Կալվինականությունը 500 տարեկան է. ինչի՞ է այն հասել
ԺԱՆ ԿԱԼՎԻՆԸ ծնվել է Ֆրանսիայի Նոյոն քաղաքում 1509թ.-ին։ Նա հիմնել է կրոնական մի ուղղություն, որը մեծ ազդեցություն է թողել Եվրոպայում, Ամերիկայի մայրցամաքներում, Աֆրիկայի հարավում և այլ վայրերում ապրող շատ մարդկանց կյանքի վրա։ Նա պատմության մեջ հայտնի է որպես եկեղեցու ռեֆորմատորներից մեկը։
Այսօր՝ Կալվինի ծնունդից մոտ 500 տարի անց, նրա գաղափարները և ուսմունքները՝ կալվինականությունը, այս կամ այն կերպ ծաղկում են բողոքականության տարբեր ուղղություններում, օրինակ, ռեֆորմատական, պրեսբիտերական, կոնգրեգացիոնալ, պուրիտան և այլ եկեղեցիներում։ Անցած տարվա սեպտեմբերի տեղեկությունների համաձայն՝ Աշխարհի ռեֆորմատական եկեղեցիների միությանը հարում է 75 միլիոն մարդ 107 երկրներում։
Բախում կաթոլիկ եկեղեցու հետ
Կալվինի հայրը Նոյոն քաղաքի կաթոլիկ եկեղեցում աշխատել է որպես իրավաբան և քարտուղար։ Հավանաբար նա տեսել է հոգևորականների մեջ տարածված այլասերված վարքը։ Հայտնի չէ՝ արդյոք դա էր պատճառը, որ նա ըմբոստացավ եկեղեցու դեմ և անհարգալից վերաբերմունք դրսևորեց հոգևորականների հանդեպ։ Մի բան պարզ է, որոշ ժամանակ անց Ժանի հայրը և մեծ եղբայրը վտարվեցին եկեղեցուց։ Երբ հայրը մահացավ, Ժանը դժվարությամբ կարողացավ քրիստոնեական թաղում կազմակերպել։ Այդ դեպքից հետո Ժանի անվստահությունը կաթոլիկ եկեղեցու հանդեպ ավելի խորացավ։
Կալվինի մասին աշխատությունների մեծ մասը շատ քիչ բան է հայտնում նրա երիտասարդ տարիների վերաբերյալ։ Միայն նշվում է, որ նա եղել է զուսպ և չշփվող երիտասարդ։ Նույնիսկ Փարիզում, Օռլեանում և Բուրժում սովորելու տարիներին նա քիչ ընկերներ է ունեցել, սակայն աչքի է ընկել սուր մտքով և ապշեցնող հիշողությամբ։ Դրա հետ մեկտեղ նա ունեցել է աշխատելու անսպառ էներգիա. ամեն օր առավոտվա ժամը հինգից սկսում էր ուսումնասիրել գրքերը մինչև կեսգիշեր։ Դա էր պատճառը, որ մինչև 23 տարին բոլորելը Ժանը արդեն դարձել էր իրավագիտության դոկտոր։ Նա սովորեց նաև եբրայերեն, հունարեն և լատիներեն, որպեսզի ուսումնասիրի Աստվածաշունչը։ Սակայն ամենից շատ նա հայտնի էր իր լուրջ և կարգապահ աշխատանքային էթիկայով, մի բան, որ շատերը նույնիսկ այսօր կապում են կալվինականության հետ։
Այդ ժամանակ Գերմանիայում Մարտին Լյութերը բացահայտորեն մեղադրում էր կաթոլիկ եկեղեցուն կաշառակերության և ոչ սուրբգրային ուսմունքներ սովորեցնելու մեջ։ Ասում են, որ 1517-ին նա իր 95 թեզիսները՝ բողոքները, մեխել է Վիտենբերգ քաղաքի եկեղեցիներից մեկի դռանը՝ ստիպելով եկեղեցուն բարեփոխումներ անել։ Շատերը թիկունք կանգնեցին Լյութերին, և Ռեֆորմացիան արագորեն տարածվեց ողջ Եվրոպայում։ Շատ վայրերում խռովության ալիք բարձրացավ։ Ռեֆորմացիայի կողմնակիցները՝ բողոքականները, մեծ կորուստների գնով պաշտպանեցին իրենց տեսակետները։ 1533-ին Փարիզում Կալվինի ընկերը՝ Նիկոլաս Կոպը, մի ելույթ ներկայացրեց, որով աջակցում էր Լյութերին։ Քանի որ Կալվինը օգնել էր ընկերոջը ելույթը պատրաստելիս, նրանք երկուսով փախան երկրից, որպեսզի չսպանվեն։ Կալվինն այլևս չվերադարձավ Ֆրանսիա։
