Մի՞թե Աստված չի տեսնում
«Ով Տէր [Եհովա, ՆԱ], ինչո՞ւ ես հեռու կենում, եւ թագցնում քեզ նեղութեան ժամանակներումը» (ՍԱՂՄՈՍ 10։1)։
ԳԵԹ ՄԻ հայացք նետելով թերթերի վերնագրերին՝ կհամոզվենք, որ ապրում ենք «նեղութեան ժամանակներում»։ Երբեմն մեր մաշկի վրա ենք դա զգում՝ ինքներս ենք դժբախտության բախվում, օրինակ՝ հանցագործության կամ դժբախտ պատահարի զոհ ենք դառնում, մահանում է մեր սիրելիներից մեկը։ Նման իրավիճակներում գուցե ակամայից հարցնում ենք. «Աստված չի՞ տեսնում։ Չի՞ մտածում մեր մասին։ Ընդհանրապես Աստված կա՞»։
Սակայն մտածե՞լ եք, որ Աստծուց ունեցած մեր ակնկալիքները գուցե սխալ պատկերացումների վրա են հիմնված։ Պարզաբանենք օրինակով. փոքրիկ երեխան տխուր է, քանի որ հայրը գնացել է աշխատանքի։ Նա կարոտում է իր հորը և ուզում է, որ շուտ տուն վերադառնա։ Երեխան իրեն լքված է զգում։ Ամբողջ օրը հարցնում է. «Ո՞ւր է պապան»։
Դժվար չէ նկատել, որ երեխան ճիշտ չի մտածում։ Չէ՞ որ այդ պահին նրա հայրը աշխատում է, որ հոգա ընտանիքի կարիքները։ Գուցե մենք էլ, այդ երեխայի պես, ճիշտ չենք մտածում, երբ աղաղակում ենք Աստծուն՝ ասելով. «Ո՞ւր ես»։
Օրինակ՝ որոշ մարդիկ կուզեին, որ Աստված դահիճ լիներ, որպեսզի արագ պատժեր հանցագործներին։ Ուրիշներն էլ Աստծուն Ձմեռ պապ են համարում, որը նվերներ է բաժանում՝ մեկին՝ աշխատանք, մյուսին՝ կողակից, մեկ ուրիշին էլ շահող վիճակախաղի տոմս։
Այդ երկու տեսակետներից կարելի է եզրակացնել, որ եթե Աստված անմիջապես արդարություն չի հաստատում կամ մեզ չի տալիս այն ամենը, ինչ խնդրում ենք նրանից, ուրեմն նա անտարբեր է մեր տառապանքների հանդեպ և անտեղյակ մեր կարիքներից։ Իրականում, սակայն, դա բոլորովին էլ այդպես չէ։ Իրողությունն այն է, որ Աստված այս պահին գործում է հօգուտ ողջ մարդկության, բայց ոչ այնպես, ինչպես շատերն են ակնկալում։
Իսկ ի՞նչ է Աստված այժմ անում։ Այս հարցի պատասխանն իմանալու համար նախ պիտի անդրադառնանք մարդկության պատմության սկզբին, երբ մարդկանց և Աստծու հարաբերությունները խզվեցին, բայց ոչ առհավետ։
Մեղքի հասցրած վնասները
Պատկերացնենք, որ մեր առաջ տարիներ շարունակ մի լքված, խարխուլ տուն է։ Տանիքը փուլ է եկել, դռները ծխնիներից կիսակախ են։ Մինչդեռ մի ժամանակ այդ տունը լավ վիճակում է եղել։ Հաշվի առնելով տան անմխիթար վիճակը՝ հասկանում ենք, որ հեշտ չի լինի այն վերականգնել. դա մի գիշերվա գործ չէ։
Իսկ այժմ պատկերացնենք, թե ինչ վնաս հասցվեց մարդկությանը մոտ 6000 տարի առաջ, երբ մի անտեսանելի ոգեղեն արարած՝ Սատանան, դրդեց Ադամին ու Եվային ապստամբելու Աստծու դեմ։ Մինչ այդ մարդկային առաջին զույգը կատարյալ առողջություն էր վայելում և հավիտենական կյանքի հեռանկար ուներ թե՛ իր, թե՛ ապագա սերունդների համար (Ծննդոց 1։28)։ Սակայն երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, կարծես «խարխլեցին» մարդկային ընտանիքը։
Չարժե թերագնահատել այդ ապստամբության բերած վնասները։ Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ՝ մահը» (Հռոմեացիներ 5։12)։ Մեղքի պատճառով մարդիկ ոչ միայն սկսեցին մահանալ, այլև խզվեցին Ստեղծչի հետ ունեցած նրանց փոխհարաբերությունները։ Մեղքն ազդեց մարդկանց վրա ֆիզիկական, մտային և զգացական առումներով։ Արդյունքում մենք նմանվեցինք խարխլված մի տան։ Արդար Հոբը իրատեսորեն նկարագրեց մեր իրավիճակը, երբ ասաց, որ մարդը «կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։
Սակայն մի՞թե Աստված լքեց մարդկությանը Ադամի ու Եվայի մեղք գործելուց հետո։ Իհարկե ո՛չ։ Իրականում, այդ ժամանակվանից առ այսօր մեր երկնային Հայրը շատ բաներ է անում հօգուտ մարդկային ընտանիքի։ Որպեսզի գնահատենք, թե ինչ է նա անում, եկեք քննենք երեք քայլ, որոնք անհրաժեշտ են տունը վերականգնելու համար, և տեսնենք, թե ինչպես է Աստված այդ նույն քայլերի միջոցով վերականգնել մարդկության հետ ունեցած իր փոխհարաբերությունները։
