Մի՛ մոռացեք հավատարիմ տարեց քրիստոնյաներին
1 Ութսունչորսամյա Աննան «տաճարիցը չէր հեռանում», չնայած որ այրի էր ու ծեր։ Իր հավատարմության համար Եհովան նրան հատուկ օրհնություն շնորհեց (Ղուկ. 2։36–38)։ Այսօր էլ շատ եղբայրներ ու քույրեր, չնայած իրենց կրած դժվարություններին, դրսևորում են նույն ոգին, ինչ որ Աննան։ Պատահում է, որ առողջական խնդիրները կամ ծերության հետևանքով առաջացած սահմանափակումները նրանց վհատեցնում են։ Եկեք տեսնենք, թե ինչ կերպերով կարող ենք օգնել տարեցներին, որ նրանց կյանքը առատ լինի հոգևոր գործերով։
2 Հանդիպումներն ու ծառայությունը։ Անշուշտ տարեց քրիստոնյաներից շատերի համար ավելի հեշտ է կանոնավորաբար հաճախել հանդիպումներին, երբ ժողովի այն անդամները, ովքեր ունեն տրանսպորտային միջոցներ, օգնում են նրանց այդ հարցում։ Ժողովի հանդիպումները հոգևորապես ամրապնդում են վաղուց հավատարմորեն ծառայող այդ քրիստոնյաներին, ինչն էլ իր հերթին օրհնություն է ժողովի համար։ Իսկ դու մասնակցո՞ւմ ես այս հրաշալի գործին (Եբր. 13։16)։
3 Քարոզչական ծառայությանը կանոնավորաբար մասնակցելով՝ քրիստոնյաները ուրախության և բավարարվածության զգացում են ապրում։ Սակայն տարեց ու ֆիզիկապես տկար մեր հավատակիցների համար գուցե այդքան էլ հեշտ չլինի ծառայության գնալը։ Կարո՞ղ են այդ թանկագին անհատները քարոզչական ծառայության ինչ–որ մարզում համագործակցել քեզ հետ որպես «գործընկեր» (Հռովմ. 16։3, 9, 21)։ Կարո՞ղ ես հրավիրել նրանցից որևէ մեկին քեզ հետ հեռախոսով վկայություն տալու, կրկնակի այցելությունների գնալու կամ էլ Աստվածաշնչի ուսումնասիրության մասնակցելու։ Եթե տարեց քույրը կամ եղբայրը չի կարողանում տնից դուրս գալ, կարո՞ղ ես հետաքրքրվող անհատին, որի հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, հրավիրել նրա տուն՝ ուսումնասիրությունն այնտեղ անցկացնելու։
4 Ուսումնասիրությունն ու շփումը։ Երբեմն ժողովի անդամները տարեց կամ ֆիզիկապես տկար քրիստոնյային հրավիրում են իրենց ընտանեկան ուսումնասիրությանը, երբեմն էլ նրանց տանն են անցկացնում ուսումնասիրությունը։ Մի մայր իր երկու երեխաների հետ գնացել էր մի տարեց քրոջ տուն, որպեսզի վերջինս մասնակցեր իրենց ուսումնասիրությանը՝ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքով։ Այդ շփումը բոլորին ոգևորել էր։ Մեր տարեց եղբայրներն ու քույրերը մեծ ուրախություն են ապրում, երբ իրենց հրավիրում են ընթրիքի կամ այլ ընկերական հավաքույթի։ Եթե հիվանդ քրիստոնյան այնքան տկար է, որ ի վիճակի չէ երկարատև այցելություններ կատարելու, կարող եք այցելել նրան կարճ ժամանակով, կարդալ նրա համար, աղոթել նրա հետ կամ մի հետաքրքիր դեպք պատմել (Հռովմ. 1։11, 12)։
5 Եհովան բարձր է գնահատում իր տարեց երկրպագուներին (Եբր. 6։10, 11)։ Մենք էլ կարող ենք ընդօրինակել նրան՝ տարեցների հանդեպ հարգանք ցուցաբերելով և օգնելով նրանց հոգևոր գործերով լի կյանքով ապրել։