1536-ին Կալվինը հրատարակեց «Քրիստոնեական հավատի խրատագիր» աշխատությունը, որում շարադրել էր բողոքականության հիմունքները։ Նա այս աշխատությունը ներկայացրեց Ֆրանսիս I թագավորին՝ պաշտպանելու համար Ֆրանսիայի բողոքականներին, որոնք հետագայում ճանաչվեցին հուգենոտներ անունով։ Կալվինը դատապարտում էր կաթոլիկ եկեղեցու ուսմունքները և խոսում էր իր հավատի հիմնաքարի՝ Աստծու գերիշխանության մասին։ Կրոնական առումով արժեքավոր լինելուց բացի, նրա «Խրատագիրը» մեծ ազդեցություն ունեցավ նաև ֆրանսերեն լեզվի և գրական-գեղարվեստական ոճի զարգացման վրա։ Կալվինը համարվեց ամենաազդեցիկ ռեֆորմատորներից մեկը։ Նա բնակություն հաստատեց Ժնևում (Շվեյցարիա), և 1541-ից ի վեր այս քաղաքը դարձավ նրա ռեֆորմացիայի կենտրոնը։
Ռեֆորմացիան շարունակվում է Ժնևում
Կալվինը զորեղ ազդեցություն ունեցավ Ժնևի բնակիչների կյանքի վրա։ Ունենալով բարոյական բարձր չափանիշներ և արդարության խոր զգացում՝ նա վատահամբավ Ժնևը դարձրեց «մի քաղաք, որտեղ բարոյական խիստ օրենքները սկսեցին կանոնակարգել բնակիչների կյանքը», ինչպես ասվում է «Կրոնի հանրագիտարանում» (Encyclopedia of Religion)։ Սակայն կային նաև այլ պատճառներ, որոնք նպաստեցին բարեփոխումների։ Բեռլինում գտնվող Գերմանիայի պատմության թանգարանի կուրատորը՝ դոկտոր Սաբին Ուիթը, ասում է. «Կրոնական պատերազմների պատճառով մի քանի տարիների ընթացքում [Ժնևի] բնակչության թիվը կրկնապատկվեց Ֆրանսիայից եկած հազարավոր ներգաղթյալ բողոքականների հաշվին»։ Հուգենոտները, որոնք որդեգրել էին Կալվինի աշխատանքային էթիկան, տնտեսապես ծաղկեցրին քաղաքը՝ Ժնևը դարձնելով տպագրության և ժամագործության կենտրոն։
Ժնևում կային ներգաղթյալներ նաև այլ երկրներից։ Շատերը Անգլիայից էին, որտեղ Մարիա I թագուհին սպառնալիքի տակ էր դրել բողոքականների կյանքը։ Ժամանակակից քրիստոնեության մասին մի լրագրում կալվինականությունը նկարագրվում է որպես «հալածվողների աստվածաբանություն», քանի որ այս ուղղությանը հարում էին հիմնականում իրենց երկրներից վտարված մարդկանց փոքր խմբերը (Christ in der Gegenwart)։ 1560-ին փախստականները հրատարակեցին «Ժնևի Աստվածաշունչը»՝ առաջին անգլերեն Աստվածաշունչը, որում խոսքերը համարակալված էին։ Իր փոքր չափի շնորհիվ՝ այս գիրքը հեշտացրեց Աստծու Խոսքի անձնական ուսումնասիրությունը։ Հավանաբար 1620թ.-ին Հյուսիսային Ամերիկա գաղթելիս պուրիտանները Աստվածաշնչի այս թարգմանությունն են վերցրել իրենց հետ։
Սակայն Ժնևը ոչ բոլորի համար ապաստան դարձավ։ Նրանցից մեկը Միգել Սերվետոսն էր, որը ծնվել էր Իսպանիայում 1511-ին։ Փարիզում նա սովորել էր եբրայերեն, հունարեն, լատիներեն, ինչպես նաև ուսումնասիրել էր բժշկություն և հավանաբար ուսանողական տարիներին հանդիպել էր Կալվինին։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ Սերվետոսը հասկացել էր, որ Երրորդության ուսմունքը սուրբգրային չէ։ Նա փորձեց Կալվինի հետ խոսել այս մասին։ Կաթոլիկների հետապնդումներից խուսափելու համար Սերվետոսը Ֆրանսիայից փախավ Կալվինի քաղաք՝ Ժնև։ Սակայն Կալվինը նրան թշնամի էր համարում։ Ուստի լավ ընդունելության արժանացնելու փոխարեն՝ Սերվետոսին ձերբակալեցին և որպես հերետիկոս՝ 1553-ին այրեցին ցցի վրա։ Պատմաբան Ֆրեդերիկ Օիհնինգերն ասում է. «Սերվետոսի մահապատիժը խայտառակության դրոշմ դարձավ մեծ ռեֆորմատորի [Կալվինի] կյանքի և գործունեության վրա»։