1 Տունը զննելուց հետո տանտերը որոշում է՝ վերականգնե՞լ այն, թե՞ քանդել։
Եդեմի ըմբոստությունից անմիջապես հետո Եհովան հայտնեց մարդկության հետ իր փոխհարաբերությունները վերականգնելու նպատակի մասին։ Այդ ըմբոստությունը հրահրող ոգեղեն արարածին նա ասաց. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։
Այս խոսքերով Եհովան խոստացավ ոչնչացնել ապստամբությունը հրահրողին (Հռոմեացիներ 16։20; Հայտնություն 12։9)։ Ավելին, նա կանխագուշակեց, որ ապագա «սերունդը» կփրկագնի մարդկությանը մեղքիցa (1 Հովհաննես 3։8)։ Այդ խոստումը մի կարևոր ճշմարտություն բացահայտեց. Աստված պատրաստվում էր վերականգնել և ոչ թե ոչնչացնել իր ստեղծագործությունը։ Դրա համար, սակայն, ժամանակ էր պահանջվելու։
2 Ճարտարապետը պատրաստում է տան նախագիծը, որի շնորհիվ կիրականացվեն վերականգնողական աշխատանքները։
Եհովա Աստված իսրայելացիներին տվեց մի շարք օրենքներ և տաճարի գծագիրը, որտեղ նրանք պետք է երկրպագեին իրեն։ Աստվածաշունչն ասում է. «Դրանք գալիք բաների ստվերն են» (Կողոսացիներ 2։17)։ Նախագծի նման՝ դրանք նախապատկերն էին ավելի մեծ բաների։
Օրինակ՝ իսրայելացիները մեղքերի ներում ստանալու համար կենդանական զոհեր էին մատուցում (Ղեւտացոց 17։11)։ Դա նախապատկերն էր ավելի մեծ զոհաբերության, որը պետք է արվեր դարեր անց և որը մարդկանց իրական փրկություն կշնորհերb։ Խորանը և տաճարը, որտեղ իսրայելացիները երկրպագում էին Աստծուն, նախապատկերում էին այն քայլերը, որոնք Մեսիան պետք է կատարեր ապագայում՝ սկսած իր զոհաբերական մահից մինչև երկինք համբարձվելը (տե՛ս շրջանակը, էջ 7)։
3 Ընտրվում է շինարար, որը պետք է հետևի նախագծին և իրականացնի վերականգնողական աշխատանքները։
Հիսուսը խոստացյալ Մեսիան էր։ Հետևելով իսրայելացիների զոհերի օրինակին՝ նա տալու էր իր կյանքը՝ մարդկությանը փրկագնելու համար։ Ահա թե ինչու Հովհաննես Մկրտիչը Հիսուսին կոչեց «Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1։29)։ Աստծու Որդին պատրաստակամորեն ընդունեց այդ հանձնարարությունը։ Նա ասաց. «Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ նրա կամքը, ով ուղարկեց ինձ» (Հովհաննես 6։38)։
Եհովայի կամքն էր, որ Հիսուսը ոչ միայն «իր կյանքը որպես փրկանք տար շատերի փոխարեն», այլև որ իր հետևորդների հետ Թագավորության ուխտ կապեր (Մատթեոս 20։28; Ղուկաս 22։29, 30)։ Այդ Թագավորության միջոցով Աստված կիրագործի մարդկության առնչությամբ իր նպատակը։ Աստծու Թագավորության մասին լուրը կոչվում է «բարի լուր», քանի որ այն մի կառավարության մասին է, որն Աստված հաստատել է երկնքում և որը իշխելու է երկրի վրաc (Մատթեոս 24։14; Դանիէլ 2։44)։
Վերականգնողական աշխատանքները շարունակվում են
Երկինք համբարձվելուց առաջ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց. «Ուրեմն գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք՝ մկրտելով նրանց Հոր և Որդու և սուրբ ոգու անունով.... Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև իրերի համակարգի վախճանը» (Մատթեոս 28։19, 20)։
Փաստորեն, Աստծու և մարդկանց փոխհարաբերությունների վերականգնումը չէր սահմանափակվելու Հիսուսի մահով։ Այն շարունակվելու էր մինչև «իրերի համակարգի վախճանը»՝ մինչև այն ժամանակը, երբ Աստծու Թագավորությունը կսկսեր իշխել երկրի վրա։ Հիմա՛ է այդ ժամանակը։ Մենք համոզված ենք դրանում, քանի որ «իրերի համակարգի վախճանի» մասին Հիսուսի տված նշանը այժմ կատարվում էd (Մատթեոս 24։3–14; Ղուկաս 21։7–11; 2 Տիմոթեոս 3։1–5)։
