Հավաքվում ենք միասին, որպեսզի փառաբանենք Եհովային
1. Ո՞րն է մարզային համաժողովի անվանումը, և ինչո՞ւ է Եհովան արժանի փառաբանության։
1 Եհովան անսահման զորություն, անհասանելի իմաստություն և կատարյալ արդարություն ունի։ Նա սիրո մարմնացումն է։ Որպես Արարիչ, Կենսատու և Տիեզերքի Գերիշխան՝ նա միակն է, որ արժանի է մեր երկրպագությանը (Սաղ. 36։9; Յայտն. 4։11; 15։3, 4)։ Այս տարվա «Փառք տվեք Աստծուն» անվանումը կրող մարզային համաժողովը կամրացնի մեր վճռականությունը՝ փառաբանելու նրան՝ որպես միակ ճշմարիտ Աստծո (Սաղ. 86։8–10)։
2, 3. Լավ պլանավորումն ինչպե՞ս կօգնի մեզ լիարժեք օգուտներ քաղել։
2 Լավ պլանավորում է անհրաժեշտ։ Եհովայի պատրաստած հոգևոր խնջույքից լիարժեք օգուտներ քաղելու համար լավ պլանավորում է պահանջվում (Եփես. 5։15, 16)։ Արդեն հոգացե՞լ ես կացարանի, տրանսպորտային միջոցների և աշխատանքից կամ դասերից ազատ լինելու մասին։ Այս կարևոր հարցերը մի թող վերջին օրվան։ Եթե ձգձգես օր խնդրելը, գուցե այս ուրախալի միջոցառումից որոշ մաս բաց թողնես։ Մենք բոլորս պետք է ներկա լինենք համաժողովի յուրաքանչյուր մասին։
3 Նպատակ դիր ամեն օր շուտ գալ համաժողովի անցկացման վայր։ Այդպես վարվելով՝ դու կկարողանաս տեղ զբաղեցնել մինչև բացման երգը, ինչպես նաև տրամադրված կլինես մատուցվող ուսուցումն ընդունելու։ Ամեն օր դռները բաց կլինեն առավոտյան ժամը 8–ին։ Խնդրում ենք, որ տեղեր չզբաղեցնես ուրիշների համար՝ բացի ընտանիքիդ անդամներից ու քեզ հետ միևնույն տրանսպորտային միջոցով ժամանած անհատներից։
4. Ինչո՞ւ է բոլորիցս ակնկալվում կերակուր բերել մեզ հետ համաժողովի օրերին։
4 Բոլորից ակնկալվում է, որ կերակուր վերցնեն իրենց հետ, որպեսզի համաժողովի անցկացման վայրից դուրս չգան՝ որևէ բան գնելու։ Այս հարցում քո համագործակցությունը նպաստում է խաղաղ մթնոլորտ պահպանելուն, նաև այդպես դու հավատակիցների հետ շփվելու ավելի շատ ժամանակ կունենաս (Սաղ. 133։1–3)։ Խնդրում ենք հիշել, որ չի թույլատրվում ապակե տարաներ և ոգելից խմիչքներ բերել համաժողովի անցկացման վայր։
5. Ինչպե՞ս կարող ենք սկսել մեր սիրտը պատրաստել համաժողովի համար։
5 Լսիր և սովորիր։ Աստծո Խոսքն ընդունելու համար Եզրասը լրջորեն պատրաստեց իր սիրտը (Եզր. 7։10)։ Նա իր սիրտն ուղղել էր դեպի Եհովայի ուսուցումները (Առակ. 2։2)։ Մենք կարող ենք սկսել մեր սրտերը պատրաստել համաժողովի համար նույնիսկ մինչև տնից դուրս գալը. կարող ենք խորհրդածել համաժողովի թեմայի շուրջ և այն քննարկել ընտանիքի անդամների հետ։
6. Ի՞նչը կօգնի մեզ մեր ուշադրությունը կենտրոնացնել ծրագրին (տե՛ս շրջանակը)։
6 Ընդարձակ լսարանում մեր ուշադրությունը շեղող բազում տեսարաններ և ձայներ կարող են լինել։ Այդ հանգամանքները հեշտությամբ կարող են շեղել մեր ուշադրությունը ելույթ ունեցողից։ Երբ դա տեղի է ունենում, մենք արժեքավոր ինֆորմացիա ենք կորցնում։ Սույն հոդվածին կից շրջանակում տրված խորհուրդները կօգնեն մեզ կենտրոնացնել մեր ուշադրությունը։
7, 8. Ինչպե՞ս կարող ենք հոգատարություն ցույց տալ ուրիշների հանդեպ։
7 Հոգատարություն ցույց տուր մյուսների հանդեպ։ Ծրագրի ժամանակ կարելի է օգտվել լուսանկարչական ապարատներից և տեսախցիկներից, սակայն այնպես, որ չշեղենք մյուսների ուշադրությունը, ուստի նկարահանումները կարելի է կատարել միայն նստած տեղից։ Այնպես կարգավորիր բջջային հեռախոսների և փեյջերների աշխատանքը, որ դրանց գործածությունը չշեղի մյուսների ուշադրությունը։ Ոչ մի անձնական սարք չպետք է միացնել համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնային սարքավորումներին։
8 Որքա՜ն ենք սպասում այն ժամանակին, երբ կհավաքվենք միասին՝ Եհովային փառաբանելու։ Եկեք վճռական լինենք նրան փառաբանելու հարցում՝ ծրագրի յուրաքանչյուր մասին ներկա լինելով, ուշադրությամբ լսելով և սովորածը կիրառելով (Բ Օրին. 31։12)։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Համաժողովներին լսելը
▪ Խորհրդածիր ելույթների վերնագրերի շուրջ
▪ Բաց արա սուրբգրային համարները
▪ Կարճ նշումներ արա
▪ Առանձնացրու այն կետերը, որոնք ցանկանում ես կիրառել
▪ Կրկնիր սովորածդ