Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp17 № 4 էջ 8–10
  • Երբ ձեր հարազատը մահացու հիվանդ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ ձեր հարազատը մահացու հիվանդ է
  • 2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՄԵՐՕՐՅԱ ԽՆԴԻՐ
  • ՆԱԽՕՐՈՔ ՊԱՏՐԱՍՏՎԵՔ
  • ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ
  • ԸՆԴՈՒՆԵՔ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
  • ՄԵԾԱԳՈՒՅՆ ԽՆԱՄՈՂԸ
  • Մխիթարություն անբուժելի հիվանդությամբ տառապողներին
    2008 Դիտարան
  • Չնայած դժվարություններին՝ խնամակալները կարող են ուրախ լինել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հոգ տանենք տարեցների մասին
    2014 Դիտարան
2017 Դիտարան (հանրային թողարկում)
wp17 № 4 էջ 8–10
Ամուսինները մահացու հիվանդությամբ տառապող հարազատի հետ խոսում են բուժման մեթոդի մասին

Հիվանդի հետ նախապես անկեղծորեն զրուցելը շատ կարևոր է

Երբ ձեր հարազատը մահացու հիվանդ է

ԴՈՐԻՆԸ ցնցվեց, երբ իմացավ, որ իր ամուսինը՝ Ուեսլին, ով ընդամենը 54 տարեկան էր, ուղեղի արագ զարգացող ուռուցք ունի։a Բժիշկներն ասացին, որ նրան մի քանի ամսվա կյանք է մնացել։ Դորինը պատմում է. «Չէի կարողանում հավատալ ականջներիս։ Շաբաթներ շարունակ բոլորովին անզգայացած վիճակում էի։ Ինձ թվում էր՝ այդ ամենը մեզ հետ չի կատարվում։ Ես պատրաստ չէի այդ հարվածին»։

Ցավոք, Դորինի պես՝ այսօր շատերն են նման դաժան իրողության բախվում։ Մահացու հիվանդությունը կարող է հարվածել ցանկացած մարդու ցանկացած ժամանակ։ Գովելի է, որ շատ մարդիկ պատրաստակամորեն հանձն են առնում մահացու հիվանդությամբ տառապող իրենց սիրելի հարազատին խնամելու գործը, թեև դա շատ լուրջ ու ծանր պատասխանատվություն է։ Ինչպե՞ս կարող են հիվանդի ընտանիքի անդամները մխիթարել նրան ու հոգ տանել նրա մասին։ Ինչպե՞ս կարող են հաղթահարել այն խառը հույզերն ու ապրումները, որոնք գուցե պատեն իրենց հիվանդին խնամելու ընթացքում։ Հիվանդի կյանքի վերջին օրերի ընթացքում ի՞նչ երևույթներ գուցե ի հայտ գան, որոնց պետք է տեղյակ լինեն նրան խնամողները։ Մինչ այս հարցերին անդրադառնալը նախ տեսնենք, թե ինչու է մահացու հիվանդությամբ տառապող մարդուն խնամելը այսօր առանձնահատուկ դժվարություն։

ՄԵՐՕՐՅԱ ԽՆԴԻՐ

Մոտ մեկ դար առաջ նույնիսկ ամենազարգացած երկրներում կյանքի միջին տևողությունը շատ ավելի կարճ էր, քան այսօր։ Վարակիչ հիվանդությամբ վարակված կամ դժբախտ պատահարի ենթարկված մարդիկ շատ արագ մահանում էին։ Հիվանդանոցները քիչ էին, նաև շատերը հնարավորություն չունեին հիվանդանոց գնալու, ուստի մեծ մասամբ ընտանիքի անդամներն էին խնամում հիվանդներին, և վերջիններս սովորաբար մահանում էին տանը։

