Կենսագրություն
«Քո աջ կողմում ցնծություն կա հավիտյան»
Պատմում է Լոիս Դիդուրը
Հաճա՞խ ես ասել. «Երանի՜ թե այդպես արած չլինեի»։ 50 տարի լիաժամ ծառայության մեջ անցկացնելուց հետո կարող եմ ասել, որ չկա ավելի մեծ ցնծություն, քան Եհովայի աջ կողմում լինելը։ Ուզում եմ պատմել, թե ինչու։
ԾՆՎԵԼ եմ 1939թ.-ին և չորս քույրերիս ու եղբորս հետ մեծացել Կանադայի Սասկաչևան նահանգում։ Կյանքն ընդարձակ ֆերմայում շատ երջանիկ էր։ Մի օր Եհովայի վկաներ եկան հորս մոտ։ Ես հարցրի նրանց, թե արդյոք Աստված անուն ունի։ Նրանք կարդացին Սաղմոս 83։18-ը, որտեղ գրված է Եհովա անունը։ Դա տեսնելով՝ ցանկացա ավելի շատ բան իմանալ Աստծու և նրա Խոսքի մասին։
Այդ տարիներին գյուղական դպրոցները ութամյա էին, և այնտեղ կար միայն մեկ դասասենյակ։ Ֆերմաներում ապրող երեխաները դպրոց գնալու համար ոտքով կամ ձիով անցնում էին մի քանի կիլոմետր։ Ուսուցչի կարիքները հոգում էին տվյալ տարածքում բնակվող ընտանիքները։ Մի տարի ծնողներիս հերթը եկավ կացարան տալու մեր նոր ուսուցչին՝ Ջոն Դիդուրին։
Ես չգիտեի, որ այս երիտասարդը նույնպես շատ է հետաքրքրվում Աստծու Խոսքով։ Մի անգամ, երբ գովում էի կոմունիզմն ու սոցիալիզմը, որոնց այդ ժամանակ թիկունք էր կանգնում հայրս, Ջոնը հանգիստ ասաց. «Ոչ մի մարդ իրավունք չունի ղեկավարելու ուրիշ մարդկանց։ Այդ իրավունքը միայն Աստված ունի»։ Դրանից հետո մենք բազմիցս հետաքրքիր զրույցներ ունեցանք։
Ջոնը ծնվել էր 1931-ին ու շատ էր լսել պատերազմի դժվարությունների մասին։ Երբ 1950-ին սկսվեց Կորեական պատերազմը, նա տարբեր եկեղեցականների հարցուփորձ արեց, թե արդյոք հավատացյալները կարող են մասնակցել պատերազմների։ Բոլորը պատասխանեցին, որ քրիստոնյաները կարող են զենք վերցնել։ Հետո նա նույն հարցը տվեց Եհովայի վկաներին։ Նրանք ցույց տվեցին, թե որն է աստվածաշնչյան տեսակետը այդ հարցի վերաբերյալ և թե ինչպիսին էր առաջին դարի քրիստոնյաների դիրքորոշումը։ Ջոնը մկրտվեց 1955-ին։ Հաջորդ տարի ես մկրտվեցի։ Երկուսս էլ ուզում էինք մեր կյանքի տարիները նվիրել Եհովային ու ողջ եռանդով ծառայել նրան (Սաղ. 37։3, 4)։ 1957թ. հուլիսին մենք ամուսնացանք։
Հաճախ մեր ամուսնության տարեդարձը համընկնում էր համաժողովների հետ։ Մենք ուրախ էինք լինել հազարավոր մարդկանց մեջ, որոնք հարգում են ամուսնությունը։ 1958-ին առաջին անգամ մասնակցեցինք միջազգային համաժողովի։ Հինգ հոգով Սասկաչևանից մեքենայով գնացինք Նյու Յորք։ Մի ամբողջ շաբաթ ցերեկը քշում էինք մեքենան, իսկ գիշերը քնում վրանում։ Մի եղբայր, որին հանդիպեցինք Բեթլեհեմում (Փենսիլվանիա), հրավիրեց մեզ այդ գիշեր մնալու իր տանը։ Դա, ինչ խոսք, հաճելի անակնկալ էր։ Շնորհիվ նրա դրսևորած բարության մենք մաքուր ու կոկիկ տեսք ունեինք, երբ հասանք Նյու Յորք։ Այդ համաժողովը օգնեց մեզ գիտակցելու, թե ինչ մեծ ցնծություն է Եհովային ծառայելը։ Ինչպես գրեց սաղմոսերգուն, նրա «աջ կողմում ցնծություն կա հավիտյան» (Սաղ. 16։11)։
ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆ
Մեկ տարի անց՝ 1959-ին, մենք Սասկաչևանում ռահվիրա էինք ծառայում և ապրում էինք բլրի վրա գտնվող շարժական տնակում։ Այնտեղից երևում էին կիլոմետրերով ձգվող տափաստաններ, որտեղ գտնվում էին նաև մեր տարածքներից մի քանիսը։
