Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 11/15 էջ 24–28
  • Օգնիր տղամարդկանց հոգևորապես հասունանալու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնիր տղամարդկանց հոգևորապես հասունանալու
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ապրուստ վաստակելու մտահոգությունը
  • Վախը, թե մարդիկ ինչ կմտածեն
  • Անվստահության զգացումը
  • Ավելի շատ տղամարդկանց օգնիր
  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին Եհովային ծառայելու որոշում կայացնել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնենք ուսումնասիրողին դառնալ Քրիստոսի աշակերտ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնիր ուրիշներին, որ ձգտեն առանձնաշնորհումների
    2011 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 11/15 էջ 24–28

Օգնիր տղամարդկանց հոգևորապես հասունանալու

«Այսուհետև դու մարդկանց պիտի որսաս» (ՂՈՒԿ. 5։10)։

1, 2. ա) Ինչպե՞ս էին տղամարդիկ արձագանքում Հիսուսի քարոզչությանը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ԳԱԼԻԼԵԱՅՈՒՄ քարոզչական շրջագայության ընթացքում Հիսուսն իր աշակերտների հետ նավով ծով դուրս եկավ, որպեսզի հանգստանալու համար մի առանձին տեղ գտնի։ Բայց ժողովուրդը ոտքով նրանց հետևից գնաց։ Այդ օրը նրանց շուրջ մեծ բազմություն հավաքվեց՝ «մոտ հինգ հազար հոգի՝ չհաշված կանանց ու երեխաներին» (Մատթ. 14։21)։ Մեկ ուրիշ անգամ դարձյալ բազմաթիվ մարդիկ մոտեցան Հիսուսին՝ ցանկանալով, որ նա բուժի իրենց և սովորեցնի։ Հավաքվածները «չորս հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին» (Մատթ. 15։38, ծնթ.)։ Հիսուսի մոտ եկող մարդկանց մեջ շատ տղամարդիկ կային, որոնք հետաքրքրվում էին նրա սովորեցրածներով։ Իրականում, Հիսուսն ակնկալում էր, որ ուրիշ շատերն էլ կարձագանքեն, քանի որ հրաշքով ձուկ բռնելուց հետո նա Սիմոն Պետրոսին ասաց. «Այսուհետև դու մարդկանց պիտի որսաս» (Ղուկ. 5։10)։ Այդուհետ Հիսուսի աշակերտները իրենց ցանցերը պետք է մարդկանց «ծովի» մեջ նետեին և «որսային» տարբեր մարդկանց, որոնց մեջ կլինեին նաև շատ տղամարդիկ։

2 Այսօր նույնպես շատ տղամարդիկ հետաքրքրություն են ցույց տալիս Աստվածաշնչի պատգամի հանդեպ և դրականորեն են արձագանքում (Մատթ. 5։3)։ Սակայն նրանցից շատերը հոգևորապես չեն առաջադիմում։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։ Թեպետ Հիսուսը հատուկ մեթոդներ չէր մշակում տղամարդկանց փնտրելու համար, սակայն նա խոսում էր այնպիսի հարցերի շուրջ, որոնք մտահոգում էին իր օրերի տղամարդկանց։ Քննելով նրա օրինակը՝ եկ տեսնենք, թե ինչպես կարող ենք օգնել տղամարդկանց երեք հարցերում, որոնք այսօր մտահոգում են նրանց. 1) ապրուստ վաստակելը, 2) վախը, թե մարդիկ ինչ կմտածեն, և 3) անվստահության զգացումը։

Ապրուստ վաստակելու մտահոգությունը

3, 4. ա) Ի՞նչն է հիմնականում մտահոգում շատ տղամարդկանց։ բ) Ինչո՞ւ են տղամարդկանցից ոմանք ապրուստ վաստակելը հոգևոր նպատակներից վեր դասում։

3 «Ուսուցի՛չ,— մի դպիր դիմեց Հիսուսին,— ուր էլ որ գնալու լինես, քո հետևից կգամ»։ Սակայն երբ Հիսուսն ասաց, որ «մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի», դպիրը մտքափոխ եղավ։ Ակներևաբար, անորոշությունը, թե որտեղ է ապրելու և հաջորդ անգամ որտեղ է հաց ուտելու, դուր չեկավ նրան, քանի որ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, թե նա Քրիստոսի հետևորդը դարձավ (Մատթ. 8։19, 20)։

