Ծառայում ենք աննախադեպ աճի ժամանակներում
ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՐԼԻ ՀԱՐԻՍԸ
1950թ. սեպտեմբերի 2-ին մասնակցում էինք Քեննեթում (Միսուրի, ԱՄՆ) անցկացվող շրջանային համաժողովին։ Հանկարծ մեզ շրջապատեց խառնամբոխը, և քաղաքագլուխը ստիպված եղավ բերել Ազգային գվարդիային, որ պաշտպանի մեզ այդ անկառավարելի ամբոխից։ Զինվորները շարվեցին փողոցում՝ հրացանները պատրաստ պահած և սվինները ձեռներին։ Անցնելով վիրավորանքների տարափի տակով՝ մոտեցանք մեր մեքենաներին և քշեցինք Քեյփ Ջիրարդո (Միսուրի), որ համաժողովի մնացած մասը լսենք այնտեղ։ Այդ համաժողովին էլ 14 տարեկանում մկրտվեցի։ Բայց թույլ տվեք պատմել, թե ինչպես սկսեցի ծառայել Եհովային այդ թոհուբոհի ժամանակներում։
ԵՐԲ 1930-ականների սկզբներին տատիկս ու պապիկս և իրենց ութ երեխաները լսեցին եղբայր Ռադերֆորդի ելույթների որոշ ձայնագրություններ, համոզվեցին, որ գտել են ճշմարտությունը։ Ծնողներս՝ Բեյ և Միլդրեդ Հարիսները, մկրտվեցին 1935թ.-ին՝ Վաշինգտոնում կայացած համաժողովի ժամանակ։ Որքա՜ն ուրախ էին նրանք, որ դարձել են մի մասը «մեծ բազմության», որի մասին հենց այդ համաժողովին էր հայտարարվել (Հայտն. 7։9, 14)։
Հաջորդ տարի ծնվեցի ես։ Իսկ մի տարի անց ծնողներս տեղափոխվեցին Միսիսիպիում գտնվող մի տարածք, որտեղ ո՛չ ժողով կար, ո՛չ էլ քարոզիչ, նույնիսկ շրջագայող վերակացու չէր այցելում այդ վայրը։ Ընտանիքս նամակագրական կապի մեջ էր Բեթելի հետ և այցելում էր համաժողովներ։ Որոշ ժամանակ եղբայրության հետ միայն այդպես էինք շփվում։
Տոկում ենք հալածանքների ներքո
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եհովայի վկաներին սկսեցին սաստիկ հալածել, քանի որ նրանք չեզոքություն էին պահում։ Այդ ժամանակ մենք ապրում էինք Մաունթին Հոմում (Արկանզաս)։ Մի օր ես ու հայրս վկայություն էինք տալիս փողոցում։ Մի մարդ հանկարծակի հորս ձեռքից խլեց պարբերագրերը և միանգամից այրեց։ Նա մեզ վախկոտներ կոչեց՝ պատճառաբանելով, որ չենք գնում պատերազմի։ Ես այդ ժամանակ ընդամենը հինգ տարեկան էի ու վախից սկսեցի լաց լինել։ Հայրս հանգիստ, առանց որևէ բան ասելու, նայեց այդ մարդուն, մինչև որ նա հեռացավ։
Բայց կային նաև մեր հանդեպ լավ տրամադրված մարդիկ։ Մի անգամ, երբ ամբոխը շրջապատել էր մեր մեքենան, տեղի դատախազը օգնության հասավ մեզ։ «Ի՞նչ է կատարվում այստեղ»,— հարցրեց նա։ Մի տղամարդ պատասխանեց. «Այս Եհովայի վկաները չեն ուզում կռվել իրենց երկրի համար»։ Այդ պահին դատախազը ցատկեց մեր մեքենայի ոտնդիրի վրա և բղավեց. «Ես կռվել եմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և կկռվեմ նաև Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Իսկ այս մարդկանց թույլ տվեք, որ հեռանան։ Նրանք ոչ մեկին չեն վնասում»։ Այս խոսքերից հետո բազմությունը դանդաղ ցրվեց։ Որքա՜ն երախտապարտ էինք այդպիսի լավ մարդկանց, ովքեր բարություն էին ցուցաբերում մեր հանդեպ (Գործ. 27։3)։
