Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2002 թ. հունվարի 7–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 22–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում։ Կրկնության ժամանակ աշխատիր առանձին թղթի վրա հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.
1. Ժողովող 2։2–ում Սողոմոնն ընդգծում է, որ հարկավոր է խուսափել ծիծաղից և ուրախությունից։ [1, Աստվ. շաբաթ. ընթերց.; w87-R 1.9, էջ 28, պ. 5 (w88-U 15.2, էջ 21, պ. 5)] Սխալ է։ Սողոմոնը պարզապես ընդգծում է, որ զվարճությունների մեջ իրական երջանկություն փնտրելը ‘հիմարություն է’, որովհետև դա անիմաստ է։ Նմանապես և ‘ուրախությունն’ ինքնին չի լուծում կյանքում ծագող խնդիրները։
2. Ժողովողը ոչինչ հոռետեսորեն չի ներկայացրել։ Ընդհակառակը՝ գիրքը շողում է աստվածային իմաստության անգին գոհարներով և ցույց տալիս, որ կործանարար են բոլոր այն գործերը, որոնք կատարելիս մարդն անտեսում է Աստծուն։ [2, bsi02-1, էջ 4, 5, պ. 15] Ճիշտ է։
3. Եսայիա 1։7–ում մարգարեն նկարագրում է Հուդայի ամայացումը Աքազի թագավորության օրոք։ [4, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս ip-1-U, էջ 17, պ. 16] Սխալ է։ Արտասանելով այս խոսքերը՝ Եսայիան, հավանաբար, օգտագործում է նույն մեթոդը, որն օգտագործվում է ամբողջ Աստվածաշնչում. նա ապագայի իրադարձությունների մասին խոսում է այնպես, կարծես թե դրանք արդեն կատարվել են, և այդպիսով շեշտում, որ մարգարեությունն անպայման կկատարվի։
4. Ծառայելով Եհովա Աստծուն՝ մենք վաստակում ենք կյանքը։ [7, kl էջ 182, պ. 4] Սխալ է։ Հավիտենական կյանքը Աստծո շնորհն է (Հռովմ. 6։23)։
5. Եհովային մեր ունեցածով, այն է՝ մեր ժամանակով, ընդունակություններով, միջոցներով և ուժով առատաձեռնորեն պատվելով՝ առատ հոգևոր օրհնություններ կստանանք (Առակ. 3։9, 10)։ [7, w00-R(U) 15.1, էջ 25, պ. 1] Ճիշտ է։
6. Եսայիա 28։21–ի մարգարեական «օտարոտի գործը» և «տարօրինակ պաշտոնը» արտահայտությունները, ժամանակակից կատարման համաձայն, մատնանշում են ժողովուրդների ոչնչացումը Արմագեդոնին։ [8, ip-1-U, էջ 295, պ. 16; էջ 301, պ. 28] Սխալ է։ Դրանք մատնանշում են քրիստոնեական աշխարհի կործանումը, որն իրեն այնպես է ներկայացնում, կարծես թե Աստծուն է ծառայում։
7. Մատթէոս 24։38, 39 խոսքերի համաձայն՝ Նոյի օրերի մարդիկ Ջրհեղեղի ժամանակ ոչնչացվեցին այն պատճառով, որ ուտում էին, խմում և զբաղվում էին առօրյա այլ գործերով։ [11, w00-R(U) 15.2, էջ 6, պ. 6] Սխալ է։ Համարում թվարկված գործերից և ոչ մեկը ինքնին դատապարտելի չէ։ Պարզապես այդ մարդիկ ամբողջովին կլանված էին առօրյա գործերով և «չգիտացին», այսինքն՝ ուշադրություն չդարձրեցին Նոյի նախազգուշացումներին։
8. Եհովան կատարում է անշահախնդրորեն իրեն ծառայող իր խոնարհ երկրպագուների բոլոր խնդրանքները։ [12, w00 1.3, էջ 4, պ. 3] Սխալ է։ Թեպետ Եհովան լսում է նրանց աղոթքները, ովքեր ցանկանում են իրեն ծառայել, սակայն նա նրանց ոչ բոլոր խնդրանքներն է կատարում։ Հեռատես լինելով՝ նա միշտ գործում է մեր իսկ օգտին՝ իր կամքի համաձայն։
9. Եսայիա 60։3–ում հիշատակված «ազգերը» առանձին ազգություններ են, որոնց հրապուրում է Եհովայից եկող լույսը։ [14, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w00 1.1, էջ 23, պ. 4] Սխալ է։ Այն «մեծ բազմությունն» է՝ բոլոր ազգություններից։ «Մեծ բազմությունը» կազմող մարդիկ երկրային հույս ունեն և Եհովայի մոտ են գալիս՝ կրթվելու (Յայտն. 7։9)։
10. Եհովան Երեմիային «սրբեց» նրա ծնվելուց առաջ այն իմաստով, որ նախագուշակեց նրա ողջ ճակատագիրը (Եր. 1։5)։ [15, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 4.1, էջ 10, պ. 2 (w88-U 9.1, էջ 8, պ. 2)] Սխալ է։ Եհովան Երեմիային «սրբեց» այն իմաստով, որ ընտրեց նրան որպես մարգարե՝ հատուկ հանձնարարություն կատարելու նպատակով։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
11. Ի՞նչ իմաստ է կրում Ժողովող 11։1–ի «հացդ թող տուր» արտահայտությունը։ [2, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w87-R 1.9, էջ 29, պ. 11 (w88-U 15.2, էջ 22, պ. 11)] Հացը համարվում է գլխավոր սննդամթերքը։ ‘Հացը թող տալ ջրերի երեսին’ նշանակում է՝ զոհել մի ինչ–որ թանկարժեք բան, սակայն մարդը կրկին ‘գտնում է այն’. այդպիսով առատաձեռն մարդը անսպասելիորեն պարգևատրվում է (Ղուկ. 6։38) (էությունը բավական է)։
12. Եսայիա 6։8–ում «մեզ» ասելով՝ Եհովան էլ ո՞ւմ ի նկատի ունի։ [4, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս ip-1-U, էջ 93, պ. 13] «Մեզ» բառը մատնանշում է Եհովային և իր միածին Որդուն, որ ապագայում դարձավ Հիսուս Քրիստոս մարդը; դա նշանակում է, որ երկնային գավիթների տեսիլքում Եհովայի կողքին է գտնվում նրա միածին Որդին (Յովհ. 1։14; 12։41)։
13. Ի կատարումն Եսայիա 9։2–ի՝ Գալիլեայում ինչպե՞ս «մեծ լույս» ծագեց։ [5, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս ip-1-U, էջ 126, պ. 17] Այն գործը, որ Հիսուսը կատարեց երկրի վրա, և օրհնությունները, որ հնարավոր դարձան նրա զոհի հիման վրա, արդարացիորեն կոչվում են «մեծ լույս»։ Երբ Մեսիան եկավ, բազում խոնարհ մարդկանց աչքերը զարմանալի կերպով բացվեցին (Յովհ. 1։9, 12) (էությունը բավական է)։
14. Ժամանակակից ի՞նչ զուգահեռ կարելի է անցկացնել մ.թ.ա. 539 թ.–ին Բաբելոնի անկման և դրան հաջորդող նրա լրիվ ոչնչացման հետ կապված (Ես. 13։19, 20; 14։22, 23)։ [6, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս ip-1-U, էջ 188, պ. 30, 31] 1919 թ.–ին Մեծ Բաբելոնն ընկավ՝ կորցնելով Աստծո ժողովրդի վրա ունեցած իր իշխանությունը; շուտով կեղծ կրոնի այդ համաշխարհային կայսրությունն ամբողջովին կկործանվի։
15. Ինչպե՞ս է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» կատարում Եսայիա 21։6–ում նկարագրված «դէտի» դերը (Մատթ. 24։45)։ [7, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս ip-1-U, էջ 221, պ. 11] «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» անընդմեջ դիտում է և հայտնում, թե ի՛նչ է տեսնում Աստծո դատաստանի օրվա մոտ լինելու առնչությամբ։