4 Տղամարդիկ հաճախ նյութական ապահովվածությունը հոգևոր նպատակներից վեր են դասում։ Բարձրագույն կրթություն ստանալը և լավ վարձատրվող աշխատանք ունենալը շատերի համար առաջնային է։ Նրանց կարծիքով՝ փողից ավելի շատ օգուտ կա, քան Աստվածաշունչ ուսումնասիրելուց և Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելուց։ Այն ամենը, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը, գուցե հետաքրքիր է նրանց, բայց «աշխարհի հոգսերը և հարստության հրապույրը» «խեղդում են» այդ հետաքրքրությունը (Մարկ. 4։18, 19)։ Տեսնենք, թե Հիսուսն ինչպես օգնեց իր աշակերտներին փոխելու իրենց առաջնահերթությունները։

5, 6. Ի՞նչն օգնեց Անդրեասին, Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին առաջնահերթությունը տալու ոչ թե ապրուստ վաստակելուն, այլ քարոզչությանը։

5 Անդրեասն ու նրա եղբայր Սիմոն Պետրոսը ձկնորսությամբ էին զբաղվում։ Հովհաննեսը, նրա եղբայր Հակոբոսը և նրանց հայր Զեբեդեոսը նույնպես ձկնորսներ էին։ Նրանց գործն այնքան լավ էր, որ նույնիսկ վարձու աշխատողներ ունեին (Մարկ. 1։16–20)։ Երբ Անդրեասն ու Հովհաննեսը առաջին անգամ Հովհաննես Մկրտչից լսեցին Հիսուսի մասին, համոզվեցին, որ գտել են Մեսիային։ Անդրեասը այդ մասին հայտնեց իր եղբորը՝ Սիմոն Պետրոսին, ու թերևս Հովհաննեսն էլ իր եղբայր Հակոբոսին (Հովհ. 1։29, 35–41)։ Հաջորդ ամիսները նրանք անցկացրին Հիսուսի հետ, որը շրջում էր Գալիլեայում, Հրեաստանում ու Սամարիայում և քարոզում էր։ Հետո նրանք վերադարձան իրենց գործին։ Նրանք ունեին հոգևոր հետաքրքրություններ, սակայն ծառայությունը առաջնային չէր իրենց համար։

6 Որոշ ժամանակ անց Հիսուսը Պետրոսին ու Անդրեասին հրավիրեց իր հետևորդը լինել և «մարդկանց որսորդներ» դառնալ։ Ինչպե՞ս արձագանքեցին նրանք։ «Իսկույն թողեցին ցանցերն ու գնացին նրա հետևից»։ Նույնն արեցին Հակոբոսն ու Հովհաննեսը։ «Իսկույն թողնելով նավակն ու իրենց հորը՝ նրանք հետևեցին նրան» (Մատթ. 4։18–22)։ Ի՞նչն օգնեց այս տղամարդկանց լիաժամ ծառայության անցնելու։ Արդյո՞ք դա էմոցիաների ազդեցության տակ արված և անմտածված որոշում էր։ Դժվար թե։ Նախորդ ամիսների ընթացքում նրանք լսել էին Հիսուսին, ականատես էին եղել նրա հրաշքներին և տեսել էին նրա նախանձախնդրությունն արդարության հանդեպ։ Նրանք նաև տեսել էին, թե որքան շատ մարդ է դրականորեն արձագանքում նրա քարոզչությանը։ Արդյունքում՝ զորացել էր Եհովայի հանդեպ նրանց հավատն ու վստահությունը։

7. Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին վստահ լինելու, որ Եհովան հոգ է տանում իր ժողովրդին։

7 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին և օգնել Աստվածաշունչ ուսումնասիրող անհատներին ապավինելու Եհովային (Առակ. 3։5, 6)։ Մեր սովորեցնելու կերպը մեծ դեր ունի այս հարցում։ Սովորեցնելիս լավ կլինի ընդգծել այն միտքը, որ Աստված խոստանում է առատապես օրհնել մեզ, եթե Թագավորության շահերը առաջին տեղում դնենք (կարդա՛ Մաղաքիա 3։10; Մատթեոս 6։33)։ Թեև կարող ենք Աստվածաշնչից տարբեր համարներ օգտագործել՝ ցույց տալու, թե ինչպես է Եհովան հոգ տանում իր ժողովրդին, սակայն չպետք է մոռանանք, որ մեծ ազդեցություն է թողնում նաև մեր անձնական օրինակը։ Մեր կյանքում տեղի ունեցած դեպքերը կօգնեն նրանց սովորելու ապավինել Եհովային։ Կարող ենք նաև քաջալերական դեպքեր պատմել մեր հրատարակություններիցa։

