Ճշմարիտ երկրպագությունը մեծ տարածում է գտնում Արևելյան Եվրոպայում
1 Առաջին դարի քրիստոնյաները Թագավորության եռանդուն քարոզիչներ էին։ Նրանց ուրախություն էր պատճառում այն, որ ժողովների ‘թիվն օրեցօր ավելանում էր’ (Գործք 16։5)։ Այդ քրիստոնյաների համարձակ քարոզչության շնորհիվ ճշմարիտ երկրպագությունը տարածվել էր Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում՝ արդյունքում հավատացյալների մեծ «հունձ» ունենալով։
2 Այս վերջին ժամանակներում ճշմարիտ երկրպագությունը շարունակում է տարածվել հատկապես Արևելյան Եվրոպայում։ Այժմ այն երկրներում, որտեղ մինչև 1990–ականները մեր գործունեությունը պետականորեն արգելված էր, աչքառու աճ է նկատվում։ «1999 թ. տարեգիրքը» տեղեկացնում է, որ այդ երկրներից երկուսը Ռուսաստանն ու Ուկրաինան են. յուրաքանչյուր երկրում առանձին վերցրած ծառայությանը մասնակցել են 100 000–ից ավելի քարոզիչներ։ Նախկին Խորհըրդային Միության 15 հանրապետություններում, 1991 թ.–ից սկսած, ավելի քան 220 000 անհատներ նվիրվել են Եհովային ու մկրտվել։ Տեղի ունեցած այս կտրուկ աճը Թագավորության և համաժողովների նոր սրահներ կառուցելու, ինչպես նաև մասնաճյուղերի թիվը բարձրացնելու խիստ անհրաժեշտություն է առաջացրել։
3 Ինչպես հիշատակվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1997 թ. օգոստոսի համարում, Ընկերության Թագավորության սրահների ֆոնդի մի մասն այժմ օգտագործվում է այն երկրների համար, որտեղ Թագավորության սրահներ կառուցելու հրատապ անհրաժեշտություն կա, և որտեղ, տնտեսական ծանր պայմանների պատճառով, եղած ֆինանսական միջոցները սահմանափակ են։ 1996 թ. մարտից մինչև 1998 թ. հոկտեմբեր ամիսը Ընկերությունն ընդառաջել է Արևելյան Եվրոպայի 11 երկրների մասնաճյուղերի վերակացության տակ գտնվող 359 Թագավորության սրահներ կառուցելու համար ֆինանսական միջոցներ տրամադրելու խնդրանքին։ Նվիրաբերված միջոցներն օգտագործվում են նոր Թագավորության սրահների համար հողատարածքներ և շինարարական նյութեր գնելու, ինչպես նաև եղած շինությունները վերանորոգելու նպատակով ժողովներին օգնելու համար։ Այստեղ պատկերված նկարները վկայում են այն մասին, թե Միացյալ Նահանգների և ուրիշ երկրների Ընկերության Թագավորության սրահների ֆոնդի ցույց տված օգնությունն ինչ օգուտներ է բերել Արևելյան Եվրոպայում ապրող մեր եղբայրներին։
4 1998 թ.–ին Բուլղարիայում 12 տոկոս աճ է նկատվել, և եղբայրներին մեծ ուրախություն պատճառեց այդ տարվա ապրիլին իրենց առաջին Թագավորության սրահի նվիրումը։ Խորվաթիայում գրանցվել է 4 տոկոս աճ, և ներկայումս եղբայրները շարունակում են Թագավորության սրահների կառուցման գործը ճշմարիտ երկրպագությունն առաջ տանելու համար։ Հունգարիայում 144 ժողովներ իրենց հանդիպումներն անց են կացնում մոտ 80 Թագավորության սրահներում։ Դա նշանակում է, որ 235 ժողովների 61 տոկոսը մշտական երկրպագության վայր ունի։ Մակեդոնիայում Թագավորության սրահների շինարարության ծրագրի շնորհիվ կառուցվել են ևս երկուսը, իսկ մյուսների շինարարությունը դեռ ընթացքի մեջ է։ 1999 թ. ամռանը մայրաքաղաքում՝ Սկոպիեում, ավարտվեց երկու Թագավորության սրահներից բաղկացած համալիրի շինարարությունը, որտեղ կարող են հաճախել նվազագույնը վեց ժողովներ։
5 Անցած տարի Ռուսաստանում միջին հաշվով շաբաթական մկրտվում էր ավելի քան 260 հոգի։ Մյուս երկրների նման Ռուսաստանի մասնաճյուղը ևս ներկայումս կազմակերպում է 12 Տեղական շինարարական կոմիտեներ իր հսկայական տարածքի համար, որպեսզի աջակցություն ցույց տրվի ապագայում Թագավորության սրահներ կառուցելու նախագծերին։ Սանկտ Պետերբուրգի հյուսիսային մասում ընթացքի մեջ է այս երկրի առաջին համաժողովի սրահի շինարարությունը, որտեղ կկարողանան տեղավորվել 1600 հոգի։ Կառույցի մեջ մտնում են նաև հինգ Թագավորության սրահները՝ յուրաքանչյուրը ունի 200 աթոռ։ Ուկրաինայի մեր եղբայրների և հետաքրքրվող շատ անհատների հոգևոր կարիքները հոգալու համար կառուցվել են 84 Թագավորության սրահներ, իսկ 80–ը դեռ կառուցվում են։
6 Արևելյան Եվրոպայում նկատվող այսպիսի աճն ուրախություն չի՞ պատճառում մեզ։ Անկախ մեր բնակության վայրից՝ ճշմարիտ երկրպագության ծավալները մեզ հիշեցնում են այն մասին, որ Աստված աչառ չէ, և որ նրա համբերությունը փրկություն է նշանակելու «մեծ բազմության» համար (Յայտնութիւն 7։9; Բ Պետրոս 3։9)։ Ի՜նչ առանձնաշնորհում է մեր համեստ նվիրատվություններով մարդկանց, նույնիսկ հեռավոր երկրներում ապրողների հոգևոր աճին նպաստելը։ Առակաց 28։27–ը վստահեցնում է մեզ, որ նա, «ով որ աղքատին տայ՝ կարօտ չի լինիլ»։ Այս շինարարական ծախսերը ծածկելու համար պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնելով՝ իր հերթին մենք էլ ենք նպաստում նյութական պահանջները ‘լցնելուն’ և մեծ ուրախություն ստանում այն բանից, որ տալիս ենք։ Ուրախանում ենք նաև՝ տեսնելով, թե ինչպես է ճշմարիտ երկրպագությունը տարածվում ամբողջ աշխարհում (Բ Կորնթ. 8։14, 15; Գործք 20։35)։
[Նկարազարդում 3–րդ էջի վրա]
Սեչելե, Ռումինիա
Մաարդու, Էստոնիա
Սևնիցա, Սլովենիա
Տիսավաշվարի, Հունգարիա
[Նկարազարդում 4–րդ էջի վրա]
Յուրմալա, Լատվիա
Տաուրագե, Լիտվա
Տալլին, Էստոնիա
[Նկարազարդում 5–րդ էջի վրա]
Պրևիձա, Սլովակիա
Մատեսալկա, Հունգարիա
Բելգրադ, Հարավսլավիա
[Նկարազարդում 6–րդ էջի վրա]
Ռումա, Հարավսլավիա
Վրանով–նադ–Տոպլյոու, Սլովակիա
Տորնակալնս, Լատվիա