16. Կյանքի ընկեր փնտրող երիտասարդին ի՞նչ իմաստուն խորհուրդ է տրվում Առակաց 31։10–ում։ [10, w00 1.4, էջ 30, պ. 8] Քանի որ «առաքինի կին» գտնելը հեշտ չէ, ինչպես և հեշտ չէ թանկարժեք «գոհար» գտնելը, երիտասարդը ճիշտ կվարվի, եթե չշտապի և համապատասխան կյանքի ընկեր ընտրի. այդ դեպքում նա ավելի բարձր կգնահատի իր գտած թանկարժեք «գոհարը»։
17. Համաձայն Եսայիա 43։9–ի՝ Եհովան ի՞նչ մարտահրավեր է նետում աստվածներին, որոնց երկրպագում են ժողովուրդները։ [11, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-U 1.7, էջ 16, պ. 3] Եհովան մարտահրավեր է նետում աստվածներին՝ նրանց առաջարկելով ապացուցել իրենց աստվածներ լինելը. նրանք պետք է ճշգրիտ մարգարեություններ ասեն և վկաներ ներկայացնեն, որոնք պիտի փաստեն, որ այդ աստվածներն արժանի են վստահության ու երկրպագության։
18. Ի՞նչ իմաստով են «գեղեցիկ» Աստծո Թագավորության ավետարանիչների ոտքերը (Ես. 52։7)։ [12, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w97-U 15.4, էջ 27, պ. 6] Քանի որ մարդը քարոզելու գնալիս ոտքերի շնորհիվ է քայլում, «ոտքեր» ասելով մատնանշվում է ինքը մարդը. նա, ով բարի լուր է տանում, «գեղեցիկ» է իրեն լսողների համար։
19. Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի մեր սիրտը մեզ չմոլորեցնի (Եր. 17։9)։ [13, w00-R 1.3, էջ 30, պ. 4] Մենք պետք է ինքներս մեր նկատմամբ ազնիվ լինենք և չփորձենք արդարացնել մեր սխալ վարվելակերպը։ Ինչպես նաև թույլ տանք, որ Եհովան մեզ քննի, թեպետ այդ դեպքում թերևս ստիպված լինենք խոստովանելու, որ ունենք թերություններ, որոնք հարկավոր է արմատախիլ անել (Սաղ. 26։2)։
20. Ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր գնում են Եհովայի ճանապարհով (Եր. 7։23)։ [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w99-U 15.8, էջ 29, պ. 6] Նրանք պետք է բացարձակ նվիրվածություն ցուցաբերեն Եհովայի հանդեպ, անսասան հավատ՝ նրա խոստումների հանդեպ և մշտական հնազանդություն՝ Աստծո օրենքների ու չափանիշների հարցում (Սաղ. 11։7)։
Լրացրու բաց թողնված բառը(երը) կամ արտահայտությունը.
21. Քանի որ «աջ կողմը» հաճախ նշանակում է բարեհաճություն, «իմաստունի սիրտն իր աջ կողմին է» արտահայտությունը նշանակում է, որ իմաստուն մարդու սիրտը մղում է նրան գնալ ճիշտ, օգտակար ճանապարհով (Ժող. 10։2; Մատթ. 25։33)։ [2, w87-R 1.9, էջ 29, պ. 8 (w88-U 15.2, էջ 22, պ. 8)]
22. «Երգ երգոց» գրքից օգտակար դասեր կարող ենք քաղել՝ կապված նվիրվածության, անարատության, ինչպես նաև Աստծո սկզբունքների հանդեպ հավատարմության հետ։ [3, bsi02-1, էջ 7, պ. 16]
23. Եսայիա 33։1–ում նկարագրված «կործանողը» Ասորեստանն է, սակայն նա պարտություն էր կրելու մ.թ.ա. 632–ին՝ թողնելով Հուդայի բնակիչներին մեծ ավար, որը նրանք ‘ժողովելու էին, ինչպես թրթուրն է ժողովում’ (Եսայիա 33։4)։ [9, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս ip-1-U էջ 343, պ. 4, 6]
24. Եսայիա 54։1–ի և Գաղատացիս 4։26, 27–ի համեմատությունը ցույց է տալիս, որ «ամուլը» ներկայացնում է «վերին Երուսաղեմը», իսկ «արամբին» [«այր ունեցողը», Արևմտ. Աստ.]՝ մարմնավոր Իսրայելը։ [13, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w95 1.11, էջ 9, պ. 8]
25. Երբ մեր ծառայության ընթացքում ծաղրի ենք ենթարկվում կամ կոպտորեն մերժվում, հարկավոր է հիշել, որ իրականում այդ հակառակությունն ուղղված է ոչ թե անձամբ մեր, այլ Եհովայի դեմ, քանի որ լուրը նրանից է գալիս (Բ Կորնթ. 4։1, 7)։ [6, w00 1.2, էջ 16, պ. 2]
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. Հիսուսի երկնային փառքի տեսիլքը նկարագրելիս Պողոսն իրեն անվանեց «վիժած», ի նկատի ունենալով այն, որ (նա հենց նոր ոգուց էր ծնվել; նա ժամանակից շուտ էր ստացել ժողովուրդների առաքյալ լինելու նշանակումը; կարծես նա ժամանակից շուտ ծնվելու՝ այսինքն երկնային կյանքի հարություն առնելու պատվին էր արժանացել) (Ա Կորնթ. 9։1; 15։8)։ [8, w00-R 15.1, էջ 29, պ. 6]
27. «Յաւիտենականութեան Հայր» անունը մատնանշում է, որ Մեսիական թագավորը զորություն և իշխանություն ունի մարդկանց տալու (հոգևոր ուժ; անմահ երկնային կյանք; երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորություն) (Ես. 9։6; Յովհ. 11։25, 26) [5, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս ip-1-U էջ 131, պ. 26]
28. Եսայիա 66։7–ի ժամանակակից կատարման համաձայն՝ ծնված «զավակը» (Հիսուս Քրիստոսն է; Մեսիական թագավորությունն է; 1919 թ.–ին երևան եկած նոր հոգևոր ժողովուրդն է)։ [14, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w95-R 1.2, էջ 23, պ. 3]
29. Երեմիայի կենսագրությունից շատ ավելի տեղեկություններ են մեզ հայտնի, քան հնում ապրած որևիցե այլ մարգարեի, բացառությամբ (Դանիելի; Եսայիայի; Մովսեսի)։ [15, bsi02-1, էջ 14, պ. 5]
30. Երեմիա 7։28–ի ժամանակակից կատարման համաձայն՝ «ազգը, որ չէ լսում իր Տէր Աստուծոյ ձայնը» (Մեծ Բաբելոնն է; քրիստոնեական աշխարհն է; յոթերորդ աշխարհակալ ուժն է)։ [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.9, էջ 18, պ. 10 (w88-U 1.9, էջ 15, պ. 10)]
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Առակ. 24։16; Ժող. 3։11; Ես. 40։8; Եր. 7։31; Հռովմ. 10։15
31. Աստծո բոլոր գործերի պատշաճ տեղը նրա նպատակներում կերևա իր ժամանակին։ (Ժող. 3։11) [1, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w87-R 1.9, էջ 28, պ. 8 (w88-U 15.2, էջ 21, պ. 8)]
32. Այսօր մարդկանց մտքով անգամ չի անցնի իրենց երեխաներին զոհաբերել կուռքերին, սակայն միլիոնավոր դեռ չծնված երեխաներ գիտակցաբար սպանվել են արհեստական վիժեցման միջոցով, իսկ բազում երիտասարդներ զոհաբերվել են պատերազմի զոհասեղանի վրա։ (Եր. 7։31) [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.4, էջ 27 (w88-U 1.10, էջ 7)]
33. Թեպետ կյանքում անհաջողություններն անխուսափելի են, աստվածավախ մարդը չի դադարում բարին գործելուց։ (Առակ. 24։16) [9, w00-R 1.2, էջ 5, պ. 1]
34. Աստծո խոսքը, կամ նրա ազդարարած նպատակը հնարավոր չէ հետաձգել, ինչպես նաև խափանել դրա կատարումը։ (Ես. 40։8) [10, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս ip-1-U էջ 401, պ. 10]
35. Հիսուսի առաքյալներն օգտվում էին Եսայիայի մարգարեությունից՝ կիրառելով այն ծառայության մեջ։ (Հռովմ. 10։15) [14, bsi02-1 էջ 12, պ. 37]