Ընթերցողների հարցերը
Եզեկիել 18։20 համարում ասվում է, որ «որդին պիտի չ’կրէ հօր անօրէնութիւնը», սակայն Ելից 20։5–ում գրված է. «Կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ»։ Հակասո՞ւմ են արդյոք այս համարներն իրար։
Վստահաբար այս համարներում հակասություն չկա։ Տեսնենք, թե ինչու կարող ենք այդպես ասել։ Համարներից մեկում շեշտվում է, որ յուրաքանչյուր անհատ պատասխանատու է ի՛ր արարքների համար, իսկ մյուսում խոսվում է այն մասին, որ անհատի սխալը անհետևանք չի մնում, և կարող է ազդել իր հետնորդների վրա։
Եզեկիել 18–րդ գլխի համատեքստը թիկունք է կանգնում այն մտքին, որ անհատը ինքը պետք է հաշիվ տա Աստծուն իր արարքների համար։ Նույն գլխի 4–րդ համարում ասվում է. «Մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ»։ Իսկ եթե մարդն «արդար է եւ գործում է իրաւունք եւ արդարութիւն», «նա անպատճառ պիտի ապրէ» (Եզեկ. 18։5, 9)։ Այսպիսով՝ երբ անհատը բավական հասուն է, նա է պատասխան տալիս իր գործերի համար, ուստիև դատվում է «իր ճանապարհների համեմատ» (Եզեկ. 18։30)։
Եհովան վարվեց այս սկզբունքի համաձայն ղևտացի Կորխի որդիների պարագայում։ Երբ Իսրայել ազգը դեգերումների մեջ էր, Կորխը դժգոհություն հայտնեց իր առանձնաշնորհումների վերաբերյալ։ Նա ուզում էր քահանայական պաշտոն զբաղեցնել, ուստի որոշ մարդկանց հետ դուրս եկավ Եհովայի ներկայացուցիչների՝ Մովսեսի ու Ահարոնի դեմ։ Ապստամբները հանդգնորեն ցանկացան այնպիսի պաշտոն ստանձնել, որի իրավունքը չունեին։ Արդյունքում Եհովան Կորխին և նրա համախոհներին մահվան դատապարտեց (Թուոց 16։8–11, 31–33)։ Կորխի որդիները, սակայն, չմիացան իրենց հորը։ Դրա համար էլ Աստված չպատժեց նրանց։ Հնազանդվելով Եհովային՝ նրանք փրկեցին իրենց կյանքը (Թուոց 26։10, 11)։
Իսկ ինչպե՞ս հասկանանք Ելից 20։5–ը, որում արձանագրված է Տասը պատվիրաններից մեկը։ Կրկին նայենք համատեքստը։ Եհովան իր Օրենքի ուխտը հայտնեց Իսրայել ազգին։ Լսելով Աստծու պահանջները՝ իսրայելացիները բացականչեցին. «Եհովայի բոլոր ասածները կ’անենք» (Ելից 19։5–8)։ Այդպիսով հատուկ փոխհարաբերություններ հաստատվեցին Եհովայի և Իսրայել ազգի միջև։ Ուստի կարող ենք ասել, որ Ելից 20։5–ի խոսքերը ուղղված էին ողջ ազգին։
Երբ իսրայելացիները հավատարիմ էին մնում Եհովային, շատ օգուտներ էին քաղում և մեծ օրհնություններ էին վայելում (Ղեւտ. 26։3–8)։ Սակայն երբ մերժեցին Աստծուն և գնացին կեղծ աստվածների հետևից, մեծ փորձությունների մեջ ընկան, քանի որ Եհովան այլևս չէր օրհնում և չէր պաշտպանում նրանց (Դատ. 2։11–18)։ Ժամանակի ընթացքում ամբողջ ազգը թաթախվեց կռապաշտության մեջ, սակայն կային ոմանք, ովքեր պահեցին Աստծու պատվիրանները և անարատ մնացին (Գ Թագ. 19։14, 18)։ Հավանաբար այդ հավատարիմ մարդիկ իրենց ազգակիցների մեղքերի պատճառով դժվարություններ կրեցին, բայց Եհովան սիրառատ բարություն դրսևորեց նրանց հանդեպ։
Երբ իսրայելացիները սկսեցին բացահայտորեն ոտնահարել Եհովայի սկզբունքները, որի հետևանքով Աստծու անունը ծաղրի առարկա դարձավ ուրիշ ազգերի մեջ, Եհովան վճռեց պատժել նրանց՝ թույլ տալով, որ գերի տարվեն Բաբելոն։ Անշուշտ, այդ պատիժը կրեցին և՛ առանձին անհատներ, և՛ ամբողջ ժողովուրդը (Երեմ. 52։3–11, 27)։ Իսրայել ազգի մեղքն այնքան մեծ էր, որ անդրադարձավ նրանց երրորդ, չորրորդ և նույնիսկ հետագա սերունդների վրա, ինչպես որ նշված է Ելից 20։5–ում։
Աստծու Խոսքում նկարագրված են նաև այնպիսի դեպքեր, երբ ամբողջ ընտանիքն է տուժել ծնողների սխալ արարքի պատճառով։ Օրինակ՝ Հեղի քահանայապետը անպատվեց Եհովային՝ թույլ տալով իր «չար», անբարո որդիներին ծառայել որպես քահանաներ (Ա Թագ. 2։12–16, 22–25)։ Նա իր որդիներին ավելի մեծ պատվի արժանացրեց, քան Եհովային, ուստի Աստված որոշեց զրկել նրա ընտանիքին քահանայական պաշտոնից, որը տեղի ունեցավ Հեղիի ծոռ Աբիաթարի օրերում (Ա Թագ. 2։29–36; Գ Թագ. 2։27)։ Ելից 20։5–ի սկզբունքը գործեց նաև Գեեզիի պարագայում։ Նա Եղիսեի սպասավորը լինելու առանձնաշնորհումը օգտագործեց, որպեսզի նյութական շահ ստանա ասորի զորավար Նեեմանին բուժելու դիմաց։ Այդ պատճառով Եհովան Եղիսեի միջոցով նրան հայտնեց իր պատիժը. «Նէեմանի բորոտութիւնը քեզ եւ քո սերունդին փակչի յաւիտեան» (Դ Թագ. 5։20–27)։ Այսպիսով Գեեզիի ժառանգները նույնպես կրեցին նրա արարքի հետևանքները։
Լինելով մեր Արարիչը՝ Եհովան իրավունք ունի որոշելու, թե որ պատիժն է ճիշտ ու արդարացի։ Վերը նշված օրինակները ցույց են տալիս, որ հայրերի մեղքերի հետևանքները գուցե ազդեն նրանց երեխաների, կամ՝ սերունդների վրա։ Այդուհանդերձ, Եհովան լսում է «զրկեալների աղաղակը», և նրանք, ովքեր անկեղծորեն դիմում են իրեն, ստանում են նրա հավանությունն ու թեթևություն են զգում (Յոբ 34։28)։
[Նկար 29–րդ էջի վրա]
Կորխն ու իր համախոհները ստացան իրենց արժանի պատիժը