Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 6/1 էջ 16–17
  • «Ինչո՞ւ են կանգ առել այստեղ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ինչո՞ւ են կանգ առել այստեղ»
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել
    2014 Դիտարան
2010 Դիտարան
w10 6/1 էջ 16–17

Նամակ Հարավաֆրիկյան Հանրապետությունից

«Ինչո՞ւ են կանգ առել այստեղ»

«ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻ. ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ»։ Ահա այսպիսի ցուցանակ կար գյուղի նեղ ճանապարհի կողքին։ Մեր մեքենան դուրս եկավ մայրուղուց և դրա երկայնքով փոշոտ ճանապարհի միջով հասավ մի քանի մեքենաների։ Գովազդային ցուցատախտակի տակ կանգնած մի խումբ մարդիկ մեզ էին սպասում։ Այստեղից ճանապարհ էր բացվում դեպի խաղատների կոմպլեքս՝ զվարճությունների ու հաճույքների աշխարհ։ Մայրուղով ընթացող թանկարժեք մեքենաների պատուհաններից մարդիկ զարմացած մեզ էին նայում։ «Ինչո՞ւ են կանգ առել այստեղ»,— հավանաբար մտածում էին նրանք։

Մենք դուրս եկանք մեքենայից ու միացանք նրանց։ Մեր խումբը բաղկացած էր տարբեր ռասաների և էթնիկական խմբերի պատկանող մարդկանցից, մի բան, ինչը դեռևս հազվադեպ կարելի է տեսնել Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այստեղ հասնելու համար մենք անցել էինք մոտ 100 կիլոմետր՝ Յոհաննեսբուրգից հյուսիս-արևմուտք։ Նպատակ ունեինք Աստվածաշնչի ճշմարտությունները պատմել գյուղերի բնակիչներին։

Կարճ քննարկեցինք աստվածաշնչյան մի համար և պատրաստվեցինք տնետուն գնալ։ Աղոթելուց հետո նստեցինք մեքենաները։ Մեր առջև փռված հարթավայրում երևում էին անկանոն դասավորված տներ ու հյուղակներ։ Դրանք շատ փոքր էին պլատինի հանքերից դուրս բերված թափոնների կույտերի կողքին։ Այստեղ թանկարժեք մետաղ են հանում երկրի ընդերքից, սակայն տարածքի մարդիկ աղքատության մեջ են ապրում։

Գյուղացիների մեկ երրորդը գործազուրկ են։ Այդ պատճառով էլ ապրում են անշուք տնակներում։ Դրանցից շատերը կառուցված են երկաթե ծալքավոր թիթեղներից, որոնք խարխուլ փայտե հենքին ամրացված են երկար մեխերով։ Սակայն որպեսզի մեխի գլուխը չանցնի երկաթի միջով, տափօղակի փոխարեն մարդիկ օգտագործել են գարեջրի շշի խցաններ։

Ես ու կինս և Գերմանիայից ժամանած մի զույգ սկսեցինք մեր ծառայությունը։ Սովորաբար տներին մոտենալիս դարպասից բարևում ենք մարդկանց։ Հաճախ հանդիպում ենք տանտիրուհուն։ Մարդիկ ուրախությամբ լսում են բարի լուրը և մեզ ընդունում են որպես պատվարժան հյուրերի։ Արևն այն աստիճան է տաքացնում մետաղյա տանիքը, որ տներում անտանելի տոթ է լինում։ Այդ պատճառով տանտիրուհին երեխաներին ուղարկում է տուն՝ աթոռ բերելու, և մենք նստում ենք ծառի տակ։

Այնուհետև ողջ ընտանիքը հավաքվում է մեր շուրջը և նստում է չոր տաբուրետների կամ շուռ տված արկղերի վրա։ Մեծերը նույնիսկ երեխաներին են կանչում, որ թողնեն իրենց խաղը և գան մեզ լսելու։ Մենք մի քանի համարներ ենք կարդում Աստվածաշնչից և խնդրում ենք, որ դպրոցական երեխաները կարդան հատվածներ աստվածաշնչային հրատարակություններից։ Գրեթե բոլորը սիրով վերցնում են մեր առաջարկած գրականությունը և խնդրում են նորից այցելել իրենց։

Կեսօրին մի փոքր դադար տվեցինք, բուտերբրոդ կերանք և զովացուցիչ հյութ խմեցինք։ Հետո շարունակեցինք ծառայությունը՝ վերայցելելով մեզ ծանոթ մարդկանց։ Որոշեցինք սկզբում այցելել Ջիմիին։ Նա Մալավիից էր և աշխատում էր պլատինի հանքերից մեկում։ Ջիմիին այցելում էինք արդեն մի քանի ամիս։ Նա միշտ սիրով ընդունում էր մեզ։ Միասին զրուցում էինք Աստվածաշնչից։ Ջիմին ամուսնացել էր տեղացի մի կնոջ հետ և երկու երեխա ուներ։ Նախորդ այցելության ժամանակ նա տանը չէր եղել, այդ պատճառով շատ էինք ուզում այս անգամ հանդիպել նրան։

Երբ մոտեցանք Ջիմիի տանը, անմիջապես նկատեցինք, որ ինչ–որ բան այն չէ։ Նրա բանջարանոցը միշտ լավ մշակված էր լինում, բայց այժմ անտերության էր մատնվել. եգիպտացորենի տերևները թառամել էին, չկային բակում քուջուջ անող հավերը, իսկ տան դուռը փակված էր ծանր շղթայով։ Հանկարծ հարևանը մոտեցավ տեսնելու, թե ովքեր ենք։ Մենք հարցրինք, թե որտեղ է Ջիմին։ Նրա պատասխանը ցնցեց մեզ. Ջիմին մահացել էր, իսկ կինը երեխաների հետ գնացել էր հոր տուն։

Թեև անքաղաքավարի բան է համարվում հարցեր տալը, բայց որոշ մանրամասներ էինք ուզում իմանալ Ջիմիի մասին։ Հարևանուհին սկսեց պատմել. «Ջիմին հիվանդ էր և մահացավ։ Այսօր շատ հիվանդություններ կան, այդ պատճառով շատ մարդիկ են մահանում»։ Չնայած նա չասաց, թե կոնկրետ ինչ հիվանդություն է Ջիմին ունեցել, բայց այն, որ տեղի գերեզմանոցում գնալով ավելանում են մահացածների անունները, փաստում է այդ կնոջ խոսքերի ճշմարտացիությունը։ Մենք նրա հետ հարության հույսի մասին խոսեցինք, այնուհետև տխուր սրտերով հեռացանք։

Մեքենայով ուղևորվեցինք մեկ ուրիշ գյուղ։ Այստեղ տները կառուցված են շարքերով՝ իրար զուգահեռ փողոցներում։ Գլխավոր փողոցով գնացինք մինչև վերջ ու թեքվեցինք մի նեղլիկ փողոց, որի վերջում հանքի թափոնների մի հսկա կույտ կար։ Վերջին տան բակում՝ մի մեծ քարի վրա, վառ գույնով գրված էր. «Անվճռականությունը ժամանակի գողն է, իսկ գործը հետաձգողը՝ նրա մեղսակիցը»։ Դեյվիդըa, որն այս խոսքերի հեղինակն է, վերանորոգում էր իր շատ հին «Ֆոլկսվագեն» մեքենայի շարժիչը։ Երբ դուրս հանեց գլուխը, որ տեսնի, թե ովքեր են եկողները, մայր մտնող արևը ծակծկեց նրա աչքերը։ Մեզ ճանաչելուն պես լայն ժպտաց, ու նրա ոսկե ատամները շողշողացին արևի լույսից։ Նա մաքրեց ձեռքերը և ընդառաջ եկավ։

«Ողջո՛ւյն, բարեկամներս,— ասաց նա։— Այդ ո՞ւր էիք կորել»։ Հաճելի էր նորից տեսնել Դեյվիդին։ Նա ներողություն խնդրեց, որ չի կարող շատ ժամանակ հատկացնել մեզ՝ բացատրելով, որ մեր վերջին հանդիպումից հետո աշխատանք է գտել և պետք է հանք գնա։ Մեր մտերմիկ զրույցի ընթացքում ժպիտը չհեռացավ նրա դեմքից։ «Այն օրվանից, երբ առաջին անգամ հանդիպեցի ձեզ, իմ կյանքը փոխվեց,— ոգևորությամբ ասաց նա։— Ճիշտ եմ ասում, հիմա չգիտեմ՝ որտեղ կլինեի, եթե դուք չգայիք»։ Մենք հեռացանք բարձր տրամադրությամբ։

Արևն աստիճանաբար սուզվում էր անծայր հորիզոնում։ Մենք բռնեցինք տունդարձի ճամփան։ Նորից նայեցինք արևի վերջին շողերով ողողված հարթավայրին։ Գյուղերի վրա ասես փոշու մի մեծ ամպ էր նստած։ Ինչպե՞ս ենք հայտնելու բարի լուրը այստեղ ապրող բոլոր մարդկանց։ Այո՛, Հիսուսի խոսքերը տեղին են. «Բերքը, ինչ խոսք, շատ է, բայց աշխատողները քիչ են» (Ղուկաս 10։2)։

[Ծանոթագրություն]

a Անունը փոխված է։

[Նկար 17–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Kind permission given by the South African Post Office

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը