Երբեք շատ ուշ չէ ծառայել Աստծուն
Իսպանիայի հարավում՝ Մալագա քաղաքում, մայր ու դուստր, որոնք նույն անունն ունեն՝ Աննա, 2009թ. դեկտեմբերի 19-ին մկրտվեցին։ Նրանք այն 2352 անհատների թվում էին, որոնք 2009թ.-ին Իսպանիայում կատարեցին այդ քայլը։ Սակայն մի յուրահատուկ բան նրանց տարբերում էր մյուսներից՝ տարիքը։ Մայրը 107 տարեկան էր, աղջիկը՝ 83։
Ինչպե՞ս եղավ, որ նրանք մկրտվեցին՝ ի նշան Եհովայի հանդեպ նվիրվածության։ 1970-ականների սկզբին նրանց հարևանը դուստր Աննային հրավիրեց մասնակցելու ժողովի Գրքի ուսումնասիրությանը, որն անց էր կացվում մի Վկայի տանը։ Ժամանակ առ ժամանակ Աննան հաճախում էր այդ հանդիպումներին։ Սակայն աշխատանքի պատճառով չառաջադիմեց։
Մոտ տասը տարի անց Աննայի երեխաներից մի քանիսը սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել և ժամանակի ընթացքում դարձան Եհովայի ծառա։ Նրանցից մեկին՝ Մարի Կարմենին, հաջողվեց կրկին բորբոքել մոր հետաքրքրությունը աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ, և վերջինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հետագայում Մարի Կարմենի տատը՝ մեծ Աննան, նույնպես սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Աստվածաշնչի հանդեպ։ Ի վերջո, այս ընտանիքից տասը հոգի մկրտվեց։
Մկրտության օրը երկու Աննաները՝ մայրն ու աղջիկը, փայլում էին ուրախությունից։ «Եհովան շատ բարի է եղել իմ հանդեպ, որ թույլ է տվել ճանաչել իրեն»,— ասաց 107-ամյա Աննան։ «Մինչև դրախտի գալը,— ավելացրեց աղջիկը,— ես ուզում եմ ծառայել Եհովային, անել նրա կամքը և քարոզել բարի լուրը այնքան, որքան կարող եմ»։
Այս երկու այրիներին հատկապես ուրախություն է պատճառում ժողովի հանդիպումներին հաճախելը։ «Նրանք բաց չեն թողնում նույնիսկ մեկ հանդիպում,— ասում է այդ ժողովի երեցներից մեկը,— և միշտ պատրաստ են մեկնաբանություններ տալու «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ»։
Այս հավատարիմ քույրերի օրինակը հիշեցնում է Աննա անունով մի ուրիշ այրու, որը «երբեք չէր հեռանում տաճարից և ծոմերով ու աղաչանքներով գիշեր-ցերեկ սուրբ ծառայություն էր մատուցում»։ Այս ծառայությունը նրան ընձեռեց մանուկ Հիսուսին տեսնելու առանձնաշնորհումը (Ղուկ. 2։36–38)։ Թեև Աննան 84 տարեկան էր, սակայն այնքան մեծ չէր, որ չկարողանար ծառայել Եհովային։ Նույնը կարելի է ասել նրա անվանակիցների մասին։
Ունե՞ս բարեկամներ, որոնք ուզում են լսել աստվածաշնչյան պատգամը։ Հանդիպե՞լ ես ծեր անհատի, որը հետաքրքրություն է ցույց տվել ու ցանկացել է լսել քեզ, երբ այցելել ես նրա տուն։ Այդպիսի անհատները, երկու Աննաների նման, նույնպես կարող են ծառայել Եհովային, քանի որ երբեք շատ ուշ չէ սկսել ծառայել ճշմարիտ Աստծուն։
[մեջբերում 25-րդ էջի վրա]
«Եհովան շատ բարի է եղել իմ հանդեպ»
[մեջբերում 25-րդ էջի վրա]
«Մինչև դրախտի գալը ես ուզում եմ ծառայել Եհովային»