Այսօր 236 երկրներում Եհովայի վկաները, հնազանդվելով Հիսուսի պատվերին, քարոզում են Թագավորության բարի լուրը։ Այս պարբերագիրը, որն այժմ ընթերցում եք, նախատեսված է ձեզ օգնելու համար, որ ավելի շատ բան իմանաք Թագավորության մասին և թե ինչ է այն իրագործելու։ «Դիտարանի» յուրաքանչյուր համարի 2–րդ էջում դուք կգտնենք հետևյալ տեղեկությունը. «Այս պարբերագիրը մխիթարիչ բարի լուր է հաղորդում մարդկանց, որ Աստծու Թագավորությունը շուտով վերջ կդնի չարությանը և երկիրը դրախտի կվերածի։ Այն քաջալերում է հավատ ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, որը մահացել է մեզ համար, որպեսզի հավիտենական կյանք ունենանք, և այժմ իշխում է որպես Աստծու Թագավորության Թագավոր»։
Ճիշտ է, այսօր դեռ լսում եք ահաբեկչության, բնական աղետների մասին կամ ինքներդ եք դժբախտության բախվում, սակայն Աստվածաշնչի ուսումնասիրությունը կօգնի ձեզ հասկանալու, որ Աստված չի լքել մարդկությանը։ Ընդհակառակը՝ «նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։ Նրա խոստումը՝ վերականգնել այն, ինչ կորցրել են մեր նախածնողները, անպայման կիրականանա (Եսայիա 55։11)։
[ծանոթագրություններ]
a Ծննդոց 3։15–ի մանրամասն բացատրության համար տե՛ս «Մոտեցիր Եհովային» գրքի 19–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
c Աստծու Թագավորության մասին ավելի շատ տեղեկություններ իմանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8–րդ գլուխը։
d Ավելի շատ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9–րդ գլուխը։
[գծագիր/նկարներ 7–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Իրականության օրինակը». ինչ էր նախապատկերում խորանը
ԶՈՀԱՍԵՂԱՆԸ
Աստծու պատրաստակամությունն է՝ ընդունելու Հիսուսի զոհաբերությունը (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 13։10–12)։
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ
Հիսուսն է (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 9։11)։
1 Քավության օրը քահանայապետը զոհ էր մատուցում ժողովրդի մեղքերի համար (ՂԵՒՏԱՑՈՑ 16։15, 29–31)։
1 Մ.թ. 33–ի նիսանի 14–ին Հիսուսը հանուն մեզ զոհեց իր կյանքը (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 10։5–10; 1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։1, 2)։
ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ
Հիսուսի՝ ոգով օծված լինելն է (ՄԱՏԹԵՈՍ 3։16, 17; ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 8։14–17; ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 5։4–6)։
ՎԱՐԱԳՈՒՅՐԸ
Հիսուսի ֆիզիկական մարմինն է, որը երկրային կյանքը երկնային կյանքից բաժանող պատնեշն է (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 15։44, 50; ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 6։19, 20; 10։19, 20)։
2 Քահանայապետը անցնում էր վարագույրի մյուս կողմը, որը Սրբությունը բաժանում էր Սրբությունների Սրբությունից։
2 Հարությունից հետո Հիսուսը «անցավ վարագույրի մյուս կողմը»՝ համբարձվելով երկինք, որ «մեզ համար ներկայանա Աստծու երեսի առաջ» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 9։24–28)։
ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ
Երկինքն է (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 9։24)։
3 Սրբությունների Սրբությունում քահանայապետը զոհաբերության արյան մի մասը ցողում էր ուխտի տապանակի առաջ (ՂԵՒՏԱՑՈՑ 16։12–14)։
3 Իր արյան արժեքը ներկայացնելով՝ Հիսուսը իսկական քավություն արեց մեր մեղքերի համար (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 9։12, 24; 1 ՊԵՏՐՈՍ 3։21, 22)։