«Ամբողջ հոգիով ճիգ» թափենք մեր ծառայության մեջ
1 Երբ կարդում ենք, որ Պողոսը Կորնթոսում եղած ժամանակ վրանագործությամբ էր զբաղվում, կարող ենք եզրակացնել, որ դա սահմանափակում էր քարոզելու նրա հնարավորությունը։ Սակայն Գործք 18։5–ում (ՆԿ–ի ՆԱԹ) կարդում ենք. «Պողոսը ամբողջ հոգիով ճիգ կը թափեր՝ վկայութեամբ ապացուցանելու Հրեաներուն, թէ Յիսուս սպասուած Փրկիչը՝ Քրիստոսն է»։ Ինչո՞ւ էր Պողոսը ջանքեր թափում քարոզչական գործունեության մեջ։ Պատճառն այն էր, որ թեև այն ժամանակ Կորնթոսի բնակիչներից շատերն արդեն ընդունել էին ճշմարտությունը, սակայն Տերն ասել էր, որ այդ քաղաքում դեռ շատ շատերին պետք էր աշակերտներ դարձնել (Գործք 18։8–11)։ Կարո՞ղ ենք մենք էլ նույն պատճառով ամբողջ հոգով ճիգ թափել ծառայությանը մասնակցելու համար։ Այո՛, կարող ենք։ Այդպես վարվելով՝ շատ ու շատ մարդկանց կարելի է գտնել և նրանց ճշմարտությունը սովորեցնել։
2 Ավելի շատ ժամանակ տրամադրել ապրիլ ամսվա ծառայությանը։ Հնարավոր է, որ դուք ամեն ամիս մասնակցում եք բարի լուրի քարոզչության գործին։ Սակայն որոշ ամիսներ հատուկ հնարավորություն են ընձեռում մեզ՝ այդ գործում «ամբողջ հոգիով ճիգ» թափելու համար։ Այդպիսի ամիսներից է նաև ապրիլը, որի ընթացքում անցկացվում է Հիշատակի երեկոն։ Ձեր հանգամանքները թույլ տալի՞ս են ձեզ այս տարի գարնան ամիսներին որպես ենթառահվիրա ծառայելու կամ ծառայության մեջ ավելի շատ ջանք ներդնելու։ Քարոզիչներից շատերը, այդպես վարվելով, մեծ օրհնություններ են ստացել (Բ Կորնթ. 9։6)։ Եթե դուք ձեր ուժերից եկածն անում եք, հիշեք, որ Եհովային գոհացնում է ձեր ամբողջ հոգով կատարված ծառայությունը (Ղուկ. 21։2–4)։ Ինչպիսի հանգամանքներում էլ որ ապրելիս լինեք, նպատակ դրեք ձեր առաջ ապրիլ ամսին «ամբողջ հոգիով ճիգ» թափել ծառայության մեջ։ Եվ մի մոռացեք ամսվա վերջում հանձնել քարոզչական ծառայության հաշվետվությունները, որպեսզի ձեր գործադրած ջանքերի արդյունքները գումարվեն Եհովայի ժողովրդի մնացած մասի հաշվետվություններին։
3 Այցելեք Հիշատակի երեկոյին ներկա եղած նոր անհատներին։ Հայաստանում նախորդ տարվա Հիշատակի երեկոյի ներկաների թիվը կազմել է 18 817։ Այս տարվա տվյալները դեռևս հայտնի չեն մեզ։ Սակայն հաշվետվությունները ցույց են տալիս, որ ավելի մեծ «հնձի» հավանականություն կա (Մատթ. 9։37, 38)։ Ուստի, հնարավորին չափ շուտ այցելեք Երեկոյին ներկա եղած հետաքրքրվող անհատներին՝ նրանց հոգևորապես օգնություն ցույց տալու նպատակով։ Այդ այցելությունները հետաձգելով՝ մենք առիթ ենք ստեղծում, որ ‘չարը հափշտակի նրա սրտում սերմանված արքայության խոսքը’ (Մատթ. 13։19)։ Իսկ անհապաղ կատարված այցելությունը ցույց կտա, որ դուք իսկապես «ամբողջ հոգիով ճիգ» եք թափում ձեր ծառայության մեջ։
4 Շարունակեք աջակցել ոչ ակտիվ դարձած քարոզիչներին։ Փետրվարից սկսած՝ հատուկ միջոցներ են ձեռնարկվում ոչ ակտիվ դարձած քարոզիչներին օգնելու ուղղությամբ։ Եթե կան անհատներ, որոնց դեռ հովվական այցելություն չի կատարվել, երեցները պետք է ծրագրեն մինչև ապրիլ ամսվա վերջն այցելել նրանց։ Երեցները պետք է փորձեն հասկանալ խնդրի պատճառը և որոշեն, թե ինչպես կարող են լավագույն օգնությունը ցույց տալ նրանց, որպեսզի նորից սկսեն ակտիվորեն ծառայել Եհովային։ Այդ սիրալիր օգնությունը ցույց կտա, որ երեցները լուրջ են վերաբերվում իրենց պատասխանատվությանը՝ «Աստծոյ հօտը» հովվելուն (Ա Պետ. 5։2; Գործք 20։28)։ «Դիտարան» պարբերագրի 1993 թ. սեպտեմբերի 15–ի համարում (էջ 22, 23, ռուս.) հրաշալի խորհուրդներ են տրվում, որոնք կարող են կիրառել երեցները օգնություն ցույց տալիս այդպիսի անհատներին՝ հաղթահարելու հինգ տիպական խնդիրներից ցանկացածը։ Որքան լավ կլիներ, եթե այդ քարոզիչներից գոնե մի քանիսը վերսկսեին իրենց ծառայությունն ապրիլ ամսին։
5 Օգնենք ավելի շատերի չմկրտված քարոզիչ դառնալ։ Ձեր երեխաները համապատասխանո՞ւմ են բարի լուրի քարոզիչ դառնալու պահանջներին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, որոնց հետ ուսումնասիրում եք Աստվածաշունչը։ Եթե երեցներն իրենց հավանությունը տան այդ հարցի կապակցությամբ, կարո՞ղ է ապրիլը լինել քարոզել սկսելու հարմար ժամանակ նրանց համար։ Եթե նրանք հոգևորապես առաջադիմում են և արդեն ուսումնասիրել են «Աստված պահանջում է» գրքույկն ու «Գիտություն» գիրքը, կարելի է ուսումնասիրությունը շարունակել երկրորդ՝ կամ «Աստուծոյ Խօսքը», կամ «Միացած՝ Պաշտամունքին Մէջ» գրքով։ Մեր նպատակն է՝ օգնել աշակերտին ավելի խորն ըմբռնել ճշմարտությունը, համապատասխանել չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին, նվիրվել և մկրտվել որպես Եհովայի վկա (Եփես. 3։17–19; Ա Տիմոթ. 1։12; Ա Պետ. 3։21)։
6 Եթե դուք հետևողական լինեք և անկեղծ հետաքրքրություն ցույց տաք Աստվածաշունչն ուսումնասիրողի հանդեպ, գուցե դա օգնի նրան ճշմարտությունն իր սեփականությունը դարձնել։ Մի Վկա հանդիպում է տարիքն առած ամուսինների, որոնք սիրով համաձայնում են Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Սակայն նրանք երեք շաբաթ անընդհատ հետաձգում են ուսումնասիրությունը։ Ի վերջո, ուսումնասիրությունը սկսվում է։ Հետո գրեթե ամեն անգամ հանդիպելիս նրանք մեկ շաբաթով հետաձգում էին հաջորդ ուսումնասիրությունը։ Վերջիվերջո, կինն առաջադիմություններ է անում և մկրտվում է։ «Մկրտությունից հետո,— հիշում է Վկան,— նրա աչքերը ուրախության արցունքներով լցվեցին։ Դրանից ազդված՝ ուրախությունից ես ու կինս նույնպես հուզվեցինք»։ Իսկապես, բարի լուրի համար «ամբողջ հոգիով ճիգ» թափելը մեծ ուրախություն է պարգևում։
7 Աստվածաշնչյան մարգարեությունները և աշխարհի ներկայիս իրավիճակը ցույց են տալիս, որ ապրում ենք վերջին ժամանակներում։ Հենց այսօր պետք է Աստծո ժողովուրդը «ամբողջ հոգիով ճիգ» թափի բարի լուրը մարդկանց հաղորդելու համար։ Պողոս առաքյալը հավաստիացրեց, որ այդպիսի աշխատանքը «զուր չէ Տիրոջ առաջ» (Ա Կորնթ. 15։58)։