«Աստծու համար ամէն ինչ կարելի է»
1 Քրիստոնեական ժողովի առաջնային գործը աշխարհով մեկ Թագավորության բարի լուրը քարոզելն է (Մատթ. 24։14)։ Դա ահռելի աշխատանք է։ Շատերին թվում է, թե այդ գործը կատարելու համար ավելի շատ միջոցներ են հարկավոր, քան մեր տրամադրության տակ ունենք։ Մյուսները կարծում են, որ գրեթե անհավատալի է, թե մենք ի վիճակի կլինենք կատարել այդ հանձնարարությունն այն պատճառով, որ դարձել ենք ծաղրանքի, հակառակության և հալածանքի առարկա (Մատթ. 24։9; Բ Տիմոթ. 3։12)։ Սկեպտիկների համար դա անիրագործելի է։ Սակայն, Հիսուսն ասել է, որ «Աստծու համար ամէն ինչ կարելի է» (Մատթ. 19։26)։
2 Հետևելու արժանի օրինակներ։ Երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը, նա նման էր մի մարդու, որը կարծես միայնակ դուրս էր եկել ողջ աշխարհի դեմ։ Փորձելով ձախողել նրա գործը՝ հակառակորդները հնարավոր ամեն անպատվության ենթարկեցին նրան և, ի վերջո, տանջալից մահվան մատնեցին։ Սակայն իր մահից առաջ Հիսուսը համարձակորեն ասաց. «Ես յաղթեցի աշխարհին» (Յովհ. 16։33)։ Իրոք որ, անհավատալի կատարում էր դա...
3 Այդօրինակ համարձակությամբ ու եռանդով ծառայել են Հիսուսի աշակերտները։ Նրանցից շատերին մտրակել են, ծեծել, բանտարկել և նույնիսկ սպանել են։ Հակառակ այդ ամենին՝ նրանք ուրախանում էին, «որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել» (Գործք 5։41)։ Չնայած այդ բոլոր հակառակություններին՝ բարի լուրը քարոզելու անհնարին թվացող առաջադրանքը կատարվեց «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8; Կող. 1։23)։
4 Ինչպե՞ս հաջողության հասնել այսօր։ Մենք նույնպես եռանդորեն մասնակցում ենք Թագավորության քարոզչության գործին՝ չնայած անելանելի թվացող իրավիճակներին։ Ու թեև մեզ կանգնեցնելու նպատակով մենք ենթարկվում ենք արգելքների, հալածանքների, բանտարկությունների և այլ բռնությունների, միևնույնն է, հաջողությունների ենք հասնում։ Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր։ «Ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը, ասում է Զօրաց Տէրը» (Զաք. 4։6)։ Քանի դեռ Եհովան մեզ զորավիգ է, ոչինչ չի կարող դադարեցնել մեր աշխատանքը (Հռովմ. 8։31)։
5 Քարոզելիս ամաչելու, վախենալու կամ մեզ այդ գործի համար անհամապատասխան զգալու ոչ մի պատճառ չունենք (Բ Կորնթ. 2։16, 17)։ Մենք հիմնավոր պատճառներ ունենք՝ մեր բոլոր ուժերը ներդնելու Թագավորության բարի լուրը տարածելու գործում։ Եհովայի աջակցությամբ մենք կարող ենք անել այն, ինչը «անհնար» է (Ղուկ. 18։27)։