Ի՞նչ է ծայրահեղ աղքատությունը
ԾԱՅՐԱՀԵՂ աղքատությունը սպառնալիք է մարդկանց համար։ Այն զրկում է նրանց բավարար ուտելիք, ջուր, վառելիք, ինչպես նաև հարմար ծածկ ունենալու, բուժօգնություն և կրթություն ստանալու հնարավորությունից։ Այս թշնամին իր ճիրանների մեջ է առել մեկ միլիարդ մարդու, որը մոտավորապես հավասար է Ամերիկայի ողջ բնակչության թվին։ Բայցևայնպես, Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բնակչության մեծ մասը երբևէ չի ճանաչել մեկին, ով ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Եկեք այժմ ծանոթանանք նրանցից մի քանիսի հետ։
Մբարուշիմանան իր կնոջ ու հինգ երեխաների հետ ապրում է Ռուանդայում (Աֆրիկա)։ Նրա վեցերորդ երեխան մահացել է մալարիայից։ Նա ասում է. «Հայրս ստիպված էր իր հողը վեցիս մեջ բաժանել, սակայն ինձ բաժին ընկած տարածքն այնքան փոքր էր, որ հարկադրված էի ընտանիքիս հետ տեղափոխվել քաղաք։ Իմ ու կնոջս աշխատանքը քարերով ու ավազով լի պարկեր կրելն է։ Մեր տունը չունի պատուհաններ։ Իսկ ջուր վերցնում ենք ոստիկանության բաժանմունքի մոտ գտնվող ջրհորից։ Սովորաբար օրը մեկ անգամ ենք սնվում, բայց երբ աշխատանք չի լինում, ողջ օրը սոված ենք մնում։ Այդ պահերին դուրս եմ գալիս տնից, քանի որ ի վիճակի չեմ տեսնելու, թե ինչպես են երեխաներս սովից լաց լինում»։
Բիկտորն ու Կարմենը կոշկակարներ են և իրենց հինգ երեխաների հետ ապրում են Բոլիվիայի հեռավոր քաղաքներից մեկում։ Նրանք մի սենյակ են վարձել կիսաքանդ աղյուսե շինության մեջ, որի թիթեղյա տանիքից կաթկթում է և որտեղ չկա էլեկտրականություն։ Դպրոցում այնքան շատ աշակերտներ կան, որ Բիկտորը ստիպված իր դստեր համար նստարան է պատրաստել, որ նրան դպրոց ընդունեն։ Իսկ սնունդ պատրաստելու և խմելու ջուր եռացնելու համար ամուսինները ոտքով կտրում-անցնում են 10 կիլոմետր, որպեսզի վառելափայտ հավաքեն։ «Մենք զուգարան չունենք,— ասում է Կարմենը,— և ստիպված գնում ենք գետի մոտ, որի ջուրը միևնույն ժամանակ օգտագործում են լողանալու համար, և այնտեղ էլ թափում են աղբը։ Այդ պատճառով երեխաները հաճախ հիվանդանում են»։
Ֆրանսիսկուն և Իլիդիան ապրում են Մոզամբիկի գյուղական տարածքներից մեկում։ Նրանց փոքր երեխաներից չորսին հաջողվեց փրկել մալարիայից, սակայն մեկը մահացավ, քանի որ հիվանդանոցը չընդունեց նրան։ Այս ամուսնական զույգը իրենց փոքրիկ հողակտորում ընդամենը երեք ամսվա համար է կարողանում բրինձ և քաղցրահամ կարտոֆիլ աճեցնել։ Ֆրանսիսկուն ասում է. «Երբեմն անձրև չի գալիս, երբեմն էլ բերքն են գողանում։ Դրա համար էլ եղեգի հաստ ցողուններ եմ կտրում, որն օգտագործվում է որպես շինանյութ, և չնչին գումարով վաճառում եմ դրանք։ Մենք նաև երկու ժամ քայլում ենք, որ թփուտներից վառելափայտ հավաքենք։ Մի-մի խուրձ շալակած՝ ես ու կինս տուն ենք վերադառնում. մի կապոցը ողջ շաբաթվա ճաշը եփելու, մյուսը՝ վաճառելու համար»։
Շատերի կարծիքով՝ աշխարհում, որտեղ 7 մարդուց 1-ը ապրում է Մբարուշիմանայի, Բիկտորի ու Ֆրանսիսկույի նման, մինչդեռ միլիարդավոր այլ մարդիկ չտեսնված ճոխ կյանք են վայելում, ինչ-որ բան շատ սխալ է ու անարդար։ Ոմանք փորձում են որոշ քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչ ջանքեր են թափել նրանք և ինչ հույսով։
[նկարներ 2–րդ և 3-րդ էջերի վրա]
Կարմենը իր երկու երեխաների հետ գետից ջուր է տանում