Համաժողովները ամրացնում են մեզ
1941թ.-ին Սենտ Լուիսում (Միսուրի) տեղի ունեցած համաժողովը հենց այն էր, ինչի կարիքն ունեինք։ Մի հաշվարկի համաձայն՝ ներկա էր ավելի քան 115000 հոգի։ Ապշեցնող էր նաև մկրտվողների թիվը՝ 3903։ Հիշում եմ եղբայր Ռադերֆորդի ելույթը, որի վերնագիրն էր՝ «Թագավորի երեխաները»։ Նա խոսում էր հենց մեզ՝ երեխաներիս հետ, և բոլորս ստացանք նկարազարդ կապույտ գույնի «Երեխաներ» գրքի մի-մի օրինակ։ Այդ համաժողովն ամրացրեց ինձ՝ տոկալու այն փորձություններին, որոնց բախվելու էի հաջորդ տարի, երբ գնայի տարրական դպրոց։ Ինձ ու զարմիկներիս դուրս հանեցին դպրոցից, քանի որ պատիվ չէինք տալիս դրոշին։ Սակայն մենք ամեն օր անտառի միջով գնում էինք դպրոց այն հույսով, որ տնօրինության տրամադրվածությունը փոխված կլինի։ Բայց ամեն անգամ մեզ տուն էին ուղարկում։ Այնուհանդերձ, ես կարծում էի, որ այդպիսով մեր նվիրվածությունն ենք ցույց տալիս Աստծու Թագավորությանը։
Կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը օրենք սահմանեց այն մասին, որ դրոշին պատիվ տալը պարտադիր չէ։ Ու մենք նորից դպրոց հաճախեցինք։ Ուսուցիչը շատ բարի էր և օգնեց մեզ լրացնելու բաց թողնված դասերը։ Մեր դասընկերները նույնպես լավ վերաբերվեցին մեզ։
Հիշում եմ նաև 1942թ.-ին Քլիվլենդում (Օհայո) տեղի ունեցած համաժողովը, որի ժամանակ եղբայր Նաթան Նորը ներկայացրեց «Խաղաղություն. կարո՞ղ է այն հարատև լինել» վերնագրով ելույթը։ Այն վերլուծում էր Հայտնություն 17-րդ գլուխը և ցույց տալիս, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի որոշ ժամանակ հարաբերական խաղաղություն է հաստատվելու։ Փաստորեն, առջևում աճ էր սպասվում։ Դրան նախապատրաստվելու համար 1943 թ.-ին բացվեց «Գաղաադ» դպրոցը։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, թե ինչ դեր է ունենալու իմ կյանքում այդ դպրոցը։ Հետպատերազմյան խաղաղությունն իսկապես հաստատվեց, և հակառակությունը մեղմացավ։ Սակայն երբ 1950-ին սկսվեց Կորեական պատերազմը, հալածանքի նոր ալիք բարձրացավ, որի մասին պատմեցի սկզբում։
Լիովին մասնակցում եմ քարոզչության առաջընթացին
1954թ.-ին ավարտեցի միջնակարգ դպրոցը և մի ամիս անց ռահվիրայություն սկսեցի։ Քեննեթում (Միսուրի) ծառայելուց հետո, որտեղ 1950-ին մի ամբոխ էր շրջապատել մեզ, ես 1955թ. մարտին հրավիրվեցի Բեթել։ Ժողովի տարածքի մեջ, որտեղ նշանակվեցի, մտնում էր Թայմս Սքվերը, որը Նյու Յորք քաղաքի կենտրոնում է։ Ի՜նչ տարբեր էր քաղաքի կյանքը։ Ես գրականություն էի առաջարկում զբաղված նյու յորքցիներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով մի հետաքրքրաշարժ հոդվածի վրա։ Հարցնում էի. «Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ»։ Շատերը վերցնում էին գրականությունը։
Ինձ համար Բեթելի ամենասիրելի միջոցառումներից մեկը առավոտյան երկրպագությունն էր, որն անցկացնում էր եղբայր Նորը։ Ինչպե՜ս էր նա կարողանում աստվածաշնչյան համարները կենդանի ներկայացնել և ցույց տալ դրանց գործնական կիրառությունը։ Նա մեզ՝ երիտասարդ ամուրի եղբայրներիս հետ խոսում էր այնպես, ինչպես հայրն իր որդու հետ կխոսեր, և հաճախ լավ խորհուրդներ էր տալիս, թե ինչպես է հարկավոր վերաբերվել հակառակ սեռին։ 1960թ.-ին որոշեցի ամուսնանալ։
Ես տեղեկացրի Բեթելին, որ 30 օրից հեռանալու եմ, սակայն պատասխան չստացա։ Թեև շատ ամաչկոտ էի, 30 օր անց հավաքեցի քաջությունս, որ հարցնեմ, թե արդյոք ստացել են հեռանալու մասին իմ դիմումը։ Հեռախոսազանգիս պատասխանեց եղբայր Ռոբերտ Ուոլենը, այնուհետև եկավ իմ աշխատավայր։ Նա հարցրեց ինձ, թե ինչ եմ մտածում հատուկ ռահվիրայություն կամ շրջանային ծառայություն սկսելու մասին։ «Բայց Բո՛բ,— պատասխանեցի,— ես ընդամենը 24 տարեկան եմ և փորձ էլ չունեմ»։
Շրջանային ծառայություն
Այդ երեկո ինձ մի մեծ ծրար էր սպասում սենյակում։ Ծրարի մեջ երկու դիմում կար. մեկը հատուկ ռահվիրայության համար, մյուսը՝ շրջանային ծառայության։ Ա՛յ քեզ բան։ Մազերս բիզ-բիզ կանգնեցին։ Ես շրջանային ծառայության նշանակվեցի և առանձնաշնորհում ստացա ծառայելու եղբայրներիս Միսուրիի հարավ-արևմուտքում և Կանզասի արևելքում. առանձնաշնորհում, որին կարծում էի՝ արժանի չեմ։ Բեթելից հեռանալուց առաջ, սակայն, մասնակցեցի շրջագայող վերակացուների համար նախատեսված հանդիպմանը։ Եղբայր Նորը, եզրափակելով իր ելույթը, ասաց. «Այն, որ դուք այժմ շրջանային և մարզային վերակացուներ եք, դեռ չի նշանակում, որ մյուս եղբայրներից ավելի շատ բան գիտեք։ Նրանցից ոմանք ձեզնից ավելի շատ փորձ ունեն։ Սակայն նրանց հանգամանքները թույլ չեն տալիս, որ ունենան այս առանձնաշնորհումները։ Դուք շատ բան կարող եք սովորել նրանցից»։