Բժշկության առաջընթացը այսօր հնարավորություն է տալիս բժիշկներին ավելի արդյունավետ կերպով պայքարելու հիվանդությունների դեմ և երկարացնելու հիվանդի կյանքի տևողությունը։ Եթե նախկինում որոշ հիվանդություններից մարդիկ շատ արագ մահանում էին, ապա այսօր նույն հիվանդություններով տառապողները կարողանում են ապրել դեռ երկար տարիներ։ Բայց դա չի նշանակվում, թե նրանք բուժվում են իրենց հիվանդությունից։ Հաճախ այդպիսի մարդիկ ֆիզիկական տկարություններ են ունենում և չեն կարողանում հոգ տանել իրենց մասին։ Իսկ նման հիվանդների մասին հոգ տանելը ավելի դժվար է և ավելի շատ ուժ, ժամանակ ու ջանք է պահանջում։

Այդ ամենը հանգեցրել է նրան, որ այսօր ավելի ու ավելի շատ հիվանդներ իրենց կյանքի վերջին օրերն անցկացնում են ոչ թե տանը, այլ հիվանդանոցում։ Բազմաթիվ մարդիկ բոլորովին անտեղյակ են մահվան պրոցեսին ու երբեք իրենց աչքով չեն տեսել որևէ մեկի մահը։ Անհայտ բանի հանդեպ վախը գուցե դժվարացնի կամ ընդհանրապես խանգարի, որ մարդ հանձն առնի հիվանդ հարազատի խնամքը։ Այդ դեպքում ի՞նչը կարող է օգնել։

ՆԱԽՕՐՈՔ ՊԱՏՐԱՍՏՎԵՔ

Ինչպես Դորինի դեպքում էր, շատ մարդիկ ընկնում են վհատության մեջ, երբ իմանում են, որ իրենց սիրելի հարազատը մահացու հիվանդ է։ Նման իրավիճակում, երբ ձեզ պաշարում են անհանգստությունը, վախերն ու դառնությունը, ի՞նչը կարող է օգնել, որ պատրաստ լինեք սպասվող դժվարություններին։ Աստծու հավատարիմ ծառաներից մեկը աղոթքում ասաց. «Սովորեցրո՛ւ մեզ, թե ինչպես հաշվենք մեր օրերը, որպեսզի իմաստուն սիրտ ձեռք բերենք» (Սաղմոս 90։12)։ Դուք էլ կարող եք ջերմեռանդորեն աղոթել Եհովա Աստծուն, որ օգնի ձեզ իմաստնորեն «հաշվել ձեր օրերը», որպեսզի կարողանաք ձեր սիրելի հարազատի հետ լավագույն ձևով անցկացնել նրա կյանքի վերջին օրերը։

Շատ կարևոր է ամեն ինչ լավ պլանավորել։ Եթե ձեր հիվանդ հարազատը դեռևս կարողանում է հաղորդակցվել և պատրաստ է խոսել իր հիվանդության հետ կապված հարցերի շուրջ, իմաստնորեն վարված կլինեք, եթե նրան հարցնեք, թե ով պետք է իր փոխարեն որոշումներ կայացնի, երբ այլևս ի վիճակի չլինի անելու դա։ Լավ կլինի նրա հետ անկեղծորեն զրուցել այն մասին, թե արդյոք նա կցանկանա, որ իրեն հիվանդանոց պառկեցնեն, արհեստականորեն պահպանեն իր կյանքը կամ որոշակի բուժումներ իրականացնեն։ Դա կնպաստի, որ ավելի քիչ թյուրիմացություններ լինեն և անգործունակ դարձած հիվանդի մասին հոգ տանող հարազատները, ովքեր ստիպված են որոշումներ կայացնել նրա փոխարեն, մեղավորության զգացում չունենան։ Այս հարցերի վերաբերյալ հիվանդի հետ նախապես անկեղծորեն զրուցելը կնպաստի, որ ընտանիքի անդամները կենտրոնանան նրա մասին լավագույնս հոգ տանելու վրա։ Աստվածաշունչն ասում է. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են» (Առակներ 15։22)։

ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ

Ընդհանուր առմամբ խնամողի հիմնական դերն այն է, որ հիվանդի համար հնարավորինս հարմար պայմաններ ապահովի։ Մահվան շեմին կանգնած մարդը կարիք ունի հավաստիացման, որ ինքը միայնակ չէ, ու իրեն սիրում են։ Ինչպե՞ս կարելի է նրան հավաստիացնել դրանում։ Նրա համար կարդացեք կամ երգեք՝ ընտրելով այնպիսի գրականություն ու երգեր, որոնք դուր են գալիս նրան և քաջալերական են։ Շատ հիվանդների համար անչափ սփոփիչ է, երբ ընտանիքի անդամը բռնում է իրենց ձեռքը և մեղմորեն խոսում իրենց հետ։

Եթե որևէ այցելու է գալիս, լավ կլինի հիվանդին ասել, թե ով է եկել։ Մի տեղեկագրում ասվում է. «Հինգ զգայարաններից լսողությունն է, որ ամենավերջինն է դադարում գործել։ Անգամ երբ թվում է, թե [հիվանդը] քնած է, միևնույնն է, նրա լսողությունը գուցե նույնքան սուր լինի, որքան արթուն ժամանակ։ Այդ պատճառով նրա մոտ մի՛ ասեք բաներ, որ չէիք ասի, եթե նա արթուն լիներ»։

Եթե հնարավոր է, աղոթեք հիվանդի հետ։ Աստվածաշնչում կարդում ենք, որ մի անգամ Պողոս առաքյալն ու իր ուղեկիցները շատ ծանր նեղությունների բախվեցին, և նույնիսկ նրանց կյանքը վտանգի տակ հայտնվեց։ Ի՞նչ օգնություն էին նրանք ակնկալում այդ ժամանակ։ Պողոսը իր ընկերներին խնդրեց. «Դուք ևս կարող եք օգնել՝ ջերմեռանդորեն աղոթելով մեզ համար» (2 Կորնթացիներ 1։8–11)։ Խիստ լարված պահերին և ծանր հիվանդության դեմ պայքարելիս ոչինչ չի կարող այնպիսի թեթևացում բերել, ինչպիսին սրտագին աղոթքն է պարգևում։

ԸՆԴՈՒՆԵՔ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի մարդու մահվան միտքն անգամ կարող է խորապես վհատեցնել։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ մահը բնական երևույթ չէ։ Մենք ստեղծված չենք այնպես, որ մահը ընդունենք որպես կյանքի բնականոն փուլ (Հռոմեացիներ 5։12)։ Աստծու Խոսքում մահը նույնիսկ «թշնամի» է կոչվում (1 Կորնթացիներ 15։26)։ Ուստի միանգամայն հասկանալի ու բնական է, որ չենք ցանկանում մտածել մեր սիրելի հարազատի մահվան մասին։

Այդուհանդերձ, երբ հիվանդի ընտանիքի անդամները պատրաստված են լինում այն ամենին, ինչ պետք է տեղի ունենա, ավելի հեշտությամբ են հաղթահարում իրենց վախերն ու անհանգստությունները։ Դա նաև օգնում է, որ նրանք կենտրոնանան այն բանի վրա, թե ինչպես հնարավորինս հարմար պայմաններ ապահովեն հիվանդի համար։ «Կյանքի վերջին շաբաթները» շրջանակում թվարկվում են, թե ինչ երևույթներ գուցե ի հայտ գան մահից որոշ ժամանակ առաջ։ Իհարկե, պարտադիր չէ, որ այդ բոլոր նշանները դրսևորվեն բոլոր հիվանդների պարագայում։ Նաև անպայման չէ, որ դրանք դրսևորվեն նույն հերթականությամբ։

Հիվանդի մահից հետո լավ կլինի, որ հարազատները դիմեն որևիցե մտերիմ ընկերոջ, ով օգնելու պատրաստակամություն է հայտնել։ Այդ ժամանակ հատկապես կարևոր է խնամողներին ու ընտանիքի անդամներին հիշեցնել, որ իրենց սիրելի հարազատի դժվարությունները վերջ են գտել, ու նա այլևս չի տառապում։ Մեր հոգատար Արարիչը իր Խոսքում հավաստիացնում է, որ «մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։

ՄԵԾԱԳՈՒՅՆ ԽՆԱՄՈՂԸ

Կինը հիվանդանոցում այցելել է մահացու հիվանդ անձնավորության

Պետք է սովորենք չմերժել ոչ մեկի օգնությունը

Անչափ կարևոր է Աստծուն ապավինել ոչ միայն հիվանդ հարազատին խնամելու ընթացքում, այլև նրա մահից հետո։ Աստված կարող է սփոփել մեր վիշտը՝ մղելով այլ մարդկանց, որ մխիթարական խոսքեր ասեն մեզ և գործնական օգնություն ցույց տան։ Դորինը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, ասում է. «Ես հասկացել եմ, որ չպետք է մերժեմ ոչ մեկի օգնությունը»։ Ապա ավելացնում է. «Մենք անչափ հուզվել ու տպավորվել էինք՝ տեսնելով, թե մեզ որքան շատ էին օգնում։ Ես ու ամուսինս լիովին համոզված էինք, որ այդ ամենը Եհովայից է։ Դրանով նա կարծես ասում էր. «Ես ձեր կողքին եմ և կօգնեմ, որ հաղթահարեք այս ամենը»։ Դա անմոռանալի զգացում էր»։

Այո՛, Եհովա Աստված մեր մեծագույն Խնամողն է։ Նա է մեզ ստեղծել ու լիովին հասկանում է մեր ցավն ու վիշտը։ Նա կարող է և շատ է ցանկանում տալ մեզ անհրաժեշտ մխիթարությունն ու օգնությունը, որ կարողանանք դիմանալ։ Ավելին, նա խոստանում է, որ շուտով մեկընդմիշտ կվերացնի մահը և հարություն կտա միլիարդավոր մարդկանց, ում պահում է իր հիշողության մեջ (Հովհաննես 5։28, 29; Հայտնություն 21։3, 4)։ Այդ ժամանակ բոլորը կարող են ուրախությամբ կրկնել այն խոսքերը, որ գրել է Պողոս առաքյալը. «Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը։ Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը» (1 Կորնթացիներ 15։55)։

a Անունները փոխված են։

ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹՆԵՐԸ

Հիվանդի կյանքի վերջին շաբաթներում սովորաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները կամ դրանցից մի քանիսը։b

  • Նվազում է ուտելու և խմելու ցանկությունը։ Հիվանդի բերանի մեջ և շուրթերին գլիցերին քսեք և թրջոց դրեք ճակատին։ Դա կբարելավի նրա ինքնազգացողությունը։

  • Ցանկանում է մենակ մնալ կամ շատ քիչ մարդկանց հետ շփվել։ Աշխատեք նրա համար հնարավորինս լուռ ու հանգիստ միջավայր ապահովել։

  • Ավելի շատ է քնում։

  • Դառնում է անհանգիստ։ Մի՛ փորձեք զսպել նրա անհանգիստ շարժումները։ Խոսեք մեղմությամբ ու հանգստացնող տոնով։

  • Դժվարանում է ճանաչել մարդկանց և կողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ։ Նրա հետ խոսելիս ասեք ձեր անունը և հարգալից կերպով լսեք նրան, անգամ երբ շփոթված է։

  • Դժվարանում է կառավարել կղումն ու միզումը։ Հիվանդին ու նրա անկողինը հնարավորինս մաքուր պահեք։

  • Նրա շնչառությունը դառնում է անկանոն։ Արտաշնչելիս գուցե տնքոց լսվի, բայց դա կարող է լինել պարզապես թուլացած ձայնալարերի միջով անցնող օդի ձայնը։

  • Բերանի խոռոչում կուտակվում են արտազատուկներ։ Հիվանդի գլխի տակ բարձեր դնելով՝ բարձրացրեք գլուխը, որ նա չխեղդվի։

  • Փոխվում է մաշկի գույնը։ Պատճառը հիմնականում այն է, որ օրգանիզմը արյան հոսքը ուղղում է դեպի կենսական կարևորություն ունեցող օրգանները։

b Աղբյուրը՝ The Metropolitan Hospice of Greater New York

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը