Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 2/1 էջ 4–9
  • Գանգատներ. լուծումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գանգատներ. լուծումներ
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հաջողության գաղտնիքը
  • Ամուսնություն. պարգև Աստծուց
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին
    Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
  • Ամուսնական կյանք
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Հարգանք դրսևորիր կողակցիդ հանդեպ
    2011 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 2/1 էջ 4–9

Գանգատներ. լուծումներ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ չի ասում, թե ամուսնական կյանքը հարթ է ընթանալու։ Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրեց, որ զույգերը «դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթացիներ 7։28)։ Սակայն նրանք շատ բան կարող են անել, որ նվազեցնեն այդ դժվարությունները և ավելի շատ ուրախություն պարգևեն իրար։ Եկեք քննենք, թե հիմնականում ինչ վեց բաներից են գանգատվում ամուսիններն ու կանայք և թե ինչպես աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը կարող է օգնել։

1

ԳԱՆԳԱՏ.

«Ես ու կողակիցս հեռացել ենք իրարից»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ.

«Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐ 1։10)։

Ամուսնությունը ձեր կյանքում ամենակարևոր բաներից մեկն է։ Արժե, որ դրան առաջնահերթություն տաք։ Դրա համար ստուգեք, թե արդյոք գրաֆի՞կն է այդ խնդրի պատճառը։ Թույլ մի՛ տվեք, որ առօրյա գործերի պատճառով դուք և ձեր կողակիցը առանձին կյանքով ապրեք։ Իհարկե, աշխատանքի և ուրիշ անխուսափելի հանգամանքների պատճառով գուցե ժամանակավորապես հեռու լինեք իրարից։ Սակայն դուք կարող եք և պետք է սահմանափակեք ժամանակը, որը տրամադրում եք այն գործերին, որոնք ձեր հսկողության տակ են, օրինակ՝ հոբբիին կամ ընկերներին։

Որոշ կողակիցներ, սակայն, մեկ այլ աշխատանքի են անցնում կամ հոբբի ընտրում, միայն թե ժամանակ չանցկացնեն իրենց ամուսնու կամ կնոջ հետ։ Այս անհատները ոչ թե «հեռանում են» իրենց կողակցից, այլ փախչում են խնդիրներից։ Եթե դուք կամ ձեր կողակիցը նույն իրավիճակում եք, պետք է հայտնաբերեք հիմնախնդիրները և լուծեք դրանք։ Միայն այն դեպքում դուք կմտերմանաք և «մեկ մարմին կլինեք», եթե միասին ժամանակ անցկացնեք (Ծննդոց 2։24)։

Ինչպես են ոմանք կիրառել այս խորհուրդը։ Ավստրալիացի զույգ Էնդրյունa և Թանջին արդեն տասը տարի է՝ ամուսնացած են։ Էնդրյուն ասում է. «Ես հասկացել եմ, որ չափից շատ աշխատելը և հաճախ հասարակական պարտականություններ ստանձնելը կարող է վտանգել ամուսնությունը։ Այդ պատճառով ես ու կինս ժամանակ ենք հատկացնում, որ խոսենք և մեր զգացմունքների մասին պատմենք իրար»։

Դեյվն ու Ջեյնը, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում և 22 տարի է, ինչ ամուսնացած են, ամեն երեկո կես ժամ տրամադրում են, որ իրար պատմեն, թե ինչպես են անցկացրել օրը։ Ջեյնն ասում է. «Սա այնքան կարևոր ժամանակ է մեզ համար, որ թույլ չենք տալիս՝ որևէ բան խանգարի»։

2

ԳԱՆԳԱՏ.

«Մեր փոխհարաբերություններից այլևս չեմ ստանում այն, ինչ ուզում եմ»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ.

«Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 10։24)։

Այն անհատը, որը առաջին հերթին մտածում է ամուսնությունից մի բան ստանալու մասին, երբեք իսկապես երջանիկ չի կարող լինել, նույնիսկ եթե մի քանի անգամ ամուսնանա։ Ամուսնությունը հաջողվում է, երբ կողակիցներից յուրաքանչյուրը ավելի շատ կենտրոնանում է տալու, քան ստանալու վրա։ Հիսուսը հայտնել է պատճառը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։

Ինչպես են ոմանք կիրառել այս խորհուրդը։ Մարիան ու Մարտինը, որոնք ապրում են Մեքսիկայում, ամուսնացած են 39 տարի։ Սակայն նրանց ամուսնական կյանքը միշտ չէ, որ հարթ է եղել։ Մասնավորապես նրանք հիշում են մի դեպք։ «Թեժ վիճաբանության ժամանակ,— պատմում է Մարիան,— ես մի շատ անհարգալից բան ասացի Մարտինին։ Նա շատ բարկացավ։ Ես փորձեցի բացատրել նրան, որ նկատի չունեի դա, պարզապես անտրամադիր էի։ Բայց նա ինձ չլսեց»։ Մարտինն ասում է. «Այդ վեճի ժամանակ սկսեցի մտածել, որ այլևս չենք կարող միասին ապրել և ոչ էլ պիտի փորձեմ ջանքեր գործադրել մեր ամուսնությունը երջանիկ դարձնելու համար»։

Մարտինը ուզում էր, որ իրեն հարգեն, իսկ Մարիան ուզում էր, որ իրեն հասկանան։ Նրանցից ոչ մեկը չէր ստանում այն, ինչ ուզում էր։

Ինչպե՞ս նրանք կարողացան լուծել իրենց խնդիրը։ «Ինձ ժամանակ էր պետք, որ զգացմունքներս հանդարտվեն,— ասում է Մարտինը։— Երկուսս որոշեցինք կիրառել հարգալից և սիրալիր լինելու աստվածաշնչյան իմաստուն խորհուրդը։ Տարիների ընթացքում սովորեցինք, որ եթե աղոթենք Աստծուն օգնության համար և կիրառենք աստվածաշնչյան խորհուրդները, ինչ խնդիրներ էլ որ ծագեն, կկարողանանք լուծել» (Եսայիա 48։17, 18; Եփեսացիներ 4։31, 32)։

3

ԳԱՆԳԱՏ.

«Կողակիցս չի կատարում իր պարտականությունները»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ.

«Մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 14։12)։

Անկասկած, ամուսնությունը չի հաջողվի, եթե միայն կողակիցներից մեկն է ջանքեր ներդնում այդ ուղղությամբ։ Իրավիճակն ավելի կվատանա, եթե ամուսինները անտարբեր լինեն և իրար մեղադրեն։

Եթե անընդհատ կենտրոնանաս այն բանի վրա, թե ինչ պետք է անի կողակիցդ, երբեք երջանիկ չես լինի, հատկապես եթե կողակցիդ թերությունները պատրվակ բերես քո պարտականությունները չկատարելու համար։ Մյուս կողմից՝ եթե ձգտես լավ ամուսին կամ լավ կին լինել, ամենայն հավանականությամբ, ձեր փոխհարաբերությունները կբարելավվեն (1 Պետրոս 3։1–3)։ Եվ ամենակարևորը, այդպիսով ցույց կտաս Աստծուն, որ պատվում ես նրա հիմնած ամուսնական կառույցը, և քո արարքները հաճելի կլինեն իրեն (1 Պետրոս 2։19)։

Ինչպես են ոմանք կիրառել այս խորհուրդը։ Կիմն ու իր ամուսինը, որոնք ապրում են Կորեայում, 38 տարվա ամուսիններ են։ Կիմն ասում է. «Երբեմն ամուսինս նյարդայնանում է և չի խոսում ինձ հետ, ու ես նույնիսկ չեմ իմանում պատճառը։ Սկսում եմ մտածել, որ նա այլևս չի սիրում ինձ։ Ինքս ինձ հարցնում եմ. «Ինչո՞ւ է նա ուզում, որ ես հասկանամ իրեն, եթե չի էլ փորձում հասկանալ ինձ»»։

Կիմը կարող էր կենտրոնանալ այդ անարդար վերաբերմունքի և այն բանի վրա, թե ինչ չի անում ամուսինը։ Սակայն նա այլ կերպ է վարվում։ «Ես հասկացել եմ, որ նեղված վիճակում մնալու փոխարեն,— ասում է նա,— լավ է նախաձեռնություն վերցնել խաղաղություն պահպանելու համար։ Ի վերջո, երկուսս էլ խաղաղվում ենք ու հանգիստ քննարկում հարցերը» (Հակոբոս 3։18)։

4

ԳԱՆԳԱՏ.

«Կինս չի ենթարկվում ինձ»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ.

«Ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 11։3)։

Ամուսինը, որը մտածում է, թե իր կինը չի ենթարկվում իրեն, պետք է նախևառաջ պարզի, թե արդյոք ինքը ցանկանում է ենթարկվել իր Գլխին՝ Հիսուս Քրիստոսին։ Նա դա կարող է ցույց տալ՝ հետևելով Հիսուսի օրինակին։

«Ամուսիննե՛ր,— գրեց Պողոս առաքյալը,— շարունակեք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար» (Եփեսացիներ 5։25)։ Հիսուսը չէր «տիրում» իր աշակերտների վրա (Մարկոս 10։42–44)։ Նա հստակ հրահանգներ էր տալիս նրանց և անհրաժեշտության դեպքում՝ շտկում։ Սակայն Աստծու Որդին երբեք կոպտորեն չէր վարվում նրանց հետ, այլ բարի էր նրանց հանդեպ և հասկանում էր, որ սահմանափակ կարողություններ ունեն (Մատթեոս 11։29, 30; Մարկոս 6։30, 31; 14։37, 38)։ Հիսուսը միշտ նրանց շահերը իր շահերից վեր էր դասում (Մատթեոս 20։25–28)։

Ամուսինը պետք է հարցնի ինքն իրեն. «Գլխավորության սկզբունքի ու կանանց հանդեպ իմ տեսակետի վրա ավելի շատ ազդում են տեղի սովորություննե՞րը, թե՞ աստվածաշնչյան խորհուրդներն ու օրինակները»։ Ի՞նչ կմտածեիր այն կնոջ մասին, որը համաձայն չէ իր ամուսնու տեսակետի հետ և հաստատակամորեն, բայց հարգալից կերպով արտահայտում է իր կարծիքը։ Աստվածաշնչում Աբրահամի կինը՝ Սառան, հնազանդ կնոջ օրինակ է (1 Պետրոս 3։1, 6)։ Այնուհանդերձ, անհրաժեշտության դեպքում նա արտահայտում էր իր կարծիքը։ Օրինակ՝ նա այդպես վարվեց, երբ իր ընտանիքին որոշ վտանգներ էին սպառնում, որոնք, սակայն, Աբրահամը չէր տեսնում (Ծննդոց 16։5; 21։9–12)։

Ակնհայտ է, որ Աբրահամը Սառայի հետ չէր վարվում այնպես, որ վերջինս վախենար խոսելուց։ Նա բռնապետ չէր։ Նմանապես, այն ամուսինը, որը հետևում է աստվածաշնչյան խորհրդին, չի վախեցնի իր կնոջը՝ պահանջելով, որ նա կատարի իր քմահաճույքները։ Ամուսինը կարժանանա կնոջ հարգանքին, եթե բանեցնի իր գլխավորությունը՝ կարեկցանք դրսևորելով։

Ինչպես են ոմանք կիրառել այս խորհուրդը։ Ջեյմսը, որն ապրում է Անգլիայում և ութ տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Ես սովորում եմ չկայացնել կարևոր որոշումներ՝ առանց կնոջս հետ խորհրդակցելու։ Փորձում եմ չմտածել միայն իմ մասին։ Փոխարենը՝ նպատակ եմ դրել, որ նրա կարիքները իմ կարիքներից վեր դասեմ»։

Ջորջը ապրում է Միացյալ Նահանգներում է և ամուսնացած է արդեն 59 տարի։ Նա ասում է. «Ձգտում եմ կնոջս վերաբերվել ոչ թե որպես երկրորդ սորտի մարդու, այլ որպես խելացի և ընդունակ համագործակցի» (Առակներ 31։10)։

5

ԳԱՆԳԱՏ.

«Ամուսինս նախաձեռնություն չի վերցնում»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ.

«Իմաստուն կինը կառուցում է իր տունը, բայց հիմարը իր իսկ ձեռքերով քանդում է այն» (ԱՌԱԿՆԵՐ 14։1)։

Եթե ամուսինդ դժկամորեն է որոշումներ կայացնում կամ առաջնորդություն վերցնում՝ ղեկավարելու ընտանիքը, դու առնվազն երեք տարբերակ ունես. 1) կարող ես անդադար մատնացույց անել իր թերությունները, 2) կարող ես ինքդ ստանձնել ընտանիքի գլխի իր պարտականությունը, 3) կարող ես անկեղծորեն գովել նրան՝ իր արած ցանկացած բանի համար։ Եթե ընտրես առաջին երկու տարբերակներից մեկը, քո ձեռքերով կքանդես ընտանիքդ։ Իսկ երրորդ տարբերակն ընտրելը կնպաստի, որ կերտես, կամ՝ ամրացնես ամուսնությունդ։

Շատ տղամարդիկ հարգանքը սիրուց ավելի են գնահատում։ Ուստի եթե ցույց տաս, որ հարգում ես ամուսնուդ, այսինքն՝ որ գնահատում ես ընտանիքում առաջնորդություն վերցնելու նրա ջանքերը, նա, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կկատարի իր դերը։ Իհարկե, երբեմն չես համաձայնվի ամուսնուդ հետ որոշ հարցերում։ Ուստի երկուսդ պետք է քննարկեք դրանք (Առակներ 18։13)։ Քո բառերը և խոսելու տոնը կա՛մ կարող են քանդել, կա՛մ շինել ձեր ամուսնությունը (Առակներ 21։9; 27։15)։ Հարգալից կերպով արտահայտվիր և հավանականությունն ավելի մեծ կլինի, որ կհասնես քո ուզած արդյունքին. ամուսինդ չի վարանի առաջնորդություն վերցնել։

Ինչպես են ոմանք կիրառել այս խորհուրդը։ Միշելը, որն ապրում է Միացյալ Նահանգներում և արդեն ամուսնացած է 30 տարի, ասում է. «Քանի որ մայրս ինձ և քույրերիս մեծացրել է առանց ամուսնու աջակցության, շատ ուժեղ, ինքնուրույն կին էր։ Ես հակված եմ ընդօրինակել այդ հատկությունները։ Ուստի անդադար պիտի աշխատեմ, որ հնազանդ լինեմ։ Օրինակ՝ սովորել եմ խորհրդակցել ամուսնուս հետ նախքան որոշում կայացնելը»։

Ռեյչլի վրա, որն ապրում է Ավստրալիայում և ամուսնացած է Մարկի հետ 21 տարի, նույնպես անդրադարձել է իր մանկությունը։ «Մայրս երբեք չէր ենթարկվում հորս,— հիշում է նա։— Վեճերը և անհարգալից վերաբերմունքը սովորական բան էին։ Երբ նոր էի ամուսնացել, ընդօրինակում էի մորս։ Սակայն տարիների ընթացքում սովորեցի գնահատել հարգանք դրսևորելու վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդը կիրառելու արժեքը։ Հիմա ես ու Մարկը շատ ավելի երջանիկ ենք»։

6

ԳԱՆԳԱՏ.

«Էլ չեմ կարողանում դիմանալ կողակցիս նյարդայնացնող սովորություններին»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ.

«Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 3։13)։

Երբ նոր էիր սկսել ժամադրվել, այնքան էիր կենտրոնանում ապագա կողակցիդ լավ հատկությունների վրա, որ չէիր էլ նկատում նրա թերությունները։ Կարո՞ղ ես այդպես անել հիմա։ Անկասկած, կողակիցդ գանգատվելու առիթ է տալիս։ Սակայն հարցրու ինքդ քեզ. «Նրա ո՞ր հատկությունների վրա կնախընտրեմ կենտրոնանալ՝ լա՞վ թե՞ վատ»։

Հիսուսը մի պատկերավոր օրինակ բերեց, որը ցույց է տալիս, որ մենք պետք է չկենտրոնանանք ուրիշների թերությունների վրա։ «Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին,— հարցրեց նա,— բայց քո աչքի միջի գերանը չես նկատում» (Մատթեոս 7։3)։ Շյուղը փոքր ոստ է, իսկ գերանը մեծ փայտի կտոր է, որը պահում է տան տանիքը։ Ո՞րն է նրա օրինակի իմաստը։ «Նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել» (Մատթեոս 7։5)։

Հիսուսը, այս օրինակը ներկայացնելով, սթափեցնող նախազգուշացում տվեց։ «Մի՛ դատեք,— ասաց նա,— որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք» (Մատթեոս 7։1, 2)։ Եթե ուզում ես, որ Աստված ուշադրություն չդարձնի թերություններիդ՝ աչքիդ գերանի վրա, ուրեմն քո բարօրության համար դու էլ ուշադրություն մի՛ դարձրու կողակցիդ թերությունների վրա (Մատթեոս 6։14, 15)։

Ինչպես են ոմանք կիրառել այս խորհուրդը։ Ջեննին, որն ապրում է Անգլիայում և արդեն ինը տարի է, ինչ ամուսնացած է Սայմոնի հետ, ասում է. «Ես հասկացա, որ ամենից շատ նյարդայնանում եմ ամուսնուս վրա այն պատճառով, որ նա սովորություն չունի նախօրոք պլանավորելու և վերջին պահին է ամեն ինչ անում։ Բայց հետաքրքիրն այն է, որ երբ մենք հանդիպում էինք, ինձ նրա մեջ դուր էր գալիս հենց այն, որ նա ամեն ինչ անում էր հանպատրաստից։ Միևնույն ժամանակ, գիտակցում եմ, որ ես էլ ունեմ թերություններ, օրինակ՝ սիրում եմ ամեն ինչ իմ հսկողության տակ առնել։ Ես ու Սայմոնը սովորում ենք անտեսել իրար թերությունները»։

Քըրթը, որն ամուսնացած է Միշելի հետ, որի խոսքերը մեջբերվեցին վերևում, նշում է. «Եթե կենտրոնանում ես կողակցիդ այն գծերի վրա, որոնք նյարդայնացնում են քեզ, աստիճանաբար դրանք քո աչքին մեծանում են։ Ես նախընտրում եմ կենտրոնանալ այն հատկությունների վրա, որոնք սկզբում գրավեցին ինձ Միշելի մեջ, ու ես սիրահարվեցի նրան»։

Հաջողության գաղտնիքը

Այս մի քանի օրինակները ցույց են տալիս, որ ամուսնության մեջ դժվարությունները անխուսափելի են, բայց ոչ անհաղթահարելի։ Ի՞նչն է հաջողության գաղտնիքը։ Սեր զարգացրեք Աստծու հանդեպ և պատրաստակամ եղեք կիրառելու նրա Խոսքում արձանագրված խորհուրդները։

Ալեքսն ու Յոթանը, որոնք ապրում են Նիգերիայում և ավելի քան 20 տարի է՝ ամուսնացած են, սովորել են այդ գաղտնիքը։ Ալեքսն ասում է. «Ես նկատել եմ, որ եթե կողակիցները կիրառում են աստվածաշնչյան սկզբունքները, ամուսնության մեջ համարյա թե բոլոր դժվարությունները կարելի է լուծել»։ Իսկ նրա կինը նշում է. «Մենք հասկացել ենք, թե որքան կարևոր է կանոնավորաբար միասին աղոթել, կիրառել աստվածաշնչյան խորհուրդները՝ անկեղծորեն սիրել իրար և համբերատար լինել։ Մենք հիմա ավելի քիչ խնդիրներ ունենք, քան այն ժամանակ, երբ նոր էինք ամուսնացել»։

Կցանկանա՞ք ավելի շատ բան իմանալ այն մասին, թե Աստծու Խոսքում արձանագրված գործնական խորհուրդները ինչպես կարող են օգտակար լինել ձեր ընտանիքի համար։ Եթե այո, կարող եք խնդրել Եհովայի վկաներին, որ քննարկեն ձեզ հետ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»b գրքի 14-րդ գլուխը։

[ծանոթագրություններ]

a Որոշ անուններ փոխված են։

b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 4-րդ էջի վրա]

Ժամանակ տրամադրո՞ւմ ենք իրար

[նկար 5-րդ էջի վրա]

Փորձո՞ւմ եմ ավելի շատ տալ, քան ստանալ

[նկար 6-րդ էջի վրա]

Նախաձեռնություն վերցնո՞ւմ եմ, որ հարթեմ վիճաբանությունները

[նկար 7-րդ էջի վրա]

Նախքան որոշում կայացնելը հաշվի առնո՞ւմ եմ կնոջս կարծիքը

[նկար 9-րդ էջի վրա]

Կենտրոնանո՞ւմ եմ կողակցիս լավ հատկությունների վրա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը