Գաղաադի բալասան. հոտավետ բուժիչ խեժ
ԳԱՂԱԱԴԻ բալասանը Մերձավոր Արեևլքում մեծ գին ուներ և բարձր էր գնահատվում իր բուժիչ հատկության համար։ Օրինակ՝ «Ծննդոց» գրքի մի համառոտ արձանագրություն պատմում է, որ Գաղաադից եկող առևտրականների մի քարավան ուղտերի վրա բեռնած բալասան ու այլ ապրանքներ էր տանում։ Առևտրականները իսմայելացիներ էին և ուղևորվում էին դեպի Եգիպտոս։ Հենց այս մարդկանց էր, որ Հակոբի որդիները վաճառեցին իրենց եղբայր Հովսեփին (Ծննդոց 37։25)։
Մ.թ.ա. վեցերորդ դարում, սակայն, Երեմիա մարգարեն դառնացած հարցրեց. «Բալասան չ’կա՞յ Գաղաադում» (Երեմիա 8։22)։ Ինչո՞ւ Երեմիան այդպիսի հարց տվեց։ Ի՞նչ է բալասանը։ Այսօր բուժիչ բալասան կա՞։
Բալասանը աստվածաշնչյան ժամանակներում
Բալասանը տարբեր տեսակի բույսերից պատրաստված անուշահոտ մածուցիկ նյութ է։ Բալասանի յուղը, որ հաճախ օգտագործվում էր խնկի և օծանելիքի մեջ, Մերձավոր Արևելքում թանկ հաճույք էր համարվում։ Այն օծման յուղի և խնկի բաղադրության մաս էր կազմում, որն իսրայելացիները սկսեցին օգտագործել խորանում՝ Եգիպտոսից դուրս գալուց կարճ ժամանակ անց (Ելից 25։6; 35։8, ՆԱ)։ Բալասանի յուղը այն թանկարժեք նվերներից մեկն էր, որ Սաբայի թագուհին բերել էր Սողոմոն թագավորին (Գ Թագաւորաց 10։2, 10, ՆԱ)։ Իսկ Եսթերին, որը պետք է կանգներ պարսից թագավոր Ասուերոսի առաջ, հատուկ խնամք տարան՝ «վեց ամիս բալասանի յուղով» մերսումներ անելով (Եսթեր 1։1; 2։12, ՆԱ)։
Այս հոտավետ յուղը պատրաստում էին Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում։ Ավետյաց երկրում բալասանի հայրենիքը Գաղաադն էր՝ Հորդանան գետի արևելյան շրջանը։ Հակոբ նահապետը այն համարում էր «երկրի ընտիր պտուղներից» մեկը։ Այդ պատճառով որպես ընծա ուղարկեց Եգիպտոս (Ծննդոց 43։11)։ Իսկ Եզեկիել մարգարեն գրել է, որ Հուդայի և Իսրայելի առևտրականները բալասան էին տանում Տյուրոս (Եզեկիէլ 27։17)։ Բալասանը հայտնի էր հատկապես իր բուժիչ հատկությամբ։ Հին աղբյուրներում հաճախ է նշվել, որ հոտավետ այս խեժը իսկապես բուժում էր վերքերը։
Ազգը բալասանի կարիք ուներ
Ինչո՞ւ Երեմիան հարցրեց. «Բալասան չ’կա՞յ Գաղաադում»։ Պատասխանն իմանալու համար հարկավոր է որոշ տեղեկություններ ձեռք բերել Իսրայել ազգի մասին։ Եսայիա մարգարեն նկարագրել էր, թե ինչ հոգևոր վիճակում են իսրայելացիները՝ ասելով. «Ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ չ’կայ նորա վերայ. հարուածներ եւ վէրքեր եւ շարաւալի խոցեր, չեն մաքրվում եւ չեն կապվում» (Եսայիա 1։6)։ Իրենց խղճալի վիճակը գիտակցելու և հոգևորապես բուժվելու փոխարեն՝ այդ ազգը շարունակում էր իր կամակոր ընթացքը։ Հենց այդ պատճառով էր, որ Երեմիան ողբում էր՝ ասելով. «Անարգեցին Տիրոջ խօսքը, եւ էլ ի՞նչ իմաստութիւն ունին»։ Եթե իսրայելացիները վերադառնային դեպի Եհովան, ապա կբուժվեին։ «Բալասան չ’կա՞յ Գաղաադում»։ Իսկապես, այս հարցը պետք է որ սթափեցներ նրանց (Երեմիա 8։9)։
Այսօր աշխարհը նույնպես լի է «հարուածներով եւ վէրքերով եւ շարաւալի խոցերով»։ Մարդիկ տառապում են աղքատության, անարդարության, եսասիրության, ինչպես նաև բարության պակասի պատճառով, քանի որ սերը Աստծու և մերձավորի հանդեպ սառել է (Մատթեոս 24։12; 2 Տիմոթեոս 3։1–5)։ Ռասայական և էթնիկական խտրականությունը, ինչպես նաև ծերությունը նույնպես մեծ ցավ են պատճառում շատերին։ Իսկ սովը, հիվանդությունները, պատերազմները և սիրելիների մահը ավելի են սաստկացնում նրանց ցավը։ Երեմիայի նման՝ շատ ազնվասիրտ մարդիկ ուզում են իմանալ՝ «բալասան չ’կա՞յ Գաղաադում», որով հնարավոր լիներ փարատել տառապող մարդկանց զգացական և հոգևոր վերքերը։
Լուր, որը բալասանի պես է
Հիսուսի օրերում ապրող խոնարհ մարդկանց նույնպես հետաքրքրում էր այս հարցը։ Նրանք ստացան պատասխանը։ Մ.թ. 30-ին Նազարեթի ժողովարանում Հիսուսը բացեց Եսայիա մարգարեի գիրքը և կարդաց. «Տէրը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու» (Եսայիա 61։1)։ Այնուհետև նա ասաց, որ այս խոսքերը իրեն են վերաբերում, քանի որ ինքն է Մեսիան, որը մխիթարական լուր հայտնելու հանձնարարություն է ստացել (Ղուկաս 4։16–21)։
Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը եռանդորեն քարոզում էր Աստծու Թագավորության բարի լուրը (Մատթեոս 4։17)։ Լեռան քարոզի ժամանակ նա նշեց, որ վշտահար ու տառապյալ մարդկանց հանգամանքները փոխվելու են. «Երջանիկ եք դուք, որ հիմա լաց եք լինում, որովհետև պիտի ծիծաղեք» (Ղուկաս 6։21)։ Ազդարարելով Աստծու Թագավորության գալստի՝ հույս ներշնչող պատգամի մասին՝ Հիսուսը բուժում էր «կոտրած սիրտ ունեցողներին»։
«Թագավորության բարի լուրը» մեր օրերում էլ է մխիթարում մարդկանց (Մատթեոս 6։10; 9։35)։ Ռոջերն ու Լիլիանը հավիտենական կյանքի վերաբերյալ Աստծու խոստումների մասին առաջին անգամ լսեցին 1961թ. հունվարին։ Այդ լուրը բալասանի պես փափկացրեց նրանց սրտի վերքը։ Լիլիանը պատմում է. «Ես խոհանոցում պար էի գալիս ուրախությունից։ Շատ երջանիկ էի, որ նման հույս կա»։ Ռոջերը, որն այդ ժամանակ արդեն տասը տարի էր, ինչ կաթված էր ստացել և մարմնի մի կողմը անշարժացել էր, ասում է. «Այդ հրաշալի հույսի շնորհիվ մեծ ուրախություն գտա. ուրախ էի, որ ապրում եմ։ Իմացա, որ հարություն կլինի և ամեն տեսակի չարություն ու հիվանդություն վերջ կգտնի» (Հայտնություն 21։4)։
1970թ.-ին նրանք կորցրին իրենց 11-ամյա որդուն։ Սակայն վհատության գիրկը չընկան։ Նրանք անձամբ զգացին, որ Եհովան «բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը» (Սաղմոս 147։3)։ Հույսը մխիթարեց նրանց։ Մոտ 50 տարի է, ինչ Աստծու Թագավորության բարի լուրը խաղաղություն և բավականության զգացում է պարգևում այս զույգին։
Լիակատար բուժումն առջևում է
Այսօր կա՞ բալասան «Գաղաադում»։ Այո՛։ Աստծու Թագավորության մխիթարական և հույս ներշնչող լուրը բալասանի պես բուժում է կոտրված սրտերը։ Դու նույնպես կարող ես զգալ նրա բուժիչ ազդեցությունը, եթե բացես սիրտդ Աստծու Խոսքի առաջ և թույլ տաս, որ այն ամոքի քո վերքերը։ Միլիոնավոր մարդիկ այդպես են վարվել։
Սակայն լիակատար բուժումը դեռ առջևում է։ Արագորեն մոտենում է այն ժամանակը, երբ Աստված կգործի «ազգերին բուժելու» համար և հավիտենական կյանք կպարգևի մարդկանց։ Այդ ժամանակ «այնտեղի բնակիչը չէ ասի թէ ես տկար եմ»։ Իսկապես մեծ մխիթարություն է, որ «Գաղաադում» բալասան կա (Հայտնություն 22։2; Եսայիա 33։24)։
[Նկար 23–րդ էջի վրա]
Բարի լուրը բուժում և փարատում է կոտրված սիրտ ունեցողներին