Մի օր մասնաճյուղից հետաքրքիր նամակ ստացանք։ Ես շտապեցի Ջոնի մոտ, որը տրակտոր էր նորոգում։ Նամակում ասվում էր, որ մենք հրավիրվում ենք հատուկ ռահվիրա ծառայել Ռեդ Լեյկում (Օնտարիո)։ Քանի որ չգիտեինք, թե որտեղ է այն, արագ քարտեզ վերցրինք, որ գտնենք այդ վայրը։
Որքա՜ն էր այն տարբերվում ընդարձակ տափաստաններից։ Մեր առաջ հսկայական անտառներ էին ու փոքր քաղաքներ՝ կառուցված ոսկու հանքերի մոտ։ Առաջին օրը, երբ կացարան էինք փնտրում, մի աղջնակ լսեց հարևանի հետ մեր զրույցը։ Նա վազեց տուն, պատմեց մորը, և վերջինս մեզ կացարան առաջարկեց այդ գիշերվա համար։ Մահճակալը կեղտոտ նկուղում էր։ Հաջորդ օրը երկու սենյականոց փայտե տուն գտանք, որը ո՛չ սանհանգույց ուներ, ո՛չ էլ կահույք, այլ միայն թիթեղյա վառարան։ Օգտագործված իրերի խանութից մի քանի բան գնեցինք և շատ չանցած՝ բավականին հարմարավետ պայմաններ ստեղծեցինք։
Ժողովը 209 կիլոմետր հեռու էր գտնվում։ Ոսկու հանքերում աշխատողներից շատերը եկել էին Եվրոպայից։ Նրանք խնդրեցին մեզ իրենց լեզվով Աստվածաշունչ բերել։ Կարճ ժամանակ անց մենք 30 աստվածաշնչյան հիանալի ուսումնասիրություններ ունեինք։ Վեց ամսվա ընթացքում փոքր ժողով կազմավորվեց։
Մի մարդ, որի կնոջ հետ ուսումնասիրում էինք, զանգահարեց իր քահանային և ասաց, որ գա ու իր կնոջը ճիշտ ուղու վրա կանգնեցնի։ Զրույցի ժամանակ քահանան ասաց, որ այլ բաների հետ մեկտեղ մենք նաև Երրորդություն պետք է ուսուցանենք։ Կինը բերեց կաթոլիկ եկեղեցու հրատարակած Աստվածաշունչը ու խնդրեց քահանային, որ հիմնավորի իր ասածները։ Քահանան Աստվածաշունչը շպրտեց սեղանին՝ ասելով, որ կարիք չունի որևէ բան ապացուցելու։ Հեռանալիս ուկրաիներեն ասաց այդ ամուսիններին, որ մեզ վռնդեն իրենց տնից ու երբեք թույլ չտան, որ ներս մտնենք։ Նա չգիտեր, որ Ջոնը հասկանում է ուկրաիներեն։
Դրանից կարճ ժամանակ անց մենք հեռացանք Ռեդ Լեյկից, քանի որ Ջոնը պետք է շրջանային ծառայության համար մարզում ստանար։ Մոտ մեկ տարի հետո, երբ նա մարզային համաժողովին մկրտության ելույթն էր ներկայացնում, այդ կնոջ ամուսինը մկրտության թեկնածուների մեջ էր։ Քահանայի հետ հանդիպումից հետո նրա մեջ ցանկություն էր առաջացել ուսումնասիրելու Աստվածաշունչը։
ՇՐՋԱԳԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Շրջանային ծառայության մեջ առանձնահատուկ ուրախություն էինք ստանում՝ ապրելով տարբեր ընտանիքների հետ։ Մենք շատ էինք մտերմանում այն անհատների հետ, ովքեր հատկացնում էին իրենց տունը ու մեզ դարձնում իրենց կյանքի մասը։ Մի անգամ մեզ տրամադրեցին մի վերնասենյակ, որը ձմռանը չէր ջեռուցվում։ Վաղ առավոտյան մեր տարեց քույրը անաղմուկ մտնում էր սենյակ, որ փոքր վառարանում կրակ վառի։ Հետո վերադառնում էր՝ բերելով տաք ջրով լի աման, որ կարողանանք մեզ կարգի բերել։ Նրա մեղմ ու հանգիստ վերաբերմունքից ես շատ բան եմ սովորել։
Շրջագայական ծառայությունը օգնեց մեզ ավելի մոտենալու Եհովային։ Ալբերտա նահանգի հեռավոր հյուսիսում գտնվող մի շրջանում կար հանքարդյունաբերական քաղաք, որտեղ ընդամենը մեկ քույր էր ապրում։ Ինչպե՞ս էր Եհովայի կազմակերպությունը վերաբերվում մեկուսի այդ վայրում բնակվող քրոջը։ Վեց ամիսը մեկ մենք ինքնաթիռով թռչում էինք այնտեղ, որ մեկ շաբաթ ծառայենք միասին ու ժողովի հանդիպումներ անցկացնենք, ինչպես որ անում էինք մեծ քաղաքների ժողովներում։ Դա ջերմ հիշեցում էր Եհովայի կողմից, թե որքան քնքշորեն է նա հոգ տանում իր յուրաքանչյուր գառնուկին։
Մեզ կացարան տրամադրած անհատներից շատերի հետ միշտ կապ էինք պահպանում։ Ջոնի տված առաջին նվերներից մեկը թղթերով լի գունավոր մի տուփ էր։ Շատ էինք սիրում այդ թղթերի վրա նամակներ գրել և ուղարկել մեր ընկերներին։ Մինչև հիմա ինձ համար թանկ է նամակների այդ տուփը։
Երբ այցելում էինք Տորոնտոյի շրջաններից մեկը, Կանադայի Բեթելից մի եղբայր զանգահարեց, որ հարցնի, թե արդյոք կցանկանանք ծառայել Բեթելում։ Ե՞րբ էր նա ուզում ստանալ պատասխանը։ Հնարավորության դեպքում հենց հաջորդ օրը։ Եվ նա ստացավ պատասխանը։
ԲԵԹԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր նշանակում ցնծություն է պարգևել մեզ, որը գալիս է Եհովայից։ Այդ ցնծությունն ավելի մեծացավ, երբ 1977-ին տեղափոխվեցինք Բեթել։ Շփվելով օծյալ եղբայրների հետ՝ ոչ միայն տեսանք նրանց հիանալի հատկությունները, այլև խոր հարգանքը Աստծու Խոսքի հանդեպ։
Մեզ դուր էր գալիս մեր նոր ապրելակերպը։ Օրինակ՝ մեր հագուստը ոչ թե ճամպրուկի մեջ էր, այլ զգեստապահարանում, և մենք մեկ ժողով էինք հաճախում։ Ինձ մեծ ուրախություն էր պարգևում ոչ միայն իմ նշանակումը, այլև Բեթել այցելողների համար էքսկուրսիաներ անցկացնելը։ Ես բացատրում էի, թե ինչ աշխատանք է արվում Բեթելում, լսում էի այցելուներին ու պատասխանում նրանց հարցերին։
Տարիներն արագ անցան։ 1997-ին Ջոնը հրավիրվեց Պատերսոն (Նյու Յորք)՝ սովորելու մասնաճյուղի կոմիտեի անդամների համար նախատեսված դպրոցում։ Դրանից հետո մեզ խնդրեցին, որ մտածենք Ուկրաինա տեղափոխվելու մասին։ Եղբայրները քաջալերեցին, որ լրջորեն և աղոթքով խորհենք առաջարկի շուրջ։ Այդ երեկո ես ու Ջոնը որոշում կայացրինք. տեղափոխվելու ենք Ուկրաինա։
ՄԵԿ ՈՒՐԻՇ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՈՒԿՐԱԻՆԱ
1992-ին ներկա էինք եղել Սանկտ Պետերբուրգում, իսկ 1993-ին՝ Կիևում անցկացված միջազգային համաժողովներին։ Մենք շատ սիրեցինք Արևելյան Եվրոպայում ապրող մեր եղբայրներին։ Լվովում մեր նոր կացարանը գտնվում էր մի հին տան երկրորդ հարկում։ Տան պատուհանները նայում էին փոքր պարտեզի, որտեղ մեծ կարմիր աքաղաղ ու հավեր կային։ Ասես Սասկաչևանի ֆերմայում լինեինք։ Այդ տանը տասներկու հոգով էինք ապրում։ Ամեն օր վաղ առավոտյան քաղաքի մի ծայրից մյուսն էինք գնում, որ Բեթել հասնենք։
Մեր շուրջը տեսնելով այնպիսի եղբայրների, որոնք փորձությունների, արգելքների ու բանտարկությունների միջով էին անցել ու, չնայած այդ ամենին, իրենց հավատը ամուր էին պահել՝ պատկառանքով էինք լցվում։ Երբ գովում էինք այդ մարդկանց, նրանք ասում էին. «Մենք դա արել ենք Եհովայի համար»։ Այդ եղբայրները երբեք իրենց լքված չեն զգացել։ Նույնիսկ հիմա, եթե շնորհակալություն հայտնես ինչ-որ մեկին իր արած բարի գործի համար, կասի՝ «փա՛ռք Եհովային»՝ ցույց տալով, թե ով է բոլոր բարիքների Աղբյուրը։
Ուկրաինայում շատերը ոտքով են գնում ժողովի հանդիպումներին, այդ պատճառով ժամանակ ունեն խոսելու ու քաջալերելու իրար։ Նրանք քայլում են մեկ ժամ և ավել։ Լվովում ավելի քան 50 ժողով կա, որոնցից 21-ը անցկացվում է Թագավորության սրահների մեծ համալիրում։ Աչք է շոյում, երբ տեսնում ես, թե կիրակի օրերին եղբայրներն ինչպես են հորդում դեպի այդ վայրը։
Մենք արագ ընտելացանք մեր մեղմ ու հոգատար քույրերին ու եղբայրներին։ Երբ որևէ բառ չեմ հասկանում, նրանք համբերատարորեն բացատրում են։ Հաճախ նրանց հայացքը այնքան բան է արտահայտում, որքան նրանց խոսքերը։
Ուզում եմ պատմել մի դեպք, որը ցույց է տալիս, որ մեր հավատակիցները իսկապես վստահում են իրար։ Այդ դեպքը տեղի ունեցավ 2003թ. Կիևի միջազգային համաժողովին։ Հենց նոր էինք մտել մետրո, երբ մեզ մի փոքրիկ աղջիկ մոտեցավ ու հանգիստ ասաց. «Ես կորել եմ։ Չեմ կարողանում տատիկիս գտնել»։ Աղջիկը տեսել էր մեր անվանաքարտերը (պլակետկաները) ու հասկացել, որ Վկա ենք։ Նա շատ քաջ էր ու լաց չէր լինում։ Շրջանային վերակացուի կինը, որը մեզ հետ էր, աղջկան տարավ մարզադաշտի գտնված իրերի բաժին։ Շուտով աղջիկը նորից իր տատիկի հետ էր։ Ինձ շատ էր տպավորել փոքրիկի վստահությունը. նույնիսկ հազարավոր մարդկանց բազմության մեջ մոլորվելով՝ նա չէր վախեցել։
2001թ. մայիսին տարբեր երկրներից շատ եղբայրներ եկան Ուկրաինա մեր նոր մասնաճյուղի նվիրմանը։ Կիրակի առավոտ մարզադաշտում հատուկ ելույթից հետո ամբողջ փողոցը լիքն էր անթիվ-անհամար եղբայրներով, որոնք գնում էին՝ նոր Բեթելում էքսկուրսիա անցնելու։ Ինչպիսի՜ անմոռանալի տեսարան։ Սիրտս հուզմունքով էր լցվում, երբ նայում էի այդ եղբայրներին, որոնք շատ հանգիստ ու կարգապահ էին։ Ես ավելի շատ սկսեցի գնահատել այն ցնծությունը, որը գալիս է Եհովային ծառայելուց։
ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ցավոք, 2004թ.-ին Ջոնի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Բուժման համար մենք մեկնեցինք Կանադա։ Ջոնը քիմիաբուժության առաջին կուրսը շատ ծանր տարավ ու մի քանի շաբաթ ինտենսիվ թերապիա ստացավ։ Բարեբախտաբար, նա գիտակցության եկավ։ Թեև դժվարությամբ էր խոսում, բայց աչքերը միշտ գնահատանք էին արտահայտում բոլոր նրանց հանդեպ, ովքեր այցելում էին իրեն։
Սակայն Ջոնը չառողջացավ ու այդ աշուն մահացավ։ Ինձ թվում էր, որ իմ մեծ մասը այլևս չկա։ Ես ու Ջոնը մեծ ուրախություն էինք ստանում Եհովային միասին ծառայելուց։ Ի՞նչ էի անելու։ Որոշեցի Ուկրաինա վերադառնալ։ Շնորհակալ եմ այստեղի Բեթելի ընտանիքի ու ժողովի անդամների ջերմ սիրո համար։
Ես ու Ջոնը երբեք չենք ափսոսել մեր կատարած ընտրությունների համար։ Մեր կյանքը լի է եղել ցնծությամբ։ Միշտ շրջապատված ենք եղել հրաշալի ընկերներով։ Գիտեմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու Եհովայի բարության մասին, և հուսով եմ, որ հավիտյան կծառայեմ նրան, քանի որ Եհովայի «աջ կողմում ցնծություն» եմ գտել։
[մեջբերում 6-րդ էջի վրա]
«Ես ու Ջոնը երբեք չենք ափսոսել մեր կատարած ընտրությունների համար»
[նկար 3-րդ էջի վրա]
Երբ ամուսնացա Ջոնի հետ
[նկար 4-րդ էջի վրա]
Երբ հատուկ ռահվիրա էի Ռեդ Լեյկում (Օնտարիո)
[նկար 5-րդ էջի վրա]
Ջոնի հետ Ուկրաինայում, 2002թ.