Աղքատությունը Աստծու անհավանությա՞ն նշան է
ԱՍՏՎԱԾ ասել էր իսրայելացիներին. «Քեզ մօտ աղքատ չ’գտնուի»։ Եհովան այսպիսի բան էր պատվիրել նրանց, քանի որ Օրենքում կանոններ կային աղքատներին հոգ տանելու և անգամ պարտքերը ներելու մասին (Բ Օրինաց 15։1–4, 7–10)։ Քանի որ Եհովան խոստացել էր օրհնել իսրայելացիներին, այդ պատճառով էլ նրանց մեջ աղքատ մարդ չպետք է լիներ։ Սակայն Աստծու օրհնությունը ունենալու համար նրանք պետք է պահեին Օրենքը, որին սակայն չհնազանդվեցին։
Այդուհանդերձ, եթե մարդիկ հարուստ էին, դա դեռ չէր նշանակում, որ օրհնված էին Աստծու կողմից։ Եվ հակառակը՝ եթե մարդիկ աղքատ էին, դա չէր նշանակում, որ չունեին Աստծու հավանությունը։ Հնում ապրած հավատարիմ ծառաներից շատերը աղքատ են եղել։ Օրինակ՝ Ամովս մարգարեն. նա հովիվ էր և ուներ սեզոնային աշխատանք (Ամովս 1։1; 7։14)։ Իսկ Եղիա մարգարեի օրերում սով տարածվեց Իսրայելում, և Եղիան հյուրընկալվեց մի աղքատ այրու տանը։ Սակայն Եհովան օգնության հասավ և հրաշքով նրանց ամեն օր մի բուռ այլուր և ձեթ էր տալիս։ Այդպիսով նրանք կարողացան վերապրել այդ դժվար օրերից։ Ո՛չ Եղիան և ո՛չ էլ այրի կինը չհարստացան. Եհովան հոգաց նրանց միայն օրվա կարիքները (Գ Թագաւորաց 17։8–16)։
Անսպասելի իրադարձությունների պատճառով անհատը կարող է աղքատության դուռը հասնել։ Դժբախտ պատահարների և հիվանդության արդյունքում մարդը ժամանակավորապես կամ էլ մշտապես գուցե դառնա անաշխատունակ։ Հնարավոր է՝ ամուսինը մահանա, ու կինը դառնա այրի, իսկ երեխաները մնան որբ։ Բայց մի՞թե այս վիճակում հայտնված մարդիկ չունեն Աստծու հավանությունը։ Նոեմիի և Հռութի քաջալերական պատմությունից տեսնում ենք, որ Եհովան սիրով հոգ է տանում նրանց մասին, ովքեր աղքատ են։ Նոեմին ու Հռութը կորցրին իրենց ամուսիններին և ընկան ծայրաստիճան աղքատության մեջ, այդուհանդերձ, Եհովան օրհնեց նրանց ու հոգ տարավ նրանց մասին (Հռութ 1։1–6; 2։2–12; 4։13–17)։
Հստակ է ուրեմն, որ աղքատությունը Աստծու անհավանության նշանը չէ։ Եհովային հավատարիմ մարդիկ կարող են ունենալ այն նույն համոզվածությունը, որն ուներ Դավիթ թագավորը Աստծու հանդեպ. «Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ» (Սաղմոս 37։25)։
[նկար 8–րդ էջի վրա]
Թեև Նոեմին ու Հռութը աղքատ էին, սակայն Աստված օրհնեց նրանց ու հոգ տարավ նրանց մասին