Աստղերն ազդեցություն ունե՞ն քո կյանքի վրա
ՊԱՐԶԿԱ գիշերը, երբ ամենուր խավար է և ոչ մի լույս չի վառվում, երկինքն ասես սև թավշե ծածկոց լինի, որի վրա շաղ տված աստղերը պսպղում են փոքրիկ ադամանդների պես։ Ընդամենը երեքուկես դար առաջ մարդիկ սկսեցին հասկանալ, որ այս կայծկլտացող քարերը իրականում ահռելի չափեր ունեն և շատ հեռու են Երկրից։
Մենք դեռ նոր ենք սկսում պատկերացնել, թե ինչ հզոր ուժեր են գործում տիեզերքի անհունում։ Վաղնջական ժամանակներից մարդիկ հետևել են, թե ինչպես են երկնային մարմինները շարժվում, և երկնակամարի որ հատվածում են հայտնվում դրանք տարվա տարբեր եղանակներին (Ծննդոց 1։14)։ Աստղազարդ երկնքին նայելով՝ շատերն են Դավիթ թագավորի պես արտահայտել իրենց զգացումները։ Մոտ 3000 տարի առաջ նա գրեց. «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը որ դու յիշում ես նորան» (Սաղմոս 8։3, 4)։
Երկնային մարմինները և նրանց դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունեն մեր կյանքում, անկախ այն բանից՝ գիտակցում ենք դա, թե ոչ։ Օրինակ՝ Արևը, որի շուրջ պտտվում է Երկիր մոլորակը, հանդիսանում է ժամանակի միավորների սահմանման հիմք։ Դրա միջոցով որոշվում է օրվա և տարվա տևողությունը։ Լուսինը «ժամանակների», կամ՝ եղանակների համար է (Սաղմոս 104։19)։ Իսկ աստղերը վստահելի առաջնորդություն են նավաստիների և նույնիսկ տիեզերագնացների համար, որովհետև դրանց շնորհիվ նրանք կարողանում են որոշել իրենց գտնվելու վայրը։ Այդ պատճառով ոմանք մտածում են. «Մի՞թե աստղերը միայն ժամանակներն ու եղանակները որոշելու համար են։ Կարո՞ղ են դրանք մեր գնահատանքն ավելացնել Աստծու արարչագործության հանդեպ։ Կարո՞ղ են աստղերը կանխագուշակել ապագան կամ նախազգուշացում տալ վտանգների մասին»։
Աստղագուշակության ծագումն ու նպատակը
Երկնային մարմիններին միջոցով գուշակություններ անելու սովորությունը սկիզբ է առել դեռևս Միջագետքից հավանաբար մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Վաղ ժամանակներում ապրող աստղագետները մանրակրկիտ ուսումնասիրում էին երկինքը։ Նրանք արձանագրում էին աստղերի դիրքի փոփոխությունները, կազմում էին աստղերի քարտեզներ, օրացույցներ և կանխատեսում էին արևի խավարման օրերը։ Այսպես սկիզբ առավ աստղագիտությունը։ Սակայն ի տարբերություն այս գիտության՝ աստղագուշակությունը ոչ թե ուսումնասիրում է երկնային մարմինները և դրանց ազդեցությունը երկրի վրա, այլ հայտնում է, թե ինչպես են արևը, լուսինը, մոլորակները, աստղերը և համաստեղությունները ղեկավարում երկրագնդի վրա տեղի ունեցող նշանակալից իրադարձությունները, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու անձնական կյանքը։
Աստղագուշակությամբ զբաղվողները երկնային մարմինների միջոցով փորձում են տեղեկանալ, թե ինչ է լինելու ապագայում, և օգտագործում են այդ տեղեկությունները տարբեր կերպերով։ Ոմանց կարծիքով՝ աստղագուշակությունը ցույց է տալիս այն, ինչ նախասահմանված է մեզ համար, կամ էլ օգնում է մեզ իմանալու, թե որն է բարենպաստ ժամանակը ինչ-որ բանով զբաղվելու կամ որևէ գործ նախաձեռնելու համար։ Աստղագուշակները այս տեղեկությունները ստանում են՝ ուսումնասիրելով երկնային մարմինների դիրքը, փոխներգործությունը և դրանց ազդեցությունը Երկրի վրա։ Նրանք կարծում են, որ աստղերի ազդեցությունը յուրաքանչյուր անհատի վրա կախված է այն բանից, թե ինչ դիրքում են եղել դրանք նրա ծննդյան պահին։
