Հաղորդակցություն ոգեղեն աշխարհի հետ
ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏՎԱԾ որոշ պատասխանատվություններ է տվել ոգեղեն արարածներին։ Օրինակ՝ Հիսուս Քրիստոսին իշխանություն է տվել երկրի վրա, իսկ հավատարիմ հրեշտակներին հանձնարարել է առաջնորդել բարի լուրի հռչակման գործը (Հայտնություն 14։6)։ Սակայն աղոթք լսելու պատասխանատվությունը Աստված ոչ ոքի չի տվել։ Նա անձամբ է լսում մեր աղոթքները։ Ուստի մենք պետք է միայն Աստծուն աղոթենք։
Սաղմոս 65։2-ում գրված է, որ Եհովա Աստված «աղոթքներ Լսող» է։ Նա լսում է մեր աղոթքները և պատասխանում։ Հովհաննես առաքյալը իր հավատակիցներին գրեց. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, [Աստված] լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ ինչ էլ որ խնդրելու լինենք, ապա գիտենք, որ կստանանք մեր խնդրածները, քանի որ խնդրել ենք նրանից» (1 Հովհաննես 5։14, 15)։
Հավատարիմ հրեշտակները չեն ուզում, որ մենք աղոթքով իրենց դիմենք։ Նրանք ընդունում են աղոթքի վերաբերյալ Աստծու հաստատած կարգը և պատրաստ են կատարելու նրա հրահանգները։ Օրինակ՝ երբ Դանիել մարգարեն աղոթեց Եհովային Երուսաղեմի մասին, Աստված պատասխանեց նրա աղոթքին՝ ուղարկելով Գաբրիել հրեշտակին, որ քաջալերի նրան (Դանիել 9։3, 20–22)։
Հաղորդակցություն մահացածների՞ հետ
Պե՞տք է արդյոք փորձենք կապ հաստատել մեր մահացած հարազատի հետ։ Շատ պատմություններ կան այն մասին, թե ոմանք հաղորդակցվել են մահացածների ոգիների հետ։ Օրինակ՝ Իռլանդիայում ապրող մի կնոջ մոտեցավ մի ոգեհարց և ասաց, որ այդ գիշեր խոսել է նրա ամուսնու՝ Ֆրեդի հետ։ Ֆրեդը մի քանի շաբաթ առաջ մահացել էր։ Այդ ոգեհարցը պատմեց այն ամենը, ինչ ասել էր իրեն Ֆրեդը։ Դրանք այնպիսի բաներ էին, որ միայն Ֆրեդի կինը գիտեր։ Ուստի հնարավոր է՝ տրամաբանական թվար նրան, որ ամուսինը ապրում է ոգեղեն ոլորտում և փորձում է անծանոթի միջոցով կապ հաստատել իր հետ։ Այսպիսի ենթադրությունը, սակայն, հակասում է այն բանին, ինչ ասում է Աստվածաշունչը մահացածների վիճակի մասին (տե՛ս շրջանակը)։
Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել նման պատմությունները։ Իրականում, մահացածների փոխարեն ներկայանում են դևերը, և դա նրանց խաբելու կերպերից մեկն է։ Ո՞րն է նրանց նպատակը։ Թաքցնել մարդկանցից Աստվածաշնչի ճշմարտությունը և թուլացնել նրանց հավատը Եհովա Աստծու հանդեպ։ Սատանան ու դևերը մոլորեցնում են մարդկանց «ամեն տեսակ զորավոր գործերով, սուտ նշաններով, հրաշքներով, անիրավությամբ և ամեն տեսակ խաբեությամբ նրանց համար, ովքեր գնում են դեպի կործանում» (2 Թեսաղոնիկեցիներ 2։9, 10)։
Անկասկած, կան ոգեհարցներ, որոնք համոզված են, որ կապ են հաստատում մահացած մարդկանց հետ։ Այդպես են մտածում նաև նրանց օգնությանը դիմող մարդիկ։ Սակայն իրականում նրանք հաղորդակցվում են այն ոգեղեն էակների հետ, որոնք ըմբոստացել են Եհովայի դեմ։ Նմանապես, կան մարդիկ, ովքեր համոզված են, որ իրենք երկրպագում են Աստծուն, բայց դա այդպես չէ։ Աստծու կողմից ներշնչված՝ Պողոս առաքյալը սթափեցնող խոսքեր գրեց. «Այն բաները, որ ազգերը զոհաբերում են, դևերին են զոհաբերում և ոչ թե Աստծուն» (1 Կորնթացիներ 10։20, 21)։
Ինչո՞ւ աղոթենք ուրիշին, եթե գիտենք, որ կարող ենք աղոթել Գերագույն Էակին, որը սիրում է և հոգ է տանում մեր մասին։ Աստվածաշունչը վստահեցնում է մեզ. «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տարեգրություն 16։9)։
[մեջբերում 9-րդ էջի վրա]
Ինչո՞ւ աղոթենք ուրիշին, եթե գիտենք, որ կարող ենք աղոթել Գերագույն Էակին, որը սիրում է և հոգ է տանում մեր մասին
[շրջանակ/նկար 8-րդ և 9–րդ էջերի վրա]
Ճիշտ է, թե ոչ
ՍԱՏԱՆԱՆ ԻՐԱԿԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է։ ՃԻՇՏ Է։
«Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում» (2 Կորնթացիներ 11։14)։
«Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետրոս 5։8)։
«Ով շարունակում է մեղք գործել, Բանսարկուից է, որովհետև Բանսարկուն սկզբից ևեթ մեղք է գործում» (1 Հովհաննես 3։8)։
«Հպատակվեք Աստծուն, հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7)։
«[Բանսարկուն] մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից և ճշմարտության մեջ հաստատ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ։ Երբ նա սուտ է խոսում, իր էության համաձայն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44)։
ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐԸ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՈԳԵՂԵՆ ՈԼՈՐՏ։ ՃԻՇՏ ՉԷ։
«Երեսիդ քրտինքով պիտի հաց ուտես, մինչև որ հետ դառնաս դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցիր, որովհետև հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3։19)։
«Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։
«Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա, որովհետև գերեզմանում, ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն» (Ժողովող 9։10)։
«Նրա ոգին դուրս է գալիս, և նա դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146։4)։
ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՄԲ։ ՃԻՇՏ Է։
«Եհովայի հրեշտակը բանակ է դնում Նրանից վախեցողների շուրջը և փրկում է նրանց» (Սաղմոս 34։7; 91։11)։
«Մի՞թե նրանք բոլորը [հրեշտակները] ոգիներ չեն ծառայության համար, որ ուղարկված են ծառայելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբրայեցիներ 1։14)։
«Տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որ թռչում էր երկնքում և հավիտենական բարի լուր ուներ՝ հռչակելու որպես ուրախ ավետիս երկրի վրա բնակվողներին և ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի։ Նա բարձր ձայնով ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան»» (Հայտնություն 14։6, 7)։
ՀԻՍՈՒՍԸ ՀԱՎԱՍԱՐ Է ԱՍՏԾՈՒՆ։ ՃԻՇՏ ՉԷ։
«Ուզում եմ՝ իմանաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1 Կորնթացիներ 11։3)։
«Երբ Աստված ամեն բան հպատակեցնի Որդուն, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի Աստծուն, ով բոլոր բաները հպատակեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամենքի համար» (1 Կորնթացիներ 15։28)։
«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Որդին իրենից ոչ մի բան չի կարող անել, այլ միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս» (Հովհաննես 5։19)։