8. ա) Ինչո՞ւ է կարևոր, որ Աստվածաշունչ ուսումնասիրողը անձամբ «ճաշակի և տեսնի, որ Եհովան բարի է»։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգնել նրան զգալու Եհովայի բարությունը։

8 Ամուր հավատ զարգացնելու համար ավելին է հարկավոր, քան կարդալը կամ լսելը այն մասին, թե ինչպես են ուրիշները ստացել Եհովայի օրհնությունը։ Աստվածաշունչ ուսումնասիրողը պետք է նաև անձամբ զգա Եհովայի բարությունը։ Սաղմոսերգուն գրեց. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է, երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է ապաստան գտնում» (Սաղ. 34։8)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրան տեսնելու, որ Եհովան բարի է։ Ենթադրենք Աստվածաշունչ ուսումնասիրողը, որը ֆինանսական խնդիրներ ունի, նաև պայքարում է վատ սովորության դեմ, օրինակ՝ ծխելու, մոլեխաղով զբաղվելու կամ հարբեցողության դեմ (Առակ. 23։20, 21; 2 Կորնթ. 7։1; 1 Տիմոթ. 6։10)։ Եթե նրան սովորեցնենք աղոթել Աստծուն, որ աջակցի հաղթահարել իր վատ սովորությունը, մի՞թե այդպիսով չենք օգնի նրան անձամբ զգալու նրա բարությունը։ Նկատի առ նաև, թե ինչ կարող է լինել, երբ քաջալերում ենք այդ անհատին առաջնահերթությունը տալ հոգևոր բաներին՝ ժամանակ հատկացնել Աստվածաշնչի շաբաթական ուսումնասիրությանը և պատրաստվել ու հաճախել քրիստոնեական հանդիպումներին։ Եթե նա զգա, թե ինչպես է Եհովան օրհնում իր ջանքերը, նրա հավատը, անպատճառ, ավելի կամրանա։

Վախը, թե մարդիկ ինչ կմտածեն

9, 10. ա) Ինչո՞ւ էին Նիկոդեմոսն ու արիմաթեացի Հովսեփը թաքցնում իրենց հետաքրքրությունը Հիսուսի սովորեցրածների հանդեպ։ բ) Ինչո՞ւ են տղամարդկանցից ոմանք վարանում դառնալ Քրիստոսի հետևորդ։

9 Շրջապատի ճնշման պատճառով տղամարդկանցից ոմանք գուցե վարանեն լիովին հետևել Քրիստոսին։ Օրինակ՝ Նիկոդեմոսը և արիմաթեացի Հովսեփը գաղտնի էին պահում այն, որ հետաքրքրված են Հիսուսի սովորեցրածներով, քանի որ վախենում էին, թե ինչ կասեն հրեաները իրենց մասին և ինչ կանեն, եթե իմանան (Հովհ. 3։1, 2; 19։38)։ Այդ վախը անհիմն չէր։ Հիսուսի հանդեպ կրոնական առաջնորդների ատելությունը այնքան մեծ էր, որ այն մարդը, ով ցույց էր տալիս իր հավատը նրա հանդեպ, վտարվում էր ժողովարանից (Հովհ. 9։22)։

10 Այսօր էլ որոշ վայրերում, եթե տղամարդկանցից որևէ մեկը սկսում է հետաքրքրվել Աստծով, Աստվածաշնչով կամ կրոնով, աշխատակիցների, ընկերների և ազգականների կողմից ճնշումների է ենթարկվում։ Իսկ որոշ երկրներում նույնիսկ վտանգավոր է խոսել կրոնը փոխելու մասին։ Այդ ճնշմանը դիմադրելը հատկապես դժվար է, եթե նա ծառայում է զինված ուժերում, զբաղված է քաղաքականությամբ կամ էլ իր համայնքում ճանաչված մարդ է։ Օրինակ՝ Գերմանիայում ապրող մի տղամարդ ասում է. «Այն, ինչ դուք քարոզում եք, ճշմարտություն է։ Բայց եթե ես այսօր Վկա դառնամ, վաղը բոլորը կիմանան այդ մասին։ Ի՞նչ կմտածեն աշխատակիցներս, հարևաններս և այն ակումբի մարդիկ, որի անդամներն ենք ես ու իմ ընտանիքը։ Չեմ կարող հանդուրժել այդ ամենը»։