Նախկինում աստղագետները կարծում էին, թե Երկիրը տիեզերքի կենտրոնն է, մոլորակներն ու աստղերը գտնվում են երկնքի տարբեր ոլորտներում և պտտվում են Երկրի շուրջ։ Նրանք նաև մտածում էին, թե Արևը ճամփորդում է աստղերի ու համաստեղությունների միջով և տարվա ընթացքում անցնում է որոշակի ուղիով։ Այդ ուղին կոչում էին խավարածիր, որը բաժանել էին 12 ոլորտների, կամ՝ գոտիների։ Յուրաքանչյուր գոտի կոչվում էր իր մեջ գտնվող համաստեղության անունով, որով անցնում էր Արևը։ Այսպես առաջ եկան կենդանակերպի 12 նշանները։ Այս ոլորտները, որոնք կոչվում էին «երկնքի տներ», կամ՝ «աստեղատներ», համարվում էին աստվածների բնակության վայրեր։ Սակայն դարեր անց գիտնականները պարզեցին, որ ոչ թե Արևն է «ճամփորդում» Երկրի շուրջ, այլ Երկիրն է պտտվում Արևի շուրջ։ Այս բացահայտումն, անշուշտ, ծանր հարված էր աստղագուշակության համար, քանի որ այն այլևս գիտություն չհամարվեց։
Իր բնօրրանից՝ Միջագետքից, աստղագուշակությունը հասավ աշխարհի բոլոր ծայրերը և տարբեր ձևերով դրսևորվեց բոլոր քաղաքակրթություններում։ Բաբելոնի անկումից հետո աստղագուշակությունը տարածվեց Եգիպտոսում, Հունաստանում և Հնդկաստանում։ Իսկ Հնդկաստանից բուդդայական միսիոներները այն տարան Կենտրոնական Ասիա, Չինաստան, Տիբեթ, Ճապոնիա և Հարավարևելյան Ասիա։ Սակայն հայտնի չէ, թե ինչպես է աստղագուշակությունը հասել մայաներին, որոնք գուշակություններ անելու համար ուսումնասիրում էին երկինքը հենց այնպես, ինչպես բաբելոնացիները։ Աստղագուշակության «ժամանակակից» ձևը զարգացել է հելլենական Եգիպտոսում և մեծ ազդեցություն է թողել հուդայականության, մահմեդականության և քրիստոնեական աշխարհի վրա։
Աստղագուշակությունը գրավել էր նաև Աստծու ժողովրդի՝ Իսրայել ազգի ուշադրությունը դեռևս Բաբելոն գերի տարվելուց առաջ (մ.թ.ա. 7-րդ դար)։ Ինչպես հայտնում է Աստվածաշունչը, հավատարիմ Հովսիա թագավորը մեծ ջանքեր թափեց, որ ժողովրդի միջից վերացնի «արեգակին ու լուսնին եւ աստեղատներին եւ երկնքի բոլոր զօրքերին» զոհաբերություններ անելու սովորությունը (Դ Թագաւորաց 23։5)։
Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում
Աստղագուշակությունը ձևավորվել է այն սխալ պատկերացումների հիման վրա, որ նախկինում մարդիկ ունեցել են տիեզերքի վերաբերյալ։ Ուստի պարզ է, որ այդ գուշակությունները չեն կարող Աստծուց լինել։ Եվ քանի որ դրա հիմքում ընկած են ոչ ճշգրիտ փաստեր, այն չի կարող ապագայի վերաբերյալ ստույգ տեղեկություններ հաղորդել։ Պատմական երկու դեպքեր թիկունք են կանգնում այս իրողությանը։
Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի իշխանության ժամանակ մոգերն ու աստղագուշակները չկարողացան մեկնել թագավորի երազը։ Դանիելը՝ ճշմարիտ Աստված Եհովայի մարգարեն, ասաց թագավորին, թե որն էր պատճառը. «Այդ գաղտնիքը որ թագաւորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը եւ բաղդ նայողները թագաւորին իմացնել։ Բայց կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը» (Դանիէլ 2։27, 28)։ Այո՛, Դանիելը դիմեց ոչ թե արևին, լուսնին կամ աստղերին, այլ Եհովա Աստծուն՝ «գաղտնիքներ Հայտնողին», և թագավորին հայտնեց երազի ստույգ մեկնությունը (Դանիէլ 2։36–45)։
Իսկ մ.թ. 9-րդ դարում աստղագուշակությունը չփրկեց մայաներին կործանումից, թեև նրանք երկնային մարմինների հետ կապված ճշգրիտ չափումներ էին անում։ Այս «ձախողումները» ոչ միայն ցույց են տալիս, որ աստղագուշակության միջոցով հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել ապագան, այլև ջրի երես են հանում դրա իսկական «նպատակը»՝ թույլ չտալ մարդկանց ապագայի մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար դիմել Աստծուն։
Այն փաստը, որ աստղագուշակությունը հիմնված է սխալ պատկերացումների վրա, օգնում է մեզ հասկանալու, թե ով է կանգնած դրա հետևում՝ Բանսարկու Սատանան։ Հիսուսը նրա մասին ասաց. «Նա.... ճշմարտության մեջ հաստատ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ։ Երբ նա սուտ է խոսում, իր էության համաձայն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44)։ Սատանան «լույսի հրեշտակ» է ձևանում, իսկ դևերը «արդարության ծառայողների» կերպարանք են ընդունում։ Իրականում նրանց նպատակն է խաբեությամբ ծուղակը գցել մարդկանց (2 Կորնթացիներ 11։14, 15)։ Սակայն Աստծու Խոսքը բացահայտում է այն «զորավոր գործերը և սուտ նշանները ու զարմանալի բաները», որոնք «Սատանայի ներգործություն» են (2 Թեսաղոնիկեցիներ 2։9)։
