Նամակ Բոլիվիայից
Աղքատ կինը հույս և ուրախություն գտավ
ԵՍ ԾԱՌԱՅՈՒՄ եմ որպես միսիոներ զարգացող երկրներից մեկում՝ Բոլիվիայում։ Երբեք չեմ հաշտվել աղքատության և մարդկանց անհույս վիճակի հետ։ Անհամբերությամբ սպասում եմ այն ժամանակին, երբ մարդիկ այլևս չեն տառապի։ Գիտեմ, որ միայն Աստծու Թագավորությունը կլուծի բոլոր խնդիրները։
Հաճախ եմ տեսել, թե ինչպես են մարդիկ Աստծու Խոսքի շնորհիվ երջանկություն գտել՝ չնայած իրենց ծանր պայմաններին։ Սաբինան նրանցից մեկն է։ Տարիներ առաջ նա, երկու փոքրիկ աղջիկները գրկին, ճանապարհ դրեց իր ամուսնուն. մի հին ավտոբուսով նա հեռացավ՝ ուրիշ երկրում լավ վարձատրվող աշխատանք գտնելու ակնկալիքով։ Անցան օրեր, ամիսներ, տարիներ, սակայն ամուսինը այդպես էլ չվերադարձավ։ Սաբինան ստիպված էր տքնաջան աշխատել իր աղջիկներին՝ Միլենային ու Գիլյանին, հոգ տանելու համար։
Առաջին անգամ Սաբինային տեսա նրա քրոջ խանութում, երբ համբերատարությամբ սպասարկում էր պահանջկոտ հաճախորդներին։ Նրա հոգնած աչքերից երևում էր, որ ամբողջ օրը ծանր աշխատել է։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցի նրան ու իր աղջիկներին։ «Մեծ սիրով կհամաձայնվեի,— ասաց նա,— բայց շատ զբաղված եմ։ Կուզեի, որ աղջիկներիս հետ ուսումնասիրեք»։ Ես համաձայնվեցի։ Աստիճանաբար սկսեցի ճանաչել Սաբինային ու տեսա, թե ինչ ծանր պայմաններում է նա ապրում։
Սաբինայի օրը սկսվում է առավոտյան ժամը 4.00–ին։ Մինչ աղջիկները քնած են, մայրը հնամաշ ալյումինե կաթսան դնում է կրակին, որպեսզի պատրաստի միսը՝ էմպանադայի (մսով կարկանդակ) միջուկը։ Իսկ խմորը պատրաստում է մի օր առաջ։ Այդ կարկանդակները Սաբինան վաճառում է իր ընտանիքի կարիքները հոգալու համար։
Այնուհետև սայլակի վրա դնում է այդ օրվա համար անհրաժեշտ բոլոր իրերը՝ հովանոցը, փոքրիկ գազօջախը, գազի բալոնը, սեղանը, աթոռները, ամանները, ձեթը, ինչպես նաև միսն ու խմորը և տանը պատրաստած մի քանի շիշ մրգահյութ։
Ժամը 6.00–ին Սաբինան և աղջիկները կողպեքով փակում են դուռը և գնում գործի։ Նրանց հայացքն անորոշ է, իրենք տխուր են ու լուռ, կենտրոնացած են միայն գործի վրա։ Միսիոներական տան պատուհանից նայելիս բազում անգամներ են իմ առջև այսպիսի տեսարաններ բացվել։ Բոլիվիայի փողոցներում ուտելիք և խմիչք վաճառող բազմաթիվ կանանց նման՝ Սաբինան նույնպես դուրս է գալիս տանից մինչև արևածագը։
6.30–ին, երբ արևը դուրս է գալիս սարերի հետևից, Սաբինան և աղջիկները արդեն հասնում են իրենց «աշխատավայր»։ Նրանք անխոս դատարկում են սայլակը և դասավորում իրենց շարժական խոհանոցը։ Սաբինան առաջին էմպանադան դնում է եռացող ձեթով լցված կաթսայի մեջ, և ձեթը սկսում է թշշալ։ Առավոտյան սառը օդի մեջ տարածվում է էմպանադայի անուշ հոտը՝ գրգռելով քաղցած անցորդների ախորժակը։
«Քանի՞ հատ եք ուզում»,— հարցնում է Սաբինան առաջին հաճախորդին։ Առանց հայացքը վեր բարձրացնելու, քնկոտ աչքերով՝ տղամարդը մատներով երկուս է ցույց տալիս։ Սաբինան մատուցում է կարմրացրած տաք երկու էմպանադա։ Այնուհետև հավաքում է մանրադրամները։ Ողջ օրվա ընթացքում այս ամենը կրկնվում է հարյուր անգամներ։ Երբ վաճառվում է վերջին էմպանադան, նրանք հավաքում են իրերը և ուղևորվում են տուն։ Թեև Սաբինայի ոտքերը ցավում են, սակայն նա դեռ պետք է շարունակի աշխատել իր քրոջ խանութում։