Որքա՜ն ճշմարիտ էին այդ խոսքերը։ Եղբայր Ֆրեդ Մոլոհանը և իր կինը, ինչպես նաև նրա եղբայր Չառլին, որը Փարսոնից էր (Կանզաս), հիանալի օրինակ էին ինձ համար։ Նրանք իմացել էին ճշմարտությունը 1900-ականների սկզբին։ Ինձ համար շատ հաճելի էր լսել այն պատմությունները, որոնք տեղի էին ունեցել, երբ ես դեռ չէի էլ ծնվել։ Մեկ այլ եղբայր էր տարեց Ջոն Րիսթենը, որը շատ բարի մարդ էր։ Նա ապրում էր Ջոպլինում (Միսուրի) և տասնամյակներ շարունակ ռահվիրա էր ծառայել։ Այս թանկագին եղբայրները մեծ հարգանքով էին վերաբերվում աստվածապետական կարգին։ Թեև երիտասարդ էի, ինձ՝ որպես իրենց շրջանային վերակացու, գնահատված էի զգում։
1962թ.-ին ամուսնացա Կլորիս Քնոկիի՝ մի կենսուրախ, ժիր ռահվիրայի հետ։ Մենք միասին շարունակեցինք շրջանային ծառայությունը։ Քանի որ ապրում էինք եղբայրների տներում, սկսում էինք ավելի լավ ճանաչել նրանց։ Մենք քաջալերում էինք երիտասարդներին լիաժամ ծառայություն սկսել։ Մեր շրջանից երկու պատանի՝ Ջեյ Կոսինսկին և Ջոան Կրեսմանը, ասես հենց դրան էին սպասում։ Նրանց հետ ծառայում էինք ու պատմում այն ուրախության մասին, որ ստանում էինք անձնվեր կյանքից։ Այս ամենը մղեց նրանց հոգևոր նպատակներ դնելու։ Ջոանը դարձավ հատուկ ռահվիրա, իսկ Ջեյը՝ բեթելցի։ Հետագայում նրանք ամուսնացան և արդեն 30 տարի է, ինչ շրջանային ծառայության մեջ են։
Միսիոներական ծառայություն
1966-ին եղբայր Նորը հարցրեց մեզ, թե արդյոք հետաքրքրված ենք օտարախոս դաշտի ծառայությամբ։ «Մենք ուրախ ենք այս ծառայության մեջ,— պատասխանեցինք,— սակայն եթե ուրիշ վայր տեղափոխվելու կարիք կա, պատրաստ ենք»։ Մեկ շաբաթ անց մեզ հրավիրեցին «Գաղաադ» դպրոց։ Որքա՜ն հուզիչ էր վերադառնալ Բեթել, որտեղ անցնում էին դասերը, և կրկին տեսնել նրանց, ում սիրել ու հարգել եմ։ Մենք նաև նոր ընկերներ ձեռք բերեցինք մեր համադասարանցիների մեջ, ովքեր առայսօր հավատարմորեն ծառայում են։
Դեննիս և Էդվինա Քրիստի, Աննա Ռոդրիգեսի և Դելիա Սանչեզի հետ ինձ ու Կլորիսին ուղարկեցին Էկվադոր (Հարավային Ամերիկա)։ Քրիստներին նշանակեցին մայրաքաղաք Կիտո, իսկ մեզ, Աննային ու Դելիային՝ Կուենկա, որը Էկվադորի երրորդ ամենամեծ քաղաքն է։ Այդ տարածքի մեջ մտնում էր երկու գավառ։ Կուենկայի նորաստեղծ ժողովը անցկացվում էր մեր հյուրասենյակում։ Ժողովը բաղկացած էր վեց հոգուց՝ մենք էինք և ուրիշ երկու հոգի։ Չէինք պատկերացնում, թե ինչպես ենք կատարելու քարոզչական գործը։
Կուենկայում շատ եկեղեցիներ կային, և տոներին քաղաքը լցվում էր կրոնական շքերթներով։ Այնուամենայնիվ, քաղաքի բնակիչները շատ հարցեր ունեին։ Օրինակ՝ երբ առաջին անգամ հանդիպեցի Մարիո Պոլոյին, որը Կուենկայի չեմպիոն հեծանվորդն էր, նա ինձ զարմացրեց իր հարցով. «Ո՞վ է «Հայտնություն» գրքի պոռնիկը»։
