ Մենք «ոչ մի ձևով գայթակղության որևէ առիթ չենք տա», եթե «փնտրենք ոչ միայն մեր սեփական շահը, այլ նաև ուրիշների շահը» (2 Կորնթ. 6։3; Փիլիպ. 2։4)։
Գործարքների հարցում
Երբ Կորնթոսի ժողովում խարդախ գործարքների հետ կապված խնդիր էր առաջացել, Պողոսը գրեց. «Ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ ինքներդ վնաս կրեք։ Կամ փոխարենը՝ ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ ինքներդ խաբվեք»։ Առաքյալը խորհուրդ տվեց քրիստոնյաներին պատրաստ լինելու անգամ տուժել, քան թե եղբորը դատարան տանել (1 Կորնթ. 6։1–7)։ ԱՄՆ–ում ապրող մի եղբայր կիրառեց այս խորհուրդը։ Նա աշխատավարձի հետ կապված տարաձայնություններ ուներ իր գործատիրոջ հետ, որն իր հավատակիցն էր։ Հետևելով Գրությունների առաջնորդությանը՝ երկու եղբայրները մի քանի անգամ հանդիպեցին, սակայն խնդիրը մնաց չլուծված։ Ի վերջո, նրանք դիմեցին «ժողովի» երեցներին (Մատթ. 18։15–17)։
Ցավոք, հարցը դրանից հետո էլ չլուծվեց։ Բազմիցս աղոթելուց հետո եղբայրը որոշեց հրաժարվել գումարի մեծ մասից։ Ինչո՞ւ։ Նա ասաց. «Այս խնդիրը խլում էր իմ ուրախությունը և այն ժամանակը, որը կարող էի տրամադրել հոգևոր գործերին»։ Այդ որոշումը կայացնելուց հետո եղբայրը վերագտավ իր ուրախությունը և զգաց, թե ինչպես է Եհովան օրհնում իր ծառայությունը։
Նույնիսկ փոքր բաներում
Փոքր բաներում էլ մեր շահը չպիտի փնտրենք։ Մարզային համաժողովի առաջին օրը ռահվիրա ամուսինները վաղօրոք էին եկել և զբաղեցրել էին իրենց տեղերը։ Երբ ծրագիրն արդեն սկվել էր և մարզադաշտում գրեթե տեղ չկար նստելու, մի բազմանդամ ընտանիք նստելու տեղ էր փնտրում։ Նկատելով, որ միասին նստելու համար տեղ չեն գտնում՝ ռահվիրա ամուսինները զիջեցին իրենց տեղերը։ Համաժողովից մի քանի օր հետո նրանք շնորհակալական մի նամակ ստացան այդ ընտանիքից։ Նամակում ասվում էր, թե որքան էին վհատվել նրանք, որ ուշ են հասել համաժողովի վայր։ Սակայն նրանց տրամադրությունը կտրուկ փոխվեց, երբ ամուսինները բարություն դրսևորեցին իրենց հանդեպ։
Թող որ պատրաստ լինենք զիջելու, երբ այդպես վարվելու առիթ է ներկայանում։ Դրսևորելով սեր, որն «իր սեփական շահերը չի փնտրում»՝ մենք խաղաղություն կպահպանենք ժողովում և մերձավորների հետ (1 Կորնթ. 13։5)։ Եվ ամենակարևորը, եթե այդպես վարվենք, կպահպանենք մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ։
[նկար 20–րդ էջի վրա]
Պատրա՞ստ ես զիջումների գնալու հագուստի ընտրության հարցում
[նկար 21–րդ էջի վրա]
Զիջո՞ւմ ես քո տեղը ուրիշին