Երբ առաջին անգամ գնացի խանութ՝ աղջիկների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու, անկյունում արդեն երկու նստարան էր դրված։ Ինը տարեկան Միլենան և յոթ տարեկան Գիլյանը միշտ լավ էին պատրաստում դասը և անհամբեր ինձ էին սպասում։ Ժամանակի ընթացքում այս ամաչկոտ աղջիկներն ընկերացան ինձ հետ։ Այս ամենը ջերմացնում էր Սաբինայի սիրտը։ Շուտով նա նույնպես որոշեց ուսումնասիրել Աստվածաշունչը՝ չնայած իր ծանրաբեռնվածությանը։
Ինչքան շատ էր Սաբինան գիտելիքներ ստանում, այնքան ավելի շատ էր սկսում սիրել Եհովա Աստծուն։ Նա զգում էր, որ մի նոր, անսովոր զգացում է իրեն պարուրում՝ երջանկության զգացում։ Տխուր առևտրականը այժմ ուրիշ անձնավորություն էր դարձել։ Նրա աչքերը փայլում էին, քայլում էր ուղիղ՝ գլուխը բարձր։ «Սաբինան միշտ ժպտում է,— նկատել էր նրա քույրը,— բայց առաջ այդպիսին չէր»։ Ուրիշները նույնպես նկատել էին այս մեծ փոփոխությունը։ Սաբինան երկար ժամանակ հոգևոր դատարկություն էր զգացել, իսկ հիմա նրա հոգևոր կարիքները բավարարված են։
Սաբինան մեծ բավականություն էր ստանում Աստվածաշնչի ուսումնասիրությունից, սակայն զբաղված լինելու պատճառով դեռ չէր կարողանում հաճախել ժողովի հանդիպումներին։ Վերջապես մի օր նա ընդունեց իմ հրավերը։ Դրանից հետո բաց չթողեց և ոչ մի հանդիպում։ Ժողովում Սաբինան իսկական ընկերներ գտավ։ Նա նաև զգաց, որ Եհովան հոգ է տանում նրանց մասին, ովքեր սիրում են իրեն և զոհողությունների են գնում՝ իրեն ծառայելու համար (Ղուկաս 12։22–24; 1 Տիմոթեոս 6։8)։
Սաբինային դուր էր գալիս այն, ինչ սովորում էր։ Նա ուզում էր ուրիշներին էլ պատմել իր սովորածի մասին։ Բայց մի բան խանգարում էր նրան։ Նա ասում էր. «Երբ մտածում եմ քարոզելու մասին, վախով եմ լցվում։ Ինչպե՞ս կարող եմ ես՝ անկիրթ, ամաչկոտ կինս, սովորեցնել որևէ մեկին»։ Այդուհանդերձ, իր հանդեպ դրսևորված բարությունը և կյանքում տեղի ունեցած լավ փոփոխությունները մղեցին Սաբինային կատարելու այս կարևոր քայլը։ Նա նաև հասկանում էր, որ պետք է լավ օրինակ թողնի իր աղջիկներին։ Երբ սկսեց քարոզել բարի լուրը, աղջիկները միացան մորը և դարձան բարի լուրի եռանդուն քարոզիչներ։
Սաբինան այլևս այն կինը չէ, որը տքնաջան աշխատում է և ուրախություն չի ստանում իր կյանքից։ Ճիշտ է, նրա սոցիալական վիճակը շատ չի փոխվել, բայց փոխվել է կարևոր մի բան՝ կյանքի հանդեպ նրա տեսակետը։ Այսօր նա մկրտված քրիստոնյա է և քարոզում է բարի լուրը Աստծու Թագավորության մասին, Թագավորություն, որը մեկընդմիշտ լուծելու է բոլոր խնդիրները։ Այդ ժամանակ մարդիկ աղքատ ու վհատված չեն լինի (Մատթեոս 6։10)։
Առավոտյան ժամը 5.00–ն է։ Սաբինան պատրաստվում է դուրս գալ տանից, բայց ոչ թե էմպանադաներ վաճառելու, այլ իր եղբայրների ու քույրերի հետ փողոցում վկայություն տալու համար։ Ամեն շաբաթ իր ժամանակի մի մասը տրամադրելով այս գործին՝ նա մեծ ուրախություն է ստանում։ Այժմ, երբ փակում է տան դուռը և դուրս է գալիս փողոց, լայն ժպիտով է քայլում։ Սայլակը հրելու փոխարեն՝ նա բռնել է մի մեծ պայուսակ, որի մեջ կան Աստվածաշունչ և աստվածաշնչային գրականություն։ Սաբինան բերկրանքով ասում է. «Մտքովս երբեք չի անցել, որ կկարողանամ մարդկանց սովորեցնել Աստվածաշունչը։ Ես սիրո՛ւմ եմ այս գործը»։