Ինչո՞ւ պետք է հեռու մնաս աստղագուշակությունից
Աստղագուշակությունը հիմնված է ստի վրա, ուստի այն գարշելի է ճշմարտության Աստծու՝ Եհովայի համար (Սաղմոս 31։5)։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչը դատապարտում է այն և զգուշացնում է, որ մարդիկ ոչ մի կապ չունենան դրա հետ։ Բ Օրինաց 18։10–12 համարներում արձանագրված են Եհովայի խոսքերը. «Ձեր մէջ չ’գտնուի.... հմայող եւ կամ հաւահարց,.... կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ։ Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է»։
Քանի որ աստղագուշակության հետևում կանգնած են Սատանան և դևերը, անհատը հեշտությամբ ընկնում է նրանց ազդեցության տակ, երբ որևէ կերպ առնչվում է դրան։ Ինչպես որ թմրանյութ օգտագործող անհատն է ընկնում թմրադեղեր վաճառողների ազդեցության տակ, այնպես էլ աստղագուշակությամբ զբաղվողն է ընկնում վարպետ մոլորեցնողի՝ Սատանայի ազդեցության տակ։ Ուստի նրանք, ովքեր սիրում են Աստծուն և ճշմարտությունը, պետք է լիովին մերժեն աստղագուշակությունը և հետևեն Աստվածաշնչի խորհրդին. «Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին» (Ամովս 5։15)։
Աստղագուշակությունը ծաղկում է, քանի որ մարդիկ ուզում են իմանալ ապագան։ Բայց արդյոք դա հնարավո՞ր է։ Եթե այո, ապա ինչպե՞ս։ Աստվածաշնչում նշվում է, որ մենք չենք կարող իմանալ, թե ինչ է անձամբ մեզ հետ տեղի ունենալու վաղը, մի ամիս կամ մի տարի հետո (Հակոբոս 4։14)։ Այդուհանդերձ, Սուրբ գիրքը տեղեկացնում է, թե ինչ է սպասում ողջ մարդկությանը մոտ ապագայում։ Այն հայտնում է, որ շուտով երկրի վրա հաստատվելու է Աստծու Թագավորությունը, որի մասին խնդրում ենք «Հայր մեր» աղոթքում (Դանիէլ 2։44; Մատթեոս 6։9, 10)։ Սուրբ գիրքը նաև ասում է, որ շուտով բոլոր տառապանքներին վերջ կդրվի, և դրանք այլևս չեն անհանգստացնի մեզ (Եսայիա 65։17; Հայտնություն 21։4)։ Աստված չի նախասահմանում յուրաքանչյուր անհատի կյանքը։ Նա բոլորին հրավիրում է ճանաչելու իրեն և իմանալու իր նպատակները։ Աստվածաշնչում հստակ գրված է, որ Աստծու կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթեոս 2։4)։
Ողջ տիեզերքը և բոլոր երկնային մարմինները ստեղծված են ոչ թե մեր կյանքը ղեկավարելու համար, այլ Եհովայի զորությունն ու Աստվածությունը ցույց տալու (Հռոմեացիներ 1։20)։ Այդ հիասքանչ ստեղծագործությունները կարող են մղել մեզ, որ մերժենք սուտը, ու վստահելի առաջնորդություն և երջանիկ կյանք ունենալու համար դիմենք Աստծուն ու նրա Խոսքին՝ Աստվածաշնչին։ «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։
[Մեջբերում 19–րդ էջի վրա]
Մայաները ուսումնասիրում էին երկինքը և գուշակություններ էին անում
[Մեջբերում 20–րդ էջի վրա]
Գուշակության նպատակով արված ճշգրիտ աստղագիտական հաշվարկները չփրկեցին մայաներին
[Մեջբերում 20–րդ էջի վրա]
«Կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է.... ինչ որ պիտի լինի յետին օրերումը»
[Նկար 19–րդ էջի վրա]
ԷԼ ԿԱՐԱԿՈԼ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՉԻՉԵՆ-ԻՑԱ ՔԱՂԱՔՈՒՄ, ՅՈՒԿԱՏԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ (Մ.Թ. 750–900)
[Նկար 19–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Pages 18 and 19, left to right: Stars: NASA, ESA, and A. Nota (STScI); Mayan calendar: © Lynx/Iconotec com/age fotostock; Mayan astronomer: © Albert J. Copley/age fotostock; Mayan observatory: El Caracol (The Great Conch) (photo), Mayan/Chichen Itza, Yucatan, Mexico/Giraudon/The Bridgeman Art Library