11. Հիսուսն ինչպե՞ս օգնեց իր աշակերտներին հաղթահարելու մարդավախությունը։

11 Թեպետ Հիսուսի առաքյալները վախկոտ չէին, սակայն բոլորն էլ պայքարում էին մարդավախության դեմ (Մարկ. 14։50, 66–72)։ Հիսուսն ինչպե՞ս օգնեց նրանց հոգևորապես առաջադիմելու՝ չնայած շրջապատի ճնշմանը։ Նա իր աշակերտներին նախապատրաստեց ապագայում սպասվող հալածանքներին։ «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ ատեն ձեզ և իրենց միջից վտարեն ձեզ ու նախատեն և ձեր անունը արատավորեն իբրև ամբարշտի՝ մարդու Որդու պատճառով»,— ասաց Հիսուսը (Ղուկ. 6։22)։ Նա նախազգուշացրեց, որ իր հետևորդները պետք է նախատինքի ենթարկվեն, և դա լինելու էր «մարդու Որդու պատճառով»։ Սակայն նաև վստահեցրեց, որ Աստված կաջակցի նրանց, եթե ապավինեն նրան՝ օգնություն և զորություն խնդրելով (Ղուկ. 12։4–12)։ Բացի այդ, Հիսուսը նորերին հրավիրեց միանալ իր աշակերտներին և ընկերանալ նրանց հետ (Մարկ. 10։29, 30)։

12. Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին հաղթահարելու մարդավախությունը։

12 Մենք նույնպես պետք է օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին հաղթահարելու մարդավախությունը։ Սովորաբար դժվարությունը հեշտ է հաղթահարել, երբ մարդը նախապես իմանում է այդ մասին (Հովհ. 15։19)։ Օրինակ՝ կարելի է ուսումնասիրողին նախապատրաստել, որպեսզի կարողանա Աստվածաշնչի վրա հիմնված պարզ ու խելացի պատասխան տալ աշխատակիցների և մյուսների հարցերին ու առարկություններին։ Բացի նրա հետ ընկերանալուց, կարող ենք նաև ծանոթացնել ժողովի մյուս անդամների հետ, հատկապես նրանց, ում հետ նա ընդհանուր բան կունենա։ Եվ ամենակարևորը, պետք է սովորեցնենք նրան աղոթել և դա անել կանոնավորաբար ու սրտանց։ Դա կօգնի նրան մոտենալու Աստծուն և նրան իր Վեմն ու Ապաստանը դարձնելու (կարդա՛ Սաղմոս 94։21–23; Հակոբոս 4։8)։

Անվստահության զգացումը

13. Ինչո՞ւ անվստահության զգացումի պատճառով որոշ տղամարդիկ թերևս վարանեն հոգևոր գործունեությամբ զբաղվել։

13 Տղամարդկանցից ոմանք վարանում են հոգևոր գործունեությամբ զբաղվել այն պատճառով, որ չեն կարողանում վարժ ընթերցել ու պարզ արտահայտվել կամ էլ պարզապես ամաչկոտ են։ Նրանք անհարմար են զգում մարդկանց ներկայությամբ իրենց հայացքները կամ զգացմունքները արտահայտել։ Միայն այն միտքը, որ պետք է ուսումնասիրեն, մեկնաբանություն տան ժողովի հանդիպումների ժամանակ և իրենց հավատի մասին խոսեն ուրիշների հետ, գուցե կաշկանդի նրանց։ Մի եղբայր խոստովանում է. «Երբ երիտասարդ էի, արագ մոտենում էի դռանը, ձևացնում էի, թե զանգն եմ տալիս, և զգուշորեն հեռանում էի՝ հուսալով, որ ոչ ոք չտեսավ ինձ ու ոչինչ չլսեց.... Տնետուն ծառայելու միտքն արդեն իսկ սպանում էր ինձ»։

14. Հիսուսի աշակերտները ինչո՞ւ չկարողացան բուժել դիվահար տղային։

14 Պատկերացրու, թե որքան անվստահ էին զգում Հիսուսի աշակերտները այն բանից հետո, երբ չկարողացան բուժել մի դիվահար տղայի։ Այդ տղայի հայրը եկավ Հիսուսի մոտ և ասաց. «[Որդիս] ընկնավոր է ու հիվանդ, հաճախ ընկնում է կրակի մեջ, երբեմն էլ ջրի։ Նրան բերեցի քո աշակերտների մոտ, բայց նրանք չկարողացան բուժել»։ Հիսուսը տղայի միջից հանեց դևին, և տղան բուժվեց։ Ավելի ուշ աշակերտները մոտեցան Հիսուսին և հարցրին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»։ Նա էլ պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար» (Մատթ. 17։14–20)։ Լեռնանման խոչընդոտները հաղթահարելու համար Եհովայի հանդեպ հավատ է անհրաժեշտ։ Ի՞նչ է լինում, երբ անհատը մոռանում է այդ մասին և սկսում է հույսը դնել իր ընդունակությունների վրա։ Նա անհաջողության է մատնվում և իրեն անվստահ է զգում։