Մեկ ուրիշ անգամ Մարիոն, շատ անհանգստացած, գիշերով եկավ մեր տուն։ Ավետարանչական եկեղեցու քահանան նրան գրականություն էր տվել, որտեղ լուրջ մեղադրանքներ էին ներկայացվում Եհովայի վկաների դեմ։ Ես Մարիոյին ասացի, որ եթե ինչ-որ մեկին մեղադրում են, պետք է թույլ տան, որ նա պաշտպանի իրեն։ Ուստի հաջորդ օրը Մարիոն հրավիրեց այդ քահանային ու ինձ իր տուն, որ պատասխանեմ մեղադրանքներին։ Ես առաջարկեցի, որ խոսենք Երրորդության մասին։ Երբ քահանան կարդաց Հովհաննես 1։1-ը, Մարիոն ինքը ճշգրտորեն բացատրեց այդ համարը։ Մնացած բոլոր աստվածաշնչյան համարները, որ կարդացինք, իմ փոխարեն դարձյալ Մարիոն մեկնաբանեց։ Պարզ է, որ քահանան հեռացավ՝ առանց ապացուցելու Երրորդության ուսմունքը։ Իսկ Մարիոն ու իր կինը համոզվեցին, որ մենք ենք սովորեցնում ճշմարտությունը, և դարձան աստվածաշնչյան ուսմունքների նախանձախնդիր պաշտպաններ։ Ի՜նչ մեծ ուրախություն է տեսնել, որ Կուենկայում ժողովների թիվը հասել է 33-ի, իսկ մեր առաջին նշանակման հսկայական տարածքում ընդհանուր առմամբ՝ 63-ի։ Իրոք որ, աննախադեպ աճ։
Հետևում ենք աճին Բեթելից
1970թ.-ին ինձ խնդրեցին, որ Ալ Սքուլոյի հետ այցելեմ Գուայաքիլում գտնվող մասնաճյուղ։ Երկուսս սկսեցինք աշխատել այնտեղ։ Ջո Սեկերակը ծառայում էր կես օր և գրականություն էր փաթեթավորում ամբողջ երկրի 46 ժողովների համար։ Մի որոշ ժամանակ, մինչ ես ծառայում էի Բեթելում, Կլորիսը դաշտում էր ծառայում։ Նա օգնել է 55 հոգու մկրտվել, և հաճախ մի համաժողովի ժամանակ մկրտվում էին երեքից հինգ հոգի։
Օրինակ՝ Կլորիսը ուսումնասիրում էր Լուկրեսիա անունով մի կնոջ հետ, որի ամուսինը հակառակվում էր։ Այնուհանդերձ, Լուկրեսիան մկրտվեց և սկսեց ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։ Նա իր երեխաներին սովորեցրեց Եհովայի ճանապարհների մասին, և նրա տղաներից երկուսն այժմ ծառայում են որպես երեց, մյուսը հատուկ ռահվիրա է, իսկ աղջիկը՝ ռահվիրա։ Լուկրեսիայի թոռնիկը ամուսնացել է մի հրաշալի եղբոր հետ. նրանք հատուկ ռահվիրաներ են։ Այս ընտանիքը շատերին է օգնել իմանալու ճշմարտությունը։
1980թ.-ին Էկվադորում մոտ 5000 քարոզիչ կար։ Մեր գրասենյակը փոքր էր, իսկ ծառայողները՝ շատ։ Մի եղբայր առաջարկեց մեզ մոտ 32 հեկտար տարածք, որը գտնվում էր Գուայաքիլից դուրս։ 1984-ին այնտեղ սկսեցինք կառուցել նոր մասնաճյուղ և Համաժողովների սրահ, որոնք նվիրվեցին 1987-ին։
Կամավորները նպաստում են աճին
