Ընթերցողների հարցերը
Հնարավո՞ր է որոշել, թե Հիսուս Քրիստոսը կոնկրետ որ ժամին է ցցին գամվել։
Այս հարցը ծագում է, քանի որ թվացյալ հակասություն կա ավետարանագիր Մարկոսի ու Հովհաննես առաքյալի արձանագրություններում, որտեղ նրանք սուրբ ոգու ներշնչմամբ նկարագրել են Հիսուսի մահը։ Մարկոսն ասում է. «Երրորդ ժամն էր, երբ [զինվորները] նրան ցցին գամեցին» (Մարկ. 15։25)։ Իսկ ըստ Հովհաննեսի՝ «մոտավորապես վեցերորդ ժամն էր», երբ Պիղատոսը Հիսուսին մատնեց հրեաների ձեռքը, որ ցցին գամեն (Հովհ. 19։14–16)։ Աստվածաշնչի մեկնաբանները տարբեր բացատրություններ են տվել այս հարցի վերաբերյալ՝ փորձելով լուծել այս թվացյալ հակասությունը։ Աստվածաշնչում բավականաչափ տեղեկություն չկա, որպեսզի բացատրություն տրվի այս երկու արձանագրությունների միջև եղող տարբերությանը։ Այդուհանդերձ, օգտակար կլինի ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես էին այդ օրերում ապրող մարդիկ դիտում ժամանակը։
Մեր թվարկության առաջին դարում հրեաները ցերեկը բաժանում էին 12 ժամի և այն հաշվում էին արևածագից (Հովհ. 11։9)։ Ուստի «երրորդ ժամը» առավոտյան ժամը ութից մինչև ինը ընկած հատվածն էր, իսկ «վեցերորդ ժամը» ավարտվում էր մոտավորապես կեսօրին։ Ինչ խոսք, տարվա մեջ արևը տարբեր ժամերի է ծագում և մայր մտնում։ Հետևաբար, ցերեկվա երկարությունը տարբեր է լինում՝ կախված տարվա եղանակից։ Քանի որ օրվա ժամը որոշվում էր ըստ արևի դիրքի, ժամանակի հաշվարկները մոտավոր էին։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում հիմնականում խոսվում է այնպիսի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել երրորդ, վեցերորդ կամ իններորդ ժամին, և հաճախ դրանք մոտավոր ժամեր են (Մատթ. 20։3, 5; Գործ. 10։3, 9, 30)։ Ժամանակի մասին ավելի հստակ է խոսվում միայն այն դեպքում, երբ կարևոր է նշել տվյալ իրադարձության կոնկրետ ժամը։ Օրինակ՝ Հովհաննես 4։52-ում նշվում է «յոթերորդ ժամի» մասին։
Ավետարանների արձանագրությունները ներդաշնակ են, երբ նշում են երկրի վրա Հիսուսի կյանքի վերջին օրվա իրադարձությունների ժամանակը։ Չորսն էլ ցույց են տալիս, որ քահանաներն ու երեցները լուսաբացից հետո հավաքվեցին ու Հիսուսին տարան հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսի մոտ (Մատթ. 27։1; Մարկ. 15։1; Ղուկ. 22։66; Հովհ. 18։28)։ Թե՛ Մատթեոսը, թե՛ Մարկոսը և թե՛ Ղուկասը ասում են, որ վեցերորդ ժամից, երբ Հիսուսն արդեն ցցի վրա էր, խավար իջավ ամբողջ երկրի վրա և «տևեց մինչև իններորդ ժամը» (Մատթ. 27։45, 46; Մարկ. 15։33, 34; Ղուկ. 23։44)։
Մի կարևոր գործոն, որը կարող է օգնել որոշելու Հիսուսին ցցին գամելու ժամը, հետևյալն է. ցցին գամելու գործընթացի մաս էր համարվում խարազանումը, կամ՝ մտրակումը։ Երբեմն դատապարտյալին այնքան ուժգին էին խարազանում, որ նա մահանում էր։ Ըստ երևույթին, Հիսուսին դաժանաբար էին խարազանել, քանի որ երբ նա սկսեց տանել իր տանջանքի ցիցը, անհրաժեշտություն առաջացավ, որ ուրիշ մարդ տանի այն (Ղուկ. 23։26; Հովհ. 19։17)։ Եթե խարազանումը դիտվում էր ցցին գամելու գործընթացի մի մասը, ապա որոշ ժամանակ պետք է անցներ մինչև Հիսուսին տանջանքի ցցին գամելը։ Ուստի տարբեր մարդկանց տեսանկյունից ցցին գամելը տարբեր ժամերի տեղի ունեցավ՝ կախված այն բանից, թե ինչն էին նրանք համարում ցցին գամելը։
Հովհաննես առաքյալը իր արձանագրությունը գրի է առել մյուս ավետարանագիրներից տասնամյակներ անց։ Հետևաբար, նրանց գրվածքները հասանելի էին իրեն։ Ճիշտ է, Հովհաննեսի նշած ժամը տարբերվում է Մարկոսի նշած ժամից, սակայն դա ապացուցում է, որ նա չի կրկնօրինակել Մարկոսի արձանագրությունը։ Ե՛վ Հովհաննեսը, և՛ Մարկոսը ներշնչված էին Աստծու կողմից։ Թեև Աստվածաշնչում բավականաչափ տեղեկություն չկա, որպեսզի բացատրություն տրվի այս տարբերությանը, մենք կարող ենք վստահել Ավետարանների արձանագրություններին։