Աղքատությանը վերջ դնելու ջանքեր
ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ձերբազատվել են աղքատությունից, մինչդեռ երկրի բնակչության մեծ մասը աղքատության մեջ է, իսկ դրանից ազատվելու համար թափված ջանքերը միշտ անհաջողության են մատնվում։ Ինչո՞ւ։ Քանի որ հարուստները սովորաբար չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան սպառնա իրենց հարստությանն ու դիրքին։ Հին Իսրայելի Սողոմոն թագավորը գրեց. «Տեսա կեղեքվածների արցունքները, բայց նրանք մխիթարող չունեին։ Նրանց կեղեքիչների ձեռքում զորություն կար» (Ժողովող 4։1)։
Կարո՞ղ են արդյոք հեղինակություն և իշխանություն ունեցող մարդիկ փոխել հասարակությունն այնպես, որ աշխարհից իսպառ վերանա աղքատությունը։ Աստծու ներշնչմամբ Սողոմոնը գրեց. «Ահա ամեն ինչ ունայնություն էր և վազք՝ քամու հետևից։ Ինչ որ ծուռ է, հնարավոր չէ ուղղել» (Ժողովող 1։14, 15)։ Եթե մի հայացք նետենք, թե մեր ժամանակներում ինչ ջանքեր են թափվել աղքատությանը վերջ դնելու համար, ավելի լավ կհասկանանք վերը նշված խոսքերը։
«Բարեկեցիկ» կյանք բոլորի համար
19-րդ դարում որոշ ազգեր առևտրի ու արդյունաբերության միջոցով ահռելի հարստություն կուտակեցին, այդ իսկ պատճառով որոշ ազդեցիկ մարդիկ սկսեցին լուրջ ուշադրություն դարձնել աղքատության խնդրին։ Կհաջողվե՞ր արդյոք երկրի ռեսուրսները հավասարապես բաշխել։
Ոմանք մտածում էին, որ սոցիալիզմի կամ կոմունիզմի միջոցով հնարավոր կլինի ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ չեն լինի դասակարգումներ և որտեղ հարստությունը արդարացիորեն կբաշխվի։ Սակայն այս գաղափարները լուրջ անհանգստությունների պատճառ դարձան հարուստների համար։ Բայցևայնպես, կոմունիստների կարգախոսը, ըստ որի՝ «յուրաքանչյուրը պետք է իր լավագույնն անի հօգուտ հասարակության՝ միևնույն ժամանակ հասարակությունից վերցնելով այնքան, որքան իրեն է անհրաժեշտ», գրավեց բազմաթիվ մարդկանց ուշադրությունը։ Շատերը հույս ունեին, որ բոլոր ազգերը կընդունեն սոցիալիզմը և հասարակությունը կատարյալ կդառնա։ Իրականում, միայն մի քանի հարուստ ազգեր որդեգրեցին սոցիալիզմի տեսակետները և իրենց երկրները բարգավաճ դարձրին՝ խոստանալով հոգ տանել բոլոր քաղաքացիների մասին օրորոցից մինչև գերեզման։ Այժմ էլ նրանք պնդում են, որ իրենց երկրից վերացրել են կյանքին սպառնացող աղքատությունը։
Սոցիալիզմը, սակայն, չկարողացավ հասնել իր նպատակին՝ հիմնել անեսասեր հասարակություն։ Այն հույսը, որ քաղաքացիները ավելի շատ կաշխատեն ի նպաստ համայնքի, քան իրենց շահի, հօդս ցնդեց։ Ոմանք վրդովվում էին աղքատներին հոգ տանելու պատճառով՝ նշելով, որ աղքատներին տրվող առատ պաշարը նրանցից ոմանց ծույլ է դարձրել։ Իրոք որ ճշմարիտ են աստվածաշնչյան այս խոսքերը. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի ու մեղք չգործի.... Ճշմարիտ Աստված մարդկանց ուղղամիտ է ստեղծել, բայց նրանք բազում այլ ծրագրեր են որոնել» (Ժողովող 7։20, 29)։
Մյուսների հույսն էլ ամերիկյան երազանքն էր. սա երազանք էր մի վայրի մասին, որտեղ տքնաջան աշխատել ցանկացող յուրաքանչյուր անհատ կարող էր իր կյանքը բարեկեցիկ դարձնել։ Աշխարհում շատ ազգեր որդեգրեցին դեմոկրատիայի, ազատ ձեռնարկատիրության և ազատ առևտրի քաղաքականությունը, ինչի շնորհիվ թվում էր, թե ԱՄՆ-ն հարստացել է։ Սակայն ոչ բոլոր ազգերը կարողացան կրկնօրինակել «ամերիկյան երազանքը», քանի որ Հյուսիսային Ամերիկայի հարուստ լինելը պայմանավորված չէր միայն իր վարած քաղաքականությամբ։ Կարևոր գործոններ էին նաև ահռելի բնական ռեսուրսները և մուտքը դեպի միջազգային առևտրական ուղիներ։ Բացի այդ, շուկայական տնտեսական համակարգում կան և՛ հաղթողներ, ովքեր բարգավաճում են, և՛ պարտվողներ, ովքեր տուժում են։ Արդյոք բարգավաճող ազգերը կմղվեի՞ն օգնելու նրանց, ովքեր դեռ աղքատ էին։
«Մարշալի պլանը» վերջ դրե՞ց աղքատությանը
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան ավերվել էր, և շատերին սպառնում էր սովը։ ԱՄՆ-ի կառավարությունը անհանգստացած էր Եվրոպայում սոցիալիզմի տարածմամբ, ուստի չորս տարի շարունակ հսկայական գումարներ էր ներդնում, որպեսզի վերականգնի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը այն երկրներում, որտեղ կընդունեին իր քաղաքականությունը։ Եվրոպական այս վերականգնողական ծրագիրը, որը հայտնի էր «Մարշալի պլան» անունով, հաջողված էին համարում։ Արևմտյան Եվրոպայում ԱՄՆ-ի ազդեցությունը մեծացավ և կյանքին սպառնացող աղքատությունը զգալիորեն զիջեց իր դիրքերը։ Սակայն արդյոք սա՞ էր համաշխարհային աղքատությանը վերջ դնելու միջոցը։
«Մարշալի պլանի» հաջողությունը մղեց ԱՄՆ-ի կառավարությանը իր աջակցությունն առաջարկելու աղքատ երկրներին՝ օգնելով նրանց զարգացնելու գյուղատնտեսությունը և բարելավելու առողջապահության, կրթության ու տրանսպորտի հետ կապված հարցերը։ Այս շարժառիթը, ինչպես խոստովանեց ԱՄՆ-ի կառավարությունը, շահադիտական էր։ Ուրիշ երկրներ նույնպես փորձեցին տարածել իրենց ազդեցությունը՝ առաջարկելով օգնություն արտասահմանից։ Սակայն վաթսուն տարի անց նրանք խոր հիասթափություն ապրեցին, չնայած որ «Մարշալի պլանի» վրա այդքան շատ ժամանակ ու գումար էր ծախսվել։ Ինչ խոսք, որոշ աղքատ ազգեր, հատկապես Արևելյան Ասիայում ապրողները ահռելի գումարներ ստացան։ Իսկ ուրիշ տեղերում, չնայած որ օգնության շնորհիվ ավելի քիչ թվով երեխաներ էին մահանում և շատ շատերը կրթություն էին ստանում, միևնույնն է, բազմաթիվ ազգեր շարունակում էին մնալ ծայրահեղ աղքատության մեջ։
Արտասահմանի օգնությունը չարդարացրեց հույսերը
Փաստորեն, աղքատ ազգերին չքավորությունից դուրս բերելը ավելի դժվար էր, քան հարուստ ազգերին օգնելը, որ պատերազմից հետո ուշքի գան։ Ինչ խոսք, Եվրոպան արդեն ուներ արդյունաբերություն, առևտուր և տրանսպորտ։ Միայն պետք էր վերականգնել տնտեսությունը։ Մինչդեռ աղքատ երկրներում, նույնիսկ երբ արտասահմանի օժանդակության շնորհիվ կառուցվում էին ճանապարհներ, դպրոցներ և հիվանդանոցներ, մարդիկ շարունակում էին մնալ ծայրահեղ աղքատության մեջ, քանի որ այդ երկրները չունեին բիզնես միջավայր, բնական ռեսուրսներ և մուտք դեպի առևտրական ուղիներ։
Աղքատության պատճառների շղթան բարդ է և դժվար է այն քանդել։ Օրինակ՝ հիվանդությունները աղքատության պատճառ են դառնում, իսկ աղքատությունը՝ հիվանդությունների։ Թերսնված երեխաները թույլ են լինում թե՛ ֆիզիկապես, և թե՛ մտային առումով, իսկ երբ մեծանում են, ի վիճակի չեն լինում հոգ տանելու իրենց երեխաներին։ Նաև երբ հարուստ երկրները սննդամթերքի պաշարներ են ուղարկում աղքատ երկրներին որպես «օգնություն», տեղի գյուղացիները և մանրածախ առևտրով զբաղվողները անգործ են մնում, և դա տանում է ավելի մեծ աղքատության։ Մեկ այլ շղթա է առաջանում, երբ գումար է փոխանցվում աղքատ երկրների կառավարություններին. ուղարկված օգնությունը հեշտությամբ գրպանում են, դրա հետևանքով աճում է կաշառակերությունը, ինչն էլ իր հերթին տանում է ծայրահեղ աղքատության։ Հիմնականում արտասահմանից եկած օգնությունը չի ծառայում իր նպատակին, քանի որ այն չի վերացնում աղքատության բուն պատճառը։
Աղքատության պատճառը
Ծայրահեղ աղքատությունը առաջանում է այն պատճառով, որ ազգերը, կառավարությունները և առանձին անհատներ ցանկանում են առաջ տանել ու պաշտպանել միայն սեփական շահերը։ Օրինակ՝ հարուստ երկրների կառավարությունները առաջնահերթություն չեն տալիս համաշխարհային աղքատությանը վերջ դնելու խնդրին, քանի որ իրենք ընտրվում են ժողովրդավարական եղանակով և պետք է գոհացնեն իրենց ընտրողներին։ Ուստի նրանք արգելում են աղքատ երկրների ֆերմերներին իրենց ապրանքները վաճառել հարուստ երկրներում, որպեսզի հարուստ երկրների ֆերմերները չկորցնեն իրենց բիզնեսը։ Ավելին, հարուստ երկրների կառավարիչները մեծ դրամական նպաստ են տալիս իրենց երկրի ֆերմերներին, որպեսզի վերջիններս ավելի էժան վաճառեն իրենց ապրանքը, քան աղքատ երկրների ֆերմերները։
Մի բան հստակ է՝ մարդկանց ու կառավարությունների՝ սեփական շահը փնտրելու հակումը հանգեցնում է աղքատության։ Այլ խոսքով՝ աղքատության հետևում մարդն է կանգնած։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Սողոմոնը, այս միտքը հետևյալ կերպ ներկայացրեց. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։
Ուստի ի՞նչ հույս կա, որ աղքատությանը վերջ կդրվի։ Կարո՞ղ է որևէ կառավարություն փոխել մարդու էությունը։
[շրջանակ 6-րդ էջի վրա]
Աղքատությունը վերացնելու մասին օրենք
Եհովա Աստված հին Իսրայել ազգին օրենքներ տվեց, որոնց հնազանդվելու դեպքում շատերը կխուսափեին աղքատությունից։ Օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիք, բացի Ղևիի քահանայական ցեղից, որպես ժառանգություն հողատարածք էր ստանում։ Ընտանեկան ժառանգությունը անձեռնմխելի էր, քանի որ այն երբեք չէր կարելի վաճառել։ Իսկ եթե նույնիսկ ինչ-որ մեկը հիվանդության, աղետի կամ ծուլության պատճառով ստիպված էր լինում վաճառել իր հողը, ապա ամեն 50 տարին մեկ՝ Հոբելյան տարում, բոլոր հողերը պետք է վերադարձվեին իրեն կամ իր ընտանիքին՝ առանց գումար վճարելու (Ղևտական 25։10, 23)։ Այսպիսով՝ ոչ մի ընտանիք սերնդեսերունդ չէր ընկնի աղքատության մեջ։
Աստծու ողորմությունն արտահայտվում էր նաև նրանով, որ Օրենքը թույլ էր տալիս դժբախտության մեջ ընկած մարդուն իրեն ստրկության վաճառել։ Վերջինս նախօրոք էր ստանում իր գումարը, որպեսզի վճարի պարտքերը։ Եթե նա յոթերորդ տարում իրեն ետ չգներ, նրան պետք է ազատ արձակեին և տային սերմ ու անասուններ, որպեսզի կարողանար կրկին հողագործությամբ զբաղվել։ Բացի այդ, եթե աղքատ մարդը ստիպված էր լինում պարտքով գումար վերցնել, Օրենքը արգելում էր իսրայելացիներին գումարը տոկոսով տալ նրան։ Այն նաև պահանջում էր արտի եզրերը ամբողջությամբ չհնձել, որպեսզի աղքատները կարողանային հավաքել բերքի մնացորդը։ Այդպիսով ոչ մի իսրայելացի հաց չէր մուրա (2 Օրենք 15։1–14; Ղևտական 23։22)։
Այնուամենայնիվ, պատմությունը ցույց է տալիս, որ իսրայելացիներից ոմանք աղքատության մեջ ընկան։ Ինչո՞ւ։ Նրանք չհնազանդվեցին Եհովայի Օրենքին։ Ուստի ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ Իսրայելում, ոմանք հարստացան՝ դառնալով հարուստ կալվածատերեր, ուրիշներն էլ, զրկվելով իրենց հողատարածքներից, աղքատացան։ Իսրայելացիները նման իրավիճակում հայտնվեցին, քանի որ նրանցից ոմանք արհամարհեցին Աստծու Օրենքը և իրենց շահերը ուրիշներից բարձր դասեցին (Մատթեոս 22։37–40)։