«Որտեղի՞ց ժամանակ գտնեմ»
1 Մեզանից շատերն են այսպես տրտնջում չափազանց զբաղված լինելու պատճառով։ Ասում են, թե ժամանակը մեր ունեցած բարիքներից ամենաարժեքավորն է, բայցև մյուս կողմից՝ ամենաանցողիկը։ Ուրեմն որտեղի՞ց ժամանակ գտնենք իսկապես կարևոր բաների, ինչպես օրինակ՝ Աստծո Խոսքի ընթերցանության և ուսումնասիրության համար (Փիլիպ. 1։10)։
2 Այս հարցի պատասխանը ոչ թե այն է, որ փորձենք ինչ–որ տեղից ավելի շատ ժամանակ գտնել, այլ մտածենք, թե ինչպես ենք մտադիր տնօրինել մեր ունեցած ժամանակը։ Բոլորս էլ շաբաթական ունենք 168 ժամ, որից մոտ 100–ը ծախսվում է քնելու և աշխատելու վրա։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք մնացած ժամանակը լավագույն ձևով օգտագործել։ Եփեսացիս 5։15–17-ում (ԱԹ) խորհուրդ է տրվում, որ մենք վարվենք ‘ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ, գնենք ժամանակը և իմանանք, թե ինչ է Աստծո կամքը’։ Սա ցույց է տալիս, որ հարկավոր է օգտվել ամեն մի հնարավորությունից՝ անելու այն, ինչ որ Եհովայի տեսակետից հույժ կարևոր է։
3 Հիսուսը մեր օրերը համեմատեց Նոյի օրերի հետ (Ղուկ. 17։26, 27)։ Այն ժամանակ մարդիկ զբաղված էին իրենց առօրյա հոգսերով։ Բայց Նոյը ժամանակ գտավ կառուցելու հսկայական տապանը, ինչպես նաև քարոզելու (Եբր. 11։7; Բ Պետ. 2։5)։ Ինչպե՞ս։ Աստծո կամքը կատարելն առաջին տեղը դնելով և հնազանդվելով Աստծուն՝ նրա «պատուիրածին պէս» (Ծննդ. 6։22, Արևմտ. Աստ.)։
4 Ի՞նչ է հարկավոր առաջին հերթին անել։ Հիսուսն ասաց. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4։4)։ Ամեն շաբաթ մենք «ժամանակի՛ն [հոգևոր] կերակուր» ենք ստանում (Ղուկ. 12։42)։ Ուստի եթե իրոք ցանկանում ենք լիովին յուրացնել այդ «կերակուրը» և օգուտներ ստանալ, հարկավոր է անձնական ընթերցանության և ուսումնասիրության կանոնավոր գրաֆիկ ունենալ։ Եթե գնահատում ենք հոգևոր կերակուրը, ապա չենք բավարարվի դրանից զուտ մակերեսայնորեն ու հապճեպորեն օգտվելով՝ «ոտի վրա սնվելով»։ Դրա փոխարեն՝ ժամանակ կհատկացնենք ուսումնասիրություն կատարելուն և հոգևոր բարիքները «ըմբոշխնելուն»։
5 Հոգևոր կերակրով սնվելը կարող է մեզ առաջնորդել դեպի հավիտենական կյանք (Յովհ. 17։3)։ Արժե, որ նման կերակրով սնվելը առաջնային տեղ գրավի մեր առօրյա կյանքում։ Կարո՞ղ ենք ժամանակ գտնել, որպեսզի ամեն օր կարդանք Աստվածաշունչը և նախապատրաստվենք քրիստոնեական հանդիպումներին։ Այո՛, կարող ենք։ Այդժամ մենք կստանանք «շատ հատուցում», որը բխում է Աստծո կամքը ճանաչելուց ու կատարելուց (Սաղ. 19։7–11)։