15, 16. Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին հաղթահարելու անվստահության զգացումը։

15 Անվստահության դեմ պայքարող անհատին օգնելու համար հիանալի միջոց է նրան հորդորելը, որ Եհովային ապավինի, ոչ թե իրեն։ Պետրոսը գրեց. «Խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա բարձրացնի ձեզ, և ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք» (1 Պետ. 5։6, 7)։ Որպեսզի Աստվածաշունչ ուսումնասիրողը կարողանա այդպես վարվել, պետք է օգնենք նրան հոգևորապես աճելու։ Հոգևոր տրամադրվածություն ունեցող մարդը թանկ է գնահատում հոգևոր բաները։ Նա սիրում է Աստծու Խոսքը և իր կյանքում դրսևորում է «ոգու պտուղը» (Գաղ. 5։22, 23)։ Նաև կանոնավորաբար աղոթում է (Փիլիպ. 4։6, 7)։ Բացի այդ, նա Աստծուց համարձակություն և զորություն է խնդրում, որպեսզի դիմագրավի ցանկացած դժվարության և հաջողությամբ կատարի ցանկացած հանձնարարություն (կարդա՛ 2 Տիմոթեոս 1։7, 8)։

16 Ուսումնասիրող անհատներից ոմանց նաև անհրաժեշտ է գործնական օգնություն ցույց տալ, որպեսզի բարելավեն ընթերցելու և զրուցելու ունակությունները։ Ոմանք էլ գուցե իրենց արժանի չեն համարում Աստծուն ծառայել, քանի որ մինչև Եհովային ճանաչելը վատ գործեր են արել։ Երկու դեպքում էլ անհրաժեշտ է, որ սիրով և համբերությամբ օգնենք նրանց։ Հիսուսն ասաց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթ. 9։12)։

Ավելի շատ տղամարդկանց օգնիր

17, 18. ա) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ծառայության ժամանակ ավելի շատ տղամարդկանց օգնենք ընդունելու ճշմարտությունը։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

17 Մեր ցանկությունն է, որ ավելի շատ տղամարդիկ արձագանքեն ուրախություն պարգևող այն պատգամին, որը գտնվում է միայն Աստվածաշնչում (2 Տիմոթ. 3։16, 17)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք ծառայության ընթացքում ավելի շատ տղամարդկանց օգնել. ծառայությանը ավելի շատ ժամանակ տրամադրելով երեկոյան ժամերին, հանգստյան և տոն օրերին, երբ տղամարդիկ հիմնականում տանն են լինում, ինչպես նաև հնարավորության դեպքում հարցնելով, թե արդյոք կարող ենք խոսել տան տղամարդու հետ։ Եկեք նաև ոչ պաշտոնական վկայություն տանք մեզ հետ աշխատող տղամարդկանց և օգնենք մեր ժողովի քույրերի ոչ Վկա ամուսիններին։

18 Եթե քարոզենք բոլորին, ում հանդիպում ենք, կարող ենք վստահ լինել, որ անկեղծ սիրտ ունեցող մարդիկ դրականորեն կարձագանքեն։ Եկեք համբերատարությամբ օգնենք բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն հետաքրքրվում են ճշմարտությամբ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օգնել մկրտված եղբայրներին համապատասխան որակներ ձեռք բերելու և ձգտելու Աստծու կազմակերպության մեջ պատասխանատվություններ ստանձնելու։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։

[ծանոթագրություն]

a Քաջալերական դեպքեր կարող ես գտնել «Եհովայի վկաների տարեգրքերում» (անգլ., ռուս.), ինչպես նաև «Դիտարանում» և «Արթնացե՛ք»-ում հրատարակված կենսագրություններում։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ինչպե՞ս կարող ենք օգնել տղամարդկանց հոգևորին առաջնահերթություն տալու։

• Ինչպե՞ս կարող ենք օգնել նորերին հաղթահարելու շրջապատի ճնշումը։

• Ի՞նչը կօգնի հաղթահարելու անվստահության զգացումը։

[նկար 25-րդ էջի վրա]

Առիթներ ստեղծո՞ւմ ես՝ հայտնելու բարի լուրը տղամարդկանց

[նկար 26-րդ էջի վրա]

Ինչպե՞ս կարող ես Աստվածաշունչ ուսումնասիրողին նախապատրաստել փորձություններին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը