Շուտով չար մարդիկ չեն լինի
ԱՍՏՎԱԾ մեզ իր Խոսքն է տվել, որում բացատրվում է, թե ինչու են մարդիկ վատ բաներ անում։ Նա նաև ազատ կամքի պարգև է տվել մեզ, օժտել է ինքնատիրապետման ունակությամբ, ինչի շնորհիվ կարող ենք մերժել վատ գործերը (2 Օրենք 30։15, 16, 19)։ Ուստի հարկավոր է գտնել ցանկացած վատ հակում, որ կարող է գլուխ բարձրացել մեր մեջ, և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանից ձերբազատվելու համար։ Արդյունքում թե՛ մենք, թե՛ մեզ շրջապատող մարդիկ երջանիկ կլինեն (Սաղմոս 1։1)։
Սակայն որքան էլ դիմադրենք վատ հակումներին, միևնույն է, աշխարհը լի է չարությամբ, և մարդիկ շարունակում են վատ բաներ անել։ Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Իմացիր, որ վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու»։ Ո՞րն է պատճառը։ Պատասխանը գտնում ենք շարունակության մեջ. «Մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են։ Այդպիսիներից հեռու մնա» (2 Տիմոթեոս 3։1–5)։
Թերևս նկատեցիր, որ մեջբերված համարում օգտագործվում է «վերջին օրեր» արտահայտությունը։ Ի՞նչ է դա նշանակում։ «Վերջին օրեր» ասելով՝ շատերը կործանում են պատկերացնում։ Իսկ ի՞նչն է կործանվելու։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստծու Խոսքը։
Չար մարդիկ կվերանան
«Մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (ՍԱՂՄՈՍ 37։10, 11)։
«Եհովան պահպանում է բոլոր իրեն սիրողներին, իսկ բոլոր ամբարիշտներին նա կոչնչացնի» (ՍԱՂՄՈՍ 145։20)։
Այլևս ոչ ոք չի կեղեքի մարդկանց
«Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին։ Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (ՍԱՂՄՈՍ 72։12, 14)։
«Ստեղծագործությունը ինքն էլ ազատ կարձակվի ապականության ստրկությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 8։21)։
Մարդկանց ֆիզիկական կարիքները կբավարարվեն
«Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (ՄԻՔԻԱ 4։4)։
«Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի։ Իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ կլինեն, և իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (ԵՍԱՅԻԱ 65։21, 22)։
Ամենուր արդարություն կտիրի
«Մի՞թե Աստված այնպես չի անի, որ արդարադատություն ի գործ դրվի իր ընտրյալների համար, որոնք օր ու գիշեր աղաղակում են նրան։.... Ասում եմ ձեզ. նա այնպես կանի, որ իսկույն արդարադատություն ի գործ դրվի նրանց համար» (ՂՈՒԿԱՍ 18։7, 8)։
«Եհովան սիրում է արդարությունը և չի լքի իրեն նվիրվածներին։ Նրանք հավիտյան կպահպանվեն» (ՍԱՂՄՈՍ 37։28)։
Եսասեր մարդիկ չեն լինի, բոլորը արդար կլինեն
«Նրա բնակիչները արդարություն են սովորում» (ԵՍԱՅԻԱ 26։9)։
«Նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 ՊԵՏՐՈՍ 3։13)։
Մարդիկ փոխվում են այսօրվանից
Անկասկած, մեզնից յուրաքանչյուրն էլ կցանկանա տեսնել այս խոստումների իրականացումը։ Իսկ կարո՞ղ ենք վստահ լինել, որ այս հրաշալի խոստումները կկատարվեն։ Բանն այն է, որ մենք լուրջ հիմքեր ունենք։ Աշխարհում ապրող միլիոնավոր մարդիկ արդեն իսկ վայելում են բազում օրհնություններ. նրանք ձերբազատվել են եսասիրությունից, անբարոյությունից, բռնությունից և այլ վատ հատկություններից ու սովորել են լինել ազնիվ, խաղաղարար, բարի։ Այսօր յոթ միլիոնից ավելի Եհովայի վկաներ համաշխարհային եղբայրություն են կազմում։ Նրանք հաղթահարել են ռասայական, էթնիկական, ազգային, քաղաքական և տնտեսական պատնեշները, բաներ, որ ողջ պատմության ընթացքում ատելության, բռնության և արյունահեղության պատճառ են եղելa։ Մարդկանց մեջ տեղի ունեցող այսպիսի փոփոխությունները համոզիչ ապացույցն են այն բանի, որ շուտով Աստված կիրականացնի իր խոստումները ողջ աշխարհում։
Իսկ ինչո՞ւ են մարդիկ նման փոփոխություններ անում։ Պատասխանը գտնում ենք մեկ ուրիշ աստվածաշնչյան խոստման մեջ, որի մասին մարգարեացել է Եսայիա մարգարեն։ Նա գրել է.
«Գայլը ժամանակ առ ժամանակ գառան հետ կբնակվի, ընձառյուծը ուլի հետ կպառկի։ Հորթը, առյուծը և պարարտ կենդանիները միասին կլինեն, և փոքրիկ տղան կառաջնորդի նրանց,.... նույնիսկ առյուծը ցլի պես հարդ կուտի։ Կաթնակեր երեխան կոբրայի բնի վրա կխաղա, և կաթից կտրված երեխան իր ձեռքը թունավոր օձի բնին կդնի։ Նրանք չեն վնասի և ոչինչ չեն ավերի իմ ողջ սուրբ լեռան վրա, որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Եսայիա 11։6–9)։
Ուշադրություն դարձրու, որ այս համարում նկարագրված չեն միայն այն ժամանակները, երբ կենդանիները խաղաղությամբ կբնակվեն մարդկանց հետ։ Համարի վերջին մասում նշվում է, թե ինչի շնորհիվ են այս փոփոխությունները տեղի ունենալու. «Երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով»։ Մի՞թե գիտելիքները փոխելու են կենդանիներին։ Դժվար թե։ Դրանք փոխելու են մարդկանց։ Այս մարգարեությունը կանխագուշակում է, որ նրանք, ովքեր գազանային հատկություններ ունեն, կփոխվեն և քրիստոնեական հատկություններ կմշակեն իրենց մեջ՝ կիրառելով այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։
Քննենք Պեդրոյի օրինակըb։ Նա կարծում էր, որ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելով՝ կարող է պայքարել հանուն արդարության։ Մարզում ստանալուց հետո նրան պատվիրեցին պայթեցնել մի զորանոց, սակայն նա ձերբակալվեց։ Բանտում անցկացրեց մեկուկես տարի, որտեղ շարունակում էր իր գործունեությունը։ Այդ ընթացքում Պեդրոյի կինը սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Բանտից ազատվելուց հետո Պեդրոն էլ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այն, ինչ նա սովորեց Եհովա Աստծու մասին, մղեց նրան մեծ փոփոխություններ անելու իր վարքագծի և հայացքների մեջ։ «Այնքան շնորհակալ եմ Եհովային, որ ահաբեկչական խմբում լինելու տարիներին մարդ չեմ սպանել,— պատմում է Պեդրոն։— Այժմ օգտագործում եմ Աստծու սուրը՝ Աստվածաշունչը, որպեսզի մարդկանց հայտնեմ խաղաղության և արդարության լուրը՝ Աստծու Թագավորության բարի լուրը»։ Պեդրոն անգամ այցելեց այն զորանոցը, որը պետք է վերացներ, և հայտնեց խաղաղ նոր աշխարհի մասին, ուր բռնություն չի լինելու։
Իրոք, Աստծու Խոսքը զորություն ունի փոխելու մարդկանց, և այդ բանի գիտակցումը ավելի մեծ հավատ է ներշնչում, որ Աստծու խոստումները կիրականանան, ու ամեն տեսակի չարիք կվերանա։ Մարդիկ հավիտյան վատ բաներ չեն անելու, նրանք փոխվելու են դեպի լավը։ Շուտով Եհովան կվերացնի չարության սկզբնաղբյուրին՝ Բանսարկու Սատանային։ Բեմի հետևից նա անտեսանելի ձևով ղեկավարում է աշխարհը։ Աստվածաշունչը ասում է. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Սակայն նրան կործանում է սպասում։ Կկործանվեն նաև նրանք, ովքեր համառորեն շարունակում են իրենց չար ընթացքը։ Ի՜նչ լավ ժամանակներ են լինելու առջևում։
Իսկ ի՞նչ պետք է անի անհատը, եթե ցանկանում է այսպիսի ապագա ունենալ։ Հարկավոր է հիշել, որ «Եհովայի մասին գիտելիքներն» են փոխում մարդկանց։ Հետևաբար այդ գիտելիքների շնորհիվ էլ մոտ ապագայում կփոխվի ողջ աշխարհը։ Պեդրոյի նման՝ մենք նույնպես կարող ենք ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել Աստվածաշնչից և կիրառել մեր սովորածը։ Այդ դեպքում հույս կունենանք ապրելու մի աշխարհում, ուր «արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13)։ Ուստի հորդորում ենք օգտագործել քեզ ընձեռված հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա, և ճանաչել Աստծուն ու Հիսուս Քրիստոսին։ Այդպիսով հավիտենական կյանքի դուռը կբացվի նաև քո առաջ (Հովհաննես 17։3)։
[Ծանոթագրություններ]
a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Եհովայի վկաներ. ովքե՞ր են. ինչի՞ն են հավատում» գրքույկը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
b Անունը փոխված է։
[Մեջբերում 9–րդ էջի վրա]
Դու նույնպես կարող ես ապրել մի աշխարհում, ուր «արդարություն է բնակվելու» (2 ՊԵՏՐՈՍ 3։13)