Անհերքելի է այն փաստը, որ բարեփոխումների հասնելու համար Կալվինը մեծ աշխատանք կատարեց։ Կարծիք կա, որ նա գրել է ավելի քան 100 աշխատություն և 1000 նամակ, ինչպես նաև մոտ 4000 քարոզներ է կարդացել Ժնևում։ Կալվինը ոչ միայն ներկայացրել է քրիստոնեության մասին իր պատկերացումները, այլև մղել է մարդկանց ապրելու այնպես, ինչպես, իր կարծիքով, վայել է քրիստոնյային։ Նա ցանկացել է, որ հատկապես Ժնևի բնակիչները առաջնորդվեն այդ սկզբունքներով, քանի որ Ժնևը համարում էր Աստծու քաղաքa։
Ի՞նչ արդյունքներ ունեցան Ժնևում Կալվինի՝ բարեփոխումներ իրականացնելու համար թափած անխոնջ ջանքերը։ Շվեյցարիայի ֆեդերալ վիճակագրական վարչության տվյալների համաձայն՝ 2000թ.-ին Ժնևի բնակչության միայն 16 տոկոսն էր հարում ռեֆորմատական (կալվինական) եկեղեցուն, և քաղաքում կաթոլիկներն ավելի շատ էին, քան կալվինականները։
Անդունդը մեծանում է
Ռեֆորմացիայի արդյունքում առանձին քաղաքներ և վարչական տարածքներ հայտարարեցին, որ իրենք կաթոլիկներ են, լյութերականներ կամ կալվինականներ։ Այսպիսով Եվրոպան կրոնապես պառակտվեց։ Թեև ռեֆորմատորները միաձայն դատապարտում էին կաթոլիկ եկեղեցուն, սակայն նրանց մեջ կային տարաձայնություններ։ Դոկտոր Ուիթը նշում է. «Աստվածաբանական հարցերում տարաձայնություններ առաջանում էին նույնիսկ բողոքականների միջև»։ Թեև բոլորն էլ ընդունում էին, որ քրիստոնեական հավատի հիմքը Աստվածաշունչն է, սակայն բավական լուրջ տարբերություններ կային նրանց ուսմունքների միջև։ Ամենահրատապ հարցը, որ պետք է պարզաբանվեր, Վերջին ընթրիքի և Քրիստոսի ներկայության նշանակությունն էր։ Հետագայում կալվինականությունը առաջ քաշեց իր ամենավիճահարույց ուսմունքներից մեկը՝ նախասահմանությունը։
Շատ բանավեճեր եղան նախասահմանության թեմայի շուրջ։ Մի խումբ կալվինականներ ասում էին, որ անկախ այն բանից՝ մարդիկ մեղք կգործեն, թե ոչ, Աստված արդեն որոշել է, որ փոքրաթիվ մարդիկ պետք է փրկության հասնեն Քրիստոսի միջոցով, իսկ մյուսները թողնվեն ճակատագրի քմահաճույքին։ Ուստի հավատում էին, որ փրկությունը Աստծու որոշումն է, և մարդիկ հավասար չեն։ Ոմանք էլ այն կարծիքին էին, որ փրկության դուռը բաց է բոլորի առաջ, և յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում՝ մտնել այդ դռնից, թե ոչ։ Սա նշանակում էր, որ փրկությունը թողնված է մարդու ազատ կամքին։ Կալվինի մահից շատ չանցած՝ կալվինականներն արդեն վիճում էին այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք էին Աստծու վճիռը, մարդու ազատ կամքը և բոլորին հավասարապես տրված հնարավորությունը։
Կալվինականության պտուղները
20-րդ դարում կալվինականների եկեղեցիներից մեկը՝ Հոլանդիայի ռեֆորմատական եկեղեցին, նախասահմանության ուսմունքը ներկայացրեց որպես Հարավաֆրիկյան Հանրապետությունում ռասայական խտրականության հիմք։ Սպիտակամորթների գերազանցության քաղաքականության վերաբերյալ Նելսոն Մանդելան, որը դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, ասաց. «Այս քաղաքականությանը թիկունք էր կանգնում Հոլանդիայի ռեֆորմատական եկեղեցին, որը կրոնական զանազանությունը որպես պատրվակ օգտագործելով՝ արդարացնում էր ռասայական խտրականությունը (ապարտեիդ)՝ քարոզելով, որ եվրոպական ծագում ունեցող աֆրիկացիները Աստծու կողմից ընտրված մարդիկ են, իսկ սևամորթները ստորակարգ տեսակ են։ Սպիտակամորթների աշխարհում ապարտեիդը և եկեղեցին քայլում էին կողք կողքի»։
1990-ականներին Հոլանդիայի ռեֆորմատական եկեղեցին հանրայնորեն ներողություն խնդրեց ապարտեիդին աջակցելու համար։ Պաշտոնական մի փաստաթղթում, որը կոչվեց Ռյուստենբուրգի դեկլարացիա, եկեղեցու առաջնորդները խոստովանեցին. «Մեզնից ոմանք ակտիվորեն արդարացնում էին ապարտեիդը՝ սխալ ձևով օգտագործելով Աստվածաշունչը և մղելով շատերին հավատալու, թե այդ քաղաքականությունը ունի Աստծու հավանությունը»։ Տարիներ շարունակ եկեղեցու այս վերաբերմունքը շատերին է ցավ պատճառել։ Ավելին, դրա համար նրանք նույնիսկ մեղադրել են Աստծուն։
Ժան Կալվինը մահացավ 1564-ին Ժնևում։ Ասում են, որ իր կյանքի վերջին օրերին նա շնորհակալություն հայտնեց եկեղեցու իր հավատակիցներին «այդքան շատ պատվավոր կոչումներ շնորհելու համար իր նման անարժան մեկին» և խնդրեց նրանց ներել իրեն բարկության պոռթկումների և անհամբեր բնավորության համար, որոնք իր թույլ կողմերն են եղել։ Չնայած դրան՝ ոչ ոք չի կարող ժխտել, որ բողոքականների աշխատանքային էթիկան՝ արդյունավետությունը, կարգապահությունը և պատասխանատու մոտեցումը, հիշեցնում է Ժան Կալվինի և նրա արժեքների մասին։
[Ծանոթագրություն]
a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Մարդկությունը՝ Աստծուն որոնելու ճանապարհին» գիրքը (էջ 321–325, անգլ. [էջ 322–325, ռուս.])։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Մեջբերում 24–րդ էջի վրա]
Ռեֆորմացիայի արդյունքում առանձին քաղաքներ և վարչական տարածքներ հայտարարեցին, որ իրենք կաթոլիկներ են, լյութերականներ կամ կալվինականներ։ Այսպիսով Եվրոպան կրոնապես պառակտվեց
[Քարտեզ 21–րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Նոյոն
ՓԱՐԻԶ
Օռլեան
Բուրժ
ՖՐԱՆՍԻԱ
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ԺՆԵՎ
ԻՍՊԱՆԻԱ
[Նկար 22–րդ էջի վրա]
Կալվինի «Խրատագիրը» (1536), որում շարադրված էին բողոքականության հիմունքները
[Նկար 22–րդ էջի վրա]
© INTERFOTO/Alamy
[Նկար 23–րդ էջի վրա]
Սերվետոսի մահապատիժը խայտառակության դրոշմ դարձավ Կալվինի կյանքի և գործունեության վրա
[Թույլտվությամբ]
© Mary Evans Picture Library
[Նկար 24–րդ էջի վրա]
«Ժնևի Աստվածաշունչը» (1560) առաջին անգլերեն Աստվածաշունչն էր, որում խոսքերը համարակալված էին
[Թույլտվությամբ]
Courtesy American Bible Society
[Թույլտվությամբ]
French town: © Mary Evans Picture Library