Հաճելի էր տեսնել, թե ինչպես ուրիշ երկրներից տարիների ընթացքում շատ քարոզիչներ ու ռահվիրաներ էին գալիս Էկվադոր՝ ծառայելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար։ Լավ եմ հիշում Էնդի Քիդին՝ թոշակառու մի ուսուցչի Կանադայից։ Նա 70 տարեկան էր, երբ 1985-ին տեղափոխվեց Էկվադոր, և հավատարմորեն ծառայեց մինչև իր մահը։ Նա մահացավ 2008-ին 93 տարեկանում։ Երբ առաջին անգամ տեսա Էնդիին, նա միակ վերակացուն էր մի փոքր ժողովում։ Կոտրտված իսպաներենով հանրային ելույթ էր ներկայացնում, այնուհետև անցկացնում էր «Դիտարանի» հանդիպումը։ Նա նաև անց էր կացնում Աստվածապետական ծառայության դպրոցը և Ծառայողական հանդիպման մասերից շատերը։ Այդ տարածքում հիմա երկու ակտիվ ժողով կա, որտեղ ծառայում են մոտ 200 քարոզիչ և շատ երեցներ, որոնք տեղի եղբայրներից են։
Մեկ ուրիշ եղբայր՝ Էռնեստո Դիասը, իր ընտանիքի հետ տեղափոխվեց Միացյալ Նահանգներից և Էկվադորում ութ ամիս մնալուց հետո ասաց. «Մեր երեք երեխաները սովորել են լեզուն և այժմ հրաշալի կերպով սովորեցնում են աստվածաշնչյան ճշմարտությունները։ Որպես հայր՝ հասել եմ մի նպատակի, որին հասնելն անհնար էր թվում այս համակարգում. ես դարձել եմ ընդհանուր ռահվիրա և ընտանիքիս հետ մասնակցում եմ լիաժամ ծառայությանը։ Միասին անց ենք կացնում 25 աստվածաշնչյան ուսումնասիրություն։ Այս ամենի շնորհիվ մեր ընտանիքը ավելի միասնական է դարձել, իսկ որն ամենակարևորն է, ավելի քան երբևէ մտերմացել ենք Եհովայի հետ»։ Որքա՜ն ենք գնահատում այս սիրելի քույրերին ու եղբայրներին։
1994-ին մասնաճյուղը ընդլայնվեց՝ շենքերը կրկնակի մեծացվեցին։ 2005-ին քարոզիչների թիվն անցավ 50000-ից, և անհրաժեշտություն առաջացավ ավելի ընդլայնելու մասնաճյուղը։ Ընդլայնվեց Համաժողովների սրահը, կառուցվեցին թարգմանչական գրասենյակներ և մի նոր բնակելի շենք։ Այս նոր շենքերի նվիրումը տեղի ունեցավ 2009թ. հոկտեմբերի 31-ին։
Երբ 1942-ին ինձ հեռացրին դպրոցից, Միացյալ Նահանգներում մոտ 60000 Վկա կար, իսկ հիմա այնտեղ ծառայում է մեկ միլիոնից ավելի քարոզիչ։ Երբ 1966-ին եկանք Էկվադոր, այնտեղ կար մոտ 1400 Վկա, իսկ հիմա ավելի քան 68000 Վկա կա։ Համոզված ենք, որ այդ թիվը դեռ կավելանա, քանի որ 120000 մարդ Աստվածաշունչ է ուսումնասիրում, իսկ 2009թ. Հիշատակի երեկոյին ներկա է եղել ավելի քան 232000 հոգի։ Իսկապես, Եհովան օրհնել է իր ժողովրդին այնպես, որ չէինք էլ կարող պատկերացնել։ Որքա՜ն ուրախալի է ապրել աննախադեպ աճի ժամանակներումa։
[Ծանոթագրություն]
a Մինչ այս հոդվածը պատրաստվում էր հրատարակման, Հարլի Հարիսը մահացավ՝ հավատարիմ Եհովային։
[Նկարներ 5–րդ էջի վրա]
Բացօթյա համաժողով (1981թ.) և Գուայաքիլիի Համաժողովների սրահը (2009թ.) նույն տարածքում